Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-36116-23.08.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 73-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 73. Դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

1. Դատավորը չպետք է իր պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունի կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնի:

2. Դատավորը պետք է ապահովի, որ իր ընտանիքի անդամները եւ իր հետ փոխկապակցված անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ դատավորի պաշտոնեական պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ:

3. Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:

4. Դատավորի համար թույլատրելի նվերներ են հանդիսանում.

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.

3) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.

4) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

5. Սույն հոդվածի իմաստով «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով եւ առաջարկներով:

6. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ 1-ին կետով նախատեսված՝ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Դատավորները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված թույլատրելի համարվող նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերները տնօրինվում են «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով:

9. Եթե դատավորը ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա վերջինս սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ քան հնգօրյա ժամկետում, հայտնում է Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա դատավորը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում՝ խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա դատավորը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը:

10. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա այդ մասին իրեն հայտնի դառնալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ քան հնգօրյա ժամկետում, դատավորը սահմանված կարգով հայտնում է Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա դատավորը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում՝ խորհրդատվական կարծիք ստանալուց հետո տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա դատավորը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը:

11. Նվերների հաշվառման եւ հանձնման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

Հոդված 2. Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասում «խախտելու համար» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման դեպքերի:» բառերով:

Հոդված 3. Օրենքի 142-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

3) 6-րդ մասի 2-րդ կետում «9-րդ,» թվից հետո հանել «11-րդ եւ» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2022-2023 թվականների պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն