«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի կենսականորեն կարեւոր հիմնական տարրերից է:
Ելնելով ներկա եւ ապագա սերունդների շահերից Հայաստանի Հանրապետությունը կիրառում է գիտականորեն հիմնավորված միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել եւ վերացնել մթնոլորտային օդի աղտոտումը, դրա վրա վնասակար ներգործությունները, ինչպես նաեւ իրականացնել միջազգային համագործակցություն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է՝
1) մթնոլորտային օդի պահպանության իրավական եւ կազմակերպչական հիմքերը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը.
2) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով՝ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունները:
Հոդված 2. Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը
1. Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:
Հոդված 3. Օրենքի նպատակներն ու խնդիրները
1. Օրենքի նպատակներն են՝
1) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովումը՝ այն աղտոտումից (բնական եւ տեխնածին) պաշտպանելու միջոցով,
2) մթնոլորտի օզոնային շերտի քայքայման, ինչպես նաեւ եղանակի եւ կլիմայի, մարդու առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա բացասաբար ազդող ներգործությունների կանխարգելումը:
2. Օրենքի խնդիրներն են՝
1) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով՝ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունների կանոնակարգումը,
2) մթնոլորտային օդի վրա վնասակար քիմիական, կենսաբանական եւ այլ ներգործությունների կանխումը եւ նվազեցումը,
3) շրջակա միջավայրի վրա մթնոլորտային օդի աղտոտվածության անդառնալի հետեւանքների բացառումը,
4) մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվության լիարժեքության եւ հասանելիության ապահովումը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) մթնոլորտ՝ երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային եւ ցամաքային մակերեսի հետ, տարածվում է մինչեւ մերձերկրային տիեզերական տարածություն եւ պտտվում երկրի հետ, որպես ամբողջություն.
2) մթնոլորտային օդ՝ բնական միջավայրի կենսականորեն կարեւոր բաղադրամաս, որը մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ է եւ գտնվում է շենքերից ու շինություններից դուրս.
3) մթնոլորտային օդի պահպանություն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) կողմից մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունը կանխելու, վերացնելու կամ նվազեցնելու նպատակով իրականացվող միջոցառումների համակարգ.
4) վնասակար ներգործություն՝ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումներ.
5) աղտոտող (վնասակար) նյութ՝ քիմիական կամ կենսաբանական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որոնք առկա են մթնոլորտային օդում, եւ որոնք որոշակի կոնցենտրացիաների դեպքում վնասակար ազդեցություն են ունենում մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա.
6) մթնոլորտային օդի աղտոտում՝ աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ դրանց առաջացումն այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.
7) մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտում՝ այլ պետությունների տարածքում գտնվող աղտոտման աղբյուրներից աղտոտող (վնասակար) նյութերի տեղափոխման արդյունքում մթնոլորտային օդի աղտոտում.
8) օդերեւութաբանական անբարենպաստ պայմաններ՝ օդերեւութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտային օդի գետնամերձ շերտում.
9) արտանետման աղբյուր՝ տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աշխատանքի ընթացքում աղտոտող (վնասակար) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.
10) արտանետման անշարժ աղբյուր՝ որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով արտանետման աղբյուր.
11) արտանետման շարժական աղբյուր՝ տարածական տեղադիրքը փոփոխող՝ շարժման մեջ գտնվելու ընթացքում կամ կանգնած ժամանակ արտանետում կատարող աղբյուր (այդ թվում՝ տրանսպորտային միջոց).
12) տնտեսական օբյեկտ՝ սույն օրենքի իմաստով՝ արտանետման անշարժ աղբյուր ունեցող տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտ.
13) մթնոլորտային օդի մոնիթորինգ՝ մթնոլորտային օդի վիճակի, նրանում կատարվող բնական երեւույթների, աղտոտման եւ ֆիզիկական ներգործությունների դիտարկման համակարգ, ինչպես նաեւ մթնոլորտային օդի վիճակի եւ աղտոտման գնահատման գործընթաց.
14) կոնցենտրացիա՝ ֆիզիկական մեծություն, որը բնութագրվում է տվյալ նյութի քանակական հարաբերությամբ այն ծավալին, որտեղ դրանք առկա են:
15) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա՝ մթնոլորտային օդում աղտոտող նյութի այն առավելագույն պարունակությունը, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության եւ բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա՝ սույն օրենքի իմաստով.
16) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվ՝ յուրաքանչյուր աղտոտման անշարժ աղբյուրի համար սահմանված արտանետման առավելագույն չափաքանակ, որի դեպքում արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման արդյունքում (ցրման անբարենպաստ օդերեւութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան, տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ միասին, չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
17)շահագործվող տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ՝ տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակության նորմեր.
18) արտանետման չափաքանակ՝ սույն օրենքի իմաստով՝ աղտոտման անշարժ աղբյուրի համար փաստացի արտանետումների չափով սահմանված քանակություն.
19) արտանետման թույլտվություն՝ սույն օրենքի իմաստով՝ աղտոտող անշարժ աղբյուրի համար սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա սահմանված որոշակի քանակի արտանետման իրավունքի տրամադրում.
20) լավագույն հասանելի տեխնոլոգիա՝ գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ եւ ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, եւ որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ՝ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը.
21) մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործություն՝ մթնոլորտի, եղանակի, դրանում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների եւ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
22) մաքուր օդ՝ օդ, որը չի պարունակում կոշտ, հեղուկ կամ գազային նյութեր կամ գազային խառնուրդներ, որոնք փոխում են նրա բնական կազմը.
23) օդի պահանջվող օգտագործում (ՕՊՕ)՝ մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող նյութի արտանետումը մինչեւ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար.
24) աղտոտման աղբյուրների խումբ՝ որոշակի տարածքում տեղաբաշխված մեկից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից վնասակար նյութերի արտանետումների վերադրման հետեւանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձեւավորվում է միասնական աղտոտում.
25) աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղտոտման աղբյուր կամ աղբյուրների խումբ՝ աղբյուր, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու տրիլիոն (2x1012) խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու միլիոն խորանարդ մետր չափանիշը.
26) աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ՝ լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառման արդյունքում անշարժ եւ շարժական աղբյուրների, տեխնոլոգիական պրոցեսների եւ սարքավորումների համար սահմանված արտանետման չափաքանակ, որն անշարժ աղբյուրների համար հաշվարկված է միավոր արտադրանքի, իսկ շարժական աղբյուրների համար՝ տրանսպորտային միջոցի մեկ կիլոմետր վազքի կամ շարժիչի հզորության կամ փաստացի ծախսված վառելիքի հիման վրա.
27) աղտոտվածության մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող նյութերի պարունակության բացարձակ կամ հարաբերական մեծություն.
28) աղտոտվածության կրիտիկական մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող նյութերի պարունակության մակարդակ, որը գերազանցելու դեպքում, անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն մարդիկ, բույսերը եւ էկոհամակարգերը.
29) կրիտիկական բեռնվածություն՝ մեկ կամ մի քանի աղտոտիչների ազդեցության քանակական գնահատման շեմ, որից ցածր արժեքների դեպքում, շրջակա միջավայրի զգայուն կոնկրետ տարրերի համար չի առաջանա վնասակար հետեւանքներ.
30) ֆոնային կոնցենտրացիա՝ սույն օրենքի իմաստով՝ մթնոլորտային օդն աղտոտող նյութի պարունակությունը/կոնցենտրացիան (մգ/մ3), որը ձեւավորվում է տվյալ վայրում այդ նյութը արտանետող բոլոր աղբյուրներից՝ բացառությամբ դիտարկվողի.
31) ջերմոցային գազեր՝ մթնոլորտի ինչպես բնական, այնպես էլ արհեստական ծագում ունեցող գազային բաղադրիչներ են, որոնք կլանում եւ վերարտացոլում են ինֆրակարմիր ճառագայթումը.
32) արտադրական հսկողություն (ինքնահսկում)՝ չափագրման եւ (կամ) հաշվարկային մեթոդների հիման վրա դիտարկումներով իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից իր արտադրական պրոցեսի վիճակի, այդ թվում՝ հումքի օգտագործման, դրա ընթացքում առաջացած վնասակար նյութերի որակի ու քանակի, օգտագործվող բնական պաշարների որակի ու քանակի եւ բնապահպանական օրենսդրության պահանջներին շրջակա միջավայրի վիճակի համապատասխանության գնահատման գործընթաց.
33) գոտի՝ սույն օրենքի իմաստով՝ տարածք, որը առանձնացվել է օդի որակի գնահատման եւ կառավարման նպատակով.
34) ագլոմերացիա՝ սույն օրենքի իմաստով՝ տարածք, որը ներառում է մի քանի հարակից բնակավայրեր, որտեղ մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ են տեղակայված եւ, արդյունքում, տնտեսական, բնապահպանական, սոցիալական եւ այլ շահերը միահյուսված են.
35) լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով շրջակա միջավայրի պահպանության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
36) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ՝ իրավաբանական եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տնտեսական գործունեության արդյունքում մթնոլորտն աղտոտող աղբյուրների եւ դրանցից արտանետվող վնասակար նյութերի որակական եւ քանակական բնութագրերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ:
ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում
1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են.
1) մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ռազմավարական փաստաթղթերի, հայեցակարգերի, համալիր միջոցառումների ծրագրի հաստատումը,
2) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանումը եւ վերանայումը,
3) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման եւ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի հաստատումը,
4) մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի եւ կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգի հաստատումը,
5) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի եւ ջերմոցային գազերի արտանետումների պետական հաշվառման ու գույքագրման կարգի հաստատումը,
6) տնտեսական օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված արտանետումների տեխնիկական նորմատիվների հաստատումը,
7) մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքագրման, վերլուծության, գնահատման եւ տեղեկատվության տրամադրման կարգի եւ մոնիթորինգի ցուցանիշների հաստատումը,
8) մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների եւ ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաեւ աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի եւ քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգի հաստատումը,
9) մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման կարգի հաստատումը,
10) մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգի հաստատումը,
11) Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող շարժական աղբյուրների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակների հաստատումը,
12) մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի եւ հսկման մեթոդների հաստատումը,
13) վթարային իրադրության հետեւանքով եւ այլ պատճառներով գերնորմատիվային աղտոտվածություն առաջացնող պատճառները եւ հետեւանքները վերացնելու կարգի հաստատումը,
14) մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության եւ օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների կանխատեսման, ազդարարման եւ արձագանքման կարգի հաստատումը,
15) գոտիների եւ ագլոմերացիաների դասակարգումը,
16) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
Հոդված 6. Լիազոր մարմնի լիազորությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում
1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են՝
1) մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակումը,
2) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մշակումը,
3) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման եւ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի մշակումը,
4) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրումը կամ մերժումը,
5) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելը,
6)սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման ժամանակ կիրառվող համակարգչային ծրագրերի հաստատումը,
7) մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի եւ կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգի մշակումը,
8) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի եւ ջերմոցային գազերի արտանետումների պետական հաշվառման ու գույքագրման կարգի մշակումը,
9)մթնոլորտային օդն աղտոտող նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումների պետական հաշվառումը եւ ջերմոցային գազերի գույքագրումը,
10) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկի մշակումը եւ հաստատումը,
11) «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» ձեւ N2-ՏԱ (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձեւի եւ «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» ձեւ N2-ՏԱ (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի հաստատումը,
12) մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի կազմակերպումը եւ իրականացումը,
13) մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման եւ ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաեւ աղտոտվածության չափման կայանքների տեղադիրքերի եւ քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգի մշակումը,
14) օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի որոշումը,
15) արտանետման աղբյուր հանդիսացող տնտեսական օբյեկտների կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» հիման վրա հաշվարկված արտանետումների տեխնիկական նորմատիվների մշակումը,
16) գոտիների եւ ագլոմերացիաների դասակարգման վերաբերյալ կարգի մշակումը,
17) մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման կարգի մշակումը,
18) մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգի մշակումը,
19) վթարային իրադրության հետեւանքով եւ այլ պատճառներով գերնորմատիվային աղտոտվածություն առաջացնող պատճառները եւ հետեւանքները վերացնելու կարգի մշակումը,
20) մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության եւ օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների կանխատեսման, ազդարարման եւ արձագանքման կարգի մշակումը,
21) իր լիազորությունների սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը,
22) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
Հոդված 7. Տարածքային կառավարման մարմինների լիազորությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում
1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են՝
1) մարզերում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման ապահովումը,
2) մարզերի բնապահպանական ծրագրերի կազմում մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների մշակումը եւ իրականացման ապահովումը,
3) մարզերի ազդակիր համայնքներում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում միջհամայնքային համագործակցության կազմակերպում,
4) մթնոլորտ արտանետումների ցրման համար օդերեւութաբանական անբարենպաստ պայմանների դեպքում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին սպառնալիքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
5) իր լիազորությունների շրջանակներում մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացման համակարգումը մարզերում,
6) մարզերի բնակչությանը մթնոլորտային օդի վիճակի եւ աղտոտվածության մասին տեղեկատվության տրամադրումը,
7) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
ԳԼՈՒԽ 3
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Հոդված 8. Մթնոլորտային օդի որակի նորմատիվները
1. Մարդկանց, բույսերի եւ կենդանիների, բնության հատուկ պահպանվող տարածքների եւ օբյեկտների վրա քիմիական եւ կենսաբանական ազդեցության գործոնների անվտանգության կամ անվնասության չափանիշների որոշման, ինչպես նաեւ մթնոլորտային օդի վիճակի գնահատման նպատակով, սահմանվում են մթնոլորտային օդի որակի սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվներ:
2. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվներն են՝ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակը, մթնոլորտային օդի կրիտիկական բեռնվածությունը:
3. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվները միասնական են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար: Առանձին տարածքների (առողջարաններ կամ հատուկ պահպանվող կամ զբոսաշրջային տարածքներ) համար սահմանվում են առավել խիստ նորմատիվներ:
4. Մթնոլորտային օդի որակի գնահատումն իրականացվում է աղտոտվածության չափման, ստանդարտացված չափման կամ մոդելավորման մեթոդներով, ինչպես նաեւ աղտոտվածության չափման կայանքների տեղադիրքերի եւ քանակների միասնական չափանիշներով:
ԳԼՈՒԽ 4
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Հոդված 9. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանումը եւ կարգավորումը
1. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների պետական կարգավորման նպատակով սահմանվում են՝
1) աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ,
2) աղտոտող նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ:
2. Աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակները սահմանվում են.
1) պետական հաշվառման ենթակա իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար: Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության արդյունքում առաջացող աղտոտող նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված «օդի պահանջվող օգտագործումը» (այսուհետ՝ ՕՊՕ) տարեկան կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը,
2) այն իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց ՕՊՕ-ն մեկ տարում կազմում է երկու հարյուր միլիոնից մինչեւ երկու միլիարդ խորանարդ մետր, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ են հանդիսանում դրանց գործունեության արդյունքում առաջացած փաստացի արտանետումները՝ արտանետման չափաքանակներ,
3) այն իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց ՕՊՕ-ն մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը՝ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները որոշվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա: Այդպիսի իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի կողմից տրվում է արտանետման թույլտվություններ: Արտանետման թույլտվություններով սահմանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները եւ դրանց ապահովելու պայմանները,
4) աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուր կամ աղբյուրների խումբ ունեցող իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց արտանետման թույլտվությունները սահմանվում են տեխնիկական նորմատիվներին համահունչ եւ դրանց հասնելուն ուղղված հստակ միջոցառումների ծրագրով ու ժամանակացույցով: Այդպիսի իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի կողմից տրվում է արտանետման թույլտվություններ:
3. Օրենքով սահմանված արտանետման թույլտվությունների բացակայության դեպքում արտանետումներ առաջացնող իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեությունները կամ գործողությունները կասեցվում են՝ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից: Գործունեության կամ գործողության կասեցման կարգը նախատեսված է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով:
4. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այնպես, որ արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման արդյունքում (ցրման անբարենպաստ օդերեւութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ միասին չգերազանցի տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
5. Աղտոտող նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները
սահմանվում են աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուրի կամ աղբյուրների խմբի համար, ինչպես նաեւ մթնոլորտային օդն աղտոտող աղբյուր հանդիսացող տրանսպորտային եւ այլ փոխադրամիջոցների, սարքավորումների համար:
Հոդված 10. Սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի հիման վրա տրամադրված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելը
1.Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմին արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում, եթե անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցման դեպքում իրավաբանական կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է վարչական պատասխանատնության եւ վարչական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն խախտումը: Լիազոր մարմինը միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
2. Արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11. Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված պահանջները կազմակերպությունների, շենքերի եւ շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման եւ շահագործման ընթացքում
1. Նոր, վերակառուցվող եւ ընդլայնվող աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների, շենքերի եւ շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման եւ գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների եւ սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն վնասակար նյութերի արտանետումների որսումը, դրանց օգտահանումը կամ վնասազերծումը, ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող եւ ապագայում կառուցվող օբյեկտների արտանետումները չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցմանը:
2. Շենքերի եւ շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական եւ ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաեւ փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ իրականացնող ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) եւ իրավաբանական անձինք դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են՝
1) ցանկապատել շինարարական հրապարակները, շենքերը եւ շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով,
2) շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալ,
3) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաեւ շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված մեքենաներով,
4) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը՝ բացառությամբ վերանորոգվող եւ վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել՝ բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս,
5) հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր եւ տեխնոլոգիաներ,
6) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաեւ շինարարական աղբը պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով,
7) շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր եւ հատուկ սահմանված երթուղով:
3. Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
4. Արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերեւաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում, կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:
5. Բնակելի տարածքներում մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր կազմակերպությունների տեղի ընտրության, գործող կազմակերպությունների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների կառուցման նախագծերում պետք է նախատեսվեն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների նվազեցմանը եւ վնասազերծմանն ուղղված միջոցառումներ:
7. Նոր կամ վերակառուցված տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների գործարկման ընթացքում աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումները չպետք է գերազանցեն դրանց համար սահմանված տեխնիկական եւ սահմանային թույլատրելի նորմատիվները:
8. Արգելվում է մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցների եւ այլ օբյեկտների կառուցումը եւ շահագործումը:
9. Արգելվում է տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաեւ նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դա կարող է հանգեցնել մարդու առողջության վատթարացմանը, բույսերի եւ կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացմանը, մարդու եւ շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետեւանքներին: Սույն մասով նշված հետեւանքների հավանականությունը հաստատվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կարգավորումը տրանսպորտային եւ այլ փոխադրամիջոցների արտադրության կամ շահագործման ընթացքում
1. Արգելվում են տրանսպորտային եւ այլ փոխադրամիջոցների արտադրությունն ու շահագործումը, եթե դրանց արտանետումներում վնասակար նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված չափաքանակները:
2. Տրանսպորտային եւ այլ փոխադրամիջոցները, որոնց արտանետումները վնասակար ազդեցություն ունեն մթնոլորտային օդի վրա, ենթակա են պարբերականությամբ ստուգման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 13. Մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածությունը
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտումը կանխարգելող, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով սահմանված մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը:
Հոդված 14. Միջոցառումների իրականացում կանխատեսվող օդերեւութաբանական անբարենպաստ պայմաններում կամ մթնոլորտային օդի այնպիսի վիճակի դեպքում, որը սպառնում է մարդկանց առողջությանն ու կյանքին
1. Կանխատեսվող օդերեւութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող նյութերի քանակի մեծացում, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են արտանետումների նվազեցման միջոցառումներ:
2. Եթե օդերեւութաբանական անբարենպաստ պայմաններում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների եւ մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետեւանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի եւ առողջության համար, ապա մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները եւ շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության եւ վերահսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանը նպատակաուղղված ազդարարման ու արձագանքման միջոցառումներ:
ԳԼՈՒԽ 5
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ եւ ԴՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 15. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների եւ դրանց աղբյուրների պետական հաշվառումը
1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումների քանակությունները եւ բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են պետական հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվում, վերլուծվում եւ արխիվացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 6
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ եւ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. Մթնոլորտային օդի պետական մոնիթորինգ
1. Մթնոլորտային օդի պետական մոնիթորինգը հանդիսանում է շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի բաղկացուցիչ մաս:
2. Մթնոլորտային օդի աղտոտման հսկման, համապարփակ գնահատման եւ մթնոլորտային օդի վիճակի փոփոխության կանխատեսման նպատակով կազմակերպվում եւ իրականացվում է մթնոլորտային օդի պետական մոնիթորինգ:
3. Մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի տվյալները սահմանված կարգով տրամադրվում են շահագրգիռ մարմիններին, ինչպես նաեւ, հանրությանը հասանելի դարձնելու նպատակով, աղտոտման վերաբերյալ ընթացիկ եւ հրատապ տեղեկատվությունը հրապարակվում է՝ Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 17. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունը
1. Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են.
1) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետման սահմանված չափաքանակների եւ պայմանների պահպանումը,
2) մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ստանդարտների, նորմատիվների, կանոնների եւ այլ պահանջների, ինչպես նաեւ մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության պահանջների պահպանումը,
3) Օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարման ապահովումը:
2. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացվում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից:
Հոդված 18. Մաքրման կառույցների, սարքավորումների եւ ապարատների նախագծման, կառուցման եւ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը
1. Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող կառույցների, սարքավորումների եւ սարքերի նախագծման, կառուցման եւ շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 19. Մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողությունը
1. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողություն՝ օրենքով սահմանված կարգով:
2. Մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր եւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 7
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների իրավունքները
1. Ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձինք եւ հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն.
1) տեղեկատվություն ստանալ մթնոլորտային օդի վիճակի, ինչպես նաեւ մթնոլորտային օդի աղտոտման աբյուրների մասին,
2) մասնակցել մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ ֆինանսավորել դրանք,
3) մասնակցել մթնոլորտային օդի որակի վրա վնասակար ազդեցություն ունեցող նախատեսվող տնտեսական կամ այլ գործունեության վերաբերյալ տարբեր մակարդակների քննարկումներին,
4) քննարկել մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ծրագրերը եւ առաջարկություններ ներկայացնել դրանց բարելավման համար:
2. Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ իրենց կանոնադրություններին համապատասխան իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը:
Հոդված 21. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի եւ ջերմոցային գազերի անշարժ եւ շարժական աղբյուրներ ունեցող ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) եւ իրավաբանական անձանց պարտականությունները
1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութեր եւ ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք պարտավոր են.
1) ապահովել մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվառումը, ինչպես նաեւ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակումը,
2) լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համար,
3) իրականացնել գործունեություն սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն,
4) հետեւողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները՝ ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ,
5) իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումն, ինչպես նաեւ այդ արտանետումների կրճատմանը կամ բացառմանն ուղղված միջոցառումներ,
6) իրականացնել վթարային արտանետումների կանխմանը, ինչպես նաեւ վթարի պատճառով առաջացած աղտոտման վերացմանը ուղղված միջոցառումներ,
7) իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների եւ դրանց աղբյուրների հաշվառում, ինչպես նաեւ աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանված չափաքանակների արտադրական հսկողություն,
8) հետեւել սարքերի, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների մաքրման եւ հսկման համար նախատեսված սարքավորումների շահագործման կանոններին,
9) ապահովել տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների տարածքներից մթնոլորտային օդն աղտոտող թափոնների ժամանակին եւ անվտանգ հեռացումը՝ դրանց պահեստավորման կամ թաղման համար նախատեսված կամ որպես հումք օգտագործման համար համապատասխան վայրեր,
10) իրականացնել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումը վերացնելու նպատակով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի հրահանգները,
11) անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին կամ առողջությանն սպառնացող կամ նման ներուժ ունեցող մթնոլորտային օդի աղտոտում առաջացնող վթարային արտանետումների մասին մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
2. Տրանսպորտային եւ այլ փոխադրամիջոցներ շահագործող ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել այդ միջոցների համար սահմանված արտանետումների տեխնիկական նորմատիվները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 22. Մթնոլորտային օդի պահպանությանը ներկայացվող պահանջները խախտելու հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման դեպքում պատասխանատվությունը
1. Մթնոլորտային օդի պահպանության կանոնները խախտելու հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը հատուցելը չի բացառում իրավախախտում թույլ տված անձին վարչական կամ այլ պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
ԳԼՈՒԽ 8
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 23. Մթնոլորտային օդի պահպանության վիճակի հաշվառումը քաղաքների եւ այլ բնակավայրերի տեղաբաշխումն ու զարգացումը ծրագրավորելիս
1. Քաղաքների եւ այլ բնակավայրերի տեղաբաշխման ու զարգացման ծրագրերում պետք է հաշվի առնվեն մթնոլորտային օդի վիճակը, դրա փոփոխության կանխատեսումը եւ վնասակար ներգործություններից մթնոլորտային օդի պահպանությունը:
ԳԼՈՒԽ 9
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ
Հոդված 24. Մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումը բույսերի պաշտպանության միջոցներ եւ այլ պատրաստուկներ կիրառելիս
1. Բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի եւ մյուս պատրաստուկների ցանկը, որոնց կիրառումը թույլատրվում է տնտեսության մեջ, ինչպես նաեւ դրանց կիրառման եղանակները պետք է համաձայնեցվեն համապատասխան ոլորտը կարգավորող լիազոր մարմինների հետ՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 25. Մթնոլորտային օդի պահպանությունը բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու եւ կիրառելու դեպքում
1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու նպատակով Ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) եւ իրավաբանական անձինք պարտավոր են կատարել բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը եւ մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու եւ կիրառելու ոլորտը կարգավորող լիազոր մարմինների կողմից սահմանված կանոնները:
ԳԼՈՒԽ 10
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 26. Մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումն օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցման աշխատանքների, արտադրության (այդ թվում ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների տեղադրման, պահման եւ պահեստավորման ժամանակ
1. Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, արտադրության (այդ թվում ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների տեղադրումը, պահումը եւ պահեստավորումը պետք է իրականացվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 27. Բնակավայրերում արտադրության (այդ թվում ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների տեղադրման, պահման եւ պահեստավորման արգելումը
1. Արգելվում է բնակավայրերում արտադրության (այդ թվում ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների տեղադրումը, պահումը եւ պահեստավորումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ 11
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 28. Մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վեճերի լուծման կարգը
1. Մթնոլորտային օդի աղտոտման հետեւանքով անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ 12
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. Միջազգային համագործակցություն
1. Պետությունը՝ միջազգային պայմանագրերով սահմանված սկզբունքներին համապատասխան իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում միջազգային համագործակցություն:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան պարունակում է սույն Օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: »:
Հոդված 2. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ աղտոտման աղբյուրների արտանետման տեխնիկական նորմատիվների սահմանելը՝ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակներ են համարվում սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա որոշված արտանետման չափաքանակները:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մթնոլորտային օդի պահպանության բնագավառի գործող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքին:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի եւ կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգի սահմանումը) սահմանված կարգն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով (մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի եւ ջերմոցային գազերի արտանետումների պետական հաշվառման ու գույքագրման կարգի սահմանումը) սահմանված կարգերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
6. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով (արտանետման անշարժ աղբյուր հանդիսացող տնտեսական օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված արտանետումների տեխնիկական նորմատիվների չափաքանակների հաստատումը) սահմանված ենթաօրենսդրական ակտն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով (մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքագրման, վերլուծության, գնահատման եւ տեղեկատվության տրամադրման կարգի եւ մոնիթորինգի ցուցանիշների սահմանումը) սահմանված կարգն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
8. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով (մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների եւ ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաեւ աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի եւ քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգի սահմանումը) սահմանված կարգն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
9. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով (գոտիների եւ ագլոմերացիաների դասակարգման վերաբերյալ կարգի) սահմանված կարգն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 22-ի նիստի N 11 արձանագրային որոշման Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների օգտագործման կառավարման 2018-2022 թվականների միջոցառումների ծրագրի առաջին կետի:
Մշակվել եւ 2016 թվականի դեկտեմբերի 15 նիստի N 50 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հայեցակարգը: Հայեցակարգում հստակ նշվել են այն փոփոխությունները եւ լրացումները, որոնք իրավական հենք են հանդիսացել տվյալ Նախագծի մշակման համար:
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր):
2019թ. հունիսի 1-ին Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը (այսուհետ նաեւ՝ Ճանապարհային քարտեզ) հաստատվել է ՀՀ վարչապետի N 666-Լ որոշմամբ, որը հավանության է արժանացել 2019թ. հունիսի 13-ին ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:
Ներկայումս մթնոլորտային օդի պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքով (այսուհետ՝ Օրենք): Դեռեւս 2015-2016 թվականների ընթացքում ուսումնասիրվել եւ բացահայտվել էին Օրենքում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հին նորմերի վերանայման եւ նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական եւ միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում:
Ճանապարհային քարտեզում ամրագրված են միջոցառումներ, որոնք պետք է արտացոլվեն ոլորտային ներպետական հիմնական կարգավորիչ իրավական ակտում՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոլորտում հասարակական հարաբերությունները ենթարկվում են դինամիկ փոփոխությունների՝ պայմանավորված գիտության արագ եւ մշտական զարգացմամբ, եւ դրա արդյունքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, այս ոլորտը նույնպես չի կարող անմասն մնալ այդ փոփոխություններից: Սա նշանակում է, որ ոլորտում գործող հասարակական հարաբերությունների դինամիկ փոփոխություններն առաջ են բերում նոր իրավակարգավորումների նախատեսում եւ ամրագրում:
Նկատի ունենալով, որ նոր իրավակարգավորումները պետք է հաշվի առնեն համաշխարհային միտումները, որոնք առկա են այսօր, ինչպես նաեւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, դրանք պետք է հարմոնիզացնել այն իրավական ակտերի պահանջներին, որոնք պարտավորությունների շրջանակներում անհրաժեշտ է տեղայնացնել:
Ելնելով վերոգրյալից, նկատի ունենալով Համաձայանգրում ամրագրված երկու կողմերի ներպետական օրենսդրության հարմոնիզացման պահանջը, որը պարտավորեցնում է Հայաստանին՝ կատարելու համարժեք քայլեր, եւ Համաձայնագրի իրականացման Ճանապարհային քարտեզը, որտեղ ամրագրված են այդ քայլերը, Օրենքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված կարգավորումների (հոդ. 10, 11) պահանջներից:
Օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը խմբագրվել է՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով:
Օրենսգրքի 81.1-ին եւ 81.2-րդ հոդվածներով սահմանված է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները եւ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի եւ աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելու համար: Նախագիծը մշակվել է վերոնշյալ հոդվածները «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերին համապատասխանեցնելու նպատակով:
Թափոնների բաց այրումն աղբավայրերում առաջացնում է էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում թափոնների վերամշակման, օգտահանման եւ այրման գործարանների, ինչպես նաեւ թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոնների բացակայությամբ:
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» գործող օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է կենցաղային եւ արտադրական աղբը, ինչպես նաեւ տերեւաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում եւ այլ սարքերում:»: Օրենսգրքի գործող կարգավորումը վարչական պատասխանատվություն է նախատեսում միայն արտադրության եւ սպառման թոփոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում կամ վառարաններում կամ այլ սարքերում այրելը, մինչդեռ մթնոլորտային օդի վրա ավելի վտանգավոր ազդեցություն է ունենում դրանց այրումը թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:
Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ եւ համեմատաբար արագ եղանակն է, սակայն հանդիսանում է շրջակա միջավայրում դիօքսինների եւ ֆուրանների արտանետումների կարեւոր եւ նշանակալի աղբյուր:
Բաց այրումը միշտ ուղեկցվում է ծխով, տհաճ հոտով եւ առաջանում են մի շարք այնպիսի վտանգավոր նյութեր (դիօքսիններ, ֆուրաններ, պոլիքլորացված բիֆենիլներ, հեքսաքլորբենզոլ), որոնք հանդիսանում են թերի այրման արգասիքներ եւ կարգավորվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով: Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան եւ ստանձնել մի շարք պարտավորություններ, այդ թվում շրջակա միջավայրի եւ բնակչության պաշտպանությունը կայուն օրգանական աղտոտիչների եւ հատկապես դիօքսինների եւ ֆուրանների ազդեցությունից: Ի կատարումն Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների՝ Կոնվենցիայի Կողմ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն բաց այրումը կանխարգելելու նպատակով:
Վարչապետի հանձնարարականի համաձայն, նախագիծը միեւնույն փաթեթով ներկայացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համապատասխան խմբագրման համատեքստում, որի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերեւաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում, կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:»
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան՝ աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են լիազորված մարմնի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթով (այնուհետ՝ արտանետման թույլտվություն): Արտանետման թույլտվությունը տրամադրվում, կամ դրա տրամադրումը մերժվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով:
ՀՀ կառավարության 22.04.1999թ. N 259 որոշմամբ հաստատված մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգի՝
- 2-րդ կետին համապատասխան, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումը պետք է ապահովի մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում եւ վարում, որն անհրաժեշտ է, մասնավորապես՝ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների եւ վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների մշակման, մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների եւ դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների համար վճարի հաշվարկի եւ այլ կարիքների համար,
- 3-րդ կետին համապատասխան, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող՝ պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների ցանկը հաստատում է շրջակա միջավայրի նախարարությունը՝ համաձայնեցնելով առողջապահության նախարարության հետ:
Այսպիսով, նախատեսվող կարգավորումներով ստացվում է, որ եթե իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց օդի պահանջվող օգտագործումը (այսուհետ՝ ՕՊՕ) տարեկան կտրվածքով կազմում է երկու հարյուր միլիոնից մինչեւ երկու միլիարդ խորանարդ մետր, ապա վերջիններիս արտանետման թույլտվություն չի տրամադրվում եւ վերջիններիս համար սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ են հանդիսանում դրանց գործունեության արդյունքում առաջացած փաստացի արտանետումները:
Վերոնշյալի արդյունքում ստացվում է, որ նշված դեպքում բնապահպանական հարկի հաշվարկման եւ դրույքաչափերի կիրառության նպատակով հարկման բազայի չափաքանակները կհամարվեն զրոյական եւ բնապահպանական հարկը կհաշվարկվի օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի տասնապատիկի կամ քսանհինգապատիկի չափով: Բացի այդ, կարգավորման ենթակա է նաեւ չափաքանակներից ավել (եթե չափաքանակներ են հանդիսանում գործունեության արդյունքում առաջացած փաստացի արտանետումները, որոնք պետք է արտացոլվեն բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում) բնապահպանական հարկի բազմապատիկ դրույքաչափերի կիրառման հարցը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը՝ ժամանակակից մոտեցումներին համապատասխան եւ կայուն զարգացման համատեքստում: Օրենքը հիմնովին լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման եւ այլնի հետ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝
1) օրենսգրքի 80-րդ հոդվածը համապատասխանեցվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասին:
2) օրենսգրքի 81.1-ին եւ 81.2-րդ հոդվածները համապատասխանեցվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերին,
3) վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար:
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՕ-180-Ն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 2-րդ մասի 1-ին կետում եւ 167-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի վերջին տողում կատարել փոփոխություններ եւ լրացումներ՝ դրանք համապատասխանեցնելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կամրագրի մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝
ա. մթնոլորտային օդի որակի գնահատման մասով.
«կրիտիկական մակարդակ» հասկացությունը, ինչպես նաեւ դրա որոշման մեթոդները, կիրառումն, աղտոտվածության մոնիթորինգի եւ վերահսկողության լիազորությունների սահմանումը,
բ. անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.
«տեխնիկական նորմատիվների» եւ «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» որոշման մեթոդների կիրառումը,
գ. շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.
արգելքի պահանջները եւ դրանք կիրառելու իրավասությունները:
դ. արտանետումների հաշվառման մասով.
վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ եւ շարժական աղբյուրներից) միասնական հաշվառման, այդ թվում՝ ջերմոցային գազերի ցանկի, ջերմոցային գազերի գույքագրման դրույթը:
Այսպիսով, կներդաշնակեցվեն աշխարհում ընդունված եւ ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով եւ զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը: Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը, եւ կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:
Կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ Եվրոպական Միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը եւ անվտանգության ապահովմանը:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ միմյանց կհամապատասխանեցվեն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի դրույթներով սահմանված կարգավորումները, կբացառվեն իրավական հակասություններն ու թյուրըմբռնումները: Անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ արտանետող իրավաբանական եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց մինչեւ ՕՊՕ-ն տարեկան կտրվածքով կազմում է երկու հարյուր միլիոնից մինչեւ երկու միլիարդ խորանարդ մետր, չեն համարվի զրոյական եւ բնապահպանական հարկը չի հաշվարկվի օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի տասնապատիկի կամ քսանհինգապատիկի չափով:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումն ուղղված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 11-րդ կետով սահմանված «Մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը՝ ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը» նպատակի կատարման համար 11.1-րդ կետով սահմանված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման իրականացման ապահովմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում