Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1 Ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճար) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ3.1-ին մասով.
«3.1. Հաշտարարությունը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված գործերով նախքան դատարան դիմելը կողմերը կարող են չդիմել պարտադիր հաշտարարության այն դեպքում, երբ՝
1) կողմերից որեւէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որեւէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից.
2) կողմերից մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվել մյուս կողմի կամ նրա զավակի, ծնողի, պապի կամ տատի, եղբոր կամ քրոջ նկատմամբ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար.
3) կողմերից մեկը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ կրում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «կամավորության» բառից հետո լրացնել «(բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) բացահայտել կողմերին սույն օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մասին.»
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանում է իր անդամների վարքագծի կանոնները, որոնք առնվազն պետք է ներառեն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) դատարանի կողմից արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց նշանակված լինելու դեպքում ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ».
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) հաշտարարության կողմերին պարզաբանել իր դերը, հաշտարարության գործընթացի բնույթն ու էությունը, առավելությունները, հաշտարարության վարման կարգը, հաշտության համաձայնության եւ անհրաժեշտության դեպքում նման համաձայնություն ձեռք չբերելու հետեւանքները.».
3) 2-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
4) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) մասնակցել սույն օրեքով նախատեսված հաշտարարների վերապատրաստման դասընթացներին.».
5) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) հաշտարարության կողմի՝ ընտանեկան բռնության ենթարկված լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող նշանների առկայության դեպքում ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված կողմին տեղեկացնել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանության եղանակների մասին:»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 7. Հաշտարարական գաղտնիքը
1. Հաշտարարը պարտավոր է պահպանել հաշտարարական գաղտնիքը: Հաշտարարական գաղտնիք են հաշտարարության ընթացքում բացահայտված կամ արտահայտած տեղեկությունները, հաշտարարության բովանդակությունն ու բնույթը: Հաշտարարական գաղտնիքը կարող է հրապարակվել օրենքով նախատեսված դեպքերում:
2. Հաշտարարը կարող է հրապարակել հաշտարարական գաղտնիքը, եթե՝
1) առկա է կողմերի գրավոր համաձայնությունը,
2) դա անհրաժեշտ է քրեական կամ կարգապահական վարույթում իր պաշտպանության համար.
3) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:
3. Հաշտարարական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ եւ տարածվում է նաեւ որպես հաշտարար գործունեությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «դեպքերում» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով.
2) 7-րդ մասում «հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ մասերով.
«7.1. Արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակումը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հաշտարարի թեկնածուի ընտրությունը, իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով: Արդարադատության նախարարության կողմից հաշտարարի ընտրության եւ նշանակման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
7.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում արդարադատության նախարարությունը դատարանի պահանջագիրն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրում է հաշտարարի թեկնածուին՝ այդ մասին անհապաղ տեղյակ պահելով հաշտարարին, եւ դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված 9.1 Կողմի հետ հաշտարարի փոխկապակցվածության կամ անաչառության նկատմամբ ողջամիտ կասկած հարուցող հիմքերի բացահայտման կարգը
1. Հաշտարարը պարտավոր է կողմերին բացահայտել սույն հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մասին:
2. Կողմի հետ փոխկապակցված հաշտարար է համարվում՝
1) կողմի կառավարման մարմնի ղեկավարը, տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նաեւ արդարադատության նախարարության կամ դատարանի կողմից նշանակման պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը.
2) կողմի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 եւ ավելի տոկոսին տիրապետող անձը.
3) կողմի կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը:
3. Կողմի հետ փոխկապակցված է համարվում նաեւ այն հաշտարարը, որը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ֆիզիկական անձանց հետ գտնվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հարաբերությունների մեջ:
4. Ֆիզիկական անձ կողմի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց եւ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը եւ նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:
5. Փոխկապակցվածության հիմքերի կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ հաշտարարը պարտավոր է կողմերին բացահայտել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետով նախատեսված տեղեկությունը ներկայացնելիս: Հաշտարարության իրականացման ընթացքում փոխկապակցվածության կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում հաշտարարը պարտավոր է հաշտարարության գործընթացը չխաթարող ողջամիտ ժամկետում բացահայտել դրանք կողմերին՝ հիմնավորելով, որ փոխկապակցվածության հիմքը կամ անաչառությունը կասկածի դնող այլ հանգմանքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել հաշտարարությունը սկսելուց հետո եւ մինչեւ այդ չէր կարող հայտնի լինել:
6. Փոխկապակցվածության կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ կողմը կարող է հայտնել այդ մասին հաշտարարի հետ առաջին հանդիպման սկզբում: Հաշտարարության իրականացման ընթացքում փոխկապակցվածության կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ կողմը կարող է հայտնել, եթե այդպիսի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել հաշտարարությունը սկսելուց հետո եւ մինչեւ այդ չէր կարող հայտնի լինել:
7. Սույն հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում հաշտարարը կարող է դիմել կողմերին՝ առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու փոխկապակցվածության անտեսման հարցը: Եթե կողմերը հաշտարարի բացակայությամբ որոշում են կայացնում հաշտարարի փոխկապակցվածությունը անտեսելու մասին, ապա այդ որոշումը արձանագրելուց հետո հաշտարարը իրականացնում է հաշտարարություն:
8. Սույն հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում հաշտարարությունը կարող է ավարտվել կամ շարունակվել կողմերի եւ հաշտարարի փոխադարձ համաձայնության առկայության դեպքում՝ կողմերի ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով: Սույն օրենքի 12.1-ին հոդվածով սահմանված կարգով հաշտարարությունն առցանց իրականացվելու դեպքում հաշտարարության շարունակման վերաբերյալ կողմերի եւ հաշտարարի փոխադարձ համաձայնության առկայության դեպքում հաշտարարությունը շարունակելու համար բավարար է կողմերի բանավոր հայտարարությունը:
9. Սույն հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության հիմքով հաշտարարության ավարտի դեպքում մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջը, ինչպես նաեւ հաշտարարության համաձայնություն կնքված լինելու դեպքում վեճի լուծման արտադատական կարգը պահպանված չի համարվում եւ հաշտարարությունը համարվում է չկայացած:»
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «պահից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:
2) լրացնել նոր՝ 2-3-րդ մասեր.
«2. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ կամ դատարանի կողմից իր նախաձեռնությամբ նշանակվել է հաշտարարություն, ապա հաշտարարության սկիզբ է համարվում հաշտարարի առաջին հանդիպումը կողմերի կամ նրանցից մեկի հետ:
3. Կողմի նախաձեռնությամբ հաշտարարին ընտրելու դեպքում հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է այդ մասին տեղեկացվելու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կողմի դիմումի հիման վրա արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման դեպքում՝ ընտրության արդյունքների մասին արձանագրությունը ստանալու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի կողմից հաշտարարի նշանակման դեպքում հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է դատարանի որոշումը ստանալու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ դատարանի որոշմամբ:»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հաշտարարության գործընթացն ավարտվում է, եթե՝
1) կողմերի միջեւ կնքվում է վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն.
2) հաշտարարը հայտարարում է այնպիսի հանգամանքների առկայության մասին, որոնք բացառում են վեճը հաշտարարության միջոցով լուծելու հնարավորությունը.
3) կողմերի միջեւ առկա է համաձայնություն առանց հաշտության համաձայնություն կնքելու հաշտարարության գործընթացի ավարտման վերաբերյալ.
4) կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է առանց հաշտության համաձայնություն կնքելու հաշտարարության գործընթացի ավարտման ցանկության մասին.
5) կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է հաշտարարության գործընթացին մասնակցելուց հրաժարվելու մասին.
6) թեեւ կողմը հաշտարարին գրավոր չի հայտնում հաշտարարության գործընթացին մասնակցելուց հրաժարվելու մասին, սակայն փաստացի հրաժարվում կամ խուսափում է մասնակցել հաշտարարության առաջին հանդիպմանը.
7) հաշտարարության իրականացման ընթացքում ի հայտ է եկել սույն օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանք կամ փոխկապակցվածության հիմք եւ սույն օրենքով սահմանված կարգով հաշտարարը եւ կողմերը չեն որոշել անտեսել այդ հիմքը.
8) հաշտարարը հայտարարում է երեխայի լավագույն շահի պաշտպանության նպատակով հաշտարարության ավարտման անհրաժեշտության մասին:»:
2) լրացնել նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ եւ 7-8-րդ կետերով նախատեսված դեպքերում կողմերի եւ հաշտարարի միջեւ ստորագրվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, որը ոչ ուշ, քան հաջորդ օրը տրամադրվում է կողմերին: Եթե կողմը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա հաշտարարը այդ մասին նշում է կատարում արձանագրությունում: Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրվում է հաշտարարի եւ ներկայացած կողմի միջեւ, հաշտարարը նշում է կատարում արձանագրությունում մյուս կողմի չստորագրելու մասին:
1.2. Եթե հաշտարարությունը սկսվել է դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու հիմքով, ապա հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է նաեւ դատարան:».
3) 3-րդ մասում «մահվամբ» բառից հետո լրացնել «կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մահացած ճանաչվելով կամ» բառերով:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին եւ 11.2-րդ հոդվածներով.
«Հոդված 11.1. Պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները
1. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա հաշտարարության մասնակիցները պարտավոր են մասնակցել հաշտարարությանը, լսել հաշտարարի կողմից ներկայացվող տեղեկատվությունը սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված հարցերի վերաբերյալ:
2. Մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ օրենքով նախատեսված լինելու դեպքում անձը կարող է դատարան դիմել հաշտարարությունն ավարտվելու պահից:
3. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ եւ կողմերի միջեւ առկա չէ փոխադարձ համաձայնություն հաշտարարի թեկնածության վերաբերյալ, ապա հաշտարարը նշանակվում է արդարադատության նախարարության կողմից՝ կողմերից մեկի դիմումի հիման վրա: Հաշտարարների ցանկում որպես տվյալ գործով հաշտարար նշանակվելու իրավունք ունեցող համապատասխան հաշտարարի թեկնածուի բացակայության դեպքում անձը կարող է դիմել դատարան՝ անկախ նախքան դատարան դիմելը պարտադիր հաշտարարությունն իրականացված լինելու փաստից, որպիսի դեպքում հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ թույլատրելի ապացույց է համարվում արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանքը, որը պարունակում է պարտադիր նշում հաշտարարի նշանակման անհնարինության պատճառների վերաբերյալ:
Հոդված 11.2. Հաշտարարության վերաբերյալ կողմերի ծանուցումը
1. Հաշտարարը պարտավոր է հաշտարարության ժամանակի եւ վայրի մասին կողմերին ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կողմերի դիմումի հիման վրա արդարադատության նախարարության կողմից հաշտարար նշանակելու դեպքում արդարադատության նախարարությունը հաշտարարին փոխանցում է նաեւ կողմերին պատշաճ ծանուցման համար անհրաժեշտ տվյալները:
3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարարի ընտրության դեպքում կողմերը հաշտարարին հայտնում են նաեւ իրենց պատշաճ ծանուցման համար անհրաժեշտ տվյալները:
4. Հաշտարարության ժամանակի եւ վայրի մասին ծանուցումը կողմերին ուղարկվում է պատվիրված նամակով կամ հանձնվում առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
5. Կողմերը կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները՝ միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են պատվիրված նամակով կամ հանձնվում են առձեռն:
7. Ծանուցումը կողմին պատվիրված նամակով ուղարկելու դեպքում հաշտարարը գործին կցում է հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:
8. Ծանուցումը կողմին առձեռն հանձնելու դեպքում հաշտարարը գործին կցում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
9. Ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում հաշտարարը գործին կցում է ծանուցումն ուղարկելու մասին հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում գործին կցվում են ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն եւ այլն):
10. Կողմերը պարտավոր են հաշտարարին անհապաղ հայտնել հաշտարարության ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան ծանուցումն ուղարկվում է այն հասցեով, որով կատարվել է ծանուցումը եւ կողմի վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:
11. Եթե ծանուցումը պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հաշտարարը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, կողմը համարվում է պատշաճ ծանուցված:»:
Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «հիմունքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
2) 3-րդ մասում «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
3) լրացնել նոր 3.1-ին մասով.
«3.1. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա հաշտարարի վարձատրության գումարը վճարելու պարտականությունը կրում է հաշտարարությունը նախաձեռնած կողմը՝ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում: Հաշտարարի վարձատրության գումարը վճարելու պարտականությունը կողմերը կրում են հավասարաչափ, եթե հաշտարարությունն իրականացվել է երկու կողմի նախաձեռնությամբ:»:
4) լրացնել նոր՝ 6-11-րդ մասերով.
«6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանում է հաշտարարի վարձատրության գումարի միջին ուղենշային գնացուցակ:
7. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչեւ երկու ժամ տեւողությամբ հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Կողմերի համաձայնության առկայության դեպքում հաշտարարի վարձատրության չափը կարող է գերազանցել Կառավարության որոշմամբ սահմանված հաշտարարի վարձատրության դրույքաչափերը:
8. Դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
9. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչեւ երկու ժամ տեւողությամբ իրականացված հաշտարարությունը անվճարունակ ֆիզիկական անձանց համար անվճար է: Սույն մասի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, ով չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ եւ բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց: Սույն մասով նախատեսված անվճարունակության հաստատման համար անձը հաշտարարին ներկայացնում է գրավոր հայտարարագիր անվճարունակության պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Հայտարարագրի ձեւը, դրանում լրացման ենթակա տվյալները եւ կարգը հաստատում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը:
10. Սույն հոդվածի 7-8-րդ մասերով նախատեսված դեպքերում հաշտարարությունը շարունակելու կողմերի համաձայնության առկայության դեպքում հաշտարարի վարձատրության չափը հաշտարարության իրականացման շարունակվող ժամանակահատվածի համար որոշվում է կողմերի եւ հաշտարարի փոխադարձ համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սահմանվող հաշտարարի վարձատրության գումարի միջին ուղենշային գնացուցակը, իսկ դրա սահմանված չլինելու դեպքում՝ համապատասխանաբար սույն հոդվածի 7-րդ կամ 8-րդ մասերով նախատեսված Կառավարության որոշմամբ նախատեսված վարձատրության չափը:
11. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն եւ հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում եւ հայցվորը օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա հայցը մերժվելու կամ մասնակի բավարարվելու դեպքում վերջինիս վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից՝ Կառավարության սահմանած չափով եւ կարգով, մինչեւ երկու ժամ տեւողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.
«Հոդված 12.1. Առցանց հաշտարարություն
1. Կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում հաշտարարությունը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տարբեր հասանելի տեխնոլոգիաների զուգակցմամբ:
2. Առցանց հաշտարարության նկատմամբ կիրառելի են սույն օրենքով նախատեսված կանոնները այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով կամ չի բխում առցանց հաշտարարության էությունից:
3. Առցանց հաշտարարության իրականացման դեպքում հաշտարարության գործընթացը ավարտված համարելու մասին արձանագրությունը կողմի ցանկությամբ հաշտարարի կողմից կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով հաշտարարության գործընթացը ավարտված համարելու մասին էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված արձանագրությունը: Սույն մասով նախատեսված դեպքում կողմերի ստորագրությունը հաշտարարության գործընթացը ավարտված համարելու մասին արձանագրությունում անհրաժեշտ չէ:»:
Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Արտոնագրված հաշտարարի որակավորում կարող է ստանալ 25 տարին լրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն:».
2) 3-րդ մասի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 14. Հաշտարարի որակավորումը
1. Արտոնագրված հաշտարարի որակավորում ստանալու նպատակով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորման ստուգմանը մասնակցելու համար հաշտարարի թեկնածուն անցնում է արդարադատության նախարարի հաստատած ծրագրին եւ ուսուցման կարգին համապատասխան ուսուցման դասընթաց կամ ներկայացնում է օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է արդարադատության նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ որակավորման հանձնաժողով):
2. Օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության հաշտարար հանդիսացող անձը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորման ստուգմանը մասնակցելիս ազատվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսուցման դասընթաց անցած լինելու պարտականությունից: Սույն մասով նախատեսված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների ցանկը սահմանվում է արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
3. Որակավորումն իրականացնում է արդարադատության նախարարությունը: Որակավորումն իրականացվում է որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է որակավորման հանձնաժողովը:
4. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմումը եւ պահանջվող փաստաթղթերը, ներառյալ՝ որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, արդարադատության նախարարություն են ներկայացվում որակավորման ստուգում անցկացնելու մասին հրապարակված հայտարարության մեջ նշված ժամկետում:
5. Որակավորման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման ընթացակարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
6. Արտոնագրված հաշտարարի որակավորումը շնորհում է արդարադատության նախարարը՝ հաշվի առնելով որակավորման հանձնաժողովի եզրակացությունը:
7. Որակավորման վկայագիրը տրվում է անժամկետ:»:
Հոդված 15. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 15. Արտոնագրված հաշտարարի որակավորումը դադարեցնելը
1. Արդարադատության նախարարը դադարեցնում է արտոնագրված հաշտարարի որակավորումը, եթե՝
1) հաշտարարը դիմել է այդ մասին.
2) հաշտարարը մահացել է, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մահացած.
3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նախատեսված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.
4) հաշտարարի որակավորումն ստացել է օրենքի պահանջների խախտմամբ.
5) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշտարարի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չեն վերացել.
6) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով հաշտարարի գործունեությունը կասեցվելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, հաշտարարին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը չի վերացվել.
7) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով հաշտարարի գործունեությունը կասեցվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, սնանկության վարույթը չի ավարտվել.
8) սույն օրենքի 23.6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի կողմից հաշտարարի որակավորման դադարեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել.
9) հաշտարարը հաշտարարական գործունեության որակավորման վկայագիր ստանալու, ներառյալ՝ որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացրել է կեղծ տվյալներ:
2. Հաշտարարի որակավորումը դադարեցնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում նրան տրամադրված որակավորման վկայագիրը:
3. Հաշտարարի որակավորումը դադարեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում,ուղարկվում է համապատասխան հաշտարարին, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաեւ Դատական դեպարտամենտ՝ դատարաններին ծանուցելու համար եւ հրապարակվում է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
4. Հաշտարարի որակավորումը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:»:
Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 16. Արտոնագրված հաշտարարի գործունեությունը կասեցնելը
1. Հաշտարարի գործունեությունը կասեցվում է, եթե հաշտարարը՝
1) անցել է հանրային ծառայության՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.
2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչեւ ծառայության ժամկետը լրանալը.
3) օրենքով սահմանված կարգով ներգրավվել է զորավարժություններին եւ վարժական հավաքներին՝ մինչեւ զորավարժությանը եւ հավաքին ներգրավված լինելու ժամկետի լրանալը.
4) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.
5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին հաշտարարը պարտավոր է դրանց ծագման պահից տասնօրյա ժամկետում տեղեկացնել արդարադատության նախարարությանը եւ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը:
3. Հաշտարարի գործունեությունը կասեցնում է արդարադատության նախարարը՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության մասին տեղեկանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հաշտարարի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է համապատասխան հաշտարարին, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաեւ Դատական դեպարտամենտ՝ դատարաններին ծանուցելու համար եւ հրապարակվում է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
4. Հաշտարարի գործունեությունը կասեցնելու դեպքում հաշտարարի որակավորման վկայագրի գործողությունը համարվում է կասեցված:
5. Հաշտարարի գործունեության կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո հաշտարարը կարող է դիմել արդարադատության նախարարություն իր գործունեությունը վերականգնելու համար՝ կցելով համապատասխան փաստաթղթերը: Հաշտարարի գործունեությունը վերականգնում է արդարադատության նախարարը՝ դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 17. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 17. Հաշտարարների ռեեստրը
1. Արտոնագրված հաշտարարների ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր) ընդգրկվում են բոլոր հաշտարարները: Ռեեստրը վարվում է արդարադատության նախարարության կողմից եւ հրապարակվում է արդարադատության նախարարի կողմից սահմանվածկայքում, որում ներառվում են նաեւ հաշտարարների ինքնակենսագրականը, մասնագիտացումը, կապի միջոցները, ինչպես նաեւ տեղեկություններ հաշտարարի՝ անհատապես կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում գործելու վերաբերյալ:
2. Անձը ռեեստրում հաշվառվում է որակավորման վկայագիր ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Ռեեստրում առանձնացվում եւ արդարադատության նախարարի կողմից սահմանված կայքում հրապարակվում է այն հաշտարարների ցանկը (առանձնացված ցանկ), որոնք սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում արդարադատության նախարարություն պահանջագիր ներկայացվելու դեպքում կարող են նշանակվել հաշտարար:
4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված գործերով արդարադատության նախարարության կողմից համապատասխանաբար հաշտարար նշանակելու կամ դատարանին հաշտարարի թեկնածու առաջարկելու անհրաժեշտության դեպքում հաշտարարը նշանակվում կամ հաշտարարի թեկնածուն ընտրվում է հաշտարարների հատուկ ցանկից:
5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված առանձնացված եւ հատուկ ցանկերում ընդգրկվելու համար հաշտարարը կարող է դիմել արդարադատության նախարարություն: Հաշտարարը կարող է ընդգրկվել ինչպես նշված ցանկերից մեկում, այնպես էլ երկուսում միաժամանակ:
6. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված ցանկերում չընդգրկված հաշտարարները չեն կարող նշանակվել արդարադատության նախարարության կողմից կամ դատարանի կողմից ներկայացված պահանջագրի հիման վրա ընտրվել որպես հաշտարարի թեկնածու եւ հաշտարարություն կարող են իրականացնել կողմերի ընտրությամբ:
7. Հաշտարարի դիմումի հիման վրա սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված ցանկում հաշտարարի մասնակցությունը կարող է կասեցվել:
8. Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված ցանկերից յուրաքանչյուրում հաշտարարի մասնակցության կասեցման օրերի հանրագումարը չի կարող գերազանցել մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրը: Նշված ժամկետի լրանալուց հետո ռեեստրի առանձնացված կամ հատուկ ցանկում մասնակցության վերականգնման դիմում չներկայացնելու դեպքում հաշտարարի մասնակցությունը համապատասխան ցանկում դադարում է:
9. Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված ցանկերում ընդգրկված հաշտարարների թիվը երեքից պակաս լինելու դեպքում արդարադատության նախարարության կողմից հաշտարարի ընտրությունը կատարվում է նաեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշտարարների ցանկից:
10. Սույն օրենքի 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված ցանկերում մասնակցության դադարեցման դիմում ներկայացնելու դեպքում հաշտարարը չի կարող ընդգրկվել նույն ցանկում՝ մասնակցության դադարեցման պահից վեց ամսվա ընթացքում: Ցանկում մասնակցության դադարեցման մասին որոշումը արդարադատության նախարարության կողմից ուղարկվում է հաշտարարին՝ այն կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
11. Հաշտարարը ռեեստրում հաշվառումից հանվում է որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքում:
12. Հաշտարարին հաշվառումից հանելու մասին որոշումն արդարադատության նախարարության կողմից ուղարկվում է հաշտարարին՝ այն կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Հաշտարարին հաշվառումից հանելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
14. Ռեեստրի վարման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:
Հոդված 18. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Արտոնագրված հաշտարարների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը առնվազն երկու տարին մեկ անգամ կազմակերպում եւ իրականացնում է հաշտարարների պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 12 ակադեմիական ժամ ընդհանուր տեւողությամբ:».
2) 2-րդ մասում «ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու» բառերը փոխարինել «պարտադիր վերապատրաստումների անցկացման» բառերով:
Հոդված 19. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «որը պետք է ունենա առնվազն 20 անդամ» բառերը հանել:
2) 5-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 21. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմիններն են՝
1) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը,
2) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը:
2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների անդամները այդ մարմիններում աշխատում են առանց վարձատրության, բացառությամբ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի եւ նրա տեղակալի, ինչպես նաեւ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերի:
3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը եւ գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:»
Հոդված 21. Օրենքը լրացնել նոր 21.1-21.4-րդ հոդվածներով.
«Հոդված 21.1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը կազմված է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության բոլոր անդամներից:
2. Ընդհանուր ժողովը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան եւ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովի գումարման եւ անցկացման կարգը սահմանվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:
3. Ընդհանուր ժողովը հրավիրվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի կամ խորհրդի որոշմամբ: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով եւ նշած օրակարգով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում: Եթե սահմանված ժամկետում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը ընդհանուր ժողով չի հրավիրում, ապա ընդհանուր ժողովը կարող են գումարել ընդհանուր ժողովի գումարման մասին պահանջը ներկայացրած անձինք:
4. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին: Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր ընդհանուր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Նոր ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում: Չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն գումարվող նոր ընդհանուր ժողովն իրավազորէ, եթե դրան մասնակցում է հաշտարարների 30 տոկոսից ավելին:
5.Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
6. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝
1) հաստատում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությունը եւ հաշտարարի վարքագծի կանոնները,
2) հաստատում է սույն մասի 1-ին կետում նշված փաստաթղթերում կատարվող փոփոխությունները եւ լրացումները,
3) ընտրում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին եւ խորհրդի անդամներին:
7. Ընդհանուր ժողովը լուծում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
8.Սույն հոդվածի 6-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված բացառիկ իրավասությունները չեն կարող փոխանցվել խորհրդին:
9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված իրավասությունները ընդհանուր ժողովը իրականացնում է բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
Հոդված 21.2. Ընդհանուր ժողովի կողմից հեռակա կարգով քվեարկության միջոցով ընդունվող որոշումները
1. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման եւ քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընդհանուր ժողովի անդամների ներկա լինելու՝ հեռակա կարգով քվեարկության (այդ թվում՝ առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող եւ ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող եւ հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով:
2. Էլեկտրոնային, հեռատիպային կամ հեռախոսային կապի միջոցներով ժողովի անցկացման քվեարկության դեպքում քվեաթերթիկները (այդ թվում՝ էլեկտրոնային քվեաթերթիկները) եւ անհրաժեշտ փաստաթղթերը պետք է տրամադրվեն հաշտարարներին քվեարկության օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
3. Հեռակա կարգով քվեարկությամբ ընդհանուր ժողովի որոշումն օրինական ուժ ունի, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
4. Ընդհանուր ժողովի կողմից իրականացվող հեռակա քվեարկության նկատմամբ կիրառելի են սույն օրենքի 21.1-ին հոդվածով նախատեսված կարգավորումները:
Հոդված 21.3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը
1.Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր, ինչպես նաեւ կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:
2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամների քանակը սահմանվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, որը չի կարող ավելի լինել 9 անդամից:
3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով:
4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները իրենց կազմից՝ ձայների մեծամասնությամբ:
5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը՝
1) մշակում եւ ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները.
2) մշակում եւ hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում հաշտարարի վարքագծի կանոնները կամ դրանցում կատարվող փոփոխությունները կամ լրացումները.
3) իրավասու պետական մարմիններ առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք է տալիս նախագիծ մշակող մարմիններին.
4) հաստատում է hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության տարեկան բյուջեն՝ hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ներկայացմամբ.
5) լուծում է հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ կարգապահական տույժ նշանակելու հարցը.
6) սույն օրենքի 23.6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում միջնորդում է արդարադատության նախարարին հաշտարարի որակավորման դադարեցման վերաբերյալ,
7) սահմանում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը,
8) սահմանում է հաշտարարական ծառայությունների միջին ուղենիշային գնացուցակը,
9) իրականացնում է սույն օրենքով եւ hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան երեք անգամից ոչ պակաս: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաեւ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Խորհրդի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:
7. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն կեսը:
8. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կարող է մասնակցել խորհրդի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով:
Հոդված 21.4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը ընդհանուր ժողովի կողմից ընտրվում է արտոնագրված եւ գործունեությունը չկասեցված հաշտարարների թվից՝ փակ գաղտնի քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, եւ նրանցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն:
3. Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:
4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը՝
1) ներկայացնում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը.
2) ընդունում է որոշումներ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.
3) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները: Եթե ձեռքբերվող կամ օտարվող գույքի, իսկ ձեռքբերվող ծառայության կամ աշխատանքի մատուցման դեպքում՝ մեկ ամսվա դիմաց վճարման ենթակա արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա նախքան այդպիսի գործարքի կնքումը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը պետք է ստանա խորհրդի համաձայնությունը: Նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գործարք կնքելու կարգը սահմանվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ.
4) հաշտարարի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.
5) իրականացնում է օրենքով եւ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաեւ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:
5.Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալ՝ խորհրդի անդամ չհանդիսացող հաշտարարների կազմից: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի տեղակալը փոխարինում է նախագահին նրա բացակայության ժամանակ:
6.Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունները դադարում են.
1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) որակավորման դադարեցման կամ գործունեության կասեցման դեպքում:
7. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունները դադարեցվում են իր պաշտոնեական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունները դադարեցվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը իրավունք ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցել խորհրդի տվյալ նիստին, ներկայացնել ապացույցներ եւ բացատրություններ:
9. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է խորհրդի առնվազն երեք անդամի կողմից:
10. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում վերջինիս պարտականությունները հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով կատարում է նրա տեղակալը՝ մինչեւ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նոր նախագահի ընտրությունը:
Հոդված 21.5. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը
1. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը՝ նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
2. Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որեւէ նշում չի կատարում:
3. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել.
1) առավելագույնը այնքան թեկնածուի, որքան կազմում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի՝ ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է.
2) առավելագույնը մեկ թեկնածուի, եթե ընտրվելու է մեկ անդամ:
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր եւ հաշվի չեն առնվում քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելիս:»:
Հոդված 22. Օրենքի 23-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 23. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ6-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 6
ՀԱՇՏԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23.1. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները եւ հիմքերը
1. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հայտնաբերումը.
2) անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը, ինչպես նաեւ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն ներկայացված զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.
3) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարի կողմից անդամավճար չվճարելու վերաբերյալ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.
4) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարի կողմից վերապատրաստում չանցնելու վերաբերյալ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ներկայացրած տեղեկանքը:
2. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերն են՝
1) հաշտարարություն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) հաշտարարի վարքագծի կանոննեը խախտելը:
4. Սույն հոդվածի իմաստով՝
1) ակնհայտ է հաշտարարի կողմից իր գործունեությունն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով.
2) խախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե հաշտարարը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.
3) խախտումը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե հաշտարարը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեեւ տվյալ իրադրությունում կարող էր եւ պարտավոր էր դա անել:
Հոդված 23.2. Հաշտարարի իրավունքները կարգապահական վարույթում
1. Հաշտարարը կարգապահական վարույթի ընթացքում իրավունք ունի՝
1) մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով.
2) կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու եւ գործից դուրս գրելու ցանկացած ծավալի որեւէ տեղեկություն.
3) տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.
4) ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու եւ հետազոտելու համար.
5) հայտնելու բացարկներ խորհրդի անդամներին եւ գործը նախապատրաստող անձանց.
6) հարուցելու միջնորդություններ.
7) հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ խորհրդի հրավիրած վկաներին.
8) հարցեր տալու ելույթ ունեցողին.
9) հանդես գալու եզրափակիչ ելույթով.
10) ստանալու հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի եւ խորհրդի որոշումները.
11) դատական կարգով բողոքարկելու հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի որոշումները:
Հոդված 23.3. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթների եւ հիմքերի առկայության դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կամ խորհրդի անդամների 1/3-ը (այսուհետ՝ վարույթ հարուցող), որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին՝ առիթը ծագելու պահից երկու ամսվա ընթացքում:
2. Կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ենթադրյալ խախտման, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել մինչեւ հաշտարարության ավարտը՝ հաշտարարությունն ավարտվելու պահից անցել է երկու տարի:
3. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կարգապահական վարույթ հարուցած հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կամ խորհրդի անդամների 1/3-ը կարգապահական գործն ուղարկում է խորհրդին:
4. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ուղարկվում է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված եւ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած անձին եւ հաշտարարին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Հոդված 23.4. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժելը
1. Կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության դեպքում վարույթ հարուցողը առիթը ծագելու պահից երկու ամսվա ընթացքում պատճառաբանված որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին:
2. Կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված եւ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած անձին:
Հոդված 23.5. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող եւ վերջնական որոշում կայացնող մարմինն է:
2. Կարգապահական գործը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կանոնադրությամբ սահմանված կարգով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը նշանակում է կարգապահական գործը զեկուցող խորհրդի անդամին:
3. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձինք հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու վերաբերյալ խորհրդի որոշումների քվեարկությանը չեն մասնակցում:
4. Կարգապահական գործը վարույթ ընդունելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նախագահը պարտավոր է նշանակել հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նիստ եւ նիստի տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցել հաշտարարին, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին եւ կարգապահական գործին մասնակցող այլ անձանց:
5. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո եռամսյա ժամկետում:
Հոդված 23.6. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի որոշումը
1.Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն հաշտարարը կատարել է մի քանի կարգապահական խախտում, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը կայացնում է մեկ որոշում:
2. Խորհուրդը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող խորհրդի կազմում ընդգրկված անդամները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:
3. Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է հաշտարարի համար:
4. Խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:
5. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո խորհուրդը կարող է կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակները.
1) նկատողություն կարգապահական տույժի կիրառում.
2) խիստ նկատողություն կարգապահական տույժի կիրառում.
3) հաշտարարի որակավորման դադարեցման վերաբերյալ արդարադատության նախարարին միջնորդության ներկայացում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցը կարող է կիրառվել երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող հաշտարարի կողմից կրկին պատասխանատվության ենթարկվելու դեպքում:
7. Հաշտարարի նկատմամբ նկատողություն եւ խիստ նկատողություն կիրառվելուց հետո համապատասխանաբար վեց ամսվա եւ մեկ տարվա ընթացքում պատասխանատվության չենթարկվելու դեպքում հաշտարարը համարվում է պատասխանատվության չենթարկված:
8. Հաշտարարի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Պատասխանատվության միջոցը կիրառելիս հաշվի են առնվում խախտման հետեւանքները, հաշտարարի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը եւ հաշտարարին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
9. Հաշտարարին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ուղարկվում է հաշտարարին այն կայացնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
10. Պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
11. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու դեպքում հաշտարարի որակավորումը դադարեցնելու մասին միջնորդությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է արդարադատության նախարարություն:
Հոդված 23.7. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի կողմից հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը կարճում է հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ՝
1) բացակայում է կարգապահական խախտման դեպքը.
2) հիմնավորված չէ հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.
3) կարգապահական խախտումը կատարելուց հետո անձը հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ.
4) կարգապահական խախտումը կատարելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով հաշտարարի որակավորումը դադարեցվել է.
5) առկա է միեւնույն հիմքով եւ միեւնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում.
6) անցել են սույն օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները:
2. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցած անձին եւ հաշտարարին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:»:
Հոդված 24. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, 2-րդ հոդվածի, 17-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ Օրենքի 17-րդ հոդվածի 5-10-րդ մասերում Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում արդարադատության նախարարությունը անցկացնում է հաշտարարների թեկնածուների ուսուցում եւ որակավորման ստուգում:
5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների համար սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում արդարադատության նախարարությունը կազմակերպում եւ իրականացում է պարտադիր վերապատրաստման դասընթացներ՝ արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով եւ ակադեմիական ժամերի քանակով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների՝ պարտադիր վերապատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում նրանց տրվում է նոր որակավորման վկայագիր:
7. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագրված եւ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով վերապատրաստումներին չմասնակցած հաշտարարների որակավորումը օրենքի ուժով համարվում է դադարած:
8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված որակավորման ստուգման հիման վրա որակավորման վկայագրի տրամադրման եւ 5-րդ մասով նախատեսված վերապատրաստման դասընթացի ավարտման արդյունքում հաշտարարների ռեսստրի համալրումից հետո երեք ամսվա ընթացքում արդարադատության նախարարի սահմանած կարգով հրավիրվում եւ անցկացվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը՝ գործող կառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ նոր կառավարման մարմիններ ձեւավորելու նպատակով:
9. Նախքան հաշտարարների ընտրության էլեկտրոնային համակարգի ստեղծումը՝ արտոնագրված հաշտարարը նշանակվում է արդարադատության նախարարությունում հաշվառված համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության՝ հաշվի առնելով արտոնագրված հաշտարարի մասնագիտացումը եւ ծանրաբեռնվածության աստիճանը: