Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 1.1-ին հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետով՝ հետեւյալ նախադասությամբ.՝ «ժեստերի լեզու՝ լեզվական ինքնատիպ համակարգ, որը դրսեւորվում է ձեռքերի իմաստավորված շարժումներով՝ դիմախաղի, շրթունքերի շարժումների եւ մարմնի դիրքի համակցմամբ:»:
Անցումային դրույթներ
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ժեստերի լեզվի սահմանման վերաբերյալ օրենսդրական բացը լրացնելու անհրաժեշտությամբ:
2020 թվականի օգոստոսի 7-ին ուժը կորցրած է ճանաչվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածով սահմանվում էր «սուրդոթարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ձեռք-լեզվով»: Սակայն 2020 թվականի հուլիսի 16-ին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը չի ներառում համարժեք սահմանում: Այսպիսով ժեստերի լեզվի հասկացությունը որեւէ այլ օրենքով սահմանված չէ:
Ելնելով վերը նշվածից անհրաժեշտություն է առաջացել լրացնելու օրենսդրական բացը եւ նկատի ունենալով, որ ժեստերի լեզուն ամբողջական եւ համալիր լեզվական համակարգ է նպատակահարմար է հասկացությունը սահմանել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է լրացում կատարել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում եւ սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը:
3.Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կլրացվի օրենսդրական բացը, որն առաջացել է 2020 թվականի օգոստոսի 7-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի ուժը կորցնելու հանգամանքով: