Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3761-20.09.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման եւ կառավարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման եւ դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարների չափերը եւ արտոնությունները:

2. Սույն օրենքի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության եւ վեճերի լուծման կարգը տարածական տվյալների բնագավառում, ինչպես նաեւ սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը:

Հոդված 2. Տարածական տվյալների ոլորտը կարգավորող օրենսդրությունը

1. Տարածական տվյալների կառավարման վերաբերյալ օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից եւ համաձայնագրերից, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը, սույն օրենքից, «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում տարածական տվյալների հավաքածուի բաղադրիչ տարրերի մտավոր սեփականության կամ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց՝ իրենց գործունեության ոլորտում դրանք տիրապետելու իրավունքի վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) տարածական (երկրատարածական) տվյալ՝ գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության (աշխատանքների) արդյունքում ստեղծված տարածական օբյեկտի գտնվելու վայրի, տեսքի եւ այլ հատկությունների մասին տվյալ, որը սահմանված տարածա-ժամանակային, կոորդինատային համակարգում ունի որոշակի տեղադիրք եւ վեկտորային տվյալների հավաքածուներում ներկայացված են կետերով, գծերով, բազմանկյուններով կամ աշխարհագրական այլ բարդ պատկերներով:

2) ազգային տարածական տվյալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ տարածական տվյալների (բազային եւ թեմատիկ) համախումբ, որոնք մասնավորեցման ենթակա չեն, ստեղծվել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիների, ինչպես նաեւ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից եւ սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը.

3) տարածական տվյալների բանկ՝ բազային կամ այլ տարածական եւ ատրիբուտային տվյալների համախումբ, որն անհրաժեշտ է տարածքների եւ օբյեկտների վիճակի, Երկրի հեռազննման համալիր տվյալների վրա հիմնված երեւույթների եւ գործընթացների մոնիթորինգի, ինչպես նաեւ հանրապետական եւ տեղական մակարդակներում բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման, տեղեկատվական, իրավական եւ այլ խնդիրների լուծման համար.

4) տարածական տվյալների մշակում (ստեղծում)` տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, հավաքագրման, կարգավորման, պահպանման, փոփոխման, թարմացման, արտապատկերման (վիզուալիզացման), օգտագործման, տրամադրման, տարածման եւ փոխանցման մեկ կամ մի շարք գործողությունների իրականացում.

5) տարածական տվյալների ծառայությունները` տարածական տեղեկատվության տրամադրումը համացանցի միջոցով, միեւնույն ժամանակ օգտագործողին տրամադրում է տարածական տվյալների հետ աշխատելու համար գործիքներ եւ որը կարող է գործել ինքնաշխատ, անկախ` արտադրանքի կամ փոխկապակցված ծառայության տրամադրման տեսքով:

6) տարածական տվյալներ ստեղծող՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ովքեր ստեղծում կամ թարմացնում են տարածական տվյալներն ու մետատվյալները.

7) տարածական տվյալների ստանդարտացում՝ ծրագրային ապահովման եւ տվյալների ինտեգրման միջոցառումների համախումբ, որոնք ուղղված են տարածական տվյալների հավաստիության, ամբողջականության եւ համապատասխանության մակարդակի բարձրացմանը.

8) տարածական տվյալներ օգտագործող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձ, ցանկացած իրավաբանական եւ ֆիզիկական անձ, որոնք տարբեր նպատակներով օգտագործում են տարածական տվյալները.

9) տարածական օբյեկտ՝ բնական եւ արհեստական օբյեկտներ, որոնց գտնվելու վայրը Երկրի վրա կարող է սահմանվել տարածական-ժամանակային կոորդինատների համակարգում.

10) ոլորտային տարածական տվյալներ՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տարածական տվյալներ՝ պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի եւ ռեսուրսների վերաբերյալ.

11) տարածական տվյալների ենթակառուցվածք` տեխնոլոգիաների, նպատակային ծրագրերի, ստանդարտների, մարդկային ռեսուրսների եւ դրանց առնչվող գործունեությունների համախումբ, որոնք անհրաժեշտ են տարածական տվյալների եւ մետատվյալների ձեռք բերման, մշակման, տարածման, օգտագործման, պահպանման եւ ծառայությունների մատակարարման համար.

12) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք՝ ազգային տարածական տվյալների ձեռքբերման, մշակման, պահպանման, տարածման, օգտագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, քաղաքականության, նկարագրված եւ իրականացված նորմերի եւ կանոնների հավաքածուների, աշխարհագրական տեղեկատվական հարթակի, միջազգային եւ Հայաստանի Հանրապետությունում ընդունված ազգային ստանդարտների, մետատվյալների եւ դրանց մշակման ծառայությունների, չափանիշների, մարդկային ռեսուրսների եւ հարակից գործողությունների տվյալների հասանելիության, փոխանակման եւ օգտագործման համաձայնության, համակարգման եւ մոնիթորինգի մեխանիզմների ամբողջություն.

13) բազային տարածական տվյալներ՝ համընդանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող (բացառությամբ ազգային անվտանգության եւ պաշտպանության համար հավաքագրված տվյալների), բաց հրապարակման համար նախատեսված, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող եւ այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ.

14) թեմատիկ տարածական տվյալներ՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական եւ այլ).

15) ազգային գեոպորտալ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբտեխնոլոգիաների միջոցով.

16) մետատվյալներ՝ տարածական տվյալներ եւ ծառայություններ նկարագրող տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար.

17) փոխգործելիություն՝ համակարգերի ու տեխնոլոգիաների միջեւ տեղեկատվություն փոխանակելու ունակություններ եւ փոխանակման արդյունքում համատեղ շահերի պահպանման համար անհրաժեշտ համաձայնեցված գործողություններ.

18) աշխարհագրական տեղեկատվական համակարգ (ԱՏՀ)՝ սարքածրագրային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, վերլուծության, քարտեզագրման, մոդելավորման, կառավարման եւ տարածման համար:

19) ատրիբուտային (հատկանիշային) տվյալներ՝ տարածական տվյալների հետ փոխկապակցված տեղեկատվություն է, որոնք նկարագրում են վեկտորային օբյեկտների առանձնահատկությունները: Այլ կերպ ասած, աշխարհագրական տեղեկատվություն են, որոնք կապված են ԱՏՀ-ում կետային, գծային կամ տարածական մոդելների հետ:


ԳԼՈՒԽ 2.

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 4. Տարածական տվյալների ոլորտում կառավարման հիմնական սկզբունքները

1. Տարածական տվյալների ոլորտում կառավարման հիմնական սկզբունքներն են՝

1) տարածական տվյալների ճշգրտության եւ հուսալիության ապահովումը մշտական մոնիթորինգի, գիտատեխնիկական փորձաքննության եւ տարածական տվյալների, մետատվյալների հավաքագրման եւ վերահսկման միջոցով.

2) համացանցի միջոցով՝ անվճար եւ վճարովի հիմունքներով գաղտնիության տարրեր չպարունակող տարածական տվյալների եւ մետատվյալների բաց հասանելիությունը տարածական տվյալներ օգտագործողներին.

3) բազային եւ թեմատիկ տարածական տվյալներում պետական գաղտնիք հանդիսացող եւ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկատվության բացակայությունը.

4) տարածական տվյալների, մետատվյալների ստեղծումն ու մշակումը, համացանցային ծառայությունների մատուցումը.

5) տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծումն ու պահպանումը անհատի, հասարակության եւ պետության անվտանգությանն ուղղված սպառնալիքների եւ կեղծիքների կանխարգելման նպատակներով:

Հոդված 5. Տարածական տվյալների ոլորտում Կառավարության լիազորությունները

1. Տարածական տվյալների ոլորտում Կառավարության լիազորություններն են՝

1) տարածական տվյալների ոլորտում պետական եւ այլ ծրագրերի մշակումը, հաստատումը եւ իրականացումը.

2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկի սահմանումը.

3) լիազոր մարմնին տարածական տվյալների տրամադրման կարգի սահմանումը.

4) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման համար թույլտվության տրամադրման կամ մերժման հիմքերի եւ կարգի սահմանումը.

5) պետական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգի հաստատումը.

6) օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, միջազգային կազամակերպություններին եւ օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության կարգի եւ մերժման հիմքերի սահմանումը.

7) պետական եւ ծառայողական գաղտնիք բովանդակող տարածական տվյալների հավաքագրման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգի սահմանումը.

8) լիազոր մարմնի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի օրինակելի ձեւը եւ դրա հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգի հաստատումը.

9) հաստատում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում նորմատիվ իրավական ակտեր եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր.

10) հաստատում է տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները:

Հոդված 6. Տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական մարմնի լիազորությունները

1. Տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ նաեւ լիազոր մարմին).

2. Լիազոր մարմինը.

1) մասնակցում է տարածական տվյալների ոլորտում միասնական պետական քաղաքականության ձեւավորմանը եւ իրականացմանը.

2) լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով մշտադիտարկում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծումը, մշակումը, օգտագործումը կամ տարածումը.

3) ստուգում է ազգային գեոպորտալ մուտքագրվող թեմատիկ եւ բազային տարածական տվյալների՝ նորմատիվ եւ տեխնիկական փաստաթղթերին համապատասխանությունը մուտքագրման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անհամապատասխանության դեպքում մերժում է թեմատիկ եւ բազային տարածական տվյալների մուտքագրումը: 5 աշխատանքային օրվա ընթացքում թեմատիկ եւ բազային տարածական տվյալների մուտքագրումը չմերժելու դեպքում տվյալները համարվում են մուտքագրված ազգային գեոպորտալ:

4) իրականացնում է բազային տարածական տվյալների, մետատվյալների եւ դրանց առցանց ծառայությունների ստեղծում ու մշակում.

5) պատվիրում է տարածական տվյալների ոլորտում գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ, իրականացնում կամ պատվիրում է տեխնիկական եւ ծրագրային ապահովման միջոցների մշակումը եւ ներդրումը.

6) տարածական տվյալների ոլորտում իրականացնում է միջազգային համագործակցություն.

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները սպառիչ չեն եւ սույն օրենքով կարող են սահմանվել այլ լիազորություններ:

Հոդված 7. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց լիազորությունները

1. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք՝

1) իրականացնում են թեմատիկ եւ ոլորտային տարածական տվյալների, մետատվյալների եւ դրանց առցանց ծառայությունների ստեղծման եւ մշակման աշխատանքներ.

2) ապահովում են օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ եւ ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը.

3) ապահովում են թեմատիկ եւ ոլորտային տարածական տվյալների ստանդարտացումը «Ստանդարտացման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ստանդարտացման ուղեցույցների հիման վրա

4) օգտագործում են տարածական տվյալները եւ մետատվյալները իրենց լիազորություններն իրականացնելու համար.

5) ապահովում են թեմատիկ եւ ոլորտային տարածական տվյալների եւ մետատվյալների օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը.

6) ապահովում են թեմատիկ եւ ոլորտային տարածական տվյալների եւ մետատվյալների տրամադրումը կամ հասանելիությունը լիազոր մարմնին.

7) ստեղծում եւ վարում են թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքներ.

8) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, պետական սահմաններին վերաբերող տարածական տվյալների հավաքագրում եւ պահպանում:

2. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ: ՝

ԳԼՈՒԽ3.

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ

Հոդված 8. Տարածական տվյալների ոլորտում աշխատանքի տեսակները

1. Տարածական տվյալների ոլորտում աշխատանքները բաժանված են հետեւյալ տեսակների.

1) տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծում, հավաքագրում, համակարգում, պահպանում, թարմացում, արտապատկերում, օգտագործում, տրամադրում, տարածում.

2) օդատիեզերական լուսանկարահանման (հեռազննման) նյութերի մշակում եւ դրա արդյունքում տարածական տվյալների ստեղծում.

3) տարբեր նպատակների համար ԱՏՀ-երի եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների ստեղծում, գործարկում, օգտագործում, վարում.

4) տեխնիկական եւ ծրագրային ապահովման միջոցների ստեղծում, որոնք օգտագործվում են տարածական տվյալների մշակման եւ տարածման համար.

5) գեոպորտալների եւ դրանց առանձին գործառույթների ստեղծում եւ պահպանում.

6) տարածական տվյալների եւ մետատվյալների, դրանց առցանց ծառայությունների որակի վերաբերյալ գիտատեխնիկական փորձաքննության իրականացում.

7) տարածական տվյալների բազաների, մետատվյալների շտեմարանների, առցանց ծառայությունների, ԱՏՀ-երի, գեոպորտալների, տարածական տվյալների ոլորտում այլ տեխնիկական եւ ծրագրային ապահովման միջոցների ստեղծմանն ուղղված գիտահետազոտական, փորձարարական եւ գիտատեխնոլոգիական աշխատանքների իրականացում.

8) տեխնիկական կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում.

9) այլ աշխատանքների իրականացում՝ ԱՏՀ-երի եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների գործունեությունն ու զարգացումն ապահովելու համար:

Հոդված 9. Տարածական տվյալների ստեղծում

1. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում բազային տարածական տվյալներին առնչվող տարրերի ստեղծման աշխատանքներ իրականացնելիս համապատասխան նախագծերը, տեխնիկական առաջադրանքները, ինչպես նաեւ տվյալ աշխատանքների արդյունքում ստեղծված տարածական տվյալները՝ մինչեւ դրանք ընդունելը պետք է կարծիք ստանալու համար ներկայացնեն լիազոր մարմնին, բացառությամբ ազգային անվտանգության եւ պաշտպանության համար բազային տարածական տվյալների ստեղծման աշխատանքների, որոնք լիազոր մարմնին կարող են տրամադրվել իրավասու մարմինների որոշմամբ:

2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասում նշված նախագծերը եւ տարածական տվյալները ստանալուց հետո 15 օրվա ընթացքում ուսումնասիրում եւ համաձայնեցման ներկայացրած մարմնին է տրամադրում սույն օրենքին, «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքին, դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերին եւ ստանդարտներին, ստանդարտացման ուղեցույցներին համապատասխանության վերաբերյալ դրական կամ բացասական կարծիք: 15 օրվա ընթացքում կարծիք չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի կարծիքը համարվում է դրական:

3. Բացասական կարծիքը պետք է լինի պատշաճ պատճառաբանված եւ պարունակի բացասական կարծիքի բոլոր հիմքերը՝ համապատասխան հղումներով:

4. Բացասական կարծիքի առկայության դեպքում բազային տարածական տվյալը չի կարող ներառվել ազգային գեոպորտալում:

5. Բացասական կարծիք տրամադրվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտները կարող են վերացնել կարծիքում նշված անհամապատասխանությունները եւ ներկայացնել լիազոր մարմին՝ համաձայնեցման, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-5-րդ մասերը:

6. Պետական կառավարման համակարգի մարմինները` իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում ստեղծված բազային տարածական տվյալներին առնչվող տարրերը պետք է կառավարության սահմանած կարգով տրամադրեն լիազոր մարմնին՝ բացառությամբ ազգային անվտանգության եւ պաշտպանության համար հավաքագրված սահմանափակ մատչելիությամբ տվյալների, որոնք լիազոր մարմնին կարող են տրամադրվել իրավասու մարմինների որոշմամբ:

7. Օտարերկրյա Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքներն իրականացնում են կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա՝ բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել տիեզերական արբանյակների միջոցով կամ դրանց գրասենյակային մշակման արդյունքում:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ իրավաբանական անձինք «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքներն իրականացնում են կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա՝ բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել տիեզերական արբանյակների միջոցով կամ դրանց գրասենյակային մշակման արդյունքում:

9. Բացառությամբ գիտատեխնիկական եւ նախագծային նպատակով իրականացվող օդալուսանկարահանման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքներն իրականացվում են կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա:

10. Հայաստանի Հանրապետությունում գաղտնիք չպարունակող տարածական տվյալների ստեղծումը, մշակումը եւ պահպանումը կատարվում է ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում:

11. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից տարածական տվյալները ու մետատվյալները ստեղծվում կամ թարմացվում են տարածական տվյալների ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

12. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ստեղծած կամ այդ սուբյեկտների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից մշակվող եւ պահպանվող տարածական տվյալները Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի անբաժանելի մաս են:

Հոդված 10. Տարածական տվյալների խմբերը

1. Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալները դասակարգվում են երկու հիմնական խմբերի՝ բազային տարածական տվյալներ, թեմատիկ տարածական տվյալներ:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից ստեղծված բազային տարածական տվյալները համարվում են պետական սեփականություն՝ անկախ դրանց ֆինանսավորման աղբյուրներից եւ մասնավորեցման ենթակա չեն:

3. Բազային տարածական տվյալների այն մասը, որը ենթակա է հրապարակման չպետք է պարունակի օրենքով պահպանվող գաղտնիք:

4. Բազային տարածական տվյալները օգտագործվում են տարբեր նպատակներով ստեղծվող, ազգային, ոլորտային եւ տեղական ԱՏՀ-երում, կադաստրների եւ ռեգիստրների թեմատիկ եւ ոլորտային տարածական տվյալներում:

5. Բազային տարածական տվյալները եւ դրանց համապատասխան ստեղծված տեղեկատվական բազան (հատկանիշային տվյալներ), պարտադիր են բոլոր տարածական տվյալներ ստեղծող, մշակող, տարածող, տնօրինող կազմակերպությունների համար:

6. Որպես պարտադիր տեղեկատվություն, բազային տարածական տվյալների բանկն ընդգրկում է տեղադիրքի բաց գեոկապակցված (գեոռեֆերենց) պատկերներ, որոնք հիմնված են տիեզերական կամ օդալուսանկարների տվյալների վրա, կանոնակարգված տարածաժամանակային կոորդինատային համակարգերի վերաբերյալ տվյալներ, որոնք դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) վարչական սահմաններ.

2) անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ).

3) գնահատում.

4) իրավունք,

5) հողամասի նպատակային եւ գործառնական նշանակություն (հողատեսք).

6) հասցե.

7) աշխարհագրական անվանումներ.

8) մակերեւույթային ջրեր.

9) պլանաբարձունքային հիմք.

10) ռելիեֆ.

11) ճանապարհատրանսպորտային ցանց.

12) օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ:

7. Բազային տարածական տվյալների բանկի ստեղծումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է բազային տարածական տվյալների հավաքագրման, ընտրության եւ ինտեգրման միջոցով:

8. Բազային տարածական տվյալների մեջ ներառված տեղեկատվությունը փոփոխվում եւ անընդհատ բարելավվում է:

9. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ տարածական տվյալների խմբերը, դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տարածական տվյալների ստանդարտներով եւ ստանդարտացման ուղղեցույցներով:

ԳԼՈՒԽ 4.

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԵՐ

Հոդված 11. Տարածական տվյալների պահպանման քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի տեսակներն ու առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետությունում առանձնացվում են տարածական տվյալների պահպանման հետեւյալ ֆոնդերը?

1) Պետական տարածական տվյալների ֆոնդ.

2) Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդ.

3) Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդ.

4) Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդ.

5) այլ սուբյեկտների տարածական տվյալների ֆոնդեր, որոնք ներառում են գաղտնի տեղեկություններ չպարունակող տարածական տվյալներ եւ նյութեր, որոնք ստացվել են Հայաստանի Հանրապետության տարբեր սուբյեկտների՝ ֆիզիական եւ իրավաբանաական անձանց կողմից տարածական տվյալների ստեղծման աշխատանքների արդյունքում:

Հոդված 12. Պետական տարածական տվյալների ֆոնդ

1. Պետական տարածական տվյալների ֆոնդն իր մեջ ներառում է

1) լիազոր մարմնի կողմից գեդոեզիական, քարտեզագրական եւ Երկրի հեռազննման աշխատանքների իրականացման արդյունքում ստացված տարածական տվյալներ եւ մետատվյալներ, պետական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական եւ քարտեզագրական այլ նյութեր ու տարածական տվյալներ.

2) տեղեկություններ պետական գեոդեզիական ցանցի կետերի, պետական նիվելիրացման ցանցի եւ պետական գրավիմետրիկ ցանցի մասին.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց (իրենց համաձայնությամբ), պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կամ տեղական ինքնակառավարման մարմինների (իրենց համաձայնությամբ) կողմից կազմակերպված տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, հեռազննման աշխատանքների կատարման արդյունքում ստացված տարածական տվյալներ եւ մետատվյալներ.

4) տարածական տվյալների (տարածական մետատվյալների) մասին տեղեկություններ, որոնք ներկայացվել են տարածական տվյալների գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների ֆոնդերի եւ տարածական տվյալների այլ սուբյեկտների ֆոնդերի հիմնադիրների կողմից՝ սույն օրենքին համապատասխան:

2. Լիազոր մարմինը պետական տարածական տվյալների ֆոնդի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դրա վարման տեխնոլոգիայի միասնականության սկզբունքների հիման վրա, սույն օրենքին համապատասխան ապահովելով դրանում պարունակվող տեղեկությունների թարմացման պարբերականությունը եւ դրանց արժանահավատությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների ֆոնդի նյութերից տարածական տվյալներ եւ այլ տեղեկատվություն տրամադրելու համար գանձվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափերով վճար:

4. Պետական տարածական տվյալների ֆոնդի վարումը, այդ թվում՝ դրա մեջ տարածական տվյալների եւ մետատվյալների ներառումը, դրանց պահպանումը եւ շահագրգիռ անձանց տրամադրումը, իրականացնում է տարածական տվյալների լիազոր մարմնի կողմից:

5. Լիազոր մարմինը կազմում է տարածական տվյալների (տարածական մետատվյալների) վերաբերյալ հաշվետվություններ եւ հրապարակում տեղեկություններ:

Հոդված 13. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը

1. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդերը ներառում են տարածական տվյալներ եւ քարտեզագրական նյութեր, որոնք ստացվել են պետական կառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից տեղագրական, գեոդեզիական եւ քարտեզագրական, հեռազննման աշխատանքների կազմակերպման արդյունքում:

2. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը վարում են, այդ թվում՝ դրանում տարածական տվյալների եւ քարտեզագրական նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում եւ թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում են համապատասխան պետական կառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք:

3. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման եւ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը կամ պաշտոնատար անձը` նախապես կարգի նախագիծը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Գերատեսչական ֆոնդեր վարող պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու համար, պետք է միմյանց անվճար տրամադրեն իրենց կողմից ստեղծված տարածական տվյալների հավաքածուներն ու ծառայությունները, ներառյալ համապատասխան մետատվյալները:

Հոդված 14. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդ

1. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է, այդ թվում՝ դրանում տարածական տվյալների եւ քարտեզագրական նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում եւ թեմատիկ տարածական տվյալները տրամադրում է պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական մարմինը:

Հոդված 15. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդեր

1. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդերը ներառում են տարածական տվյալներ եւ քարտեզագարական նյութեր, որոնք ստացվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղագրական, գեոդեզիական եւ քարտեզագրական, Երկրի հեռազննման աշխատանքների կազմակերպման արդյունքում:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդերը վարում են, այդ թվում՝ դրանում տարածական տվյալներ եւ նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում եւ թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները:

3. Տեղական ինքնակառավարման մարմնի տարածական տվյալների ֆոնդի պահպանման եւ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է տվյալ համայնքի ղեկավարը` կարգի նախագիծը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:

ԳԼՈՒԽ 5.

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ՏԱՐԱԾՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 16. Տարածական տվյալների հավաքագրման, տրամադրման, տարածման, օգտագործման եւ կառավարման հիմնական սկզբունքները

1. Տարածական տվյալների հավաքագրման, տրամադրման, տարածման, օգտագործման եւ կառավարման հիմնական սկզբունքներն են՝

1) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, տնօրինող գերատեսչությունները եւ կազմակերպությունները պետք է իրենց տարածական տվյալների հավաքածուները կառավարեն սույն օրենքին համապատասխան.

2) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, տնօրինող գերատեսչությունները եւ կազմակերպությունները պատասխանատու են իրենց տարածական տվյալների հավաքածուների, ծառայությունների տրամադրման եւ տարածման համար.

3) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, տնօրինող սուբյեկտները պետք է ունենան տվյալների տրամադրման եւ հասանելիության տարբեր մակարդակներ.

4) օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող տարածական տվյալները եւ մետատվյալները պետք է հասանելի դառնան տարածական տվյալների ծառայությունների, տարածական տվյալների ենթակառուցվածքների եւ այլ միջոցներով՝ առեւտրային եւ ոչ առեւտրային նպատակներով օգտագործման համար, եթե օրենսդրությամբ, քաղաքացիաիրավական պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.

5) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց տեղեկատվություն տրամադրվում է վճարովի կամ անվճար հիմունքներով, որի մանրամասները սահմանվում են սույն օրենքի 19-րդ հոդվածով.

6) բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտահետազոտական կենտրոններին շահույթ չստանալու նպատակով ուսումնական եւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից ստեղծված տարածական տվյալները եւ ծառայությունները կառավարության սահմանած կարգով տրամադրվում են անվճար.

7) չսահմանափակված մատչելիությամբ տարածական տվյալների մետատվյալները հասանելի են անվճար բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

8) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են սահմանափակել տարածական տվյալների եւ մետատվյալների հասանելիությունը.

9) բազային տարածական տվյալները կարող են տրամադրվել օգտվողներին Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի գեոպորտալի ծառայությունների կիրառմամբ, «Էլեկտրոնային կառավարում» համակարգի միջգերատեսչական ինտեգրման հարթակի միջոցով փոխանցման եղանակով եւ լիազոր մարմնի համաձայնությամբ.

10) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, տնօրինող գերատեսչությունները եւ կազմակերպությունները պարտավոր են լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից կամ պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից ստեղծված եւ թարմացվող բազային տարածական տվյալներին առնչվող քարտեզագրական շերտերը իրնեց համապատսխան հատկանիշային տվյալներով հետեւյալ եղանակով.

ա. տարածական տվյալների առցանց ծառայությունների հասանելիության ապահովում.

բ. տարածական տվյալների փոխանցում համաձայնեցված ձեւաչափով եւ որակով.

11) տարածական տվյալների հավաքածուների եւ ծառայությունների հանրային հասանելիությունը կարող է սահմանափակվել, եթե դա նախատեսված է օրենքով:

Հոդված 17. Տարածական տվյալների մետատվյալների հավաքագրում, ստեղծում, տրամադրում եւ տարածում

1. Տարածական տվյալներ հավաքագրող, ստեղծող եւ տնօրինող պետական մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները եւ ծառայությունները, պետք է ստեղծեն, տրամադրեն եւ տարածեն համապատասխան մետատվյալներ, ինչպես նաեւ դրանք պահպանեն եւ թարմացնեն տարածական տվյալների հավաքածուներին եւ ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների եւ ծառայություների մետատվյալների ստեղծման, պահպանման եւ թարմացման կանոնները սահմանվում են ոլորտները համակարգող լիազոր մարմնի կողմից:

2. Առնվազն հետեւյալ բովանդակությունը կամ հետեւյալ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պահպանվեն որպես տարածական տվյալների մետատվյալներ.

1) հիմնաբառեր.

2) դասակարգում.

3) աշխարհագրական դիրք.

4) որակի չափանիշներ.

5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակումներ

6) հասանելիության եւ օգտագործման նախադրյալները, ինչպես նաեւ համապատասխան դրամական վճարումներ.

7) սուբյեկտը, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքագրման, կառավարման եւ տրամադրման համար:

3. Մետատվյալների բնութագրման վերաբերյալ մանրամասները կարգավորվում են մետատվյալներ ստեղծող մարմինների կողմից ընդունված իրավական ակտերով:

Հոդված 18. Տարածական տվյալների եւ մետատվյալների տրամադրում, տարածում, փոխանակում ցանցային (առցանց) ծառայությունների եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով

1. Տարածական տվյալներ ստեղծող եւ տնօրինող պետական մարմինները պետք է տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով ապահովեն տարածական տվյալների եւ մետատվյալների տրամադրման, տարածման եւ փոխանակման առնվազն հետեւյալ առցանց ծառայությունները.

1) որոնման ծառայություններ.

2) դիտման ծառայություններ.

3) ներբեռնման ծառայություններ.

4) փոխակերպման ծառայություններ.

5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություններ:

2. Որոնման ծառայությունների համար պետք է երաշխավորվեն առնվազն հետեւյալ որոնման չափանիշները.

1) հիմնաբառեր.

2) տարածական տվյալների հավաքածուների եւ ծառայությունների դասակարգում.

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).

4) որակի չափանիշներ.

3. Ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային ցանցերի միջոցով:

Հոդված 19. Պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման եւ դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարները եւ արտոնությունները

1. Լիազոր մարմինը տարածական տվյալների տրամադրման եւ դրանց առնչվող ծառայությունների համար գանձում է հետեւյալ վճարները.

1) կադաստրային հատակագծերի եւ քարտեզների բազային տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի (հողամասի) համար` 100 դրամ.

2) կադաստրային քարտեզների (հատակագծերի) թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ մեկ համայնքի (Երեւան քաղաքում` վարչական շրջանի) յուրաքանչյուր թեմատիկ շերտում (տվյալների համախմբում) ընդգրկված տեղեկատվության համար` 5000 դրամ.

3) լիազոր մարմնի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների (Երեւան քաղաքում` վարչական շրջանների) կադաստրային քարտեզների բազային եւ թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝

ա. սկզբնական տրամադրման համար` 300000 դրամ,

բ. տրամադրված քարտեզների յուրաքանչյուր հաջորդ թարմացման համար` 50000 դրամ.

4) տեղագրական հատակագծերի եւ քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում՝ վեկտորային ֆորմատով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի եւ քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար` 25000 դրամ.

5) վեկտորային ֆորմատով տեղագրական հատակագծերից եւ քարտեզներից առանձին հատվածներով տեղեկատվության տրամադրում՝

ա. 1:10 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 1000 դրամ,

բ. 1:25 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 250 դրամ,

գ. 1:50 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 62 դրամ.

6) թղթային կրիչով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի եւ քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար՝

ա. գունավոր տարբերակով` 6000 դրամ,

բ. սեւ-սպիտակ տարբերակով` 2000 դրամ.

7) գեոդեզիական ցանցի կետերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի (աբսցիս, օրդինատ, բարձրություն) տրամադրման համար` 1000 դրամ.

8) անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) տրամադրման համար` 100 դրամ.

9) թղթային տարբերակով ցանկացած մասշտաբի (15x15 սմ կամ 23x23 սմ) օդալուսանկարի տրամադրման համար` 1500 դրամ.

10) սույն մասի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված տեղեկատվության տրամադրումը թղթային տարբերակով կատարվում է սույն հոդվածի 1-ին եւ 5-րդ կետերով սահմանված վճարներին ավելացնելով հետեւյալ վճարները`

ա. A0 ֆորմատ` 5000 դրամ,

բ. A1 ֆորմատ` 2500 դրամ,

գ. A2 ֆորմատ` 1250 դրամ,

դ. A3 ֆորմատ` 625 դրամ,

ե. A4 ֆորմատ` 300 դրամ.

11) աշխարհագրական օբյեկտի անվանման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար` 1000 դրամ.

12) Թեմատիկ քարտեզագրական նյութերի տրամադրման համար՝

ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 20000 դրամ (յուրաքանչյուր հատորը),

բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 3000 դրամ,

գ. թեմատիկ քարտեզների թղթային տարբերակ` 100x70 սմ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 3000 դրամ, A3 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 1000 դրամ, A4 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 500 դրամ,

դ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 80000 դրամ.

13) Աշխարհագրական անվանումների տեղեկագրեր եւ տեղեկատու բառարանների տրամադրման համար՝

ա. մեկ տեղեկագրի համար՝ գունավոր տպագրություն՝ 3000 դրամ սեւ-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ,

բ. մեկ տեղեկատու բառարանի համար՝ գունավոր տպագրություն՝ 3000 դրամ, սեւ-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ.

14) Թեմատիկ քարտեզագրական նյութերի ինքնաշխատ եղանակով տրամադրում լիազոր մարմնի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)

ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 10000 դրամ (յուրաքանչյուր հատորը),

բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 600 դրամ

գ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 40000 դրամ:

15) Օրթոֆոտոհատակագծերի (Թի Այ Էֆ Էֆ (TIFF)), (Ջիո Թի Այ Էֆ Էֆ (GeoTIFF)) տրամադրում տեսանելի եւ ինֆրակարմիր տիրույթում (Ար Ջի Բի (RGB), (Էն Այ Ար/Սի Այ Ար) NIR/CIR))՝ անշարժ գույքի մեկ միավորի համար՝ 500 դրամ.

16) Պետական ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝

ա. 15 օր բաժանորդագրությամբ՝ 9000 դրամ,

բ. ամսական՝ 15000 դրամ,

գ. տարեկան բաժանորդագրությամբ՝ 162000 դրամ:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի միջոցով սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի՝ (Օ Ջի Սի Վի Մի Էս (OGC WMS)) միջոցով առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար հետեւյալ չափերով.

1) տարեկան բաժանորդագրման համար՝ 400 000 դրամ,

2) ամսական բաժանորդագրման համար՝ 50 000 ՀՀ դրամ

3. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է դրա համար դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքերի: Սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Դիմողի ցանկությամբ տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաեւ դիմումը ներկայացվելու օրվանից հետո` 2-րդ աշխատանքային օրը, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է երկու գործակցով:

5.Դիմողի ցանկությամբ տեղեկատվությունը կարող է տրամադրվել դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է վեց գործակցով:

6. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը եւ դրան առնչվող ծառայությունները բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտահետազոտական կենտրոններին շահույթ չստանալու նպատակով ուսումնական եւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին եւ պատգամավորներին, պետական կառավարման համակարգի մարմիններին, մարզպետարաններին, դատարաններին, դատախազությանը եւ քրեական հետապնդման այլ մարմիններին, կենտրոնական բանկին, հաշվեքննիչ պալատին, ինքնավար մարմիններին եւ անկախ պետական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում է անվճար` Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար: Պետական կառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց սույն մասով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաեւ կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են վերջիններիս կողմից փոխանցվել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց գանձվում է սույն օրենքով սահմանված վճարները:

7. Ֆիզիկական, իրավաբանականանձինք ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի մասին հայցվող տեղեկատվությունը, մինչեւ 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով, ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից:

ԳԼՈՒԽ 6.

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Հոդված 20. Ազգային տարածական տվյալների ձեւավորման հիմնական սկզբունքները.

1. Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալներն պետք է ձեւավորվի եւ մշակվի հետեւյալ սկզբունքների հիման վրա.

1) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների կողմից միասնական կոորդինատային համակարգի եւ բազային տարածական տվյալների պարտադիր օգտագործում.

2) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման եւ զարգացման գործընթացների փոխկապակցվածությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, անվտանգության, պետական կառավարման առաջնահերթ խնդիրների լուծման, երկրի պաշտպանունակության եւ ազգային անվտանգության ապահովման հետ.

3) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների արդիականություն, լրիվություն, լիարժեք նկարագրություն, հուսալիություն, ամբողջականություն եւ ճշգրտություն.

4) տարածական տվյալների համատեղելիություն, որը հիմնված է միասնական բազային տարածական տվյալների բանկի օգտագործման, միասնական կոորդինատային համակարգի, միասնական տեխնիկական ուղեցույցների եւ նորմերի հիման վրա.

5) տարածական տվյալների, մետատվյալների եւ ծառայությունների փոխգործելիություն.

6) տեխնիկական ուղեցույցների (կանոնակարգերի) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային ստանդարտների ներդաշնակեցում եւ համապատասխանեցում միջազգային ստանդարտներին.

7) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, որպես բարդ կազմակերպչական եւ տեխնիկական համակարգ, աստիճանական եւ շարունակական զարգացումը,

8) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային եւ թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների ստեղծման եւ թարմացման հաջորդականության պլանավորում.

9) պետության աջակցությունը Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային եւ թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների ստեղծմանը եւ թարմացմանը.

10) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարումը ազգային գեոպորտալի միջոցով:

Հոդված 21. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում Կառավարության լիազորությունները

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում Կառավարության լիազորություններն են՝

1) ազգային ծրագրերի, հայեցակարգերի եւ ռազմավարությունների մշակումը, հաստատումն ու իրականացում,

2) պետական վերահսկողության եւ հսկողության կազմակերպում,

3) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման եւ վարման կարգի սահմանում:

Հոդված 22. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համակարգող լիազոր մարմնի լիազորությունները եւ պարտավորությունները

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը համակարգում է լիազոր մարմինը, որը ունի հետեւյալ լիազորությունները.

1) մշակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.

2) մշակում եւ Կառավարությանն առաջարկում է հաստատել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ներդրման գործունեության ծրագիրը.

3) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների տրամադրողների եւ օգտագործողների միջեւ առկա պրակտիկաների մասին տեղեկատվության փոխանակումը.

4) ապահովում է լիազոր մարմնի ղեկավարին կից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հարցերով խորհրդակցական մարմնի գործունեությունը.

5) որոշում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի վարման կարգը.

6) ապահովում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացումն ու արդիականացումը՝ ըստ ոլորտային իրավասությունների.

7) իրականացնում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ներդրման եւ օգտագործման մոնիթորինգ, տարեկան հաշվետվությունների պատրաստում եւ ներկայացում Կառավարությանը.

8) ապահովում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացմանն առնչվող աշխատանքների իրականացումը.

9) իրականացնում է բազային տարածական տվյալների եւ դրանց մետատվյալների, ինչպես նաեւ մետատվյալների ընդունում եւ վերահսկում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով.

10) ազգային գեոպորտալի միջոցով, ապահովում է բազային տարածական տվյալների հասանելիությունը՝ ոլորտային կադաստրների ինտեգրման նպատակով.

11) մշակում եւ ներդրում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համար ծրագրային, տեխնոլոգիական ապահովումը.

12) ապահովում է օգտվողների մուտքը ազգային գեոպորտալ.

13) օգտվողներին տրամադրում է բազային տարածական տվյալներ եւ դրանց մետատվյալներ՝ համաձայն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգի.

14) հավաքագրում եւ վերլուծում է տարածական տվյալների եւ մետատվյալների օգտագործողներից ստացվող տեղեկատվությունը, բացահայտում է առկա խնդիրները եւ միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

Հոդված 23. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք ապահովում են թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների թարմացումը, ստանդարտացումը եւ ինտեգրումը սույն օրենքին համապատասխան:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք ունեն հետեւյալ պարտականությունները.

1) մասնակցոմ են քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը իրենց իրավասությունների շրջանակներում եւ օրենքին համապատասխան.

2) համագործակցում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող հարցերի շուրջ.

3) ապահովում են սուբյեկտների կամ երրորդ անձանց հասանելիությունը տարածական տվյալների հավաքածուներին եւ ծառայություններին.

4) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմնին տրամադրում են բազային տարածական տվյալների քարտեզագրական շերտերը.

5) մասնակցում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցների մշակմանը.

6) նշանակում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման եւ տրամադրման պատասխանատուներ.

7) ապահովում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով թեմատիկ տարածական տվյալների եւ մետատվյալների հասանելիությունը

8) ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով՝ համաձայնեցված ձեւաչափով եւ որակով.

9) տեղադրում են տեղեկատվություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին իրենց պաշտոնական կայք էջերում.

10) ռեսուրսներ են հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համապատասխան, իրենց գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքագրման, ստեղծման եւ վարման համար:

Հոդված 24. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգը

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման եւ մշակման կարգը սահմանում է կառավարությունը.

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության եւ օգտագործման կարգը հաստատում է կառավարությունը` սահմանելով.

1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների, մետատվյալների, տեխնիկական եւ ծրագրային ապահովման փոխգործելիությունը ապահովող պահանջներ.

2) կիրառման կանոնները, որոնք սահմանում են տարածական տվյալների հավաքածուների եւ ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների եւ էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը, ինչպես նաեւ կատարման ժամկետները եւ ձեւաչափերը:

Հոդված 25. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների, մետատվյալների եւ ծառայությունների կառավարումը

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով սպառողների (օգտագործողների) տարածական տվյալների հասանելիությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով: 2. Եթե տվյալների բանկում առկա են բազային տարածական տվյալների եւ այլ աղբյուրներից տարածական տվյալների միջեւ հակասություններ, ապա հուսալի է համարվում բազային տարածական տվյալների տեղեկատվությունը:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որոնց միջոցով շահառուները կարող են փնտրել եւ օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից:

3. Լիազոր մարմինը եւ այլ սուբյեկտները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները մետատվյալների ամբողջականության եւ սահմանված որակին համապատասխանության ապահովման համար:

4. Լիազոր մարմինը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային տարածական տվյալների հասանելիությունը առցանց քարտեզագրական ծառայության (Օ Ջի Սի ՎԻ ՖԻ ԷՍ, Վի Սի Էս, Վի Մի Էս(OGC WFS, WCS, WMS)) միջոցով սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված մարմինների համար ապահովում է անվճար:

Հոդված 26. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային,պետական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալներ

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի գեոպորտալների ցանցը ներառում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը եւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը ստեղծում եւ վարում է էլեկտրոնային ծառայություն՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալ, որն ապահովում է բազային եւ թեմատիկ տարածական տվյալների եւ մետատվյալների հասանելիությունը, առկայության դեպքում ներառում է նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները:

3. Պետական մարմինների գեոպորտալներում ներառվում են թեմատիկ, ոլորտային տարածական տվյալները եւ մետատվյալներ, որոնք ստեղծվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոլորտային խնդիրների լուծման համար:

4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները ստեղծվում եւ վարվում են համապատասխանաբար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.

5. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը պետք է.

1) հասանելի լինի համացանցի եւ հաղորդակցության այլ միջոցների միջոցով.

2) հասանելի լինի ընդհանուր արտածման (ինտերֆեյսի) միջոցով.

3) ներառի մետատվյալներ տարածական բոլոր տվյալների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքագրվել են տարածական տվյալներ ստեղծող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից.

4) ներառի ներբեռնման հասանելիություն բոլոր բաց տարածական տվյալների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքագրվել են տվյալներ ստեղծող կազամակերպությունների կողմից.

6. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը ապահովում է առնվազը հետեւյալ գործառույթները.

1) որոնում, որն ապահովում է տեղեկատվական ցանցերում տարածական տվյալների եւ տարածական տվյալների ծառայությունների բացահայտումը.

2) տարածական տվյալների դիտարկում, տարածական օբյեկտների բնութագրերի եւ մետատվյալների բովանդակության մասին տեղեկատվություն.

3) մուտք, որն ապահովում է տարածական տվյալների մշակման կամ դրանց պատճենները ստանալու հնարավորություն.

4) կոորդինատային գործողությունները, որոնք ապահովում են տարածական տվյալների կոորդինատների փոխակերպումը մեկ կոորդինատային համակարգից (կամ քարտեզի պրոեկցիայից) մյուսը:

7. Ազգային գեոպորտալի համընդհանուր հասանելիությունը որոնման եւ դիտման հնարավորությամբ, ապահովվում է անվճար:

Հոդված 27. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքների կազմակերպում եւ համակարգում

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման ուղղված աշխատանքների համակարգումն ապահովելու համար լիազորմարմնին կից ձեւավորվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքները համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ).

2. Համակարգող խորհուրդը համարվում է կոլեգիալ մարմին, որը չունի իրավաբանական անձի կարգավիճակ:

3. Համակարգող խորհուրդը խորհրդատվական դեր ունի տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի զարգացման քաղաքականության իրականացման գործում:

4. Համակարգող խորհուրդը բաղկացած է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հետազոտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

5. Համակարգող խորհուրդի կազմը եւ գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը:

Հոդված 28. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ֆինանսավորման կարգը

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, ֆունկցիոնալության եւ զարգացման համար ֆինանսավորումը իրականացվում է պետական եւ համայնքային բյուջեների եւ օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

3. Պետության, համայնքի, օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ծրագրերը իրականացվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:

ԳԼՈՒԽ 7

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 29. Տարածական տվյալների ոլորտում տեսչական վերահսկողությունը

1. Տարածական տվյալների ոլորտում տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

ԳԼՈՒԽ 8

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30. Տարածական տվյալների ոլորտում վեճերի լուծման կարգը

1. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարինների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց միջեւ ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

2. Մի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, մյուս կողմից պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց միջեւ վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 31. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքը խախտելու համար վարչական պատասխանատվության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, իսկ քրեական պատասխանատվության հետ կապված իրավահարաբերությունները՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

ԳԼՈՒԽ 9

Հոդված 31. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 19-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում:

3. Պետական կառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք, պետական կամ համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները պետք է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում գույքագրեն պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները եւ դրանք փոխանցեն պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական մարմնին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման, տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման եւ կառավարման հետ կապված հարաբերությունները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է որպես «Տարածական տվյալների մասին» օրենքի, մասնավորապես ազգային գեոպորտալին եւ բազային տարածական տվյալների պատշաճ մշակմանն առնչվող դրույթների ապահովման միջոց:

2. Առկա իրավիճակը

«Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N ՀՕ-431-Ն օրենքով փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում՝ նախատեսելով տարածական տվյալների եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ: Փոփոխության ենթարկվեց նաեւ օրենքի վերնագիրը՝ «Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին»:

Տվյալ փոփոխության նպատակներից էր հնարավորինս արագ կարգավորել նշված նոր եւ երկրի զարգացման, անվտանգության ապահովման տեսանկյունից կարեւոր ոլորտները, քանի որ պրակտիկայում գործում էին տարածական տվյալների ստեղծման եւ օգտագործման չկարգավորված հարաբերություններ: Սակայն գեոդեզիան եւ քարտեզագրությունը մի կողմից եւ տարածական տվյալները մյուս կողմից միմյանց հետ հարաբերակցվում են որպես պրոցես եւ արդյունք: Այսինքն՝ դրանց միջեւ առկա է որոշակի կապ: Այդուհանդերձ առկա է նաեւ էական տարբերություն, որը պայմանավորված է նշված հանգամանքով: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է խնդրո առարկա ոլորտները կարգավորել առանձին իրավական ակտերով: Դա է հաստատում նաեւ միջազգային փորձը (Ուզբեկստան, արեւելյան Եվրոպայի երկրներ):

Տարածական տվյալների առնչությամբ ծագող իրավահարաբերությունները մասնակիորեն են կարգավորվում «Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքով: Առավելապես կարգավորվել են տարածական տվյալների ենթակառուցվածքին առնչվող հարցերը: Առավել նշանակալի այնպիսի հարցեր ինչպիսիք են տարածական տվյալների հավաքագրումը, առանձին ֆոնդերում պահպանելը, տեղեկատվության տրամադրումը, գաղտնիության ռեժիմը, ոլորտում վերահսկողության մեխանիզմները մնացել են օրենքի, հետեւաբար նաեւ պետության տեսադաշտից դուրս:

Նախագծերը միտված են կարգավորելու գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաեւ տարածական տվյալների ոլորտները:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծերի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, տարածական տվյալների ոլորտում վճարների, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունները:

Նախագծերով սահմանվում են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնք լիովին ընդգրկված չեն ներկայումս գործող «Գեոդեզիայի, քարեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքում, տարածական տվյալների ստեղծման եւ մշակման աշխատանքները, տարածական տվյալների եւ դրանց առնչվող ծառայությունների տրամադրման, տարածման եւ օգտագործման համար գանձվող վճարները եւ արտոնությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառներում սահմանվել են՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ նրանց վերապահված գործառույթները մասնավորապես տարածքային կառավարման, անշարժ գույքին առնչվող գործառնությունների, ոլորտային արխիվների եւ տեղեկատվության կառավարման ոլորտներում, ինչպես նաեւ դրանց պատշաճ իրականացման համար գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների կարեւորությունը:

«Տարածական տվյալների մասին» օրենքի նախագծով (այսւոհետ՝ Նախագիծ) ազգային տարածական տվյալների ինտեգրման եւ արդյունավետ կառավարման համար ներդրվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, որի տարր է հանդիսանում ազգային գեոպորտալը՝ տարածական տվյալների ենթակառուցվածքները միավորող համակարգ: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի եւ մասնավորապես ազգային գեոպորտալի վարման հիմնական գործառույթները վերապահվում են Կադաստրի կոմիտեին, քանի որ վերջինս գտնվում է անշարժ գույքի հետ կատարվող գործառնությունների շղթայի կենտրոնում:

Տարածական տվյալներ ստեղծող այլ սուբյեկտների անմիջական գործառույթը տարածական տվյալների ենթակառուցվածքների վարումը եւ այդ շրջանակում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին ինտեգրումն է:

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշմամբ հաստատված ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված է միասնական բազայի ստեղծում, որի միջոցով տարածական տվյալները առցանց հարթակում հասանելի կլինեն մարմիններին: Դա նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ եւ 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումներով: Նշված գաղափարը ներդրված է նաեւ Նախագծերում: Խոսքը վերաբերում է ազգային գեոպորտալին:

Նախագծի ներկայացված խմբագրության նպատակը հետեւյալն է. եթե որեւէ մարմին ստեղծում է իր կարիքների համար անհրաժեշտ բազային տարածական տվյալ եւ այն համապատասխանում է որոշակի չափանիշների ապա դրանք պարտադիր ներառվում են ազգային գեոպորտալում, հակառակ դեպքում նրանք կարող են տիրապետել եւ օգտագործել ձեռք բերված տվյալը իրենց կարիքների համար, սակայն այն չեն կարող ներառել ազգային գեոպորտալում:

Տարածական տվյալների խմբերը, հատկապես բազային տարածական տվյալների խումբը, բնորոշող հիմնական նորմերը արտացոլված են Նախագծի 10-րդ հոդվածում: Ըստ նույն հոդվածի 6-րդ մասի՝ առկա են հետեւյալ խմբերը. վարչական սահմաններ, անշարժ գույք, գնահատում, իրավունք, հողամասի նպատակային եւ գործառնական նշանակություն (հողատեսք), հասցե, աշխարհագրական անվանումներ, մակերեւույթային ջրեր, պլանաբարձունքային հիմք, ռելիեֆ, ճանապարհատրանսպորտային ցանց, օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ: Նշված դասակարգումն ընդունված է գեոդեզիայի եւ քարտեզագրության մասնագիտությունների ոլորտում: Միաժամանակ հարկ է նշել, որ թեմատիկ տարածական տվյալների խմբերը բազմաթիվ են եւ բազմազան, պարբերաբար փոփոխվում են, որի հետեւանքով օրենքով դրանց սպառիչ ցանկ սահմանելը հնարավոր չէ:

Նախագծով կարգավորվում են նաեւ մետատվյալներին առնչվող հարցերը: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ մետատվյալը տարածական տվյալներ եւ ծառայություններ նկարագրող տեղեկատվություն է, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար: Մետատվյալը, ըստ էության, առկա տարածական տվյալների եւ ծառայությունների դասակարգման մեխանիզմ է, որն ապահովում է դրանց կառավարման արդյունավետությունը: Կախված տարածական տվյալի կրիչից, մետատվյալները կարող են լինել թվային կամ ոչ թվային: Մետատվյալների հիման վրա իրականացվելու է տարածական տվյալների մոնիթորինգ եւ վերահսկում: Մետատվյալներին առնչվող իրավահարաբերությունները հիմնականում կարգավորվում են 4-8-րդ, 17-րդ եւ այլ հոդվածներում:

Տարածական տվյալներ հավաքագրող, ստեղծող եւ տնօրինող պետական մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները եւ ծառայությունները, պետք է ստեղծեն, տրամադրեն եւ տարածեն համապատասխան մետատվյալներ, ինչպես նաեւ դրանք պահպանեն եւ թարմացնեն տարածական տվյալների հավաքածուներին եւ ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների եւ ծառայություների մետատվյալների ստեղծման, պահպանման եւ թարմացման կանոնները սահմանվելու են ոլորտները համակարգող լիազոր մարմնի կողմից:

Նախագծով ներդրվում են հետեւյալ հիմնական մեխանիզմները.

Կադաստրի կոմիտեն

1) լիազորվում է մշտադիտարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծումը, մշակումը, օգտագործումը կամ տարածումը.

3) հսկողություն է իրականացնում ազգային գեոպորտալ մուտքագրված թեմատիկ եւ բազային տարածական տվյալների՝ նորմատիվ եւ տեխնիկական փաստաթղթերին համապատասխանության նկատմամբ.

4) մշակում եւ հաստատում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում նորմատիվ իրավական ակտեր եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր.

5) կառավարության սահմանած կարգով տրամադրում է թույլտվություն Ֆիզիկական եւ իրավաբանական անձնց՝ այդ թվում օտարերկրյա, Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքներն իրականացնելու համար՝ բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել առանց պետական միջամտության, այդ թվում՝ տիեզերական արբանյակների միջոցով.

6) խորհրդատվական կարծիք է տրամադրում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալների ստեղծման պլանավոեւրման եւ իրականացման ընթացքում, բացառությամբ ազգային անվտանգության եւ պաշտպանության համար բազային տարածական տվյալների ստեղծման աշխատանքների:

Նախագծով տարածական տվյալների ոլորտում տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Այժմ քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով, ինչը ամբողջությամբ չի տեղավորվում տվյալ օրենքի կարգավորման առարկայի շրջանակներում: Այն ավելի սերտ առնչվում է «Տարածական տվյալների մասին» օրենքի Նախագծին: Այդ հիմնավորումներով Նախագծում ներառվել է 19-րդ հոդվածը, որն էլ, իր հերթին, առաջացնում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Նախատեսվում է, որ ազգային գեոպորտալի տվյալների հասանելիությունը կարող է ապահովվել անվճար հիմունքներով:

Որպես «Տարածական տվյալների մասին» օրենքի, մասնավորապես ազգային գեոպորտալին եւ բազային տարածական տվյալների պատշաճ մշակմանն առնչվող դրույթների ապահովման միջոց լրացումներ եւ փոփոխություններ են նախատեսվում նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.3-րդ ենթակետի պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն