Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման, տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման եւ կառավարման հետ կապված հարաբերությունները:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է որպես «Տարածական տվյալների մասին» օրենքի, մասնավորապես ազգային գեոպորտալին եւ բազային տարածական տվյալների պատշաճ մշակմանն առնչվող դրույթների ապահովման միջոց:
2. Առկա իրավիճակը
«Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N ՀՕ-431-Ն օրենքով փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում՝ նախատեսելով տարածական տվյալների եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ: Փոփոխության ենթարկվեց նաեւ օրենքի վերնագիրը՝ «Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին»:
Տվյալ փոփոխության նպատակներից էր հնարավորինս արագ կարգավորել նշված նոր եւ երկրի զարգացման, անվտանգության ապահովման տեսանկյունից կարեւոր ոլորտները, քանի որ պրակտիկայում գործում էին տարածական տվյալների ստեղծման եւ օգտագործման չկարգավորված հարաբերություններ: Սակայն գեոդեզիան եւ քարտեզագրությունը մի կողմից եւ տարածական տվյալները մյուս կողմից միմյանց հետ հարաբերակցվում են որպես պրոցես եւ արդյունք: Այսինքն՝ դրանց միջեւ առկա է որոշակի կապ: Այդուհանդերձ առկա է նաեւ էական տարբերություն, որը պայմանավորված է նշված հանգամանքով: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է խնդրո առարկա ոլորտները կարգավորել առանձին իրավական ակտերով: Դա է հաստատում նաեւ միջազգային փորձը (Ուզբեկստան, արեւելյան Եվրոպայի երկրներ):
Տարածական տվյալների առնչությամբ ծագող իրավահարաբերությունները մասնակիորեն են կարգավորվում «Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքով: Առավելապես կարգավորվել են տարածական տվյալների ենթակառուցվածքին առնչվող հարցերը: Առավել նշանակալի այնպիսի հարցեր ինչպիսիք են տարածական տվյալների հավաքագրումը, առանձին ֆոնդերում պահպանելը, տեղեկատվության տրամադրումը, գաղտնիության ռեժիմը, ոլորտում վերահսկողության մեխանիզմները մնացել են օրենքի, հետեւաբար նաեւ պետության տեսադաշտից դուրս:
Նախագծերը միտված են կարգավորելու գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաեւ տարածական տվյալների ոլորտները:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծերի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, տարածական տվյալների ոլորտում վճարների, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունները:
Նախագծերով սահմանվում են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնք լիովին ընդգրկված չեն ներկայումս գործող «Գեոդեզիայի, քարեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքում, տարածական տվյալների ստեղծման եւ մշակման աշխատանքները, տարածական տվյալների եւ դրանց առնչվող ծառայությունների տրամադրման, տարածման եւ օգտագործման համար գանձվող վճարները եւ արտոնությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառներում սահմանվել են՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ նրանց վերապահված գործառույթները մասնավորապես տարածքային կառավարման, անշարժ գույքին առնչվող գործառնությունների, ոլորտային արխիվների եւ տեղեկատվության կառավարման ոլորտներում, ինչպես նաեւ դրանց պատշաճ իրականացման համար գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների կարեւորությունը:
«Տարածական տվյալների մասին» օրենքի նախագծով (այսւոհետ՝ Նախագիծ) ազգային տարածական տվյալների ինտեգրման եւ արդյունավետ կառավարման համար ներդրվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, որի տարր է հանդիսանում ազգային գեոպորտալը՝ տարածական տվյալների ենթակառուցվածքները միավորող համակարգ: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի եւ մասնավորապես ազգային գեոպորտալի վարման հիմնական գործառույթները վերապահվում են Կադաստրի կոմիտեին, քանի որ վերջինս գտնվում է անշարժ գույքի հետ կատարվող գործառնությունների շղթայի կենտրոնում:
Տարածական տվյալներ ստեղծող այլ սուբյեկտների անմիջական գործառույթը տարածական տվյալների ենթակառուցվածքների վարումը եւ այդ շրջանակում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին ինտեգրումն է:
ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշմամբ հաստատված ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված է միասնական բազայի ստեղծում, որի միջոցով տարածական տվյալները առցանց հարթակում հասանելի կլինեն մարմիններին: Դա նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ եւ 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումներով: Նշված գաղափարը ներդրված է նաեւ Նախագծերում: Խոսքը վերաբերում է ազգային գեոպորտալին:
Նախագծի ներկայացված խմբագրության նպատակը հետեւյալն է. եթե որեւէ մարմին ստեղծում է իր կարիքների համար անհրաժեշտ բազային տարածական տվյալ եւ այն համապատասխանում է որոշակի չափանիշների ապա դրանք պարտադիր ներառվում են ազգային գեոպորտալում, հակառակ դեպքում նրանք կարող են տիրապետել եւ օգտագործել ձեռք բերված տվյալը իրենց կարիքների համար, սակայն այն չեն կարող ներառել ազգային գեոպորտալում:
Տարածական տվյալների խմբերը, հատկապես բազային տարածական տվյալների խումբը, բնորոշող հիմնական նորմերը արտացոլված են Նախագծի 10-րդ հոդվածում: Ըստ նույն հոդվածի 6-րդ մասի՝ առկա են հետեւյալ խմբերը. վարչական սահմաններ, անշարժ գույք, գնահատում, իրավունք, հողամասի նպատակային եւ գործառնական նշանակություն (հողատեսք), հասցե, աշխարհագրական անվանումներ, մակերեւույթային ջրեր, պլանաբարձունքային հիմք, ռելիեֆ, ճանապարհատրանսպորտային ցանց, օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ: Նշված դասակարգումն ընդունված է գեոդեզիայի եւ քարտեզագրության մասնագիտությունների ոլորտում: Միաժամանակ հարկ է նշել, որ թեմատիկ տարածական տվյալների խմբերը բազմաթիվ են եւ բազմազան, պարբերաբար փոփոխվում են, որի հետեւանքով օրենքով դրանց սպառիչ ցանկ սահմանելը հնարավոր չէ:
Նախագծով կարգավորվում են նաեւ մետատվյալներին առնչվող հարցերը: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ մետատվյալը տարածական տվյալներ եւ ծառայություններ նկարագրող տեղեկատվություն է, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար: Մետատվյալը, ըստ էության, առկա տարածական տվյալների եւ ծառայությունների դասակարգման մեխանիզմ է, որն ապահովում է դրանց կառավարման արդյունավետությունը: Կախված տարածական տվյալի կրիչից, մետատվյալները կարող են լինել թվային կամ ոչ թվային: Մետատվյալների հիման վրա իրականացվելու է տարածական տվյալների մոնիթորինգ եւ վերահսկում: Մետատվյալներին առնչվող իրավահարաբերությունները հիմնականում կարգավորվում են 4-8-րդ, 17-րդ եւ այլ հոդվածներում:
Տարածական տվյալներ հավաքագրող, ստեղծող եւ տնօրինող պետական մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները եւ ծառայությունները, պետք է ստեղծեն, տրամադրեն եւ տարածեն համապատասխան մետատվյալներ, ինչպես նաեւ դրանք պահպանեն եւ թարմացնեն տարածական տվյալների հավաքածուներին եւ ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների եւ ծառայություների մետատվյալների ստեղծման, պահպանման եւ թարմացման կանոնները սահմանվելու են ոլորտները համակարգող լիազոր մարմնի կողմից:
Նախագծով ներդրվում են հետեւյալ հիմնական մեխանիզմները.
Կադաստրի կոմիտեն
1) լիազորվում է մշտադիտարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծումը, մշակումը, օգտագործումը կամ տարածումը.
3) հսկողություն է իրականացնում ազգային գեոպորտալ մուտքագրված թեմատիկ եւ բազային տարածական տվյալների՝ նորմատիվ եւ տեխնիկական փաստաթղթերին համապատասխանության նկատմամբ.
4) մշակում եւ հաստատում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում նորմատիվ իրավական ակտեր եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր.
5) կառավարության սահմանած կարգով տրամադրում է թույլտվություն Ֆիզիկական եւ իրավաբանական անձնց՝ այդ թվում օտարերկրյա, Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքներն իրականացնելու համար՝ բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել առանց պետական միջամտության, այդ թվում՝ տիեզերական արբանյակների միջոցով.
6) խորհրդատվական կարծիք է տրամադրում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալների ստեղծման պլանավոեւրման եւ իրականացման ընթացքում, բացառությամբ ազգային անվտանգության եւ պաշտպանության համար բազային տարածական տվյալների ստեղծման աշխատանքների:
Նախագծով տարածական տվյալների ոլորտում տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Այժմ քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով, ինչը ամբողջությամբ չի տեղավորվում տվյալ օրենքի կարգավորման առարկայի շրջանակներում: Այն ավելի սերտ առնչվում է «Տարածական տվյալների մասին» օրենքի Նախագծին: Այդ հիմնավորումներով Նախագծում ներառվել է 19-րդ հոդվածը, որն էլ, իր հերթին, առաջացնում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
Նախատեսվում է, որ ազգային գեոպորտալի տվյալների հասանելիությունը կարող է ապահովվել անվճար հիմունքներով:
Որպես «Տարածական տվյալների մասին» օրենքի, մասնավորապես ազգային գեոպորտալին եւ բազային տարածական տվյալների պատշաճ մշակմանն առնչվող դրույթների ապահովման միջոց լրացումներ եւ փոփոխություններ են նախատեսվում նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.3-րդ ենթակետի պահանջներից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում