Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-350-02.08.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետությունում, ռազմական նշանակության արտադրանքի, քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ ձեռքի մարտական հրաձգային զենքի եւ մարտական uառը զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ ուղղված է մարդու կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

1) զենք՝ սարք կամ առարկա, որն իր կառուցվածքով նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար: Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային եւ դեկորատիվ նշանակություն.

2) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին՝ ուղղորդված շարժում uտացած նետվող առարկայի միջոցով, տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեuված սարք, որի հիմնական մաuերն են՝ փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, փակաղակը, ձգանահարվածային մեխանիզմ.

3) մարտական սառը զենք՝   սարք, առարկա կամ ակոսափող հրազենի բաղկացուցիչ մաս (սվին, սվին-դանակ եւ այլն), որն արտադրողի կողմից նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետի հետ անմիջական շփման դեպքում մարդու մկանային ուժի օգնությամբ այն խոցելու համար.

4) սառը զենք՝  մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված առարկա.

5) նետողական զենք՝ մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված ծակող առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ  նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.

6) օդաճնշիչ զենք՝ սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին 7.5 ջոուլից ավելի էներգիայով շարժում ստացող նետվող հարմարանքի միջոցով նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.

7) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր եւ նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցություն.

8) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի օգնությամբ մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց կամ միջոցներ, նետողական լիցք եւ նետվող հարմարանք.

9) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, հարդարում եւ արտաքին ձեւավորում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ինչպես նաեւ ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ համապատասխանաբար ներկրում եւ արտահանում).

10) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, փամփուշտների եւ ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ինչպես նաեւ ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.

11) զենքով պարգեւատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.

12) զենքի արդիականացում՝ զենքի ոչ հիմնական մասերի կոնստրուկտիվ փոփոխություն՝ մարտավարատեխնիկական բնութագրերը բարելավելու նպատակով.

13) զենքի պարագաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չեն հանդիսանում զենքի հիմնական մասեր.

14) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության, իսկ իրավաբանական անձի գտնվելու վայրում՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.

15) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված կամ դրված վիճակում, իսկ նետողական զենքը՝ նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված նետվող սարքով.

16) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս հրազենի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, առանձնացված պահեստատուփով, դրված պահպանակի վրա՝ ծածկաշապիկով կամ պատյանով, կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, մարտական շեղբավոր սառը զենքի դեպքում՝ դրանց պահելու համար նախատեսված տարածքից դուրս տեղաշարժը՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, նետողական սառը զենքի դեպքում՝ դրանց պահելու համար նախատեսված տարածքից դուրս տեղաշարժը՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, իսկ ծակող սարքը պետք է լինի առանձնացված.

17) ուսումնական զենք՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգել եւ դարձնել աշխատունակ եւ կրակելու համար պիտանի.

18) hամապատասխանության գնահատում՝ արտադրանքին, արտադրանքի հետ կապված գործընթացին, համակարգին, անձին կամ մարմին ներկայացվող սահմանված պահանջների կատարման ապացույց՝ փորձարկմամբ, սերտիֆիկացմամբ, տեխնիկական հսկողությամբ, գրանցմամբ եւ (կամ) օրենսդրությամբ սահմանված այլ ձեւով.

19) համապատասխանության սերտիֆիկատ՝ համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է (փաստում է) արտադրանքի, անձանց եւ կառավարման համակարգերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի եւ (կամ) ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին.

20) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, զենքի ոչ հիմնական մասերի կոնստրուկտիվ փոփոխություն, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

21) զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձեւավորում, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

22) զենքի հավաքածու՝ ընտրված զենքերի ամբողջություն, որոնք կարող են ունենալ ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային եւ տեղեկատվական նշանակություն.

23) զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան (այսուհետ՝ տեղեկությունների պետական կադաստր)՝ Հայաuտանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

24) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնց oրենuդրությամբ վերապահված է զենք oգտագործելու լիազորություն.

25) գազային զենք՝ ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված ատրճանակի կամ ռեւոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտներ կամ փչող (ցրող) սարք՝ նախատեսված կենդանի նշանակետին ժամանակավորապես վնասազերծելու համար.

26) մալած զենք՝ կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած զենք.

27) գազային փամփուշտ՝ գազային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանը եւ Կառավարության կողմից սահմանված օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

28) լուսաձայնային փամփուշտ՝ հրազենից, գազային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը) եւ լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար.

29) ուսումնական փամփուշտ՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից եւ բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին եւ կառուցվածքին համապատասխան եւ որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք է լինի տարբերակիչ գծատիպ օղակաձեւ սեղմվածք.

30) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար եւ որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը, նետողական լիցքը եւ որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմեր, թուղթ) փոխարինողը.

31) պայթուցիկ նյութ՝ արտաքին ազդեցության պայմաններում պայթելու ունակ քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ.

32) պայթուցիկ սարք՝ հատուկ պատրաստված եւ որոշակի պայմաններում (կամ՝ որոշակի պայմանների հարմարեցված) պայթելու ունակ ցանկացած սարք.

33) ազդանշանային զենք, համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար եւ նախատեսված է օգտագործել անգնդակ փամփուշտով լուսային, ծխային կամ ձայնային ազդանշան արձակելու համար.

34) վառոդ՝  տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ է, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության, առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման: Վառոդի ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացության, հնարավորություն է տալիս կանոնավորել գազագոյացման արագությունը.

35) ռազմական նշանակության արտադրանք՝ ձեռքի մարտական հրաձգային զենք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության այլ գույք, ռազմական աշխատանքներ եւ ծառայություններ, այդ թվում՝ հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, նորոգում, մտավոր գործունեության արդյունքներ, ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն) եւ ռազմական, ռազմատեխնիկական եւ կիրառական բնույթի գիտական  եւ տեխնիկական տեղեկատվություն.

36) էլեկտրահարող սարք՝ ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի պահանջներին համապատասխանող ատրճանակի նմանվող սարք, տայզեր, կայծային պարպիչ եւ այլ կրովի էլեկտրահարող սարք, որը նախատեսված է կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.

37) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն՝ կարճափող զենք եւ անփող զենք՝ նախատեսված վնասվածքային գործողության փամփուշտի՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում uտացած արկով, տարածության վրա գտնվող կենդանի նշանակետի մեխանիկական խոցման՝ վնասազերծման համար, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար:

38) վնասվածքային գործողության փամփուշտ՝  ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը եւ վնասվածքային գործողության նետվող առարկան, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

39) պետական ռազմականացված կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատախազություն, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, ինչպես նաեւ պետական սուրհանդակային ծառայություն.

40) ռազմամարզական կազմակերպություն՝ օրենքով նախատեսված իր կանոնադրական  նպատակների շրջանակներում ռազմամարզական գործառույթներ իրականացնող հասարակական կազմակերպություն.

41) հրաձգարան՝ հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց պատկանող շինություն, տարածք կամ հողատարածք (այսուհետ՝ տարածք), որը հարմարեցված է հրաձգության համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ եւ փակ.

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ, ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3. Զենքի տեսակները

1. Զենքը, ըստ համապատասխան սուբյեկտների կողմից օգտագործման նպատակայնության, ինչպես նաեւ հիմնական չափանիշների եւ բնութագրող հատկանիշների, ստորաբաժանվում է՝

1) քաղաքացիական զենք.

2) ծառայողական զենք.

3) ձեռքի մարտական հրաձգային զենք եւ մարտական սառը զենք. (այսուհետ նաեւ՝ մարտական զենք):

2. Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող զենքը եւ ռազմամթերքը պետք է համապատասխանի օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ստանդարտներին եւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ ռազմամթերքի քրեագիտական պահանջները, ինչպես նաեւ  կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքի, ակոսափող եւ ողորկափող հրազենի, գազային եւ ազդանշանային զենքի փամփուշտների, սառը եւ նետողական զենքի, ընդհանուր եւ հատուկ նշանակության, գոյատեւման, զբոսաշրջային դանակների, որսորդական դաշույնների, արբալետների, աղեղների եւ դրանց համար նախատեսված նետերի շրջանառությունը կարգավորող լրացուցիչ սահմանափակումները:

Հոդված 4. Քաղաքացիական զենք

1. Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը:

2. Քաղաքացիական զենքի տեսակները՝

1) գազային զենք.

2) օդաճնշիչ զենք.

3) ողորկ-երկարափող հրազեն (այսուհետ՝ ողորկափող հրազեն)

4) համակցված հրազեն (ողորկափող եւ ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.

5) երկար-ակոսափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավել երկարություն եւ 12.7 մմ-ից ոչ ավել տրամաչափ ունեցող փողով հրազեն.

6) սառը զենք.

7) նետողական զենք.

8) ազդանանշանային զենք:

Հոդված 5. Ծառայողական զենք

1. Ծառայողական է համարվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների պաշտոնատար անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողների (ծառայածների), կամ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է պահել, կրել եւ օգտագործել այդ զենքը՝ ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, արժեքավոր եւ վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:

2. Ծառայողական զենքի շարքին են դասվում մինչեւ 800 ջոուլ փողային էներգիայով կարճ-ակոսափող հրազենները, որոնց փամփուշտներն իրենց տեսակով տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից եւ իրենց կառուցվածքով զուրկ են կրակահերթով կրակելու հնարավորությունից:

3. Ծառայողական զենքի փամփուշտների գնդակները չեն կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող:

4. Օրենսդրության համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալ ծառայողական զենք՝ Կառավարության սահմանած կարգով:

5. Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավել տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող ավագ սպայական կազմի գործող եւ պահեստազորի սպաներն իրավունք ունեն զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում ձեռք բերել 1 միավոր ծառայողական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ, որն օգտագործելու իրավունք ունեն միայն լիցենզավորված հրաձգարանների տարածքում:

6. Պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 6. Մարտական զենք

1. Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների

սպառազինության մեջ եւ նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Մարտական զենքը կարող է ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն:

2. Մարտական զենքի եւ նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման՝ Կառավարության սահմանած կարգով:

3. Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 7. Զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները

1. Արգելվում է, որպես քաղաքացիական եւ ծառայողական զենք շրջանառության մեջ մտցնել՝

1) 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով եւ փողով, 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարության հրազեն, ինչպես նաեւ այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.

2) իր ձեւով եւ տեսքով այլ առարկաների նմանեցված, կառուցվածքային փոփոխության ենթարկված, ինչպես նաեւ ինքնաշեն հրազեն.

3) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.

4) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.

5) գազային կամ ազդանշանային զենք, որոնց կառուցվածքը հնարավորություն է տալիս կրակել հրազենի փամփուշտներ.

6) լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ եւ որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող եւ նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների.

7) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ.

8) ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր եւ այլ ներգործող նյութերով լիցքավորված փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային եւ էլեկտրահարող սարքեր, ինչպես նաեւ 3 մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված գազային զենք.

9) Կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք եւ ռազմամթերքի.

10) զենք եւ այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է էլեկտրոմագնիսական, լուսային, ջերմային, ենթաձայնային կամ ուլտրաձայնային ճառագայթման օգտագործմամբ.

11) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն եւ վնասվածքային գործողության փամփուշտ, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններին:

12) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով uառը զենք, որի հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով շեղբը կամ սայրը ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցությամբ դուրս է գալիu բռնակից եւ ինքնաբերաբար ամրակցվում, բացառությամբ մշակութային արժեք ունեցող, այդ թվում՝ պատմական նշանակություն ունեցող սառը զենքի, դրա պատճենների եւ կրկնօրինակների:

2. Արգելվում է՝

1) 7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով եւ 4,5 մմ տրամաչափը գերազանցող ակոսափող օդաճնշիչ զենք, ինչպես նաեւ նետողական սառը զենք օգտագործելը բնակավայրերում եւ բնակավայրից, մայրուղիներից, միջպետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներից  1000 մ հեռավորությունից մոտ տարածքում, բացառությամբ՝ աղեղների եւ արբոլետների, որոնք գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ տանելու նպատակով օգտագործվում են կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման եւ ներարկումների համար.

2) քաղաքացիական եւ ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության հարմարանքներ, ինչպես նաեւ մարտական նշանակության գիշերային տեսանելիության սարքեր տեղադրելը.

3) զենք ուղարկելը կամ առաքելը փոստով կամ ուղեբեռով.

4) հավաքների կամ հանրային միջոցառումներին մասնակցելիս քաղաքացիների կողմից զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը).

5) քաղաքացիական զենքի (բացառությամբ՝ գազային զենքի) կրումը, բացառությամբ՝ սիրողական հրաձգությամբ, որսորդությամբ, սպորտով, մշակութային միջոցառումներով, ինչպես նաեւ ռազմամարզությամբ զբաղվելու ընթացքում.

6) ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար արգելված թունավոր նյութերով լիցքավորված ատրճանակների (ռեւոլվերների) նմանվող սարքեր եւ դրանց փամփուշտներ.

7) ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի պահանջներին չհամապատասխանող ատրճանակների նմանվող (տայզերներ), կայծային պարպիչներ եւ այլ կրովի էլեկտրահարող սարքեր.

8) էլեկտրահարող սարքերի՝ ատրճանակի նմանվող՝ հեռահար կամ լարի միջոցով էներգիա փոխանցող տայզերի ձեռքբերումը՝ բացառությամբ պետական ռազմականացված կառույցների.

9) Ազդանաշանային զենք օգտագործել մասնագիտական գործունեությունը չհամապատասխանող դեպքերում՝ բացառությամբ՝ երկրաբանության, բնապահպանության, անասնապահության, ալպինիզմի, օդերեւութաբանության, արտակարգ իրավիճակների եւ ռազմաուսումնական պարապմունքների դեպքերում.

10) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար ներկայացրած տեխնիկական պահանջներին չհամապատասխանող զենք ու դրա փամփուշտներ վաճառելը, փոխանցելը եւ ձեռք բերելը.

11) շրջանառության մեջ դնել զենք, որի խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների, քիմիական եւ կենսաբանական գործոնների օգտագործմամբ.

12) ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից սառը զենք կրելը, բացառությամբ դրանց տեղափոխման դեպքերի.

13) uպորտային uառը շեղբավոր եւ նետողական զենք պահելը կամ oգտագործելը uպորտային oբյեկտներից դուրu, բացառությամբ աղեղների, ձգաղեղների, արբալետների, որոնք կարող են օգտագործվել նաեւ գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կենդանիների ներարկումների համար:

Հոդված 8. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների համապատասխանության գնահատումը  եւ ստանդարտացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ինչպես նաեւ ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների բոլոր մոդելները, ինչպես նաեւ կառուցվածքով զենքի նմանվող իրերն ու առարկաները ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքին եւ դրանց փամփուշտներին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ փորձարկման մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներով ՝ սույն օրենքի դրույթներին համապատասխան:

3. Ներկրված քաղաքացիական, ծառայողական զենքը եւ դրանց փամփուշտները ներկրվելուց անմիջապես հետո ենթակա պահեստավորման եւ  համապատասխանության գնահատման:

4. Համապատասխանության գնահատում չստացած քաղաքացիական եւ ծառայողական զենքը ենթակա է առգրավվման եւ ոչնչացման Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով:

Հոդված 9. Զենքի եւ դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը

1. Զենքի եւ դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մասին համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածու:

2. Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մուտքագրվում են Կառավարության կողմից եռամսյակը մեկ անգամ հաստատվող կադաստրի մեջ կամ հանվում՝ կադաստրից: Կադաստրի մեջ չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները:

3. Կադաստրը վարում է ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով: Կադաստրում փոփոխություններ են մտցվում քաղաքացիական եւ ծառայողական զենքի կամ դրանց փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստրի մեջ մտնելու կամ հանվելու:

ԳԼՈՒԽ 3

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Լիցենզավորմանը եւ թույլտվություններին ներկայացվող հիմնական պահանջները

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրությունը, առեւտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, վերջինիս ներկրումն ու արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման:

2. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներկրման եւ արտահանման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, վերջինիս ներկրման եւ արտահանման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իսկ առեւտրի, հարդարման եւ հրաձգարանի գործարկման լիցենզիան՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Լիցենզիաների գործողության ժամկետը տրվում է անժամկետ:

4. Լիցենզիա ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու, թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

6. Զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվությունները տրվում են անժամկետ:

7.Զենք ձեռք բերելու եւ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունները տրվում են  6 ամիս ժամկետով:

8. Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քննարկվում է օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու, դրանք ցուցադրելու թույլտվությունները տրվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության ժամկետը՝ համապատասխան դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ 6 ամսով:

10. Զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ պարտավոր է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որի արդյունքները տվյալ բժշկական կազմակերպության կողմից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

11. Սույն հոդվածում նշված լիցենզիաները եւ թույլտվությունները տալու մերժման հիմքերն են՝

1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը, եթե 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել.

2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման եւ պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.

3) օրենքով նախատեսված այլ հիմքեր:

12. Սույն հոդվածում նշված լիցենզիաները եւ թույլտվությունները տալու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում համապատասխան մարմինները պարտավոր են այդ մասին օրենքով սահմանված ժամկետում գրավոր տեղեկացնել դիմողին՝ նշելով մերժման հիմքը: Սույն հոդվածում նշված լիցենզիաները եւ թույլտվությունները տալու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաեւ դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

13. Սույն հոդվածում նշված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 11. Լիցենզիաների եւ թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելը, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը, զենքը վերցնելը եւ զենք եւ ռազմամթերք ոչնչացնելը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման, ռազմական նշանակության արտադրանքի արտադրման, ներկրման եւ արտահանման  լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում օրենքով սահմանված կարգով եթե՝

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր ներկայացրած դիմումով կամովին հրաժարվել է լիցենզիայից կամ թույլտվությունից, կամ տվյալ իրավաբանական անձը լուծարվել է, կամ տվյալ զենքի սեփականատերը մահացել է.

2) ֆիզիկական կամ իրավաբանական անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ խախտել է սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները կամ նախատեսված ժամկետում չեն վերացրել համապատասխան խախտումները.

3) առաջացել են սույն օրենքով նախատեսված՝ լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու իրավունքը բացառող հանգամանքներ.

4) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի եւ դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետեւանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը.

5) զենքով պարգեւատրումը կատարվել է սույն օրենքով նախատեսված պարգեւատրման պայմանների խախտումով.

6) ֆիզիկական անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում՝ կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու համար.

7) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ եւ ֆիզիկական թերություններ.

8) ֆիզիկական անձը չի անցել սույն օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված բժշկական հետազոտություն.

9) ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում թույլ է տվել կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.

10) ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

2. ֆիզիկական անձը զրկվում է զենքի թույլտվությունից՝ 2 տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձը զրկվում է լիցենզիայից՝ 3 տարի ժամկետով:

3. Եթե ֆիզիկական անձը զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո 6 ամսվա  ընթացքում զենք ձեռք չի բերում, ապա թույլտվությունը համարվում է ուժը կորցրած եւ անձն իրավունք ունի օրենքով սահմանված ընթացակարգերով կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենքի ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար:

4. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր եւ կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, ինչպես նաեւ խախտումների վերացման ժամկետը:

5. Լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվելու դեպքում այդպիսիք կրկին ստանալու համար ժամկետներ չեն սահմանվում:

6. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը վերցնում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը, եթե՝

1) առկա են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի եւ հրաձգարանի գործարկման լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը.

2) բացակայում են զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, հրաձգարան գործարկելու լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները:

8. Զենքի մահացած uեփականատիրոջ կամ որպես պարգեւ տրված զենքը տնօրինող մահացած քաղաքացու զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից վերցվում է՝ մինչեւ ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը.

9. Զենքը կարող է վերցվել նաեւ oրենքով սահմանված այլ դեպքերում:

10. Շահագործման համար տեխնիկապեu պիտանի, վերցված քաղաքացիական եւ ծառայողական զենքերը կարող են իրացվել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:

11. Որuի, ձկնորuության, շրջակա միջավայրի ու բնական պաշարների պահպանության նկատմամբ պետական հuկողություն իրականացնող մարմինները վերցված զենքը փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

12. Վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը կամ ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է փոխանցվում Կառավարության սահմանված կարգով: Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված զենքը դատաքննության ավարտից հետո փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ մինչեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վերջնական որոշում կայացվելը:

13. Եթե պետական ռազմականացված կազմակերպությունը չի ցանկանում տեխնիկապեu ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձեւափոխված, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը ներառել զենքի հավաքածուի մեջ, ապա այն ենթակա է ոչնչացման:

14. Ոչ պիտանի կամ oգտագործման համար արգելված փամփուշտները, բացառությամբ գազային զենքի փամփուշտների, ոչնչացվում են այրելու միջոցով՝ բնակավայրերից 1500 մետր եւ ավելի հեռավորության վրա, մեկուսացված եւ դրա համար նախատեսված տարածքում:

15. Տեխնիկապեu անuարք փամփուշտները, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ uարքերը, uեփականատիրոջ կողմից անհատույց փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար:

16. Զենքի, փամփուշտների եւ ռազմամթերքի ոչնչացման կարգը uահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 4

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 12. Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝

1) պետական ռազմականացված կազմակերպությունները.

2) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.

3) զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք.

4) զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք.

5) լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության, որսորդական տնտեսություն վարող եւ հրաձգարան գործարկող կազմակերպությունները.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

7) օտարերկրյա քաղաքացիները:

2. Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է Կառավարության uահմանած կարգով:

Հոդված 13. Պետական ռազմականացված կազմակերպությունների եւ դրանց ծառայողների զենք ձեռք բերելու իրավունքը

Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերել Կառավարության կողմից սահմանված մարտական, ինչպես նաեւ կադաստր մուտքագրված ցանկացած այլ զենք:

Հոդված 14. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենք ձեռք բերելու իրավունքը

1. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո:

2. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից օգտագործվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը սահմանում է Կառավարությունը:

3. Զենք ձեռք բերելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում զենքը պետք է գրանցվի եւ հաշվառվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Գրանցման եւ հաշվառման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն:

4. Կառավարության սահմանած կարգով՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված՝ զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության եւ պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների, դրամական միջոցների եւ արժեքների պատրաստման եւ պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման եւ պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հատկապես կարեւոր այլ օբյեկտների պահպանության, ինչպես նաեւ հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոստի ու թղթակցության, պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների կրողներ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:

5. Կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության որսի եւ ձկան պաշարները, թույլատրվում է ձեռք բերել քաղաքացիական զենք:

6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն (բացառությամբ՝ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած եւ զենք պահելու եւ կրելու իրավունք ունեցած անձանցից, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ եւ ծառայությունից ազատվելուց հետո չի անցել 3 տարի) եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն: Այդ աշխատողները պարտավոր են պարբերաբար անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ պայմանագրային հիմունքներով: Հատուկ պատրաստության ծրագիրը եւ ստուգարքների անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

1. Քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:

2. Քաղաքացին զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաեւ զենքի այլ տեսակներ՝ մալած վիճակում:

3. Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք:

4. Քաղաքացու կողմից ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:

5. Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր (բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը),  պետական տուրքի վճարման անդորրագիր, 2 հատ 3x4 սմ լուսանկար, եւ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր:

6. Առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում անցնել զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացության կարճաժամկետ պարապմունք եւ ստանալ համապատասխան հավաստագիր: Պարապմունքի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Պարապմունքից ազատվում այն քաղաքացիները, ովքեր ծառայել կամ ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում առնվազն 5 տարի եւ ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ:

7. Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝

1) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերություններ ունեցող անձանց (հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը).

2) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, ում դատվածությունն oրենքով uահմանված կարգով վերացված կամ մարված չէ.

3) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.

4) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչեւ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման վերդիկտ կայացնելը).

5) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

6) զենքի շրջանառության կանոնները խախտած անձանց՝ մինչեւ վարչական տույժի ժամկետի լրանալը.

7) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կարգի դեմ, օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի հիման վրա՝ ոտնձգվող վարչական իրավախախտում թույլ տված անձանց.

8) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց.

9) կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց.

10) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց:

8. Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, մինչեւ 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը (այդ թվում՝ ռեւոլվերները), դրանց փամփուշտները, զենքի պարագաները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները գրանցման եւ հաշվառման ենթակա չեն, եւ քաղաքացիները իրավունք ունեն դրանք ձեռք բերել առանց թույլտվության:

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելը, ներկրելը եւ արտահանելը

1. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից 5 օրվա ընթացքում արտահանվի  Հայաստանի Հանրապետությունից:

2. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից զենք արտահանելու ժամկետները, ինչպես նաեւ ներկրելու, արտահանելու եւ օգտագործելու կարգը խախտելու դեպքում զենքն առգրավվում է եւ հանձնվում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

3. Օտարերկրյա քաղաքացիները կարող են որսորդությանը կամ սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով ներկրել միայն քաղաքացիական զենք՝ որսորդությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի հրավերի եւ նրա հետ կնքված որսորդության պայմանագրի, ինչպես նաեւ սպորտային միջոցառումներին մասնակցելու հրավերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվության առկայության դեպքում: Այդ զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է պայմանագրում կամ հրավերում նշված ժամկետում:

4. Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձեւերի եւ մոդելների ներկրումը՝ անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման կամ սույն հոդվածի 2-րդ մասով չնախատեսված այլ նպատակներով, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Բացառություն են կազմում նաեւ օտարերկրյա անվտանգության մարմինների եւ ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց ուղեկցումը, վերջիններիս անվտանգությունը պահպանելու եւ պաշտպանելու նպատակով: Նրանց կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու եւ տեղափոխելու (փոխադրելու)  կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 17.  Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրությամբ, առեւտրով, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձանց, ինչպես նաեւ լիցենզավորված հրաձգարանների, սպորտային եւ ռազմամարզական կազմակերպությունների, որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք՝ օրենքով սահմանված կարգով: Ձեռքբերված զենքը ենթակա է գրանցման եւ հաշվառման օրենքով սահմանված կարգով:

2. Լիցենզավորված հրաձգարանները, սպորտային եւ ռազմամարզական կազմակերպությունները կարող են ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենքեր, որոնք պետք է պահվեն նույն կազմակերպություններում եւ օգտագործվեն այդ կազմակերպությունների տարածքում:

3. Որuորդական տնտեuություն վարող կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական զենք:

ԳԼՈՒԽ 5

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, փամփուշտների եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, փամփուշտների եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով՝ ապահովելով արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունը եւ արտադրանքի համապատասխան որակը:

2. Արտադրված զենքի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա անհատական համար, բացառությամբ՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջոցներից, եւ ելնելով շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման՝ հետագայում դրոշմվելով ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի սահմանած կարգով՝ դրա վրա համապատասխան նշում կատարելով:

3. Ռազմական նշանակության արտադրանքը, բացառությամբ փորձնական նմուշների, պատրաստվում է միայն պետական ռազմականացված կազմակերպություններին մատակարարելու կամ օտարերկրյա պետություններ արտահանելու նպատակով՝ Կառավարության սահմանած կարգով:

4. Քաղաքացիական զենքի փամփուշտների լիցքավորումն անձնական օգտագործման նպատակով կարող է կատարել զենքը տնօրինողը՝ զենք պահելու եւ կրելու թույլտվության առկայության դեպքում՝ Կառավարության սահմանած կարգով:

Հոդված 19. Քաղաքացիական եւ ծառայողական  զենքի, փամփուշտների եւ ռազմական նշանակության արտադրանքի ներկրումը, արտահանումը եւ առեւտրի միջնորդական գործունեությունը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

2. Ռազմական նշանակության արտադրանքի ներկրումը, արտահանումը եւ առեւտրի միջնորդական գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

3. Կառուցվածքով զենքի նմանվող իրերը ներկրվում են Հայաստանի Հանրապետություն՝ ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի համապատասխանության գնահատումից հետո:

4. Զենքի եւ փամփուշտների ներկրումը եւ արտահանումը կարող են իրականացնել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտահանելու միայն սեփական արտադրության զենքերն ու փամփուշտները:

5. Այլ անձանց կողմից զենքի ներկրումը եւ արտահանումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:

6. Զենքի ներկրման եւ արտահանման լիցենզիա չունեցող անձինք իրավունք ունեն ներկրել եւ արտահանել տարեկան ընդամենը 3 միավոր քաղաքացիական զենք:

7. Մշակութային արժեք ներկայացնող քաղաքացիական զենքի եզակի նմուշների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան:

8. Զենքի պարագաները Հայաստանի Հանրապետություն ներկրվում, արտահանվում եւ շրջանառվում են ազատ՝ առանց համապատասխանության գնահատման:

9. Քաղաքացիական զենքի համար նախատեսված վառոդի ներկրումը եւ արտահանումը համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 20. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտուրը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտուր իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են՝

1) ունենալ քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտրով զբաղվելու լիցենզիա.

2) ունենալ վաճառվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների համապատասխանության սերտիֆիկատ, ինչպես նաեւ նշված զենքը պահելու թույլտվություն՝ տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից.

3) պահանջել գնորդից ներկայացնելու համապատասխան զենք ձեռք բերելու թույլտվություն.

4) ապահովել ձեռք բերվող եւ վաճառվող զենքի գրանցումը եւ հաշվառումը, ինչպես նաեւ հաշվառման փաստաթղթերի պահպանությունը 10 տարի ժամկետով.

5) ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, դրանց փամփուշտների եւ դրանք ձեռք բերող անձանց մասին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած ձեւով եւ կարգով.

6) գնորդին տրամադրել վաճառվող զենքի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալու նպատակով.

7) ապահովել զենքի եւ ռազմամթերքի պատշաճ պահպանությունը եւ այն պահելու անվտանգությունը.

8) վաճառքի (այդ թվում՝ կոմիսիոն) վերցրած կամ վերադարձրած զենքերի վերաբերյալ 2-օրյա ժամկետում գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.

9) կենտրոնացված հաշվառում տանելու նպատակով՝ հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական եւ ծառայողական զենքը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:

2. Արգելվում է՝

1) քաղաքացիական եւ ծառայողական զենք վաճառել զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, իսկ դրանց փամփուշտները՝ զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվություն չներկայացրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.

2) քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միեւնույն վաճառասրահում իրականացնել զենքի հետ կապ չունեցող այլ ապրանքների համատեղ վաճառք, բացառությամբ՝ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների, զենքի պահեստամասերի եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջոցների.

3) վաճառել համապատասխանության սերտիֆիկատ, անհատական համար եւ դրոշմ չունեցող քաղաքացիական եւ ծառայողական զենքը, ինչպես նաեւ պետական ստանդարտին համապատասխանելու մասին համապատասխան նշան չունեցող փամփուշտները.

4) քաղաքացիական եւ ծառայողական զենքի վաճառքի կետերում, խանութ-սրահներում, զենքը ցուցադրել առանց ձգանը արգելափակող հատուկ գործարանային արտադրության կողպեքի:

3. Մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիան չգերազանցող օդաճնշիչ սարքերը վաճառվում են առանց թույլտվության, միայն զենքի առեւտրի լիցենզիա ունեցող վաճառքի կետերում.

4. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր կազմակերպությունները պարտավոր են նույն գործունեությամբ զբաղվելու համար սահմանված կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա:

Հոդված 21. Զենքի նորոգումը եւ հարդարումը

1. Զենքի նորոգում իրականացնելու իրավունք ունեն զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, իսկ հարդարումը՝ զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք՝ ապահովելով զենքի հետ վարվելու անվտանգությունը, աշխատանքների ընթացքի նկատմամբ հuկողությունը, որակը, ինչպես նաեւ նորոգման կամ հարդարման հանձնված զենքի պահպանությունը:

2. Զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են իրականացնել՝

1) զենքի նորոգում, այդ թվում՝ չաշխատող մասերը փոխելու կամ նորոգելու միջոցով այն դարձնել պիտանի, ինչպես նաեւ վերականգնել արտաքին տեսքը.

2) զենքի ոչ հիմնական մասերի կոնստրուկտիվ փոփոխություն՝ բարելավելով մարտավարատեխնիկական բնութագրերը.

3. Կենտրոնացված հաշվառում տանելու եւ ստուգողական կրակված գնդակներ ու պարկուճներ ստանալու նպատակով զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը պարտավոր է նորոգումից հետո հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոuափող զենքերը:

4. Զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են իրականացնել զենքի տեխնիկական եւ քրեագիտական բնութագրերի պահպանմամբ գեղարվեստական ձեւվորում՝ օգտագործելով թանկարժեք մետաղներ եւ քարեր:  Անձնական զենքի հարդարման համար լիցենզիա չի պահանջվում:

Հոդված 22. Զենքի փոխանցումը պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից

1. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը եւ դրա փամփուշտները  փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, իսկ քաղաքացիական եւ ծառայողական զենքն իրացնել զենքի արտադրության կամ առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:

2. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական եւ ծառայողական զենքը, Կառավարության սահմանած կարգով, իրավունք ունեն ժամանակավոր պահելու եւ կրելու նպատակով փոխանցել պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, ում օրենքով թույլատրվում է զենք պահել եւ կրել՝ ձեւակերպելով համապատասխան թույլտվություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 6

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ պահելը, կրելը եւ օգտագործելը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ պահել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու թույլտվություններ ստացած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է իրենց գտած կամ այլ անձանցից անօրինական եղանակով իրենց փոխանցված զենքը տիրապետելը կամ տնօրինելը: Նշված զենքն անհապաղ պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության մոտակա ստորաբաժանում:

3. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են իրենց պատկանող զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովվի դրա պահպանությունը, անվտանգությունը եւ բացառվի կողմնակի անձանց համար հասանելիությունը:

4. Զենքը պահելու պայմաններին եւ կրելու կարգին վերաբերող պահանջները սահմանում է Կառավարությունը:

5. Ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց զենքը կրել միայն օրենքով նախատեսված վայրերում եւ դեպքերում:

6. Իրավաբանական անձինք պարտավոր են իրենց զենքը պահել եւ օգտագործել միայն օրենքով սահմանված կարգով:

7. Զենքի կորստի՝ կորցվելու, հափշտակվելու դեպքերում զենքի սեփականատերը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան կորստյան (կորցվելու, հափշտակվելու) փաստի մասին տեղեկանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հոդված 24. Զենքի հավաքածու կազմելը

1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք զենքի հավաքածու կարող են կազմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ զենքի հավաքածու կազմելու թույլտվության hիման վրա: Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց զենքի հավաքածուի մեջ կարող են ներառվել ինքնապաշտպանական, սիրողական, որսորդության, սպորտային, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային եւ տեղեկատվական նշանակության զենքի տեսակները:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածու կազմում են առանց թույլտվության: Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածուի մեջ կարող են ներառել՝

1) քաղաքացիական զենք.

2) ծառայողական զենք.

3) մարտական զենք.

4) քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված, այդ թվում՝ ինքնաշեն, ապoրինի ձեւափոխված կամ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենք՝ դատարանի վերջնական որոշման առկայության դեպքում.

5) արտադրական, ուսումնական զենք, փորձարկումների համար նախատեuված կամ նշված նպատակներով պատրաuտված զենքի եզակի նմուշներ.

6) uերտիֆիկացման փորձարկումներ չանցած զենք.

7) սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված զենքերի փամփուշտներ:

3. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող անձը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված զենքի պահման ավտանգության պայմանները:

4. Զենքի հավաքածու չեն համարվում եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հաշվառման ենթակա չեն՝

1) զենքի եւ ռազմամթերքի նմանակները (մակետ), որոնցից կենդանի կամ այլ նշանակետ խոցելն անհնար է.

2) կառուցվածքով զենքին նմանվող իրերը.

5. Հավաքածուի մեջ ընդգրկված քաղաքացիական զենքը կարող է օգտագործվել նաեւ ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում, այդ մասին նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

Հոդված 25. Զենքի հավաքածու ցուցադրելը

1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց եւ այլ uեփականատերերին պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեuները, ցուցահանդեu-վաճառքները (այuուհետ՝ ցուցահանդեu) իրականացնում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:

2. Ցուցահանդես չի համարվում արտադրության վայրում արտադրողին կամ առեւտրի uրահում մատակարարներին պատկանող զենքի ցուցադրումը:

3. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական եւ քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության:

4. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց պատկանող զենքը կարող են ցուցադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցով՝ նրանց հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա: Ցուցահանդեuի անցկացման պատասխանատվությունը կրում է զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

5. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են՝

1) ապահովել ցուցաuրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը.

2) ապահովել ցուցանմուշների հաշվառումը.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ցուցադրման ենթակա զենքի համարային հաշվառման ցուցակները:

6. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց արգելվում է՝

1) ցուցադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից չհաշվառված զենքը.

2) ցուցահանդեuում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ՝ բացառությամբ զենքի պահեuտամաuերի, արտադրության uարքերի եւ գործիքների, uպորտային, որuորդական ու ձկնորuական հարմարանքների, զենքի տեխնիկական uպաuարկման եւ նորոգման առարկաների.

3) զենքը պահել ցուցահանդեuի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատաuխանող զետեղարանում:

ԳԼՈՒԽ 7

ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՌԱՆԳՈՒՄԸ, ՎԱՃԱՌԱՔԸ

Հոդված 26. Զենքով պարգեւատրումը, նվիրատվությունը եւ ժառանգումը

1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգեւատրելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած, զինված ուժերի կայացման գործում ներդրված ավանդի, երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:

2. Որպես պարգեւ տրված զենք է համարվում նաեւ օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

3. Որպես պարգեւ տրված զենքը պարգեւատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով՝ զենքը պահելու եւ կրելու թույլտվությամբ:

4. Զենքով պարգեւատրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

5. Որպես պարգեւ չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաեւ այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:

6. Որպես պարգեւ տրված զենքի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված եւ հաշվառված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նվիրառուի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Օտարերկրյա պետություններում որպես պարգեւ տրված զենքը համարվում է օրինական՝ ոստիկանության կողմից սահմանված կարգով հաշվառվելուց հետո:

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություն տալու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ բայց ուշ քան, թույլտվությունը տալու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում ֆիզիկական անձանց մահվան փաստը գրանցելու եւ հաշվառելու իրավասություն ունեցող լիազոր մարմնին, իսկ վերջինս նույն անձանց մահվան փաստն արձանագրելու դեպքում, այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ քան 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն անհապաղ, բայց ոչ ուշ քան այդ մասին տեղեկատվությունը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում զենքը ժամանակավոր վերցնելու ուղղությամբ:

9. Որպես պարգեւ տրված եւ ծառայողական զենքի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է մալելուց հետո, եթե ժառանգը չունի զենքի հավաքածու կազմելու թույլտվություն:

10. Քաղաքացիական զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Ժառանգի կողմից զենքից, զենքի հավաքածուից կամովին հրաժարվելու դեպքում այն անցնում է պետության տնօրինման տակ:

12. Եթե զենքի, զենքի հավաքածուի ժառանգությունը ստանձնած ժառանգը չի ցանկանում ունենալ համապատասխան թույլտվություն, պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ քան ժառանգությունը ստանալու օրվանից հաշված 7-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վերջինիս միջոցով համապատասխան զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու եւ ժառանգին փոխհատուցում տրամադրելու համար: Զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու գործընթացը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է նաեւ այն դեպքում, երբ ժառանգությունը ստանձնած ժառանգը մերժում է ստանում համապատասխան թույլտվությունը տրամադրելու հարցում:

Հոդված 27.  Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների վաճառքը

1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերում նշված՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վաճառել օրինական հիմքերով իրենց մոտ գտնվող քաղաքացիական եւ ծառայողական զենքը եւ դրանց փամփուշտները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններին՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

2. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրենց սեփական զենքը եւ դրանց փամփուշտները վաճառելու կամ նվիրելու զենքի համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական անձին՝ նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Զենքի վերահաշվառումն ու վերագրանցումը կատարվում է զենքի հաշվառման եւ գրանցման ընթացակարգով:

ԳԼՈՒԽ 8

ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից զենք գործադրելու սահմանները եւ զենքի գործադրման մասին տեղեկացումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել իր կամ այլոց կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, ում նկատմամբ գործադրվելու  է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի կողմնակի անձանց:

2. Արգելվում է զենք գործադրել հաշմանդամության կամ հղիության ակնհայտ նշաններ ունեցող անձանց եւ անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է զենք գործադրողին, բացառությամբ նրանց կողմից զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի:

3. Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետեւանքով մարդու կյանքին, առողջությանը կամ սեփականությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հոդված 29. Գնդակապարկուճայինի հաշվառումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր միավոր ակոսափող հրազենից կատարվում է նախնական ստուգողական կրակոց՝ արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանին տրամադրելով:

2. Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման եւ գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 30. Վերահսկողությունը զենքի շրջանառության նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

3. Քաղաքացինական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություն ունեցող Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրավասու են՝

1) անցկացնել զենքի զննություն՝ դրա արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում.

2) կիսամյակը մեկ անգամ ստուգել զենք եւ փամփուշտներ պահելու օբյեկտները.

3) տարին մեկ անգամ զենքի սեփականատեր-քաղաքացիների բնակության վայրում ստուգել զենքի առկայությունը եւ այն պահելու պայմանները.

4) սահմանված կարգով անհատույց վերցնել եւ ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ, եթե պետական ռազմականացված կազմակերպությունն այն ցանկանում է ներառել իր հավաքածուի մեջ:

5) իրենց վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.

6) սահմանված կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալ դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

7) հարուցել վարչական վարույթ, կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.

8) ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:

4. Առգրավված (վերցված), կամավոր հանձնված եւ գտնված զենքի եւ ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Կառավարությունը:

5. Քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից 180 օրից ավել բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը: Եթե Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում քաղաքացին զենքն ի պահ չի հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձին տեւական ժամանակով անհասանելի է դառնում զենքի սեփականատեր-քաղաքացու բնակության վայրում զենքի առկայությունը եւ պահելու պայմանները ստուգելը, ապա զենքը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես՝ վերահսկողությունից դուրս մնացած զենք: Վերահսկողությունից դուրս մնացած զենքը հաշվառելու եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Զենքը վերցնող մարմինը պարտավոր է այդ մասին 10-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք՝ հաշվառումից հանելու համար:

ԳԼՈՒԽ 9

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐ

Հոդված 31. Հրաձգարանի գործարկումը

1. Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ պահանջներ:

2. Հրաձգարանի շահագործումը թույլատրվում է uույն օրենքի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին համապատաuխան սարքավորելուց հետո:

3. Զենքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձը, արտադրված զենքի փորձարկման հրաձգարանը շահագործում է uույն եւ այլ օրենքներով սահմանված տեխնիկական անվտանգության պայմաններին համապատաuխան՝ զենքի արտադրության լիցենզիայի հիման վրա:

4. Հրաձգարանը պետք է տեղակայվի, կառուցվի եւ հագեցվի այնպես, որ դրա շահագործման ընթացքում ապահովվի հրաձգարանից օգտվողների եւ շրջակա միջավայրի անվտանգությունը, բացառվի չարտոնված անձանց եւ կենդանիների մուտքը կրակային տարածք:

5. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ եւ փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն գնդակաորսիչներով: Բաց հրաձգարանները պետք է ունենան նաեւ բնական խոչընդոտներ: Բաց հրաձգարանները պետք է գտնվեն բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններից առնվազն 3000 մետր, իսկ կիuաբացերը՝ առնվազն 300 մետր հեռավորության վրա:

6. Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի եւ գտնվեն բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շենքերից առնվազն 500 մետր հեռավորության վրա:

7. Այն հրաձգարանները, որոնք օգտագործում են միայն մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիան եւ 4,5 մմ տրամաչափը չգերազանցող օդաճնշիչ սարքեր, գործում են առանց հրաձգարան գործարկելու լիցենզիայի, սակայն իրենց գործունեության մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

8. Հրաձգարանները, որտեղ անցկացվում են սպորտային միջոցառումներ, պետք է կառուցվեն եւ սարքավորվեն համապատասխան միջազգային հավատարմագրված մարզական կազմակերպության պահանջներին համապատասխան:

9. Հրաձգարանում տեսանելի տեղում պետք է փակցվեն անվտանգության կանոնները, ներքին կանոնակարգը եւ հրաձգության իրականացնելու համար պատասխանատու անցանց տվյալները:

10. Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաեւ ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:

Հոդված 32. Հրաձգության հրահանգիչը

1. Հրաձգության հրահանգիչը հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնող եւ հրաձգության հետ կապված այլ գործունեություն անցկացնող եւ վերահսկող անձն է, որին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է հրաձգության հրահանգչի որակավորում:

2. Հրաձգության հրահանգիչը պարտավոր է՝

1) վերահսկել հրաձգարանի տարածքի համապատասխանությունը զենքի եւ ռազմամթերքի օգտագործման ու դրանց հետ վարման անվտանգության կանոնների պահանջներին.

2) տեղեկացված լինել շրջանառության մեջ գտնվող սույն օրենքով նախատեսված զենքի տեսակներից ու դրանց համար նախատեսված ռազմամթերքից, ինչպես նաեւ դրանց օգտագործման հնարավորություններից.

3) վերահսկել հրաձգարանի տարածքում զենքի եւ ռազմամթերքի համապատասխանությունը դրա օգտագործման նպատակներին.

4) վերահսկել հրաձգարանում զենքի եւ ռազմամթերքի նպատակային նշանակությամբ օգտագործումը.

5) դիտարկել եւ անհրաժեշտության դեպքում ուղղորդել զենքի հետ վարվելակերպը հրաձիգների կողմից.

6) վերահսկել զենքի եւ ռազմամթերքի օգտագործման, ինչպես նաեւ դրանց հետ վարման անվտանգության կանոնները.

7) անհրաժեշտ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դժբախտ պատահարների դեպքում.

8) իրականացնել համապատասխան իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

3. Հրաձգության հրահանգչին անհրաժեշտ որակավորմամբ լիցենզիա տրվում է հրաձգության հրահանգիչների համար ուսուցում անցած եւ քննություն հանձնած անձին: Քննության ընթացքում ստուգվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները կատարելիս հրաձգության հրահանգչի գիտելիքներն ու ունակությունները:

4. Հրաձգության հրահանգչի լիցենզիայի գործողության ժամկետը 5 տարի է եւ կարող է երկարացվել յուրաքանչյուր անգամ եւս 5 տարով:

5. Հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները եւ հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, ինչպես նաեւ հրաձգության հրահանգչի լիցենզիայի տրամադրման, լիցենզիայից զրկելու դեպքերը, կարգը եւ լիցենզիայի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 33. Հրաձգարանում զենքի տրամադրումը եւ օգտագործումը

1. Հրաձգարանում զենք եւ ռազմամթերք (սույն հոդվածում այսուհետ նաեւ՝ զենք) տալու իրավունք ունի համապատասխան լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ զենքը վարձակալությամբ տվող (տված) անձ)՝ հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար:

2. Հրաձգարանում զենքը տրվում է 16 տարին լրացած այլ անձի (այսուհետ՝ զենքը վարձակալությամբ ստացող (ստացած) անձ)՝ վերջինիս կողմից անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Զենքը ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը եւ անձնագրային տվյալները գրանցվում եւ հաշվառվում են զենքը  հանձնող անձի կողմից վարվող համապատասխան մատյանում:

3. Մինչեւ հրաձգարանում զենքը ստանալը, այն ստացող անձը հրաձգության հրանգչի կողմից պետք է հրահանգվի ու ծանոթացվի զենքի եւ ռազմամթերքի օգտագործման ու դրանց հետ վարման անվտանգության կանոնների, ինչպես նաեւ հրաձգարանի ներքին կարգապահական կանոնների հետ: Հրահանգումն ու ծանոթացումն իրականացվում է համապատասխան մատյանում կատարված անհրաժեշտ գրառման եւ զենքը ստացող անձի ստորագրության նշումով:

4. Հրաձգարանում զենքը ստացած անձը պատասխանատվություն է կրում զենք պահելու, այն միայն սույն հոդվածում նշված նպատակային նշանակությամբ օգտագործելու, ինչպես նաեւ զենքի եւ ռազմամթերքի հետ վարման անվտանգության կանոնների պահպանման համար:

5. Տրված զենքը թույլատրվում է օգտագործել միայն հրաձգարանում՝ հրաձգության հրահանգչի անմիջական ներկայությամբ եւ վերահսկողությամբ:

6. Սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործվելուց հետո ստացված զենքը եւ չօգտագործված ռազմամթերքը զենքը վարձույթով ստացած անձի կողմից ենթակա են անհապաղ վերադարձման զենքը վարձույթով տվող անձին: Զենքն ու չօգտագործված ռազմամթերքն ընդունած անձն անհրաժեշտ գրանցումներ է կատարում համապատասխան մատյանում դրանք ընդունելու մասին եւ հաստատում իր ստորագրությամբ: Չօգտագործված ռազմամթերքի համար վճարված գումարը ենթակա է վերադարձման զենքը ստացած անձին:

7. Արգելվում է հրաձգարանում համար նախատեսված զենքը եւ ռազմամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից:

8. Հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար քաղաքացիական ակոսափող կամ ողորկափող հրազեն կարող է տրամադրվել նաեւ 14 տարին լրացած անձին եւ օգտագործվել նրա կողմից՝ հրաձգության հրահանգչի եւ զենքի պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկի անմիջական ներկայության եւ վերահսկողության ներքո: Հրաձգարանի տարածքում զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչը կարող է իր պատասխանատվությամբ եւ անմիջական վերահսկողությամբ իր անձնական հրազենը եւ ռազմամթերքը տրամադրել 14 տարին լրացած երեխային՝ սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործելու համար:

9. Սույն հոդվածի կանոնների պահպանմամբ, հրաձգարանում համապատասխան լիցենզիա ունեցող, ինչպես նաեւ օրինական հիմքով զենք տիրապետող անձինք, զենքը կարող են տրամադրել նաեւ անհատույց օգտագործման:

ԳԼՈՒԽ 10

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 34. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված զենքի շրջանառության կանոնները խախտելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՒ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 35. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաներն ու թույլտվությունները շարունակում են գործել մինչեւ դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության եւ առեւտրի լիցենզիաների, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, պահելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետների լրանալը՝ առնվազն մեկ ամիս առաջ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն սույն օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար: Սույն մասով նշված լիցենզիաները կամ թույլտվությունները ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը, ինչպես նաեւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:

5. 30-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրինական հիմքերով դրանք ձեռք բերված տնօրինողների մոտ գտնվող զենքերի վրա:

6. Սույն օրենքի 31-րդ, 32-րդ եւ 33-րդ հոդվածները չեն տարածվում պետական ռազմականացված կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող հրաձգարանների վրա:

7. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգեււատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր:

8. Սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը,  նախատեսված ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Այս դրույթն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Օրենսդրական նախաձեռնության նպատակները եւ խնդիրները.

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը հանդիսանում է Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորումը:

Օրենդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն եղած իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, որոնք մինչ այս պահը պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են, կարգավորել եւ ներդնել նոր իրավահարաբերություններ, ինչպես նաեւ տնտեսության եւ սպորտի զարգացման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման, անօրինական զենքի քանակի նվազեցման եւ ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը:

2. Օրենքի ընդհանուր նկարագիրը եւ առանցքային դրույթները

Հայաստանի Հանրապետությունում գործող «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ընդունվել է 1998 թ. եւ ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբեւիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը: Նշված օրենքի դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ են, եւ չեն կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում:

Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական եւ սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաեւ պարգեւատրման գործընթացների միջոցով: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության եւ այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել եւ կրել համապատաախան ծառայողական զենքը ծառայողական պարտականություններից դուրս:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հիմնված են ՀՀ սահմանադրության վրա, որոնցով ամրագրված է յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքը եւ պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից, մարդու անձեռնմխելիության եւ անվտանգության իրավունքը, իր կյանքի, առողջության, համբավի եւ պատվի, սահմանադրական իրավունքների եւ ազատությունների հավասարությունը, սեփականության իրավունքի անխախտելիությունը, պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այնպես էլ մարդու կյանքի բնական իրավունքի  պաշտպանության հիմքով:

Սույն օրենսդրական փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում  ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝ զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոները եւ թույլտվությունները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման թույլտվությունների եւ լիցենզիաների տալու կարգը, ինչպես նաեւ այդ թույլտվություններից եւ լիցենզիաներից զրկելու կարգը:

 Իրավական հիմք է ստեղծում, զենքի տիրապետման, օգտագործման, պահպանման  վերաբերյալ ուսուցման որոշակի կանոնակարգման համար: Հաստատում է զենքի, ռազմամթերքի եւ մատուցվող ծառայությունների շրջանառության ոլորտում պետական եւ լիազոր մարմինների իրավասությունների ցանկը:

Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, ինչը էապես բարձրացնելու է հասարակական անվտանգության մակարդակը:

Բացի վերը նշվածից՝ օրենսդրական փոփոխություններով, կարգավորվում է կարճափող զենքի շրջանառությունը, նաեւ խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում:

Օրենքի փոփոխությունները հստակեցնում են զենքի եւ զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում  քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի եւ ռազմամթերքի տեսակները եւ կատեգորիաները:

3. Փորձի ուսումնասիրություն.

Զարգացած եւ ժողովրդավարական երկրների մեծամասնությունն ապահովել են իրենց քաղաքացիներին վերը նշված իրավունքների իրացումը, ինչը նպաստել է անձի եւ սեփականության իրավունքի դեմ ուղղված բռնությամբ հանցագործություների էական նվազմանը:

Զենքի տիրապետման համաշխարհային առաջատարներն են հանդիսանում ԱՄՆ-ն, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան՝ 100 հոգու հաշվարկով 45-88 միավոր հրազեն: Մեզ մոտ այդ ցուցանիշը մոտավորապես 6.5-7 է:

Բալթյան երկրների, Վրաստանի եւ Մոլդովայի փորձն ապացուցում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով, օրենքի ընդունումից մեկ տարի անց նվազեցրել է հանցագործությունների քանակը մինչեւ 40-60%:

Միաժամանակ, կարգավորումների խստացումը եւ սահմանափակումը Մեծ Բրիտանիայում հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների եւ 25% սպանությունների: Այս վիճակագրությունը ապացուցում է, որ  հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ:

Այսօրվա դրությամբ քաղաքացիական զենքի շրջանառությունն օրենսդրորեն կարգավորվում է Եվրոպայի բոլոր եւ հետխորհրդային երկրների մեծ մասում, իսկ կարճափող հրազենը թույլատրված է Եվրոպայի երկրների մեծ մասում, մասնավորապես՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Բելառուս: Վերը նշված երկրների փորձը ցույց է տալիս, որ օրինական հաշվառված հրազենային զենքը դիտավորյալ հանցագործություններ կատարելիս օգտագործվում է դեպքերի 0,001 տոկոսով՝ համեմատած հանցագործությունների ընդհանուր թվի հետ:

Ուսումնասիրելով Հայաստանում Հանրապետությունում վերջին տարիների փորձը, կարող ենք փաստել, որ հրազենով հանցագործությունների մեծամասնությունը կատարվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: 2017-2021 թթ. ՀՀ-ում օրինական զենքից տեղի է ունեցել հանցագործության 22 դեպք, տարեկան միջինում 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք:

 Պետությունը միշտ չէ, որ կարողանում է ապահովել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից, երաշխավորել քաղաքացիներին ինքնապաշտպանության իրավունքը տվյալ միջոցներով: Հրազենը հանդիսանում է քաղաքացիների կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն իրագործելու ամենաարդյունավետ զսպիչ միջոցներից մեկը: Ավելին, այս հասանելիությունը նախատեսվում է իրականացնել զենքի տիրապետման խիստ ուսումնական գործընթացի միջոցով, ինչն էականորեն կբարձրացնի զենքի տիրապետման, կրելու եւ օգտագործելու մշակույթը քաղաքացիների մոտ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ եւ փորձագետներ, ՀՀ ոստիկանությունը, որսորդությամբ, հրաձգությամբ եւ ռազմամարզությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ:

5. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը.

Ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը: Ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը:

01 օգոստոսի 2022 թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ
ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Ռուբինյան,

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»,  «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին, «Ազատ տնտեսական գոտիների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մասնավոր պահնորդական գործունեության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կազմակերպությունների եվ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

1. Օրենքների  նախագծերի փաթեթը,

2. Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող՝ Վիլեն Գաբրիելյան

Խնդրում ենք օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝         Վիլեն Գաբրիելյան
                             Անդրանիկ Քոչարյան
                             Արմեն Խաչատրյան