Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-342-18.07.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-207-Ն օրենքի 4-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս՝

«5. Պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձեւը սահմանում է, ինչպես նաեւ կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Գործող օրենսդրության համաձայն՝ հանրապետական գործադիր մարմինների, ներկայիս՝ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար որպես հիմք եւ լիազորող նորմ է հանդիսանում Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշումը, որը սակայն ընդունվել է դեռեւս 2010 թվականին, երբ ներկայիս պետական կառավարման համակարգի մարմինները կոչվել են հանրապետական գործադիր մարմիններ: Նման պայմաններում իրավական որոշակիության սկզբունքի կիրառությունն ապահովելու, ինչպես նաեւ գործող իրավակարգավորումների շարունակական արդիականությունը պահպանելու եւ ժամանակավրեպ լինելը բացառելու, ինչպես նաեւ իրավական ձեւակերպումների հստակեցման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում ավելացնել նորմ, որով Կառավարությունը կհաստատի պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրության օրինակելի ձեւերը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նշվածի համատեքստում անդրադառնալով Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1369-Ն որոշմանը (այսուհետ՝ Որոշում)՝ հարկ է նկատել, որ դրա ընդունման պահին գործել է «Իրավական ակտերի մասին» օրենքը, որում լիազորող նորմի նշման վերաբերյալ համապատասխան պահանջ նախատեսված չլինելու պայմաններում գործնականում բացակայել է նախաբանում լիազորող նորմին հղում տալու պարտադիր պահանջ: Առկա խնդրին լուծում տալու մասով հարկ է նշել հետեւյալը.

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:(...)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝

«3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ:»:

Նշված կարգավորումներից բխում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման լիազորությունը հստակ սահմանված լինի օրենքով: Հետեւաբար՝ առաջացած խնդրին հնարավոր է լուծում տալ միայն առկա օրենսդրության մեջ լրացում կատարելու միջոցով:

Որոշման վերնագրից արդեն իսկ երեւում է, որ դրանով հաստատվում է հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը, այսինքն՝ այն պարունակում է հանրապետական գործադիր մարմիններին վերաբերելի իրավակարգավորումներ: Այս մասով հարկ է նկատել, որ «հանրապետական գործադիր մարմիններ» հասկացությունը սահմանվել է Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ ՆՀ-174-Ն հրամանագրով (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին), որով հաստատված Հավելվածի 7-8-րդ կետերի համաձայն՝ Կառավարության քաղաքականությունն առանձին բնագավառներում մշակում եւ իրականացնում են հանրապետական գործադիր մարմինները, (այսուհետ` ՀԳՄ) (...): ՀԳՄ-ներն են` Հայաստանի Հանրապետության նախարարությունները եւ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները: Հարկ է նշել, որ ներկայումս հանրապետական գործադիր մարմիններն, ըստ էության, նույն պետական կառավարման համակարգի մարմիններն են, որոնք Սահմանադրության 159-րդ հոդվածի եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նախարարություններն են, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինները:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները: Հաշվի առնելով, որ պետական կառավարման համակարգի մարմնի կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկը ստեղծվում է պետական մարմնին եւ ենթակա պետական մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով, այսինքն, ըստ էության, պետական կառավարման համակարգի մարմնին ենթակա պետական մարմին է, առաջարկվող լիազորող նորմը տեղավորվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի կարգավորման առարկայի շրջանակներում: Հիմք ընդունելով վերջինս՝ սույն նախագծով առաջարկվում է համապատասխան նորմը ավելացնել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի՝ «Ենթակա պետական մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները» վերտառությամբ 4-րդ հոդվածում՝ լրացնելով հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս՝

«5. Պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձեւը սահմանում է, ինչպես նաեւ կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը:»:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին եւ գործնականում ապահովել Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման պահանջների համապատասխանեցումը իրավական որոշակիության սկզբունքին:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարությունների հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն