Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-371-13.09.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության «կառավարությունը» բառը փոխարինել «կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Պետական եւ ոչ պետական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարությունը՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները,

2) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը,

3) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը,

4) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների պետական բյուջեից ֆինանսավորման կարգը,

5) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձեւի, տեւողության եւ որակավորումների,

6) հաստատում է Հայաստանի Հանրապետության արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի ձեւավորման եւ ըստ լիազորված մարմնի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հատկացման կարգը,

7) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների,

8) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների նպատակային ուսուցման, այդ թվում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու նրանց գործուղման կարգը, ինչպես նաեւ մասնագիտությունների ցանկը,

9) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական գործունեության (կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգը,

10) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգը,

11) hաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու եւ կրթաթոշակ սահմանելու կարգը,

12) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը,

13) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը,

14) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը,

15) հաստատում է արհեստագործական կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձեւերով ուսուցման կարգը,

16) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ձեւով ուսուցման կարգը,

17) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի դրսեկության (էքստեռն) ձեւով ուսուցման կարգը,

18) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերի ձեւերը,

19) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի սահմանման կարգը,

20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները եւ որակավորումների բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների,

2) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով ընդունելության կարգը,

3) հաստատում է ուսանողների՝ մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը,

4) իրականացնում է վերահսկողություն արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման եւ նրանց պատրաստման որակի նկատմամբ,

5) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող նախագծերի եւ ծրագրերի մշտադիտարկման եւ գնահատման կարգը,

6) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում որակի ապահովման ներքին համակարգերի գնահատման կարգը,

7) իրականացնում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը, ինչպես նաեւ տալիս է ըստ մասնագիտությունների գործունեության թույլտվություն,

8) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության փորձնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման կարգը,

9) հաստատում է մեկից ավելի արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը,

10) արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով աջակցում է արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության խորհուրդների ձեւավորմանը եւ հաստատում ըստ գերատեսչական ենթակայության գործող պետական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների կազմերը,

11) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման եւ հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը,

12) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության եւ դիմած անձի վերապատրաստման կարգը,

13) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը եւ ժամկետները,

14) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից ուսանողի հեռացման եւ ազատման, ինչպես նաեւ ուսումնառությունը անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը,

15) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգը,

16) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման, դրանց գործունեության եւ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման կարգը,

17) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովների ձեւավորման, դրանց գործունեության եւ մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը,

18) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի բնութագրիչները եւ տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

19) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձեւավորման կարգը,

20) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը,

21) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կարճաժամկետ դասընթացների կազմակերպման եւ վկայականների տրամադրման կարգը,

22) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների բաղադրիչները,

23) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւաչափերը,

24) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների նախագիծ մշակող աշխատանքային խմբի ձեւավորման կարգը, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառի ոլորտային հանձնաժողովների ձեւավորման եւ գործունեության կարգը եւ փորձագիտական եզրակացությունների ձեւաչափերը,

25) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման, քննությունների ու ստուգարքների անցկացման եւ հաջորդ կուրս փոխադրման կարգը,

26) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդհանուր հանրակրթական առարկաների երաշխավորվող օրինակելի ուսումնական պլանները,

27) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման կարգը,

28) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների փորձարկման եւ ներդրման կարգը,

29) տրամադրում է լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը՝ արխիվային հիմքերի առկայության դեպքում,

30) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը,

31) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույններ» մրցույթի անվանակարգերը, ներկայացվող պահանջները եւ անցկացման կարգերը,

32) հաստատում է արհեստագործական եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Լավագույն ուսանողներ» անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները եւ մրցույթի մասնակցության հայտի ձեւը,

33) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ուսանողներին եւ մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը,

34) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման եւ գործարկման կարգը,

35) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը եւ հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը,

36) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները եւ նորմատիվները,

37) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման, հաստատման եւ այդ ծրագրի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման կարգը,

38) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման եւ գնահատման իրականացման կարգը,

39) իր իրավասությունների շրջանակում մշակում եւ հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտեր,

40) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 5. Օրենքի 18.1-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«17. Արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուին խորհրդի կողմից կարող են տրվել հարցեր՝ իր կողմից խորհրդին ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում:»:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

1. 8-րդ կետում «բարձրագույն» բառը փոխարինել «արհեստագործական եւ միջին մասնագիտական» բառերով:

2. 9-րդ կետից հետո լրացնել նոր 10-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«10) սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:»:

Հոդված 7. Ուժը կործրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 5-ից 25-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:

6. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգով իրականացվում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորում:

7. Մանկավարժական աշխատողը կարող է նաեւ իր նախաձեռնությամբ եւ իր միջոցներով վերապատրաստվել եւ դիմել ատեստավորման:

8. Յուրաքանչյուր տարի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգին համապատասխան արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության տնօրենը կազմում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը եւ ներկայացնում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին:

9. Ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգով նախապես անցնում է վերապատրաստման դասընթաց՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան:

10. Միջնակարգ կրթության հանրակրթական երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող դասախոսը կարող է ատեստավորվել եւ տարակարգ ստանալ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ուսուցչի ատեստավորման եւ տարակարգի շնորհման ընթացակարգով:

11. Ատեստավորման ենթակա չէ՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը, եթե նա նման հայտ չի ներկայացրել.

2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողները, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

12. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

13. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ չորսամսյա ժամկետում:

14. Ատեստավորման գործընթացում մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի սահմանման համար:

15. Ատեստավորված մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացին՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատված կարգին համապատասխան:

16. Մանկավարժական աշխատողների տարակարգերը համապատասխանում են մանկավարժական աշխատողների մասնագիտական չափորոշիչներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով մանկավարժական աշխատողների գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների եւ ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական գործունեության ընթացքում ներդրած ուսումնամեթոդական կարողությունները, ցուցաբերած հանրային ակտիվությունը, իր ուսանողների արդյունքային ցուցանիշները, նոր ձեռք բերած կամ կատարելագործած փաստացի հմտությունները, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգեւատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները եւ այլն):

17. Մանկավարժական աշխատողների կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները եւ նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

18. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

19. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմին կամ դատական կարգով:

20. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից մանկավարժական աշխատողին համապատասխան տարակարգ շնորհելու եւ հավելավճար սահմանելու համար:

21. Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքում կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ՝ չի համապատասխանում: Չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է մանկավարժական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

22. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ծրագիր իրականացնող հաստատության տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրվում է համապատասխան հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

23. Բողոքի առկայության դեպքում մանկավարժական աշխատողի տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչեւ վերջնական որոշում կայացնելը:

24. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:

25. Մեկ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունից այլ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն տեղափոխվող մանկավարժական աշխատողի տարակարգը պահպանվում է:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի վեց ամսվա ընթացքում:

3. Սույն Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինջեւ նոր կարգերի հաստատումը, գործում են նախկին հաստատված կարգերը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի՝ գույքագրվել է ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող կառավարության եւ վարչապետի որոշումները, ինչպես նաեւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները եւ նախաձեռնվել է դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը հիմնականում կարգավորվում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի օգոստոսի 13-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք): Օրենքի հոդված 16 եւ 17-ով սահմանված են համապատասխանաբար ՀՀ կառավարության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, որոշ իրավասություններ սահմանված են նաեւ Օրենքի այլ հոդվածներում: Սակայն ներկայումս գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ եւ հրամաններ, որոնց հաստատումը հստակ սահմանված չէ Օրենքում եւ խնդիր է առաջանում անհրաժեշտությունից ելնելով իրավական ակտերում կատարել փոփոխություններ եւ լրացումներ: Միաժամանակ, ելնելով ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությունից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ հաստատել նոր իրավական ակտեր, որոնք լիազորված չեն որեւէ օրենքով:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել եւ շտկել տեխնիկական վրիպակը, ինչպես նաեւ առաջարկվել է խմբագրել Օրենքի 18.1 հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեկնածուն հավաստագիր ստանալու ընթացքում արդեն իսկ թեստավորման եւ հարցազրույցի միջոցով պատասխանել է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական եւ ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ հարցերին: Վերոնշյալ կետը խմբագրվել է եւ հնարավորություն է տրվել խորհրդին տալ հարցեր՝ թեկնածուի կողմից ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում:

Օրենքի 22-րդ հոդվածում առաջարկվել է լրացնել նոր 5-ից եւ 25-րդ մասերը, որոնք սահմանում են մանկավարժների ատեստավորման, տարակարգի շնորհման, ինչպես նաեւ հավելավճար սահմանելու գործընթացների վերաբերյալ դրույթներ: Հարկ եմ համարում նշել, որ վերոնշյալ գործընթացի կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման լիազորող նորմեր նույնպես սահմանվել են համապատասխան հոդվածներում:

3. Կարգավորման առարկան

Սույն նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կնձեռնի ՀՀ կառավարության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ընդունել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող իրավական ակտեր:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է նաեւ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ կետի 4.3-րդ ենթակետի նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի առաջին եւ չորրորդ պարբերություններով սահմանված նպատակներից: Նախագծով առաջարկվող լիազորող նորմերում լրացվել են նոր իրավական ակտեր, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի ձեւավորման եւ ըստ լիազորված մարմնի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հատկացման կարգը եւ Հոդված 2-ի 22-ից 28-րդ կետերը ու Հոդված 3-ի 20-ից 24-րդ կետերը, որոնց ընդունումից հետո կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների եւ դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաեւ մանկավարժների մասնագիտական զարգացման եւ ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցված վարձատրության մեխանիզմներին:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն