Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-365-26.08.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 6-րդ պարբերությունը «նախատեսված» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ սահմանված լրավճար վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն մասի իմաստով բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերեւույթից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Վարչապետի 05.11.2021 N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում իրավական հիմնավորվածության ապահովման համատեքստում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրվել են աշխատանքի ոլորտին առնչվող Կառավարության եւ Վարչապետի որոշումները: Միաժամանակ, հաշվի առնելով նույն հանձնարարականի գույքագրման արդյունքում համապատասխան իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու պահանջը՝ առկա է Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման համար Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում կոնկրետ լիազորող նորմ ամրագրելու անհրաժեշտություն, որով էլ պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:

Սահմանադրաիրավական նշված նորմի բովանդակությունից բխում է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները, այդ թվում՝ Կառավարությունը, լիազորված են ընդունելու ենթաօրենսդրական ակտեր միայն օրենքով հստակ նախատեսված դեպքերում, իսկ լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունը եւ սահմանները հասկանալու համար:

Ուստի, յուրաքանչյուր դեպքում կոնկրետ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու՝ Կառավարության լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, որին էլ «Նորմատիվ իրավական ատերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, պետք է հղում կատարվի ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախաբանում:

Անդրադառնալով բուն Նախագծի կարգավորումներին հարկ է մասնավորապես նշել, որ Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման նախաբանում հղում է տրված աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությանը, որով նախատեսված է, որ լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից եւ պարգեւատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձեւի վարձատրությունն է: Այս առումով հարկ է նկատել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ Կառավարության համար նախատեսված չէ: Տվյալ դեպքում, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Կառավարության համար նման կարգ սահմանելու համապատասխան լիազորող նորմ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում Կառավարության կողմից արդեն իսկ ընդունված որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող հստակ նորմի առկայությունը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Սահմանդրությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն