Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-319-28.06.2022,06.09.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաեւ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է, համապատասխանաբար, տարրական ընդհանուր եւ հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետում «պատվիրման,» բառից հետո լրացնել «լրացման,» բառը:»:

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ մասով՝ «8. Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով, պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում՝ Հայաստանի հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «3. Պետությունը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոներում սովորող երեխաներին ապահովում է դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով:»:

Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու եւ կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

2014 թվականից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվել է բարձրացված չափաքանակներով, ինչը սահմանված է նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով: Սակայն առկա իրավիճակը փաստում է, որ հատկացվող ֆինանսավորումը հիմնականում ուղղվել է մասնագետների վարձատրությանը, եւ բավարար ուշադրության չի արժանացել երեխաների անհատական կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման գործընթացը:

Բացի այդ, այս կարգավորումից դուրս է մնացել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացը:

2022 թվականի մարտի 3-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի 35-րդ հոդվածի 3.1 մասը սահմանում է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», իսկ նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նպատակային ֆինանսավորման հարցը դեռեւս կարգավորված չէ օրենքով:

Հարկ է նշել, որ «Կրթության մասին» օրենքով կարգավորված չէ նաեւ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատութունների սովորողներին՝ հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով ապահովելու հարցը: Բացի այդ օրենքը սահմանում է, որ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաները ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով, սակայն հստակեցված չեն պարտականությունները եւ հասկանալի չէ, թե ով է պարտավոր ապահովելու վերը նշվածը: Գործնականում արձանագրվել է մի իրավիճակ, երբ տեսողության խնդիր ունեցող երեխաների դասագրքերը եւ կրթական նյութերը ձեռք են բերվել բարերաների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցներով եւ դրանց համար պետական միջոցներից ֆինանսավորում չի հատկացվել:

Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով (29 նոյեմբերի 2021 թ. N 81-Ն) հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնում է հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձեւավորման եւ դասագրքերի շրջանառության գործընթացը՝ ներառյալ Բրայլյան դասագրքերը եւ տետրերը՝ ՀՀ պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցներով:

Չնայած վերը նշվածին, Բրայլյան դասագրերի տպագրության եւ ուսումնառության համար անհրաժեշտ նյութերով հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններն ապահովելու պետության պարտավորությունն ամրագրված չէ օրենքով:

Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման արդյունքում հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների հիմնական մասը վերակազմավորվել է մանկավարժահոգե՟բանական աջակցության կենտրոնների, մյուսը՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, որոնք աջակցում են համընդհանուր ներառական կրթության համակարգի կայացմանը: Այսպիսով պետությունը հրաժարվել է հատուկ դպրոցների համակարգից, ինչը արտացոլված է նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում:

Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ 2021-2026 թվականների ծրագրով ՀՀ կառավարությունը առանցքային է համարում Կրթության բոլոր մակարդակների համար ներառական կրթական միջավայրի ստեղծումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես ՝

- սահմանել պետական պարտավորություն նաեւ հատուկ ծրագիր իրականացնող դպրոց-ռեսուրս կենտրոնների բոլոր դասարանների սովորողներին՝ պետական միջոցների հաշվին հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար,

- սահմանել, որ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում,

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատութունների բոլոր դասարանների սովորողներին՝ պետական միջոցների հաշվին դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու, ինչպես նաեւ նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից նպատակային ֆինանսավորում ստանալու համար:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ