Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանա՟տվության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 28-ի N ՀՕ-302 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «պայմանագրային հիմունքներով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով ։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .
«Հոդված 12. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի,շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը.
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգ չեն պարունակում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգ են պարունակում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով եւ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով եւ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործունեության դադարեցում»։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 121 եւ 122 -րդ հոդվածներով .
«Հոդված 121 . Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը.
Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Հոդված 122 . Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացման չապահովումը.
Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացման չապահովումը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1922-Ն որոշմամբ հաստատված՝ «ՀՀ կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 82-րդ կետի հանձնարարականով։
Օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնել շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ինչպես նաեւ շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի խախտումներ կատարելու պարագայում յուրաքանչյուր խախտման համար կիրառվող համապատասխան տուգանքի նշանակման դեպքերը:
Նախագծով առաջարկվում է 12-րդ հոդվածը վերաշարադրել այն սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի խախտումներ կատարած իրավաբանական անձին պատասխանատվության ենթարկել ոչ թե բոլոր խախտումները միաժամանակ կատարելիս, այլ դրանցից յուրաքանչյուրի խախտման համար: Ինչպես նաեւ այն նկատառումները, որ շենքի, շինության ամրության, կայունության հուսալիության վրա կարող են ազդել շինարարությունն իրականացնողի կողմից անմիջականորեն կատարած խախտումները, մինչդեռ տեխնիկական հսկողության կարգի խախտում թույլ տալը չի կարող նման հետեւանքներ ունենալ եւ նրանց նկատմամբ նպատակահարմար չէ կիրառել նույնաչափ վարչական տուգանք, այդ իսկ պատճառով օրենքի նախագծի121 -րդ հոդված նախատեսվել է այլ չափի վարչական տույժ` տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ:
Օրենքի նախագծի ընդունմամբ այն համապատասխանեցվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի դրույթներին:
Նախագծով հստակեցվել է շինարարության ընթացքում տեխնիկական եւ հեղինակային հսկողության իրականացումը չապահովելու դեպքում կառուցապատողի նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը: Վերջինս պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով, մասնավորապես կառուցապատողի պարտականությունների մեջ ամրագրված է, որ կառուցապատողը պարտավոր է ապահովել հեղինակային իրավունքի նորմերը, ապահովել քաղաքաշինական օբյեկտների նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակային հսկողությունը (հոդված 6, 4-րդ մաս, ը) ենթակետ), ինչպես նաեւ կառուցապատողը պարտավոր է ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը (հոդված 6, 4-րդ մաս, թ) ենթակետ): Քաղաքաշինական պետական տեսչության 2003, 2004 թվականներին շինար արական օբյեկտներում կատարած ստուգումների արդյունքների ուսումնասիրություններից պարզվել է, որ կառուցապատողների կողմից հաճախակի չեն կատարվում վերոհիշյալ պարտականությունները: Այսպես` 2003թվականին ստուգված 900 օբյեկտներում կառուցապատողների կողմից 150-ում չի ապահովվել տեխնիկական հսկողություն, 141 օբյեկտում` հեղինակային հսկողություն: 2004 թվականին ստուգված 1200 օբյեկտներում համապատասխանաբար 374-ում չի ապահովվել տեխնիկական հսկողություն, 368-ում` հեղինակային հսկողություն: Նմանատիպ խախտումների համար 2003, 2004թվականներին վարչական պատաս՟խա՟նա՟տվության միջոցներ չեն կիրառվել, քանի որ օրենքով նախատեսված չի եղել :