Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր Հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում:
ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների կատարում` ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը:
Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրով ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության: