Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-361-23.08.2022,30.09.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «անձանց» բառից հետո լրացնել «, իսկ հայտարարագրման հետ կապված իրավակարգավորումների դեպքում՝ նաեւ օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց» բառերով:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում «արգելքի» բառը փոխարինել «սահմանափակումների» բառով»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասն «իրավական ակտերով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների» բառերով:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 29. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ:

3. Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողությունները, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն եւ որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում նաեւ փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով:

4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունելմիայն հետեւյալ նվերները.

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.

3) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.

4) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

5. Սույն հոդվածի իմաստով «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով եւ առաջարկներով:

6. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ 1-ին կետով նախատեսված՝ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերները տնօրինվում են համապատասխանաբար «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ քան հնգօրյա ժամկետում, հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին, դատախազը, քննիչը՝ համապատասխան մարմնում գործող էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում՝ խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին:

10. Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա այդ մասին իրեն հայտնի դառնալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ քան հնգօրյա ժամկետում, հանրային ծառայողը սահմանված կարգով հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին, քննիչը, դատախազը՝ Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի, էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը հանդիսանում է սույն հոդվածի իմաստով արգելված նվեր, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում՝ խորհրդատվական կարծիք ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:

11. Սույն հոդվածի իմաստով փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը:

12. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ պետական ծառայողների կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում ստացված նվերը ենթակա է հանձնման պետությանը, իսկ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց եւ համայնքային ծառայողների կողմից՝ համապատասխան համայնքին:»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 30. Նվերների հաշվառումը եւ հանձնումը

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր է իր կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում (այուհետ՝ Ռեեստր):

2. Քառասուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (հինգ եւ ավելի) բնույթ կրող դեպքերի:

3. Նվերների հաշվառման, հանձնման եւ գնահատման, Ռեեստրի վարման կարգերը, Ռեեստրում լրացման եւ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաեւ խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սույն մասով նախատեսված կարգերով կարող են սահմանվել առանձնահատկություններ՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված:»:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված գործունեությունն իրականացնելը,

2) անհատ ձեռնարկատեր լինելը,

3) առեւտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առեւտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման կամ չի գերազանցում սույն հոդվածի 8-րդ մասի 11-րդ կետում նշված թույլատրելի բաժնեմասնակցությունը:».

2) 8-րդ մասը լրացնել նոր 10-րդ եւ 11-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«10) Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ֆոնդային բորսայում առեւտրին թույլատրված արժեթղթեր ունենալը` նույն ընկերության կանոնադրական կապիտալում առավելագույնը 1 տոկոս մասնակցության շրջանակներում.

11) բանկի թողարկած կանոնադրական կապիտալի 0,0001%-ը չգերազանցող բաժնեմասնակցությունը ձեռք բերելը:

3) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պաշտոնի նշանակվելուց (ընտրվելուց) հետո իրավունք չունեն ձեռք բերել առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ):

Առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնը ստանձնելուց կամ ժառանգությունն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:»:

4) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները:»:

5) լրացնել նոր 11.1.-ին եւ 11.2.-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11.1. Որպես հավատարմագրային կառավարիչ հանդես գալ չեն կարող հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձինք:

11.2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին արգելվում է որեւէ ձեւով ազդեցություն գործել հավատարմագրային կառավարչի վրա կամ միջամտել հավատարմագրային կառավարման գործընթացին:»:

6) 13-րդ մասում «հանրակրթական» բառից հետո լրացնել «եւ մասնագիտական» բառերը:

7) լրացնել նոր 18-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18. Սույն հոդվածի իմաստով փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը:»:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Շահերի բախումը.

1. Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա:

2. Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որեւէ արտոնություն իրեն կամ իրեն փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ: Գործարար հարաբերությունները ներառում են տնտեսական, տնտեսվարման կամ գործարքներից ծագող ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որեւէ մեկի համար: Քաղաքական հարաբերությունները ներառում են որեւէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերությունները:

3. Իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահերով առաջնորդվել չի համարվում այն դեպքը, երբ տվյալ գործողությունը (անգործությունը) կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ակնհայտ է, որ որոշումը կամ գործողությունը (անգործությունը) ուղղված են ապահովելու արտոնություն պաշտոն զբաղեցնող անձի, նրա հետ փոխկապակցված անձի կամ վերջիններիս անդամակցած առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպությունների համար:

4. Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձեւավորում եւ այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց:

5. Եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ:

6. Պաշտոն զբաղեցնող անձի վերադասը կամ անմիջական ղեկավարը գրավոր հայտարարության ուսումնասիրության հիման վրա ձեռնարկում է կամ առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված հետեւյալ քայլերից մեկը կամ մի քանիսը միաժամանակ.

1) սահմանափակել պաշտոն զբաղեցնող անձի հասանելիությունը որոշակի տեղեկատվության,

2) տվյալ հարցը քննարկելու եւ լուծելու իրավասությունը հանձնարարել պաշտոն զբաղեցնող այլ անձի, եթե դա օրենքով արգելված չէ,

3) պաշտոն զբաղեցնող անձի համաձայնությամբ սահմանել ժամկետ շահերի բախումը վերացնելու համար,

4) սահմանափակել տվյալ դեպքում պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները, հայեցողության շրջանակը, եթե դա օրենքով արգելված չէ,

5) ձեռնպահ մնալ կոլեգիալ մարմիններում որոշում կայացնելուց, եթե համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքում այլ բան նախատեսված չէ,

6) շահերի բախման բացակայության դեպքում շարունակել կամ վերսկսել պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարումը:

7. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ:

8. Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունը ստանալը անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ անհապաղ գործողություն կատարելը կամ որոշում կայացնելը պայմանավորված է անձանց կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության պաշտպանության անհրաժեշտությամբ՝ այդ մասին տեղեկացնելով վարույթի մասնակիցներին, իր վերադասին կամ անմիջական ղեկավարին, իսկ վերադասին կամ անմիջական ղեկավար չունենալու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

9. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի առնչությամբ շահերի բախման իրավիճակի առկայության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը կամ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության կապակցությամբ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքէջում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում:

10. Օրենքով նախատեսված դեպքերում սույն հոդվածով սահմանված դրույթների խախտումը առաջացնում է վարչական կամ կարգապահական պատասխանատվություն:

Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:

11. Սույն հոդվածի իմաստով փոխկապակցված անձինք են`

1) պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները.

2) պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական եւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք.

3) այն կազմակերպությունը, որին մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա պաշտոն զբաղեցնող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ:

12. Սույն հոդվածի դրույթները տարածվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երեւան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ հանրային ծառայողների վրա: Դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերը չեն տարածվում:»:

Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձինք են համարվում նաեւ պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրած հիմնադրամների, 50 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության եւ համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի իրավիճակային հայտարարագիր:»:

2) 5.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի իրավիճակային հայտարարագիր: Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:»:

Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 6-րդ եւ 7-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.

7) հանրային ծառայողներին տրամադրում է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք:»:

Հոդված 10. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրվող 29-րդ հոդվածի 6-11-րդ մասերով եւ 5-րդ հոդվածով նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: