Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-348-27.07.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-46-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «է» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«է) հաստատում է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը.»:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված համապատասխան իրավական ակտն ընդունվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվեց դրույթ, համաձայն որի՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշված սահմանադրական դրույթից պարզ է դառնում, որ Կառավարությունը եւ վարչապետը կարող են ընդունել նորմատիվ բնույթի որոշում միայն այն դեպքում, եթե այդպիսի բովանդակությամբ որոշում ընդունելու լիազորություն նշված մարմիններին վերապահված է կամ ուղղակիորեն Սահմանադրությամբ կամ կարգավորող որեւէ այլ օրենքով: Բացի այդ, մեջբերված հոդվածի 2-րդ մասի դրույթները լիազորող նորմերի առնչությամբ մեկ այլ պահանջ էլ են սահմանում, համաձայն որի՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող  Կառավարության եւ վարչապետի որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:

Վերոգրյալ հանձնարարականի հիման վրա ՀՀ ԲՏԱ նախարարությունում իրականացվել է գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում վեր են հանվել  կառավարության որոշումներ, որոնց  լիազորող նորմերը բացակայում են: Բացի այդ, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահոելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքներում կատարել փոփոխությունների եւ լրացումններ՝ ստեղծելով անհրաժեշտ իրավական հիմքեր:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Փոստային կապի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում՝ ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար սահմանելով լիազորող նորմեր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասության վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացման համար:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի փաթեթի մշակումը  չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, եւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

Նախագծերի փաթեթի մշակումը միտված  է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն