Հոդված 1.
«Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝. «4. Հեռարձակողները, որոնք եթեր են հեռարձակում նաեւ մանկական, կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ եւ ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը` օրվա ընթացքում` համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ, եւ լրատվական տեսալսողական հաղորդում եւ ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով՝ կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին եւ տեխնիկական նվազույն պահանջներին համապատասխան:»:
Հոդված 2.
Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ նախադասությամբ. «7. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց միջոցով տարածվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:»:
Հոդված 3.
Օրենքի 22-րդ հոդվածի
I. 6-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետը շարադրել հետեւյալ նախադասությամբ.՝ «գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը:»:
II. 6-րդ մասը լրացնել նոր կետով հետեւյալ նախադասությամբ.՝ «4) ապահովել հայերեն ենթագրերով կամ ժեստերի լեզվի թարգմանությամբ՝
ա. շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում,
բ. Հայաստանի Հանրապետության տոներին եւ հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների ուղիղ եթերով հեռարձակումները,
գ. վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները եւ նախապես ծրագրված հարցազրույցները,
դ. արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները,
ե. սոցիալական գովազդը»:
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է լսողության խնդիրներ ունեցող անձանց մատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ, բխում է ՀՀ Սահմանադրությունից, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքնների մասին» ՀՀ օրենքից եւ միջազգային պայմանագրերով ստանձնած երկրի պարտավորություններից:
Հասարակական կյանքում անձի լիարժեք ներառման համար, ի թիվս այլնի, առաջնային նշանակություն ունի սեփական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ իրազեկման ապահովումը, որը նպաստում է ինքնուրույն որոշումների կայացմանն ու այդ իրավունքներից եւ ազատություններից անարգել օգտվելու հնարավորությանը: Որպես նշվածի իրացման հնարավորություն՝ հիմնարար նշանակություն ունի տեղեկատվության մատչելիության ապահովումը, ինչի բացակայությունն առկա օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայում մի շարք խոչընդոտներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես լսողության խնդիր ունեցող անձանց համար:
2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որի 21-րդ հոդվածով ամրագրվում է, որ մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան իրականացնել իրենց խոսքի ու կարծիքի ազատության իրավունքը, ինչպես նաեւ փնտրել, ստանալ եւ տարածել տեղեկություններ ու գաղափարներ մյուսների հետ հավասար հիմունքներով եւ հաղորդակցության իրենց նախընտրած բոլոր միջոցներով: Ընդ որում, նշված իրավունքների իրականացումն անհրաժեշտ է ապահովել առանց հավելյալ ծախսերի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Նշվածի առնչությամբ կոնվենցիոն կարգավորումներից բացի ՀՀ ներպետական օրենսդրությունը եւս որոշակի կարգավորումներ է նախատեսում: Մասնավորապես՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը հայերեն ժեստերի լեզուն ընդունում է որպես հաղորդակցման, ուսուցման եւ թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց, ինչպես նաեւ տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավոր տեղեկությունների ստացման մատչելիությունը: Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկություն ստանալու մատչելիությունն ապահովելու համար «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են օրվա ընթացքում հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ եւ (կամ) հայերեն բաց կամ փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) տեսալսողական հաղորդումների նվազագույն քանակը եւ պահանջները:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝. «Հեռարձակողները, որոնք արտադրում են նաեւ մանկական եւ (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը` օրվա ընթացքում` կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին, համապատասխանաբար առնվազն մեկական մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդում ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով»:
Խնդրահարույց է սակայն ժեստերի լեզվով հեռարձակման կազմակերպումը, քանի որ թարգմանության ընթացքում չեն պահպանվում միջազգայնորեն ընդունված տեխնիկական չափանիշները եւ պահանջները: Բացի այդ, մանկական հաղորդումների պարագայում օրենքը չի առանձնացնում դրանք մուլտֆիլմերից. արդյունքում հեռարձակողները մուլտֆիլմերը ենթագրերով են եթեր հեռարձակում, ինչը չի ապահովում երեխաների տեղեկություն ստանալու, կրթական եւ զարգացման ծրագրերին հաղորդակից լինելու իրավունքը, քանի որ վերջիններիս համար ոչ միայն դժվար է ընթերցել ենթագրերը, այլ նաեւ անհնարին, քանի որ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեծ մասը նախադպրոցական տարիքի է, հետեւաբար կարդալ չգիտի:
Լսողության խնդիր ունեցող հեռուստադիտողները զրկված են պաշտոնական ուղիղ եթերներից եւ հարցազրույցներից տեղեկություն ստանալու հնարավորությունից, մասնավորապես վարչապետի, ԱԺ նախագահի, Հանրապետության նախագահի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները չեն ուղեկցվում ժեստերի լեզվի թարգմանությամբ: Լսողության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման համար չկան պայմաններ Արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի ընթացքում արագ եւ մատչեի տեղեկություն ստանալու համար:
Հեռուստաեթերով հեռարձակվող սոցիալական գովազդը ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռարձակվում է միայն պատվիրատուի նախաձեռնությամբ, ինչը կրկին սահմանափակում է տեղեկատվության մատչելիութունը:
Լսողության խնդիր ունեցող հեռուստադիտողները չունեն կրթական, առողջապահական, մշակութային, ժամանցային բնույթի հեռուստածրագրերին հաղորդակից լինելու, այդ թվում ֆիլմեր դիտելու հնարավորություն:
Բացի վերը նշվածից, թեեւ գործող կարգավորումներով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն անդրադառնում է խտրականության արգելքին, այնուամենայնիվ, տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը չի սահմանում տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականության արգելք:
2020 թվականի օգոստոսի 7-ին ուժը կորցրած է ճանաչվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածով սահմանվում էր «սուրդոթարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ձեռք-լեզվով»: Սակայն 2020 թվականի հուլիսի 16-ին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը չի ներառում համարժեք սահմանում: Այսպիսով՝ ժեստերի լեզվի հասկացությունը որեւէ օրենքով սահմանված չէ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում եւ կից օրենքների փաթեթում, մասնավորապես՝
Օրենքի ընդունման արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր՝ ընդլայնելու հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը, լրացուցիչ պարտավորություններ կսահմանվեն Հանրային հեռարձակողների համար, օրենքով կսահմանվի «ժեստերի լեզու» հասկացությունը, իրավական հիմքեր կստեղծվեն Ազգային ժողովի հատուկ նիստերի եւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ կազմակերպելու համար: