Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում՝
1) 19-րդ մասում «յոթ» բառը փոխարինել «հինգ» բառով.
2) 20-րդ մասում «չորսական» բառը փոխարինել «երեքական» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Առկա իրավիճակը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքով նախատեսվեց նոր մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը: Սահմանվեց, որ հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ: Միեւնույն ժամանակ, Օրենքով նախատեսվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջեւ, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջեւ: Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում են վերաքննիչ քրեական դատարանի առնվազն 6 թվակազմով առանձին դատավորներ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում են վերաքննիչ քաղաքացիական դատարանի առնվազն 6 թվակազմով առանձին դատավորներ:
Օրենքի անցումային դրույթներով էլ նախատեսվեց, որ հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ յոթ եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ երեք դատավորների նշանակման պահից, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորները եւ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորներն այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են չորսական առանձին դատավորներ նշանակվելու պահից:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով, որ հակակոռուպցիոն գործերի քննության շղթայի երրորդ՝ Վճռաբեկ ատյանն արդեն իսկ ձեւավորված է եւ գործում է Հակակոռուպցիոն պալատը, առաջացել է ստորին օղակներն օր առաջ գործարկելու անհրաժեշտությունը՝ գործի ամբողջական՝ եռաստիճան համակարգով քննելու հետ կապված հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար:
Կարգավորման նպատակը
Հակակոռուպցիոն գործերի մասնագիտացված եւ պատշաճ քննությունն ապահովելու եւ համապատասխան ատյանների ստեղծման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել, որ հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ հինգ դատավորների նշանակման պահից, իսկ վերաքննիչ դատարաններում նման գործեր քննող դատավորները պաշտոնավարումը սկսում են երեքական առանձին դատավորներ նշանակվելու պահից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի ապահովել հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագիծը, դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ օրենսգրքում առաջարկվող լրացման վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Պատգամավորներ՝ Ալխաս Ղազարյան
Վլադիմիր Վարդանյան