Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգրքի) 160-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 160. Զենքի վաճառքի կարգը խախտելը
Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենքի ձեռք բերելու թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին եւ կազմակերպություններին զենք եւ ռազմամթերք վաճառելը, վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանման խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն գործողությունները, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով եւ զենքի առեւտրի լիցենզիայից զրկում մինչեւ 3 տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 190. Զենք ձեռք բերելու, ուրիշին տալու կամ վաճառելու կարգը խախտելը.
Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելը, այլ անձանց տալը կամ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն գործողությունները կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որեւէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի բռնագրավմամբ եւ զենքի համապատասխան թույլտվությունից զրկմամբ մինչեւ 2 տարի ժամանակով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 191-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 191. Զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը
Զենք պահելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվություններ ունեցող քաղաքացիների կողմից զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որեւէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ եւ զենքի համապատասխան թույլտվությունից զրկմամբ մինչեւ 2 տարի ժամանակով:
Զենքը եւ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները իրավաբանական անձանց եւ հիմնարկների այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, ինչպես նաեւ նրանց կողմից զենքը եւ զինամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որեւէ մեկի համար ենթարկվել է վարչական տույժի՝
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ զենքի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ:
Հոդված 4. Օրենսգրքի 192-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 192. Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը
Քաղաքացիների կողմից բնակության վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 193-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 193. զենքը եւ ռազմամթերքն իրացնելուց խուսափելը
Զենքը եւ ռազմամթերքն իրացնելուց այն քաղաքացիների խուսափելը, որոնց զենք պահելու, կրելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվությունը չեղյալ է հայտարարվել օրենքով սահմանված կարգով՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ զենքի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ:»:
Հոդված 4. Օրենսգրքում ավելացնել նոր՝ 1931 հոդված հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1931 . Հրաձգարան գործարկելն առանց համապատասխան լիզենզիա, իրավական ակտերի խախտմամբ կահավորելը եւ անվտանգության կանոնները խախտելը
Առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նույն գործողությունը, որը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի առաջացնում է տուգանքի սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով եւ Հրաձգարանի շահագործման լիցենզիայի զրկմամբ մինչեւ 3 տարի ժամանակով:»:
Հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու եւ կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Նույն գործողությունը, որը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով եւ զենքի համապատասխան թույլտվությունից զրկմամբ մինչեւ 2 տարի ժամկետով:
Իրավաբանական անձի, իրավաբանական անձի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող հրահանգիչի կողմից հրաձգարանում, զենքի ուսուցման, պահելու եւ կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն գործողությունը, որը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով եւ հրաձգարանի գործարկման լիցենզիայի զրկմամբ մինչեւ 3 տարի ժամկետով:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: