Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Որպես անհատ ձեռնարկատեր (սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` կրկին որպես անհատ ձեռնարկատեր) հաշվառված անձին գործակալությունը տրամադրում է նաեւ հարկային մարմնի սահմանած ձեւով ծանուցում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների, ինչպես նաեւ փոխկապակցվածության հիմքով հարկման հատուկ համակարգերերում գործելու սահմանափակումների վերաբերյալ: Սույն մասով նախատեսված ծանուցումն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով:»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«12. Իրավաբանական անձանց գործակալությունը տրամադրում է նաեւ հարկային մարմնի սահմանած ձեւով ծանուցում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների, ինչպես նաեւ փոխկապակցվածության հիմքով հարկման հատուկ համակարգերերում գործելու սահմանափակումների վերաբերյալ: Սույն մասով նախատեսված ծանուցումն ուղարկվում է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային փոստի հասցեով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է իրավական հակասությունների հետեւանքով առաջացող խնդիրներով, որի արդյունքում նոր գրանցվող բիզնեսները հաճախ ունենում են հարկման իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ:
2. Առկա իրավիճակը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսվում է, որ անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու եւ որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով: Այդ կարգավորումն ի սկզբանե նպատակ է ունեցել հեշտացնել բիզնես սկսելը` մեկտեղելով գրանցման եւ հարկման համակարգի ընտրության ընթացակարգը:
Գործնականում, սակայն, հարկման համակարգի ընտրությունը հարկ վճարողի կողմից իրականացվում է բացառապես հարկային մարմնին համապատասխան ձեւի հայտարարության ներկայացման միջոցով, որը բխում է ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) պահանջներից: Այսինքն, 2018թ.-ից գործող Օրենսգրքի համաձայն հարկման համակարգի ընտրության հարցում հարկային մարմնի եւ հարկ վճարողի միջեւ միջնորդավորված հարաբերություններ չեն նախատեսվում:
Հարկ է նշել նաեւ, որ Օրենսգրքի 2-րդ հոդվածով թվարկվում են այն իրավական ակտերը, որոնցով ՀՀ-ում կարգավորվում են հարկային իրավահարաբերությունները, սակայն նախագծով փոփոխվող օրենքը այդ ցանկում ներառված չէ:
Ստացվում է, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տրված՝ գործակալության միջոցով նոր գրանցվող հարկ վճարողների հարկման համակարգերի՝ հարկային մարմնին փոխանցելու գործառույթը հակասում է հարկային հարաբերությունները կարգավորող հիմնական օրենքին:
Գործնականում, երբ հարկ վճարողը Գործակալությունում ընտրում է հարկման այլընտրանքային համակարգ, միեւնույն է, պետք է այդ համակարգն ընտրի նաեւ ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգում, ինչը ավելորդ շփոթ առաջացնելուց բացի ստեղծում է բարդություններ: Օրինակ, այն դեպքերում, երբ տնտեսավարողը դեռ չի որոշել, թե ինչ հարկման համակարգում պետք է գործի, նշում է կատարվում հարկման ընդհանուր դաշտի համար, սակայն գրանցումից հետո, երբ խորհրդակցում է մասնագետի հետ, պարզում է, որ ցանկանում է հարկվել հարկման հատուկ համակարգով: Այս դեպքում ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգը թույլ չի տալիս փոխել հարկման համակարգը, ինչն ըստ էության, իրավաչափ չէ, քանի որ օրենսդրությամբ հարկման համակարգի ընտրությունը կատարվում է հարկային մարմին ներկայացված հայտարարությամբ:
Առկա պրակտիկայի պայմաններում հարկ վճարողները դիմում են ՊԵԿ խնդրելով թույլատրել ներկայացնելու միկրոձեռնարկատեր կամ շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն: Հարկային մարմինն իր հերթին ուղղում է խնդիրը ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով, որն իր նախկին բազմաթիվ որոշումներով բավարարել է հարկ վճարողի խնդրանքն ու թույլատրել ներկայացնելու համապատասխան հայտարարություն:
Առկա են նաեւ օրինական ուժ ստացած դատական ակտեր, որոնցով ՀՀ դատարանը եւս արձանագրել է, որ անձի հարկման համակարգը չի կարող որոշվել ռեգիստրի գործակալության կողմից կատարված նշումի հիման վրա:
Վերը նշված խնդրից զատ հաճախ հարկ վճարողները տեղյակ չեն լինում ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդված 1-ին մասով սահմանված դեպքերում կազմակերպությունների եւ (կամ) ֆիզիկական անձանց փոխկապակցված համարվելու եւ հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանափակումների վերաբերյալ: Լինում են դեպքեր, երբ ԱՁ հաշվառողները տեղյակ չեն լինում (չեն հիշում) այլ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս եւ ավելի փայաբաժին (բաժնետոմսը, բաժնեմասը) ունենալու, իսկ իրավաբանական անձ գրանցողները` անհատ ձեռնարկատեր հանդիսանալու կամ այլ իրավաբանական անձի ավելի քան 20 տոկոսի փայատեր կամ բաժնետեր լինելու մասին:
Նշված դեպքերում ԱՁ-ները եւ իրավաբանական անձինք իրավունք չունեն գործելու հարկման հատուկ համակարգերում, սակայն չիմացության պատճառով հետագայում գործում են որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող, ինչը բացահայտվելու դեպքում առաջացնում է հարկային պարտավորություններ:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Առաջարկվում է կարգավորել խնդիրը պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմի վերացման միջոցով՝ հաշվի առնելով ժամանակի ընթացքում այդ նորմի պրակտիկ նշանակության վերացումն ու ընդհակառակը՝ խնդիրների առաջացումը:
Նախագծի ընդունմամբ կվերանա բիզնես գրանցելիս հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը, ինչպես նաեւ կխնայվի ՊԵԿ-ի եւ դատարանների կողմից խնդրո առարկա գործերի վրա ծախսվող ժամանակը:
Միաժամանակ առաջարկվում է Պետական ռեգիստրի գործակալությունում ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցողներին տեղեկացնել փոխկապակցվածության հետ կապված հարկման համակարգերի ընտրության սահմանափակումների վերաբերյալ` հետագա խնդիրները կանխարգելելու նպատակով:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի աջակցությամբ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում