Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-350-02.08.2022,09.09.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքն ուղղված է մարդու կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի շրջանառության եւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական եւ ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում՝ ձեռքի մարտական հրաձգային զենքի եւ մարտական uառը զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

1) զենք՝ սարք կամ առարկա, որն իր կառուցվածքով նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար: Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային եւ դեկորատիվ նշանակություն.

2) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին՝ ուղղորդված շարժում uտացած նետվող առարկայի միջոցով, տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեuված սարք, որի հիմնական մաuերն են՝ փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, փակաղակը, ձգանահարվածային մեխանիզմ.

3) մարտական սառը զենք՝ սարք, առարկա կամ մարտական ակոսափող հրազենի բաղկացուցիչ մաս (սվին, սվին-դանակ եւ այլն), որն արտադրողի կողմից նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետի հետ անմիջական շփման դեպքում մարդու մկանային ուժի օգնությամբ այն խոցելու համար.

4) սառը զենք՝ մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված առարկա.

5) նետողական զենք՝ մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.

6) օդաճնշիչ զենք՝ սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին շարժում ստացող նետվող հարմարանքի միջոցով նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.

7) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր եւ նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցություն.

8) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի օգնությամբ մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց կամ միջոցներ, նետողական լիցք եւ նետվող հարմարանք.

9) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, հարդարում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ համապատասխանաբար ներկրում եւ արտահանում).

10) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, փամփուշտների եւ ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.

11) զենքով պարգեւատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.

12) զենքի պարագաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չեն հանդիսանում զենքի հիմնական մասեր.

13) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության, իսկ իրավաբանական անձի գտնվելու վայրում՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.

14) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված կամ դրված վիճակում, իսկ նետողական զենքը՝ նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով.

15) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս հրազենի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, առանձնացված պահեստատուփով, դրված պահպանակի վրա՝ ծածկաշապիկով կամ պատյանով, կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, մարտական սառը զենքի դեպքում՝ դրանց պահելու համար նախատեսված տարածքից դուրս տեղաշարժը՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, նետողական զենքի դեպքում՝ դրանց պահելու համար նախատեսված տարածքից դուրս տեղաշարժը՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, իսկ նետվող հարմարանքը պետք է լինի առանձնացված.

16) ուսումնական զենք՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ եւ կրակելու համար պիտանի.

17) համապատասխանության գնահատում՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից համապատասխանության հավաստման գործունեության իրականացում, որի արդյունքում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի եւ փամփուշտների համապատասխանության գնահատման փաստաթղթի տրամադրմամբ հավաստվում է համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

18) համապատասխանության սերտիֆիկատ՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգ) եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

19) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, զենքի ոչ հիմնական մասերի կոնստրուկտիվ փոփոխություն, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

20) զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձեւավորում, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

21) զենքի հավաքածու՝ ընտրված զենքերի ամբողջություն, որոնք կարող են ունենալ ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային եւ տեղեկատվական նշանակություն.

22) զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան (այսուհետ՝ տեղեկությունների պետական կադաստր)՝ Հայաuտանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

23) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնց oրենuդրությամբ վերապահված է զենք oգտագործելու լիազորություն.

24) գազային զենք՝ ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված ատրճանակի կամ ռեւոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտներ կամ փչող (ցրող) սարք՝ նախատեսված կենդանի նշանակետին ժամանակավորապես վնասազերծելու համար.

25) մալած զենք՝ կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած զենք.

26) գազային փամփուշտ՝ գազային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանը եւ Կառավարության կողմից սահմանված օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

27) լուսաձայնային փամփուշտ՝ հրազենից, գազային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը) եւ լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար.

28) ուսումնական փամփուշտ՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից եւ բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին եւ կառուցվածքին համապատասխան եւ որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք է լինի տարբերակիչ գծատիպ օղակաձեւ սեղմվածք.

29) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար եւ որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը, նետողական լիցքը եւ որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմեր, թուղթ) փոխարինողը.

30) պայթուցիկ նյութ՝ արտաքին ազդեցության պայմաններում պայթելու ունակ քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ.

31) պայթեցման սարք՝ հատուկ պատրաստված եւ որոշակի պայմաններում (կամ՝ որոշակի պայմանների հարմարեցված) պայթելու ունակ ցանկացած սարք.

32) ազդանշանային զենք` համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար եւ նախատեսված է օգտագործել անգնդակ փամփուշտով լուսային, ծխային կամ ձայնային ազդանշան արձակելու համար.

33) ազդանշանային փամփուշտ՝ հրազենից կամ ազդանշանային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը եւ նետվող լիցքը՝ լուսային, ձայնային կամ ծխային ազդանշան տալու համար, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար.

34) վառոդ՝ տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ է, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության, առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման: Վառոդի ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացության, հնարավորություն է տալիս կանոնավորել գազագոյացման արագությունը.

35) ռազմական նշանակության արտադրանք՝ ձեռքի մարտական հրաձգային զենք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության այլ գույք, ռազմական աշխատանքներ եւ ծառայություններ, այդ թվում՝ հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, նորոգում, մտավոր գործունեության արդյունքներ, ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն) եւ ռազմական, ռազմատեխնիկական եւ կիրառական բնույթի գիտական եւ տեխնիկական տեղեկատվություն.

36) էլեկտրահարող սարք՝ ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի պահանջներին համապատասխանող ատրճանակի նմանվող սարք, տայզեր, կայծային պարպիչ եւ այլ կրովի էլեկտրահարող սարք, որը նախատեսված է կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.

37) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն` կարճափող զենք եւ անփող զենք՝ նախատեսված վնասվածքային գործողության փամփուշտի՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում uտացած արկով, տարածության վրա գտնվող կենդանի նշանակետի մեխանիկական խոցման՝ վնասազերծման համար, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար:

38) վնասվածքային գործողության փամփուշտ՝ ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը եւ վնասվածքային գործողության նետվող առարկան, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

39) պետական ռազմականացված կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատախազություն, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, պետական սուրհանդակային ծառայություն.

40) ռազմամարզական կազմակերպություն՝ օրենքով նախատեսված իր կանոնադրական նպատակների շրջանակներում ռազմամարզական գործառույթներ իրականացնող հասարակական կազմակերպություն.

41) հրաձգարան` հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց պատկանող շինություն, տարածք կամ հողատարածք (այսուհետ՝ տարածք), որը հարմարեցված է հրաձգության համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ եւ փակ:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ

Հոդված 3. Զենքի տեսակները

1. Զենքը, ըստ համապատասխան սուբյեկտների կողմից օգտագործման նպատակայնության, հիմնական չափանիշների եւ բնութագրող հատկանիշների, ստորաբաժանվում է՝

1) քաղաքացիական զենք.

2) ծառայողական զենք.

3) ձեռքի մարտական հրաձգային զենք եւ մարտական սառը զենք. (այսուհետ նաեւ՝ մարտական զենք):

2. Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող զենքը եւ ռազմամթերքը պետք է համապատասխանի օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ստանդարտներին եւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Հոդված 4. Քաղաքացիական զենք

1. Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը:

2. Քաղաքացիական զենքի տեսակները՝

1) գազային զենք.

2) օդաճնշիչ զենք.

3) ողորկ-երկարափող հրազեն (այսուհետ՝ ողորկափող հրազեն)

4) համակցված հրազեն (ողորկափող եւ ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.

5) երկար-ակոսափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավել երկարություն եւ 12.7 մմ-ից ոչ ավել տրամաչափ ունեցող փողով հրազեն.

6) սառը զենք.

7) նետողական զենք.

8) ազդանանշանային զենք:

Հոդված 5. Ծառայողական զենք

1. Ծառայողական է համարվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների եւ կազմակերպությունների պաշտոնատար անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողների (ծառայածների), կամ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կրել, պահել եւ օգտագործել այդ զենքը՝ ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, արժեքավոր եւ վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:

2. Ծառայողական զենքի շարքին են դասվում մինչեւ 800 ջոուլ փողային էներգիայով կարճ-ակոսափող հրազենները, որոնց փամփուշտներն իրենց տեսակով տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից եւ իրենց կառուցվածքով զուրկ են կրակահերթով կրակելու հնարավորությունից:

3. Ծառայողական զենքի փամփուշտների գնդակները չեն կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող:

4. Օրենսդրության համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալ ծառայողական զենք՝ Կառավարության սահմանած կարգով:

5. Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավել տարի զինվորական ծառայության ստաժ եւ առնվազն «գնդապետ» զինվորական կոչում ունեցող գործող եւ պահեստազորի սպաներն իրավունք ունեն զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում ձեռք բերել 1 միավոր ծառայողական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ, որն օգտագործելու իրավունք ունեն միայն լիցենզավորված հրաձգարանների տարածքում:

6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենքը տրվում է պահելու եւ օգտագործելու, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կրելու իրավունքով:

7. Հրաձգարաններ գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց զենքը տրվում է պահելու եւ օգտագործելու իրավունքով:

8. Օրենքով նախատեսված դեպքերում այլ մարմինների ղեկավար աշխատողների եւ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ծառայողական զենք օգտագործելու դեպքում, այն տրվում է պահելու եւ կրելու իրավունքով:

9. Պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 6. Մարտական զենք

1. Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների

սպառազինության մեջ եւ նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Մարտական զենքը կարող է ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն:

2. Մարտական զենքի եւ նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման՝ Կառավարության սահմանած կարգով:

3. Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 7. Զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները

1. Արգելվում է, որպես քաղաքացիական եւ ծառայողական զենք շրջանառության մեջ մտցնել՝

1) 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով եւ փողով, 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարության հրազեն, ինչպես նաեւ այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.

2) իր ձեւով եւ տեսքով այլ առարկաների նմանեցված, կառուցվածքային փոփոխության ենթարկված, ինչպես նաեւ ինքնաշեն հրազեն.

3) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.

4) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.

5) գազային կամ ազդանշանային զենք, որոնց կառուցվածքը հնարավորություն է տալիս կրակել հրազենի փամփուշտներ.

6) լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ եւ որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող եւ նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ՝ բացառությամբ սպորտային գործիքների.

7) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ.

8) ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր եւ այլ ներգործող նյութերով լիցքավորված փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային եւ էլեկտրահարող սարքեր, 3 մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված գազային զենք.

9) Կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք եւ ռազմամթերքի.

10) զենք եւ այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է էլեկտրոմագնիսական, լուսային, ջերմային, ենթաձայնային կամ ուլտրաձայնային ճառագայթման օգտագործմամբ.

11) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն եւ վնասվածքային գործողության փամփուշտ՝ բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններին.

12) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով uառը զենք, որի հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով շեղբը կամ սայրը ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցությամբ դուրս է գալիu բռնակից եւ ինքնաբերաբար ամրակցվում՝ բացառությամբ մշակութային արժեք ունեցող, այդ թվում՝ պատմական նշանակություն ունեցող սառը զենքի, դրա պատճենների եւ կրկնօրինակների:

2. Արգելվում է՝

1) 7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով եւ 4,5 մմ տրամաչափը գերազանցող ակոսափող օդաճնշիչ զենք եւ նետողական զենք օգտագործելը բնակավայրերում եւ բնակավայրից, մայրուղիներից, միջպետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներից 1000 մ հեռավորությունից մոտ տարածքում՝ բացառությամբ աղեղների եւ արբոլետների, որոնք գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ տանելու նպատակով օգտագործվում են կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման եւ ներարկումների համար.

2) քաղաքացիական եւ ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության համարանքներ տեղադրելը՝ բացառությամբ որսորդության համար նախատեսված նշանառության համարանքների, որոնց օգտագործման եւ վաճառքի կարգը սահմանում է Կառավարությունը.

3) զենք ուղարկելը կամ առաքելը փոստով կամ ուղեբեռով.

4) հավաքների կամ հանրային միջոցառումներին մասնակցելիս քաղաքացիների կողմից զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը).

5) քաղաքացիական զենքի (բացառությամբ գազային զենքի) կրումը՝ բացառությամբ սիրողական հրաձգությամբ, որսորդությամբ, սպորտով, մշակութային միջոցառումներով եւ ռազմամարզությամբ զբաղվելու ընթացքում.

6) ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար արգելված թունավոր նյութերով լիցքավորված ատրճանակների (ռեւոլվերների) նմանվող սարքեր եւ դրանց փամփուշտներ.

7) ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի պահանջներին չհամապատասխանող ատրճանակների նմանվող (տայզերներ), կայծային պարպիչներ եւ այլ կրովի էլեկտրահարող սարքեր.

8) էլեկտրահարող սարք հանդիսացող ատրճանակի նմանվող՝ հեռահար կամ լարի միջոցով էներգիա փոխանցող տայզերի ձեռքբերումը՝ բացառությամբ պետական ռազմականացված կառույցների.

9) ազդանաշանային զենք օգտագործել մասնագիտական գործունեությունը չհամապատասխանող դեպքերում՝ բացառությամբ երկրաբանության, բնապահպանության, անասնապահության, ալպինիզմի, օդերեւութաբանության, արտակարգ իրավիճակների եւ ռազմաուսումնական պարապմունքների դեպքերում.

10) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար ներկայացրած տեխնիկական պահանջներին չհամապատասխանող զենք ու դրա փամփուշտներ վաճառելը, փոխանցելը եւ ձեռք բերելը.

11) շրջանառության մեջ դնել զենք, որի խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների, քիմիական եւ կենսաբանական գործոնների օգտագործմամբ.

12) ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից սառը զենք կրելը.

13) uպորտային uառը եւ նետողական զենք պահելը կամ oգտագործելը uպորտային oբյեկտներից դուրu՝ բացառությամբ աղեղների, ձգաղեղների, արբալետների, որոնք կարող են օգտագործվել նաեւ գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կենդանիների ներարկումների համար:

Հոդված 8. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների համապատասխանության գնահատումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների բոլոր մոդելները, կառուցվածքով զենքի նմանվող իրերն ու առարկաները ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքին, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտներին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ փորձարկման մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներով՝ սույն օրենքի դրույթներին համապատասխան:

3. Ներկրված քաղաքացիական եւ ծառայողական զենքը, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերը եւ փամփուշտները ներկրվելուց անմիջապես հետո ենթակա պահեստավորման եւ համապատասխանության գնահատման.

4. Համապատասխանության գնահատում չստացած քաղաքացիական եւ ծառայողական զենքը, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերը եւ փամփուշտները ենթակա է բռնագրավվման եւ ոչնչացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված կարգով:

Հոդված 9. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը (այսուհետ՝ կադաստր) համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների մասին համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածու:

2. Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մուտքագրվում են Կառավարության կողմից եռամսյակը մեկ անգամ հաստատվող կադաստրի մեջ կամ հանվում՝ կադաստրից: Կադաստրի մեջ չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները:

3. Կադաստրը վարում է ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով: Կադաստրում փոփոխություններ են մտցվում քաղաքացիական եւ ծառայողական զենքի կամ դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստրի մեջ մտնելու կամ հանվելու:

ԳԼՈՒԽ 3

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Լիցենզավորմանը եւ թույլտվություններին ներկայացվող հիմնական պահանջները

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրությունը, առեւտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, վերջինիս ներմուծումը եւ արտահանումը, տարանցիկ փոխադրումը, առեւտրի միջնորդական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման:

2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման լիցենզիանները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

4. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման եւ արտահանման, տարանցիկ փոխադրման, առեւտրի միջնորդական գործունեության լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

5. Լիցենզիաների գործողության ժամկետը տրվում է անժամկետ:

6. Լիցենզիա ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

8. Զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվությունները տրվում են 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով:

9. Զենք կրելու թույլտվությունը տրվում է 5 տարի ժամկետով, յուրաքանչյուր անգամ 5 տարով երկարաձգելու իրավունքով:

10. Զենք ձեռք բերելու եւ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունները տրվում են 6 ամիս ժամկետով:

11. Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քննարկվում է օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ զենք կրելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու, դրանք ցուցադրելու թույլտվությունները տրվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ պարտավոր է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որի արդյունքները տվյալ բժշկական կազմակերպության կողմից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

13. Սույն հոդվածում նշված լիցենզիաներ եւ թույլտվություններ ստանալը, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, կարող են մերժվել նաեւ հետեւյալ դեպքերում.

1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը, եթե 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել.

2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման եւ պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը:

14. Սույն հոդվածում նշված լիցենզիաները եւ թույլտվությունները տալու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում համապատասխան մարմինները պարտավոր են այդ մասին օրենքով սահմանված ժամկետում գրավոր տեղեկացնել դիմողին՝ նշելով մերժման հիմքը: Սույն հոդվածում նշված լիցենզիաները եւ թույլտվությունները տալու դիմումը մերժելու որոշումը, դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

15. Սույն հոդվածում նշված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու, դրանք երկարաձգելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 11. Լիցենզիաների գործողության դադարեցումը եւ թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելը, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը, զենքը բռնագրավելը եւ զենք եւ ռազմամթերք ոչնչացնելը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման, ռազմական նշանակության արտադրանքի արտադրման, վերջինիս ներմուծման եւ արտահանման, տարանցիկ փոխադրման, առեւտրի միջնորդական գործունեության լիցենզիաների գործողության դադարեցումը, զենք ձեռք բերելու, կրելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում սույն օրենքով սահմանված կարգով (լիցենզիաների դեպքում նաեւ՝ «Լիցենզավորման մասին» օրենքով) եթե՝

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր ներկայացրած դիմումով կամովին հրաժարվել է լիցենզիայից կամ թույլտվությունից, կամ տվյալ իրավաբանական անձը լուծարվել է, կամ տվյալ զենքի սեփականատերը մահացել է.

2) ֆիզիկական կամ իրավաբանական անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ խախտել է սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները կամ նախատեսված ժամկետում չեն վերացրել համապատասխան խախտումները.

3) առաջացել են սույն օրենքով նախատեսված՝ լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու իրավունքը բացառող հանգամանքներ.

4) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի եւ դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետեւանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը.

5) զենքով պարգեւատրումը կատարվել է սույն օրենքով նախատեսված պարգեւատրման պայմանների խախտումով.

6) ֆիզիկական անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում՝ կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու համար.

7) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ եւ ֆիզիկական վիճակներ.

8) ֆիզիկական անձը չի անցել սույն օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված բժշկական հետազոտություն.

9) ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ թույլ է տվել հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.

10) ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

2. ֆիզիկական անձը զրկվում է զենքի համապատասխան թույլտվությունից՝ 2 տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձը զրկվում է համապատասխան լիցենզիայից՝ 3 տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Եթե ֆիզիկական անձը զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում զենք ձեռք չի բերում, ապա թույլտվությունը համարվում է ուժը կորցրած եւ անձն իրավունք ունի օրենքով սահմանված ընթացակարգերով կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենքի ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար:

4. Լիցենզիայի գործողության դադարեցման կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր եւ կանոններ են խախտվել կամ չեն կատարվել եւ խախտումների վերացման ժամկետը:

5. Լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվելու դեպքում այդպիսիք կրկին ստանալու համար ժամկետներ չեն սահմանվում:

6. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բռնագրավում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը, եթե սույն օրենքով նախատեսված լիցենզիաների գործողությունը դադարեցվում է, թույլտվությունները ճանաչվել են ուժը կորցրած, կամ վերոնշյալ լիցենզիաները կամ թույլտվությունները բացակայում են:

8. Զենքի մահացած uեփականատիրոջ կամ որպես պարգեւ տրված զենքը տնօրինող մահացած քաղաքացու զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բռնագրավվում է՝ մինչեւ ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը.

9. Զենքը կարող է բռնագրավվել նաեւ oրենքով սահմանված այլ դեպքերում:

10. Շահագործման համար տեխնիկապեu պիտանի, բռնագրավված քաղաքացիական եւ ծառայողական զենքերը կարող են իրացվել Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:

11. Որuի, ձկնորuության, շրջակա միջավայրի ու բնական պաշարների պահպանության նկատմամբ պետական հuկողություն իրականացնող մարմինները բռնագրավված զենքը փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

12. Բռնագրավված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը կամ ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է փոխանցվում Կառավարության սահմանված կարգով: Քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված զենքը դատաքննության ավարտից հետո փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ մինչեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վերջնական որոշում կայացվելը:

13. Եթե պետական ռազմականացված կազմակերպությունը տեխնիկապեu ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձեւափոխված, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը չի ներառում զենքի հավաքածուի մեջ, ապա այն ենթակա է ոչնչացման:

14. Ոչ պիտանի կամ oգտագործման համար արգելված փամփուշտները՝ բացառությամբ գազային զենքի փամփուշտների, ոչնչացվում են այրելու միջոցով՝ բնակավայրերից 1500 մետր եւ ավելի հեռավորության վրա, մեկուսացված եւ դրա համար նախատեսված տարածքում:

15. Տեխնիկապեu անuարք փամփուշտները, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ uարքերը, uեփականատիրոջ կողմից անհատույց փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար:

16. Զենքի, փամփուշտների եւ ռազմամթերքի ոչնչացման կարգը uահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 4

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 12. Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝

1) պետական ռազմականացված կազմակերպությունները եւ դրանց ծառայողները.

2) պետական մարմինները եւ կազմակերպությունները՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

3) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.

4) քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրությամբ, առեւտրով, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձինք.

5) զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք.

6) լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության, որսորդական տնտեսություն վարող եւ հրաձգարան գործարկող կազմակերպությունները.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

8) օտարերկրյա քաղաքացիները:

2. Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է Կառավարության uահմանած կարգով:

Հոդված 13. Պետական ռազմականացված կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերել Կառավարության կողմից սահմանված մարտական եւ կադաստր մուտքագրված ցանկացած այլ զենք:

Հոդված 14. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց՝ զենք ձեռք բերելու իրավունքը

1. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո:

2. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից օգտագործվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը սահմանում է Կառավարությունը:

3. Զենք ձեռք բերելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում զենքը պետք է գրանցվի եւ հաշվառվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Գրանցման եւ հաշվառման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն:

4. Կառավարության սահմանած կարգով՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված՝ զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության եւ պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների, դրամական միջոցների եւ արժեքների պատրաստման եւ պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման եւ պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հատկապես կարեւոր այլ օբյեկտների պահպանության, հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոստի ու թղթակցության, պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների կրողներ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:

5. Կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության որսի եւ ձկան պաշարները, թույլատրվում է ձեռք բերել քաղաքացիական զենք:

6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած եւ զենք պահելու եւ կրելու իրավունք ունեցած անձանցից, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ եւ ծառայությունից ազատվելուց հետո չի անցել 3 տարի) եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք կրելու թույլտվություն: Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները պարտավոր են 3 տարին մեկ անգամ անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ պայմանագրային հիմունքներով: Հատուկ պատրաստության ծրագիրը եւ ստուգարքների անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

1. Քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին (սույն հոդվածում այսուհետ՝ քաղաքացի) զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաեւ զենքի այլ տեսակներ՝ մալած վիճակում:

3. Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ:

4. Քաղաքացու կողմից ձեռքբերված զենքը ձեռքբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:

5. Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր (բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը), պետական տուրքի վճարման անդորրագիր, 2 հատ 3x4 սմ լուսանկար, եւ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր:

6. Առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում անցնել զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացության կարճաժամկետ պարապմունք (այսուհետ՝ պարապմունք) եւ ստանալ համապատասխան հավաստագիր: Պարապմունքի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Պարապմունքից ազատվում այն քաղաքացիները, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք:

7. Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝

1) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների եւ վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը).

2) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, ում դատվածությունն oրենքով uահմանված կարգով վերացված կամ մարված չէ.

3) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց՝ բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.

4) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչեւ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման վերդիկտ կայացնելը).

5) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

6) զենքի շրջանառության կանոնները խախտած անձանց՝ մինչեւ վարչական տույժի ժամկետի լրանալը.

7) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կարգի դեմ վարչական ակտի ուժի մեջ մտնելը՝ ոտնձգվող վարչական իրավախախտում թույլ տված անձանց.

8) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց.

9) ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց.

10) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց:

8. Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, մինչեւ 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը (այդ թվում՝ ռեւոլվերները), դրանց փամփուշտները, զենքի պարագաները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները գրանցման եւ հաշվառման ենթակա չեն, եւ քաղաքացիները իրավունք ունեն դրանք ձեռք բերել առանց թույլտվության:

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների՝ քաղաքացիական զենք ձեռք բերելը, ներկրելը եւ արտահանելը

1. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից 5 օրվա ընթացքում արտահանվի Հայաստանի Հանրապետությունից:

2. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից զենք արտահանելու ժամկետները, ներկրելու, արտահանելու եւ օգտագործելու կարգը խախտելու դեպքում զենքն բռնագրավվում է եւ հանձնվում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

3. Օտարերկրյա քաղաքացիները կարող են որսորդությանը կամ սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով ներկրել միայն քաղաքացիական զենք՝ որսորդությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի հրավերի եւ նրա հետ կնքված որսորդության պայմանագրի, սպորտային միջոցառումներին մասնակցելու հրավերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվության առկայության դեպքում: Այդ զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է պայմանագրում կամ հրավերում նշված ժամկետում:

4. Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձեւերի եւ մոդելների ներկրումը՝ անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման նպատակներով՝ բացառությամբ, եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Բացառություն են կազմում նաեւ օտարերկրյա անվտանգության մարմինների եւ ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց ուղեկցումը, վերջիններիս անվտանգությունը պահպանելու եւ պաշտպանելու նպատակով: Նրանց կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու եւ տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 17. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրությամբ, առեւտրով, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձանց, լիցենզավորված հրաձգարանների, սպորտային, ռազմամարզական կազմակերպությունների եւ որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք՝ օրենքով սահմանված կարգով: Ձեռքբերված զենքը ենթակա է գրանցման եւ հաշվառման օրենքով սահմանված կարգով:

2. Լիցենզավորված հրաձգարանները, սպորտային եւ ռազմամարզական կազմակերպությունները կարող են ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենքեր, որոնք պետք է պահվեն նույն կազմակերպություններում եւ օգտագործվեն այդ կազմակերպությունների տարածքում:

3. Որuորդական տնտեuություն վարող կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական զենք:

ԳԼՈՒԽ 5

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, փամփուշտների եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, փամփուշտների եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով՝ ապահովելով արտադրության անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունը եւ արտադրանքի համապատասխան որակը:

2. Արտադրված զենքի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա անհատական համար՝ բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջոցներից, եւ ելնելով շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման՝ հետագայում դրոշմվելով ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի սահմանած կարգով՝ դրա վրա համապատասխան նշում կատարելով:

3. Ռազմական նշանակության արտադրանքը՝ բացառությամբ փորձնական նմուշների, պատրաստվում է միայն պետական ռազմականացված կազմակերպություններին մատակարարելու կամ օտարերկրյա պետություններ արտահանելու նպատակով՝ Կառավարության սահմանած կարգով:

Հոդված 19. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, փամփուշտների եւ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը, արտահանումը եւ առեւտրի միջնորդական գործունեությունը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

2. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը եւ արտահանումը, տարանցիկ փոխադրումը, առեւտրի միջնորդական գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեություններ են, որոնք իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:

3. Կառուցվածքով զենքի նմանվող իրերը ներկրվում են Հայաստանի Հանրապետություն՝ ստանդարտացման եւ չափագիտության ոլորտի լիազոր մարմնի համապատասխանության գնահատումից հետո:

4. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ փամփուշտների ներկրումը եւ արտահանումը կարող են իրականացնել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, իսկ զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտահանելու միայն սեփական արտադրության զենքերն ու փամփուշտները՝ օտարերկրյա պատվիրատուի հետ կնքած պայմանագրի հիման վրա:

5. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտադրական նպատակների համար ներկրել զենքի եզակի նմուշներ, ձեւեր եւ մոդելներ.

6. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա չունեցող անձինք իրավունք ունեն ներկրել եւ արտահանել տարեկան ընդամենը 3 միավոր քաղաքացիական զենք:

7. Մշակութային արժեք ներկայացնող քաղաքացիական զենքի եզակի նմուշների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան:

8. Զենքի պարագաները Հայաստանի Հանրապետություն ներկրվում, արտահանվում եւ շրջանառվում են ազատ՝ առանց համապատասխանության գնահատման:

9. Քաղաքացիական զենքի համար նախատեսված վառոդի ներկրումը եւ արտահանումը համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը:

Հոդված 20. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտուրը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտուր իրականացնելու իրավունք ունեն քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, որոնք պարտավոր են՝

1) ունենալ վաճառվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների համապատասխանության սերտիֆիկատ.

2) պահանջել գնորդից ներկայացնելու համապատասխան զենք ձեռք բերելու թույլտվություն.

3) ապահովել ձեռք բերվող եւ վաճառվող զենքի գրանցումը եւ հաշվառումը եւ հաշվառման փաստաթղթերի պահպանությունը 10 տարի ժամկետով.

4) ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, դրանց փամփուշտների եւ դրանք ձեռք բերող անձանց մասին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած ձեւով եւ կարգով.

5) գնորդին տրամադրել վաճառվող զենքի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալու նպատակով.

6) գնորդին վաճառված զենքը տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու թույլտվությունների առկայության դեպքում.

7) ապահովել զենքի եւ ռազմամթերքի պատշաճ պահպանությունը եւ այն պահելու անվտանգությունը.

8) վաճառքի (այդ թվում՝ կոմիսիոն) բռնագրավված կամ վերադարձրած զենքերի վերաբերյալ 2-օրյա ժամկետում գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.

9) կենտրոնացված հաշվառում տանելու նպատակով՝ հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական եւ ծառայողական զենքը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:

2. Արգելվում է՝

1) քաղաքացիական եւ ծառայողական զենք վաճառել զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած անձին.

2) քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միեւնույն վաճառասրահում իրականացնել զենքի հետ կապ չունեցող այլ ապրանքների համատեղ վաճառք՝ բացառությամբ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների, զենքի պահեստամասերի եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջոցների.

3) վաճառել համապատասխանության սերտիֆիկատ, անհատական համար եւ դրոշմ չունեցող քաղաքացիական եւ ծառայողական զենքը եւ պետական ստանդարտին համապատասխանելու մասին համապատասխան նշան չունեցող փամփուշտները.

4) քաղաքացիական եւ ծառայողական զենքի վաճառքի կետերում, խանութ-սրահներում, զենքը ցուցադրել առանց ձգանը արգելափակող հատուկ գործարանային արտադրության կողպեքի.

3. Մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիան չգերազանցող օդաճնշիչ սարքերը վաճառվում են առանց թույլտվության, միայն քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող վաճառքի կետերում.

4. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր կազմակերպությունները պարտավոր են նույն գործունեությամբ զբաղվելու համար սահմանված կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա:

Հոդված 21. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի նորոգումը եւ հարդարումը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի նորոգում իրականացնելու իրավունք ունեն քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, իսկ հարդարումը՝ ք աղաքացիական եւ ծառայողական զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք՝ ապահովելով զենքի հետ վարվելու անվտանգությունը, աշխատանքների ընթացքի նկատմամբ հuկողությունը, որակը, նորոգման կամ հարդարման հանձնված զենքի պահպանությունը:

2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են իրականացնել՝

1) զենքի նորոգում, այդ թվում՝ չաշխատող մասերը փոխելու կամ նորոգելու միջոցով այն դարձնել պիտանի, վերականգնել արտաքին տեսքը.

2) զենքի ոչ հիմնական մասերի կոնստրուկտիվ փոփոխություն՝ բարելավելով մարտավարատեխնիկական բնութագրերը:

3. Կենտրոնացված հաշվառում տանելու եւ ստուգողական կրակված գնդակներ ու պարկուճներ ստանալու նպատակով քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը պարտավոր է նորոգումից հետո հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոuափող զենքերը:

4. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են իրականացնել զենքի տեխնիկական եւ քրեագիտական բնութագրերի պահպանմամբ գեղարվեստական ձեւավորում՝ օգտագործելով թանկարժեք մետաղներ եւ քարեր: Անձնական զենքի հարդարման համար լիցենզիա չի պահանջվում:

Հոդված 22. Զենքի փոխանցումը եւ վաճառքը պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից

1. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը եւ դրա փամփուշտները փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, իսկ քաղաքացիական եւ ծառայողական զենքը վաճառել քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության կամ առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց:

2. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական եւ ծառայողական զենքը, Կառավարության սահմանած կարգով, իրավունք ունեն ժամանակավոր պահելու եւ կրելու նպատակով փոխանցել պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, ում օրենքով թույլատրվում է զենք պահել եւ կրել՝ ձեւակերպելով համապատասխան թույլտվություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 6

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ պահելը, կրելը եւ օգտագործելը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ պահել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու թույլտվություններ ստացած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է իրենց գտած կամ այլ անձանցից անօրինական եղանակով իրենց փոխանցված զենքին տիրապետելը կամ տնօրինելը: Նշված զենքն անհապաղ պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության մոտակա ստորաբաժանում:

3. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են իրենց պատկանող զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովվի դրա պահպանությունը, անվտանգությունը եւ բացառվի կողմնակի անձանց համար հասանելիությունը:

4. Զենքը պահելու պայմաններին եւ կրելու կարգին վերաբերող պահանջները սահմանում է Կառավարությունը:

5. Ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց զենքը կրել միայն օրենքով նախատեսված վայրերում եւ դեպքերում:

6. Իրավաբանական անձինք պարտավոր են իրենց զենքը պահել եւ օգտագործել միայն օրենքով սահմանված կարգով:

7. Զենքի կորստի՝ կորցվելու, հափշտակվելու դեպքերում զենքի սեփականատերը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան կորստյան (կորցվելու, հափշտակվելու) փաստի մասին տեղեկանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

8. Քաղաքացիական զենքի փամփուշտների լիցքավորումն անձնական օգտագործման նպատակով կարող է կատարել զենքը տնօրինողը՝ զենք պահելու եւ կրելու թույլտվության առկայության դեպքում՝ Կառավարության սահմանած կարգով:

Հոդված 24. Զենքի հավաքածու կազմելը

1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք զենքի հավաքածու կարող են կազմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ զենքի հավաքածու կազմելու թույլտվության hիման վրա: Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց զենքի հավաքածուի մեջ կարող են ներառվել ինքնապաշտպանական, սիրողական, որսորդության, սպորտային, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային եւ տեղեկատվական նշանակության զենքի տեսակները:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածու կազմում են առանց թույլտվության: Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածուի մեջ կարող են ներառել՝

1) քաղաքացիական զենք.

2) ծառայողական զենք.

3) մարտական զենք.

4) քրեական վարույթներով եւ իրեղեն ապացույց ճանաչված, այդ թվում՝ ինքնաշեն, ապoրինի ձեւափոխված կամ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենք՝ վերջնական դատական ակտի առկայության դեպքում.

5) արտադրական, ուսումնական զենք, փորձարկումների համար նախատեuված կամ նշված նպատակներով պատրաuտված զենքի եզակի նմուշներ.

6) համապատասխանության գնահատում չանցած զենք.

7) սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված զենքերի փամփուշտներ:

3. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող անձը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված զենքի պահման ավտանգության պայմանները:

4. Զենքի հավաքածու չեն համարվում եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հաշվառման ենթակա չեն՝

1) զենքի եւ ռազմամթերքի նմանակները (մակետ), որոնցից կենդանի կամ այլ նշանակետ խոցելն անհնար է.

2) կառուցվածքով զենքին նմանվող իրերը.

5. Հավաքածուի մեջ ընդգրկված քաղաքացիական զենքը կարող է օգտագործվել նաեւ ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում, այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

Հոդված 25. Զենքի հավաքածու ցուցադրելը

1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց եւ այլ uեփականատերերին պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեuները, ցուցահանդեu-վաճառքները (այuուհետ՝ ցուցահանդեu) իրականացնում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:

2. Ցուցահանդես չի համարվում արտադրության վայրում արտադրողին կամ առեւտրի uրահում մատակարարներին պատկանող զենքի ցուցադրումը:

3. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական եւ քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության:

4. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց պատկանող զենքը կարող են ցուցադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցով՝ նրանց հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա: Ցուցահանդեuի անցկացման պատասխանատվությունը կրում է զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

5. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են՝

1) ապահովել ցուցաuրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը.

2) ապահովել ցուցանմուշների հաշվառումը.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ցուցադրման ենթակա զենքի համարային հաշվառման ցուցակները:

6. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց արգելվում է՝

1) ցուցադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից չհաշվառված զենքը.

2) ցուցահանդեuում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ՝ բացառությամբ զենքի պահեuտամաuերի, արտադրության uարքերի եւ գործիքների, uպորտային, որuորդական ու ձկնորuական հարմարանքների, զենքի տեխնիկական uպաuարկման եւ նորոգման առարկաների.

3) զենքը պահել ցուցահանդեuի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատաuխանող զետեղարանում:

7. Զենքի հավաքածուներ կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու եւ փոխադրելու կարգը եւ զենքի անվանացանկը սահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 7

ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՌԱՆԳՈՒՄԸ, ՎԱՃԱՌԱՔԸ

Հոդված 26. Զենքով պարգեւատրումը, նվիրատվությունը եւ ժառանգումը

1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգեւատրելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած, զինված ուժերի կայացման գործում ներդրված ավանդի, երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու եւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:

2. Որպես պարգեւ տրված զենք է համարվում նաեւ օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

3. Որպես պարգեւ տրված զենքը պարգեւատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով՝ զենքը պահելու եւ կրելու թույլտվությամբ:

4. Զենքով պարգեւատրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

5. Որպես պարգեւ չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաեւ այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:

6. Որպես պարգեւ տրված զենքի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, կամ տնօրինմանը՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված եւ հաշվառված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նվիրառուի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Օտարերկրյա պետություններում որպես պարգեւ տրված զենքը համարվում է օրինական՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով հաշվառվելուց հետո:

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություն տալու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ բայց ուշ քան, թույլտվությունը տալու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում ֆիզիկական անձանց մահվան փաստը գրանցելու եւ հաշվառելու իրավասություն ունեցող լիազոր մարմնին, իսկ վերջինս նույն անձանց մահվան փաստն արձանագրելու դեպքում, այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ քան 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն անհապաղ, բայց ոչ ուշ քան այդ մասին տեղեկատվությունը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում զենքը ժամանակավոր բռնագրավելու ուղղությամբ:

9. Որպես պարգեւ տրված եւ ծառայողական զենքի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է մալելուց հետո, եթե ժառանգը չունի զենքի հավաքածու կազմելու թույլտվություն:

10. Քաղաքացիական զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Ժառանգի կողմից զենքից, զենքի հավաքածուից կամովին հրաժարվելու դեպքում կամ անժառանգ զենք լինելու դեպքում զենքն անցնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինման տակ:

12. Եթե զենքի, զենքի հավաքածուի ժառանգությունը ստանձնած ժառանգը ձեռք չի բերում զենքի համապատասխան թույլտվություն, պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ քան ժառանգությունը ստանալու օրվանից հաշված 7-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վերջինիս միջոցով համապատասխան զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու եւ ժառանգին փոխհատուցում տրամադրելու համար: Զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու գործընթացը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է նաեւ այն դեպքում, երբ ժառանգությունը ստանձնած ժառանգը մերժում է ստանում համապատասխան թույլտվությունը տրամադրելու հարցում:

Հոդված 27. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների վաճառքը եւ նվիրումը

1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերում նշված՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վաճառել կամ նվիրել օրինական հիմքերով իրենց մոտ գտնվող քաղաքացիական եւ ծառայողական զենքը եւ դրանց փամփուշտները քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններին՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

2. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրենց սեփական զենքը եւ դրանց փամփուշտները վաճառելու կամ նվիրելու զենքի համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Զենքի վերահաշվառումն ու վերագրանցումը կատարվում է զենքի հաշվառման եւ գրանցման ընթացակարգով:

ԳԼՈՒԽ 8

ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից զենք գործադրելու սահմանները եւ զենքի գործադրման մասին տեղեկացումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել իր կամ այլոց կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, ում նկատմամբ գործադրվելու է զենքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի կողմնակի անձանց:

2. Արգելվում է զենք գործադրել հաշմանդամության կամ հղիության ակնհայտ նշաններ ունեցող անձանց եւ անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է զենք գործադրողին՝ բացառությամբ նրանց կողմից զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի:

3. Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետեւանքով մարդու կյանքին, առողջությանը կամ սեփականությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հոդված 29. Գնդակապարկուճայինի հաշվառումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր միավոր ակոսափող հրազենից կատարվում է նախնական ստուգողական կրակոց՝ ձգաբանական արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանին տրամադրելով:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրենց պատկանող ակոսափող զենքի պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվությունների ժամկետը երկարաձգելու համար, զենքը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ սահմանված կարգով փորձաքննություն անցկացնելու համար:

3. Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման եւ գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 30. Վերահսկողությունը զենքի շրջանառության նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություն ունեցող Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրավասու են՝

1) անցկացնել զենքի զննություն՝ դրա արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում.

2) կիսամյակը մեկ անգամ ստուգել զենք եւ փամփուշտներ պահելու օբյեկտները.

3) տարին մեկ անգամ զենքի սեփականատեր-քաղաքացիների բնակության վայրում եւ իրավաբանական անձանց հաշվառման վայրում ստուգել զենքի առկայությունը եւ այն պահելու պայմանները.

4) սահմանված կարգով անհատույց բռնագրավել եւ ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը՝ բացառությամբ, եթե պետական ռազմականացված կազմակերպությունն այն ցանկանում է ներառել իր հավաքածուի մեջ.

5) իրենց վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.

6) սահմանված կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալ դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

7) հարուցել վարչական վարույթ, կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.

8) ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:

4. Բռնագրավված, կամավոր հանձնված եւ գտնված զենքի եւ ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Կառավարությունը:

5. Քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից 180 օրից ավել բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը: Եթե Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում քաղաքացին զենքն ի պահ չի հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձին տեւական ժամանակով անհասանելի է դառնում զենքի սեփականատեր-քաղաքացու բնակության վայրում զենքի առկայությունը եւ պահելու պայմանները ստուգելը, ապա զենքը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես՝ վերահսկողությունից դուրս մնացած զենք: Վերահսկողությունից դուրս մնացած զենքը հաշվառելու եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Զենքը բռնագրավվող մարմինը պարտավոր է այդ մասին 10-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք՝ հաշվառումից հանելու համար:

ԳԼՈՒԽ 9

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐ

Հոդված 31. Հրաձգարանի գործարկումը

1. Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ պահանջներ:

2. Հրաձգարանի շահագործումը թույլատրվում է uույն օրենքի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին համապատաuխան սարքավորելուց հետո:

3. Զենքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձը, արտադրված զենքի փորձարկման հրաձգարանը շահագործում է uույն եւ այլ օրենքներով սահմանված տեխնիկական անվտանգության պայմաններին համապատաuխան՝ զենքի արտադրության լիցենզիայի հիման վրա:

4. Հրաձգարանը պետք է տեղակայվի, կառուցվի եւ հագեցվի այնպես, որ դրա շահագործման ընթացքում ապահովվի հրաձգարանից օգտվողների եւ շրջակա միջավայրի անվտանգությունը, բացառվի չարտոնված անձանց եւ կենդանիների մուտքը կրակային տարածք:

5. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ եւ փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն գնդակաորսիչներով: Բաց հրաձգարանները պետք է ունենան նաեւ բնական խոչընդոտներ: Բաց հրաձգարանները պետք է գտնվեն բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններից առնվազն 3000 մետր, իսկ կիuաբացերը՝ առնվազն 300 մետր հեռավորության վրա:

6. Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի եւ գտնվեն բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շենքերից առնվազն 500 մետր հեռավորության վրա:

7. Այն հրաձգարանները, որոնք օգտագործում են միայն մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիան եւ 4,5 մմ տրամաչափը չգերազանցող օդաճնշիչ սարքեր, գործում են առանց հրաձգարան գործարկելու լիցենզիայի, սակայն իրենց գործունեության մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

8. Հրաձգարանները, որտեղ անցկացվում են սպորտային միջոցառումներ, պետք է կառուցվեն եւ սարքավորվեն համապատասխան միջազգային հավատարմագրված մարզական կազմակերպության պահանջներին համապատասխան:

9. Հրաձգարանում տեսանելի տեղում պետք է փակցվեն անվտանգության կանոնները, ներքին կանոնակարգը եւ հրաձգության իրականացնելու համար պատասխանատու անցանց տվյալները:

10. Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:

Հոդված 32. Հրաձգության հրահանգիչը

1. Հրաձգության հրահանգիչը հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնող եւ հրաձգության հետ կապված այլ գործունեություն անցկացնող եւ վերահսկող անձն է, որին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է հրաձգության հրահանգչի որակավորում:

2. Հրաձգության հրահանգիչը պարտավոր է՝

1) վերահսկել հրաձգարանի տարածքի համապատասխանությունը զենքի եւ ռազմամթերքի օգտագործման ու դրանց հետ վարման անվտանգության կանոնների պահանջներին.

2) տեղեկացված լինել շրջանառության մեջ գտնվող սույն օրենքով նախատեսված զենքի տեսակներից ու դրանց համար նախատեսված ռազմամթերքից, եւ դրանց օգտագործման հնարավորություններից.

3) վերահսկել հրաձգարանի տարածքում զենքի եւ ռազմամթերքի համապատասխանությունը դրա օգտագործման նպատակներին.

4) վերահսկել հրաձգարանում զենքի եւ ռազմամթերքի նպատակային նշանակությամբ օգտագործումը.

5) դիտարկել եւ անհրաժեշտության դեպքում ուղղորդել զենքի հետ վարվելակերպը հրաձիգների կողմից.

6) վերահսկել զենքի եւ ռազմամթերքի օգտագործման, եւ դրանց հետ վարման անվտանգության կանոնները.

7) անհրաժեշտ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դժբախտ պատահարների դեպքում.

8) իրականացնել համապատասխան իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

3. Հրաձգության հրահանգչին անհրաժեշտ որակավորում տրվում է հրաձգության հրահանգիչների համար ուսուցում անցած եւ քննություն հանձնած անձին: Քննության ընթացքում ստուգվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները կատարելիս հրաձգության հրահանգչի գիտելիքներն ու ունակությունները:

4. Հրաձգության հրահանգչի որակավորման գործողության ժամկետը 5 տարի է եւ կարող է երկարացվել յուրաքանչյուր անգամ եւս 5 տարով:

5. Հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները եւ հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 33. Հրաձգարանում զենքի եւ ռազմամթերքի տրամադրումը եւ օգտագործումը

1. Հրաձգարանում զենք եւ ռազմամթերք (սույն հոդվածում այսուհետ նաեւ՝ զենք) վարձակալությամբ տալու իրավունք ունի հրաձգարանի աշխատակիցը (այսուհետ՝ զենքը տվող (տված) անձ)՝ հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար:

2. Հրաձգարանում զենքը տրվում է 16 տարին լրացած այլ անձի (այսուհետ՝ զենքը ստացող (ստացած) անձ)՝ վերջինիս կողմից անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Զենքը ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը եւ անձնագրային տվյալները գրանցվում եւ հաշվառվում են զենքը տվող անձի կողմից վարվող համապատասխան մատյանում:

3. Մինչեւ հրաձգարանում զենքը ստանալը, զենքը ստացող անձը հրաձգության հրանգչի կողմից պետք է հրահանգվի ու ծանոթացվի զենքի եւ ռազմամթերքի օգտագործման ու դրանց հետ վարման անվտանգության կանոնների, եւ հրաձգարանի ներքին կարգապահական կանոնների հետ: Հրահանգումն ու ծանոթացումն իրականացվում է համապատասխան մատյանում կատարված անհրաժեշտ գրառման եւ զենքը ստացող անձի ստորագրության նշումով:

4. Հրաձգարանում զենքը ստացած անձը պատասխանատվություն է կրում զենք պահելու եւ կրելու, այն միայն սույն հոդվածում նշված նպատակային նշանակությամբ օգտագործելու, զենքի եւ ռազմամթերքի հետ վարման անվտանգության կանոնների պահպանման համար:

5. Տրված զենքը թույլատրվում է օգտագործել միայն հրաձգարանում՝ հրաձգության հրահանգչի անմիջական ներկայությամբ եւ վերահսկողությամբ:

6. Սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործվելուց հետո ստացված զենքը եւ չօգտագործված ռազմամթերքը զենքը ստացած անձի կողմից ենթակա են անհապաղ վերադարձման զենքը տված անձին: Զենքն ու չօգտագործված ռազմամթերքն ընդունած անձն անհրաժեշտ գրանցումներ է կատարում համապատասխան մատյանում դրանք ընդունելու մասին եւ հաստատում իր ստորագրությամբ: Չօգտագործված ռազմամթերքի համար վճարված գումարը ենթակա է վերադարձման զենքը ստացած անձին:

7. Արգելվում է հրաձգարանին պատկանող զենքը եւ ռազմամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից:

8. Հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար քաղաքացիական երկար-ակոսափող կամ ողորկափող հրազեն կարող է տրամադրվել նաեւ 14 տարին լրացած անձին եւ օգտագործվել նրա կողմից՝ հրաձգության հրահանգչի եւ երեխայի՝ զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող օրինական ներկայացուցիչներից մեկի անմիջական ներկայության եւ վերահսկողության ներքո: Հրաձգարանի տարածքում զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչը կարող է իր պատասխանատվությամբ եւ անմիջական վերահսկողությամբ իր անձնական հրազենը եւ ռազմամթերքը տրամադրել 14 տարին լրացած երեխային՝ սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործելու համար:

9. Սույն հոդվածի կանոնների պահպանմամբ, հրաձգարանում համապատասխան լիցենզիա ունեցող կամ օրինական հիմքով զենք տիրապետող անձինք, զենքը կարող են տրամադրել նաեւ անհատույց օգտագործման:

ԳԼՈՒԽ 10

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 34. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված զենքի շրջանառության կանոնները խախտելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 35. Անցումային դրույթներ եւ եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաներն ու թույլտվությունները շարունակում են գործել մինչեւ դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության եւ առեւտրի լիցենզիաների, զենք ձեռք բերելու, պահելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետների լրանալը՝ առնվազն մեկ ամիս առաջ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են դիմել համապատասխան լիազոր մարմին, սույն օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար: Սույն մասով նշված լիցենզիաները կամ թույլտվությունները ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:

5. Սույն օրենքի 31-րդ, 32-րդ եւ 33-րդ հոդվածները չեն տարածվում պետական ռազմականացված կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող հրաձգարանների վրա:

6. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգեւատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ սույն օրենքի
15-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր եւ 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հավաստագիր: Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ենթակա է բռնագրվման: