Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-383-04.10.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք)` 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.4-րդ կետով.

14.4) հաստատում է կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաեւ կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի եւ դրանց սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները.»:

Հոդված 2 . Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Կրթական ծրագրերի մասով արված ցանկացած փոփոխության դեպքում` սահմանային տեղերի փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերով եւ մասնագիտությունների գծով գործունեության թույլտվությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման հրամայականով եւ բխում է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի 02/10.3/37766-2021 հանձնարարականի պահանջներից:

2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Կրթության բնագավառը ունի իր առանձնահատկությունները եւ կրթության ոլորտի լիցենզավորման գործընթացը մեկ միասնական օրենքով /«Լիցենզավորման մասին» օրենք/ չէր կարող կարգավորել ոլորտում առկա հարաբերությունները: Նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, կրթական ծրագրերով սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների, գործունեության թույլտվությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 646-Ն եւ 2014 թվականի հունիսի 4-ի N 588-Ն որոշումներով, սակայն օրենսդրությամբ այն նախատեսված չէ: Դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2.1 մասով,  հաշվի առնելով այդ առանձնահատկությունները` նախատեսվել է դրույթ, համաձայն որի լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաեւ այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար: Այժմ շրջանառվող «ՀՀ կառավարության 2009 հուլիսի 9-ի 808-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված է, որ կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն (այդ թվում` նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխությունը, ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվությունը) սահմանվում է լիցենզիայի ներդիրում եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր` գործընթացը կապելով վերոնշյալ օրենքի պահանջի հետ: Սակայն, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ սահմանված չեն այդ առանձնահատկությունները եւ չեն էլ կարող սահմանվել (քանի որ օրենքն ընդհանուր է տարբեր ոլորտների լիցենզավորման գործընթաց իրականացնելու համար), ուստի անհրաժեշտ է որպեսզի այն սահմանվի «Կրթության մասին» օրենքում, որից հետո էլ լիցենզավորման կարգերում կլինեն նաեւ տվյալ գործընթացները իրականացնելու համար ընթացակարգային փոփոխություններ: Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հնարավորություն կտա լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել կրթության ոլորտի առանձնահատկությունները, կարգավորել կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ` նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, մասնագիտությունների գծով` ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի գործունեության թույլտվությունը եւ այլն, առանց որի անհնար է լիարժեք եւ ամբողջական իրականացնել կրթական ծրագրերի լիցենզավորումը:

Օրենքով նաեւ անհրաժեշտ է որպես լիազորող նորմ սահմանել գրադարանների, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաեւ կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի` գրականությամբ, սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակների նախարարի կողմից հաստատման պահանջ, քանի որ գործող օրենսդրությամբ այն նախատեսված չի եղել:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է կրթության բնագավառում լիցենզավորման մի շարք գործընթացներ օրենքով ամրագրելով, գործընթացը դարձնել առավել հստակ եւ արդյունավետ, կարգավորել իրավական ակտերի միջեւ եղած անհամապատասխանությունը:

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից լիցենզիավորման մի շարք գործընթացներ իրականացնելու հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից լիցենզավորվող կրթական ծրագրերի իրականցման գործընթացը դառնում է առավել արդյունավետ:

Նորմատիվների սահմանումը կխթանի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը, որը իր հերթին կապահովի ուսուցման բարձր արդյունք:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից?

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն