Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ՝
«Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաեւ նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) 1-ին հավելվածի 133, 135, 136 կետերով նախատեսված՝ ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի ընթացքի մշտադիտարկման եւ գնահատման հետ կապված գործառույթների իրականացման համար համապատասխան իրավական հիմքը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1332-Ն որոշում:
3. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը նախարարություններին վերապահում է սահմանված ոլորտներում կառավարության քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու իրավասություն: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքականության իրականացումը իրենից ենթադրում է նաեւ քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում: Մոնիտորինգը քաղաքականության իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ վերլուծության գործընթաց է, իսկ քաղաքականության իրականացման գնահատումը արդեն կատարված կամ կատարման ընթացքի մեջ գտնվող քաղաքականության/ծրագրի փաստացի արդյունքների հետազոտման եւ չափման միջոցների ամբողջությունն է: Եվ նշված գործընթացների արդյունքներն անհրաժեշտ են ընթացիկ խնդիրների վերհանման եւ քաղաքականության կատարելագործման համար:
Այնուամենայնիվ, ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում, մասնավորապես՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատման շրջանակներում որպես խնդիր եւ ըստ այդմ՝ որպես բարեփոխման առաջնահերթություն արձանագրված է օրենսդրական ակտով հակակոռուպցիոն մոնիտորինգի եւ գնահատման գործառույթը ամրագրելու անհրաժեշտությունը, որոնք փաստացի իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ որպես հակակոռուպցիոն ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու իրավասությամբ օժտված նախարարություն:
Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ ամրագրել նման իրավասությունների առկայությունը՝ տարընկալումները բացառելու եւ նշված գործառույթների իրականացման համար հստակ իրավական հիմքի առկայությունը ապահովելու նպատակով: Արդյունքում նախատեսվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանել համապատասխան դրույթ, որով կհստակեցվի, որ քաղաքականության իրականացումը ենթադրում է նաեւ քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում:
4. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում: Մասնավորապես, առաջարկվում է «Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաեւ նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում:»:
5. Նախագծերի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել ոլորտային քաղաքականությունների նկատմամբ մոնիտորինգ եւ գնահատում իրականացնելու իրավասությունների առկայությունը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում