Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-360-22.08.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասով.

«2.1. Օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կոմիտեի կողմից Կառավարության սահմանած կարգով մերժվում է, եթե oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ) կամ նրա հետ փոխկապակցված անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն:

2.2. Սույն օրենքի իմաստով տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձ է համարվում՝

1) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,

2) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,

3) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,

4) միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,

5) այն իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձը, որը նախկինում ունեցել է օդանավ շահագործող վկայական եւ դրա գործողությունը դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով վկայականի ստացման համար օրենքով եւ Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության պահանջները խախտելու պատճառով:»:

6) Կառավարության սահմանված դեպքերում՝ պետության անվտանգության կամ հանցագործությունների կանխարգելման, կամ բացահայտման, կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ պայմանավորված:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.

«1.1. Այն դեպքում, երբ օդանավ շահագործողի վկայական ստացած անձի համար ի հայտ են գալիս սույն օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հիմքը, որոնք հնարավոր չէ վերացնել, կոմիտեն Կառավարության սահմանած կարգով դադարեցնում է օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:»:

Հոդված 3.

1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2) Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Քաղաքացիական ավիացիայի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է օդանավերի թռիչքների եւ ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով հասարակական պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շրջակա միջավայրի անվտանգության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը: Թռիչքների անվտանգության ապահովումն ունի բացարձակ գերակայություն ավիացիայի բնագավառի գործունեության կոմերցիոն, սոցիալական եւ այլ բաղկացուցիչների նկատմամբ ու այն պետք է շարունակականորեն ապահովվի անկախ թռիչքների ծավալի աճից:

Ներկա զարգացումները եւ մարտահրավերներն առավել արտահայտված են ավիացիայի ոլորտում, ինչը պահանջում է համարժեք մոտեցում/կարգավորում՝ թռիչքների անվտանգությանն առնչվող ցանկացած հարցին/հարաբերությանը:

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) օդանավ շահագործողի վկայականի տրամադրման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ եւ այլն) տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը՝ որպես վկայականի տրամադրումը մերժելու կամ տրամադրած վկայականի գործողությունը դադարեցնելու հնարավորությունը/լիազորությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը.

««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարեւոր պահանջ հիմք ընդունել իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ եւ այլն) տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը, ինչպիսի հիմնավորմամբ հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը կամ արդեն իսկ տրամադրված իրավունքի պարագայում՝ դրա դադարեցումը:

Նախագծով հստակ նախատեսվել է նաեւ Օրենքի իմաստով «տնտեսվարողի վատ հեղինակություն» ունեցող անձանց շրջանակը:

Միաժամանակ Նախագծով առաջարկվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից վկայականի տրամադրման մերժման ընթացակարգը կսահմանվի Կառավարության կողմից՝ նախատեսելով համապատասխան փոփոխություններ ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 963-Ն որոշման մեջ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ՟ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն