Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-335-11.07.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «27 տարին լրանալը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության եւ կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները մինչեւ 28 տարին լրանալը» բառերը, իսկ «համապատասխանաբար 27» բառից հետո լրացնել «,28» թիվը:

Հոդված 2. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ «7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ բուհերի եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու եւ http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում նաեւ համապատասխան նվաճումներ ունենալու եւ կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձեւաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, եւ արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետեւանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող եւ ապագայում գիտելիքները գիտության եւ մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաեւ սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետեւաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաեւ սոցիալական անհավասարություն է ստեղծում:

Որոշման նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը եւ համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը եւ պայմանները սահմանելու է կառավարությունը:

Կարեւոր նշանակություն ունեցող մասնագիտությունները հետաքրքրիր եւ հեռանկարային չեն համարվում երիտասարդության եւ դիմորդների շրջանում: Առկա իրավիճակում այդ մասնագետներով ոչ համալրվածության եւ բացակայության պայմաններում պետության անվտանգության եւ գիտատեխնիակական զարգացման համար կարեւորագույն ոլորտները չեն կարող ունենալ զարգացման հեռանկար:

Սույն փոփոխությունների իմաստով պետությունը նպատակային ուսուցման բաղադրիչ է դիտարկում կարեւորագույն ոլորտներում մասնագետների պատրաստումը եւ կրթության շարունակականության եւ զարգացման ապահովումը: Անվճար հիմունքներով բուհ ընդունված ու շարունակություն ապահովող եւ ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ սովորելու հանգամանքը, պետության կարիքների համար որակյալ կադրերի պատրաստումը, ապահովումը եւ այդ կադրերով վերոնշյալ ոլորտների զարգացմանն նպաստելը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է 10 ամյա եւ քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչեւ 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում եւ հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի նաեւ որակյալ կադրերի պատրաստումը, եւ գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը: Հիմք կդրվի տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանելու եւ զարգացնելու պետության համար գիտատեխնիական, արդյունաբերական եւ անվտանգային եւ ռազմավարական նշանակության ոլորտները:

Կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնելը հնարավորություն կտա կրթական բոլոր աստիճաններով ուսուցում ստանալ տարկետում ունեցող քաղաքացիներին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն