Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-352-05.08.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը՝ «զ» կետից հետո, լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր կետով.

«զ.1) սահմանում է ուժեղացման եւ վերակառուցման եւ քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման եւ վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման եւ հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը.»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասով ՀՀ կառավարության համար լիազորող նորմերի սահմանումն է:

2. Առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետության մարզերից եւ Երեւանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ ըստ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով առկա եզրակացությունների, հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն, առկա տվյալների համաձայն անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը: Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երեւան քաղաքին՝ 120 բազմաբնակարան շենք, Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Շիրակի մարզերին համապատասխանաբար՝ 149 եւ 123 բազմաբնակարան շենք:

Հանրապետության բնակավայրերում առկա է նաեւ քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետեւանքով):

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել եւ Կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 376-Լ որոշմամբ հաստատվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար 2021-2023 թվականների ընթացքում իրավական հիմքերի ստեղծումն է՝ Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ներառված իրավական ակտերի մշակման միջոցով, հիմնախնդրի կանոնակարգման համար լուծումների առաջադրումը, պետական քաղաքականության հիմնական մոտեցումների հստակեցումը եւ այդ մոտեցումների արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունների ապահովումը:

Հիմնախնդրի կանոնակարգման անհրաժեշտությունը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝  քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից, տեղ է գտել Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի «2.7 Քաղաքաշինություն» բաժնում, որի դրույթների համաձայն Կառավարության ջանքերն ուղղված են լինելու Հանրապետության 3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ըստ այդմ, խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները տեղ են գտել նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բաժնի 15-րդ նպատակում:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման եւ վերակառուցման՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող եւ քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով սահմանել լիազորող նորմեր Կառավարության համար:

Նշված նորմերի սահմանումը հնարավորություն կտա նախ մշակել եւ ընդունել Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված ակտերը, այնուհետեւ՝ դրանցով սահմանված մոտեցումների եւ առաջնահերթությունների համաձայն, իրագործել  հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրեր:

Միաժամանակ, Նախագծով նախատեսված է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է ապահովի այդ օրենքից բխող Կառավարության որոշումների ընդունումը (դրանց ընդունման ժամկետները համահունչ են Հայեցակարգով ամրագրված ժամկետներին):

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է՝

- Ագգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Կառավարության ծրագրից, որի «2.7 Քաղաքաշինությունը» բաժնի դրույթների համաձայն Կառավարության ջանքերն ուղղված են լինելու հանրապետության 3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բաժնի 15-րդ նպատակից:

- ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն