Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «27 տարին լրանալը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության եւ կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները մինչեւ 28 տարին լրանալը» բառերը, իսկ «համապատասխանաբար 27» բառից հետո լրացնել «,28» թիվը:
Հոդված 2. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ «7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ բուհերի եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: