Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-714-11.10.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը, կարեւորելով իրավական ակտերի ընդունման գործընթացում պետության, հասարակության եւ քաղաքացիների շահերի հավասարակշռվածությունը, սույն օրենքով նպատակ ունի ապահովել իրավաստեղծ գործընթացում անձանց, նրանց առանձին խմբերի մասնակցության հնարավորությունը, օրինականությունը եւ հրապարակայնությունը:

Սույն օրենքը նպատակ չունի սահմանափակելու լոբբիստական գործունեության իրականացման հնարավորությունները զուտ միայն սույն օրենքով նախատեսված ընթացակարգերով: Դրա հետ մեկտեղ, սույն օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան իրականացվող լոբբիստական գործունեության ընթացքում լոբբիստն օգտվում է օրենքով եւ իրավական այլ ակտերով իրեն վերապահված իրավունքներից եւ արտոնություններից:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Լոբբիստական գործունեության մասին օրենսդրությունը

1. Լոբբիստական գործունեության մաuին oրենuդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, uույն oրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրում սահմանված է այլ նորմ, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում է պայմանագրով սահմանված նորմը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.

Էլեկտրոնային կայքէջ՝ հանրային հեռահաղորդակցության ցանցի՝ լիազորված մարմնի կողմից վարվող եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող լոբբիստական գործունեության մասին տեղեկատվություն բովանդակող կայքէջ.

Իրավաստեղծ մարմին ՝ նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին.

Իրավաստեղծ լիազորությամբ անձ՝ իրավաստեղծ մարմնի պաշտոնատար անձ, որն ունի իրավական նորմ սահմանելու, փոփոխելու եւ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշում ընդունելու կամ այդպիսի որոշում ընդունելու վերաբերյալ քվեարկությանը մասնակցելու լիազորություն.

Լիազորված մարմին՝ լոբբիստական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.

Լոբբիստական գործունեություն` իրավաստեղծ մարմնի եւ (կամ) իրավաստեղծ լիազորությամբ անձի՝ իրավական նորմ սահմանելու, փոփոխելու կամ դրա գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման վրա ներազդելու նպատակով սույն օրենքով նախատեսված կարգով իրականացվող գործունեություն, որն ուղղված է անձի կամ անձանց որոշակի խմբի իրավաչափ շահերն ապահովելուն.

Լոբբիստ` ընտրական իրավունք, բարձրագույն կրթություն ունեցող եւ սույն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

Լոբբիստական կազմակերպություն ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված, սույն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնում հաշվառված լիակատար ընկերակցություն, որի մասնակիցները բացառապես լոբբիստներ են եւ (կամ) լոբբիստական կազմակերպություններ.

Հաշվառման մատյան՝ լոբբիստների եւ լոբբիստական կազմակերպությունների պետական հաշվառմանմատյան, որը վարում է լիազորված մարմինը.

Պատվիրատու` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով լոբբիստին կամ լոբբիստական կազմակերպությանը լոբբիստական գործունեություն իրականացնելու առաջադրանք տված Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ:

Հոդված 3. Լոբբիստական գործունեության սկզբունքները եւ առարկան

1. Լոբբիստական գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը եւ վերահսկելիությունը:

2. Լոբբիստական գործունեության առարկան նորմատիվ իրավական ակտերն ու դրանց նախագծերն են:

3. Լոբբիստական գործունեության առարկա չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները, ինչպես նաեւ դատական ակտերը:

Հոդված 4. Լոբբիստի գործունեությունը եւ դրա իրականացման հիմքերը

1. Լոբբիստական գործունեությունը իրականացվում է միայն լոբբիստի միջոցով:

2. Լոբբիստը լոբբիստական գործունեություն կարող է իրականացնել որպես՝

ա) Հայաստանի Հանրապետությունում գրանցված անհատ ձեռնարկատեր, որը գործում է իր անունից՝ պատվիրատուի հետ կնքված պայմանագրի հիման վրա.

բ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված անհատ ձեռնարկատեր լոբբիստների կնքած համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների ներկայացուցիչ, որը գործում է այդ պայմանագրի մասնակիցների անունից՝ պատվիրատուի հետ վերջիններիս կնքած պայմանագրի հիման վրա.

գ) լոբբիստական կազմակերպության մասնակից, որը գործում է այդ կազմակերպության անունից՝ պատվիրատուի հետ կնքված պայմանագրի հիման վրա.

դ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության անդամ, որը գործում է այդ կազմակերպության անունից:

3. Հասարակական կազմակերպության անունից իրականացվող լոբբիստական գործունեությունը պետք է համապատասխանի այդ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկային եւ նպատակներին, չի կարող ունենալ պատվիրատու եւ չի կարող իրականացվել որպես վճարովի ծառայություն:

4. Հասարակական միավորման (բացի կուսակցություններից) կամ միայն այդպիսի միավորումներից կազմված իրավաբանական անձանց միության անունից լոբբիստական գործունեությունն իրականացվում է հասարակական կազմակերպության անունից իրականացվող լոբբիստական գործունեության համար սահմանված կարգով: Կուսակցության անունից լոբբիստական գործունեություն իրականացնելն արգելվում է:

Հոդված 5. Լոբբիստական գործունեության սահմանները

1. Լոբբիստական գործունեություն չի համարվում`

ա) հանրային ծառայողի գործունեությունն իր լիազորությունների շրջանակում.

բ) իրավաստեղծ լիազորությամբ անձի հրավերով իրավական ակտի նախագծի քննարկմանը մասնակցելը եւ կարծիք հայտնելը.

գ) զանգվածային լրատվության միջոցով կարծիքներ եւ այլ տեղեկություններ տարածելը.

դ) իրավական ակտերի եւ (կամ) դրանց նախագծերի մշակմամբ, գիտական եւ վիճակագրական հետազոտությունների, պարզաբանումների, վերլուծությունների, մեկնաբանությունների եւ համանման մասնագիտական աշխատանքների կատարմամբ զբաղվող անձանց աշխատանքային գործունեությունը:

2. Պատվիրատու չեն կարող լինել`

ա) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ պետական եւ համայնքային հիմնարկները.

բ) հանրային ծառայողները՝ իրենց լիազորությունների շրջանակում գտնվող հարցերի կապակցությամբ:

3. Լոբբիստ չեն կարող լինել՝

ա) հանրային ծառայողները.

բ) դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

4. Օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ստացած անձինք կարող են հանդես գալ որպես պատվիրատու, եթե լոբբիստական գործունեության առարկան տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերն ու դրանց նախագծերն են:

Հոդված 6. Լոբբիստական գործունեությունը չարաշահելու անթույլատրելիությունը

1. Իրավաստեղծ լիազորությամբ անձանց հետ հարաբերություններում լոբբիստն իրավունք չունի անձնական նպատակների համար օգտագործել իր կարգավիճակից բխող հնարավորությունները:

2. Իր պարտականությունները կատարելիս լոբբիստն իրավասու չէ միջամտել իրավաստեղծ մարմնի բնականոն գործունեությանը:

3. Լոբբիստական գործունեության իրականացման ընթացքում անանուն եւ լոբբիստական գործունեության առարկային չառնչվող քարոզչական նյութեր տարածելն արգելվում է:

ԳԼՈՒԽ 2

ԼՈԲԲԻՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Լոբբիստի իրավունքները

Լոբբիստն իրավունք ունի իրականացնել լոբբիստական գործունեություն եւ այդ ընթացքում օգտվելու սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավունքներից եւ արտոնություններից:

Հոդված 8. Լոբբիստի պարտականությունները

Լոբբիստը պարտավոր է`

ա) իրավաստեղծ մարմնի նստավայրում իր գործունեությունն իրականացնել տվյալ մարմնի աշխատակարգին համապատասխան.

բ) վարել իր պայմանագրերի գրանցամատյանը.

գ) ուսումնասիրության համար լիազորված մարմնի ներկայացուցչին տրամադրել իր պայմանագրերի գրանցամատյանը եւ լոբբիստական գործունեությանն առնչվող փաստաթղթերը.

դ) սույն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով իր գործունեության վերաբերյալ տարեկան տեղեկատվությունը ներկայացնել լիազորված մարմին.

ե) օրենքով եւ (կամ) պայմանագրով նախատեսված դեպքերում պահպանել լոբբիստական գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.

զ) չկատարել իր իրականացրած լոբբիստական գործունեության նպատակներին, ինչպես նաեւ պատվիրատուի, իր ներկայացրած լոբբիստական կազմակերպության կամ հասարակական կազմակերպության շահերին հակասող գործողություն.

է) չկնքել լոբբիստական գործունեության մասին պայմանագիրը կամ չստանձնել լոբբիստական գործունեության իրականացումը, եթե դրա առարկան հակասում է իր կողմից արդեն իսկ իրականացվող լոբբիստական գործունեության առարկային.

ը) անհապաղ դադարեցնել իր կողմից իրականացվող լոբբիստական գործունեության ուղղություններից մեկը, եթե ի հայտ է գալիս հակասություն այդ ուղղությունների միջեւ.

թ) անհապաղ դադարեցնել իր լոբբիստական գործունեությունը, եթե առաջ են եկել հանգամանքներ, որոնք, սույն օրենքին համապատասխան, բացառում են իր, որպես լոբբիստ, հանդես գալը:

Հոդված 9. Լոբբիստի վարվեցողության կանոնները

Լոբբիստը պարտավոր է պահպանել համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերը եւ վարվեցողության կանոնները, այդ թվում՝

ա) բանավոր եւ գրավոր շփումներում լինել հարգալից, օգտագործել բարեկիրթ դիմելաձեւ.

բ) իր գործունեության ընթացքում օգտագործել հավաստի տեղեկություններ.

գ) զերծ մնալ այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է խոչընդոտել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն աշխատանքին.

դ) այլ լոբբիստների պատվի եւ արժանապատվության պահպանման նկատմամբ հանդես բերել հոգածություն:

ԳԼՈՒԽ 3

ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 10. Ընդհանուր դրույթներ հաշվառման մասին

1. Ֆիզիկական անձի, որպես լոբբիստի, եւ կազմակերպության, որպես լոբբիստական կազմակերպության, հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` սույն օրենքով սահմանված տվյալները հաշվառման մատյանում գրառելու միջոցով:

2. Լոբբիստի եւ լոբբիստական կազմակերպության հաշվառումն անժամկետ է:

3. Լոբբիստի եւ լոբբիստական կազմակերպության հաշվառման, ինչպես նաեւ հաշվառման վկայականի կրկնօրինակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

4. Հաշվառման մատյանը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

Հոդված 11. Հաշվառման մատյանի բովանդակությունը

1. Հաշվառման մատյանում գրառվում են ֆիզիկական անձի`

ա) ազգանունը, անունը.

բ) անձնագրի տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված եւ երբ).

գ) բնակության վայրի եւ հեռահաղորդակցության միջոցների մասին տվյալները.

դ) կրթության մասին տվյալները.

ե) տվյալներ լոբբիստական կազմակերպությանը կամ համատեղ գործունեության պայմանագրի մասնակցելու կամ հասարակական կազմակերպության անունից հանդես գալու մասին.

զ) հաշվառումից հանվելու դեպքում՝ նշում այդ մասին:

2. Հաշվառման մատյանում գրառվում են կազմակերպության՝

ա) անվանումը.

բ) գտնվելու վայրի եւ հեռահաղորդակցության միջոցների մասին տվյալները.

գ) մասնակիցների անունները, ազգանունները եւ (կամ) անվանումները.

դ) հաշվառումից հանվելու դեպքում՝ նշում այդ մասին:

3. Հաշվառման մատյանի ձեւը, այն վարելու, այդ թվում՝ դրանում գրառված տեղեկությունը փոփոխելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Հոդված 12. Լոբբիստի հաշվառման վկայականը

1. Լոբբիստի հաշվառման վկայականը ֆիզիկական անձին որպես լոբբիստ հաշվառելու փաստը հավաստող փաստաթուղթ է:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում է լոբբիստի հաշվառման միասնական ձեւի անժամկետ վկայական:

3. Լոբբիստի հաշվառման վկայականի ձեւը եւ հաշվառման վկայականի կրկնօրինակ տալու կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Հոդված 13. Ֆիզիկական անձի եւ կազմակերպության հաշվառման համար ներկայացվող փաստաթղթերը

1. Հաշվառման համար ֆիզիկական անձը լիազորված մարմին է ներկայացնում՝

ա) լիազորված մարմնի սահմանած ձեւի դիմում հաշվառման մասին.

բ) անձնագրի լուսապատճենը.

գ) երկու լուսանկար.

դ) լիազորված մարմնի սահմանած ձեւի հայտարարություն՝ դիտավորյալ հանցագործության համար դատվածություն չունենալու մասին.

ե) մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի լուսապատճենները.

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

2. Հաշվառման համար լոբբիստական կազմակերպությունը լիազորված մարմին է ներկայացնում՝

ա) լիազորված մարմնի սահմանած ձեւի դիմում հաշվառման մասին.

բ) կանոնադրության եւ պետական գրանցման վկայականների լուսապատճենները.

գ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3. Հաշվառման համար փաստաթղթերը լիազորված մարմին են ներկայացվում առձեռն կամ պատվիրված նամակով եւ վերադարձման ենթակա չեն:

4. Հաշվառումից հետո լիազորված մարմինն իրավասու է պահանջել լուսապատճենների տեսքով հաշվառման մասին դիմումին կցված փաստաթղթերի բնօրինակները՝ դրանք ուսումնասիրելու նպատակով:

Հոդված 14. Ֆիզիկական անձի եւ կազմակերպության հաշվառման կարգը

1. Ֆիզիկական անձի կամ կազմակերպության հաշվառման համար ներկայացված փաստաթղթերն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինը համապատասխան գրառում է կատարում հաշվառման մատյանում եւ պատրաստում լոբբիստի հաշվառման վկայականը կամ լոբբիստական կազմակերպության հաշվառման մասին հաղորդումը:

2. Եթե ֆիզիկական անձի կամ կազմակերպության տվյալները չեն բավարարում սույն օրենքով սահմանված պահանջներին կամ հաշվառման համար ներկայացված փաստաթղթերը թերի, անընթեռնելի կամ կեղծ են, ապա լիազորված մարմինը մերժում է լոբբիստի կամ լոբբիստական կազմակերպության հաշվառումը:

3. Լիազորված մարմինը լոբբիստի հաշվառման վկայականը պատրաստելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով առաքում է լոբբիստին (եթե այդ մասին առկա է լոբբիստի խնդրանքը հաշվառման մասին դիմումում) կամ հանձնում է նրան՝ նրա առաջին իսկ պահանջի դեպքում:

Լիազորված մարմինը լոբբիստական կազմակերպության հաշվառման մասին հաղորդումը, հաշվառման մատյանում գրառում կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով առաքում է այդ կազմակերպությանը:

4. Լոբբիստի կամ լոբբիստական կազմակերպության հաշվառումը մերժելու դեպքում լիազորված մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով այդ մասին գրավոր հաղորդում է ուղարկում նրանց՝ դրանում նշելով մերժման պատճառը եւ իրավական հիմքը: Այդ հաղորդման պատճենը լոբբիստին կամ լոբբիստական կազմակերպության ներկայացուցչին է հանձնվում նրանց առաջին իսկ պահանջով:

5. Արգելվում է սույն հոդվածի 2-րդ մասով չնախատեսված հիմքերով լոբբիստի կամ լոբբիստական կազմակերպության հաշվառման մերժումը:

Հոդված 15. Լոբբիստին կամ լոբբիստական կազմակերպությանը հաշվառումից հանելը

1. Լոբբիստը հաշվառումից հանվում է, եթե`

ա) նա դիմել է լիազորված մարմին՝ իրեն հաշվառումից հանելու խնդրանքով.

բ) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

գ) անցել է հանրային ծառայության.

դ) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.

ե) դատարանի որոշմամբ զրկվել է լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

զ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

է) առկա է լոբբիստների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն այդ մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «բ»-ից մինչեւ «զ» կետերով նախատեսված դեպքերում լիազորված մարմնի համար հիմք են ծառայում սահմանված կարգով ուժի մեջ մտած համապատասխան վարչական կամ դատական ակտերը:

3. Լոբբիստների էթիկայի հանձնաժողովը լոբբիստին հաշվառումից հանելու մասին եզրակացություն կարող է տալ, եթե նա թույլ է տվել սույն օրենքի պահանջների էական խախտում, կամ կեղծ կամ դիտավորությամբ խեղաթյուրված տեղեկություններ են հայտնաբերվել լոբբիստի հաշվառման համար ներկայացված փաստաթղթում կամ տարեկան տեղեկատվությունում:

4. Լոբբիստին հաշվառումից հանելուց հետո նրան տրված հաշվառման վկայականը համարվում է անվավեր, եւ այդ մասին լիազորված մարմինը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր հաղորդում է լոբբիստին եւ այն իրավաստեղծ մարմիններին, որոնցում լոբբիստը հավատարմագրված է:

5. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանված լոբբիստը հաշվառման համար վերստին կարող է դիմել ընդհանուր կարգով:

Սույն հոդվածի 1-ին մասի «բ»-ից մինչեւ «զ» կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանված լոբբիստը հաշվառման համար վերստին կարող է դիմել ընդհանուր կարգով՝ տվյալ կետում նշված հիմքը վերանալուց հետո:

Սույն հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանված լոբբիստը հաշվառման համար վերստին կարող է դիմել ընդհանուր կարգով՝ հաշվառումից հանվելու օրից մեկ տարի անց:

6. Լոբբիստական կազմակերպությունը հաշվառումից հանվում է, եթե՝

ա) կազմակերպությունը դիմել է լիազորված մարմին՝ հաշվառումից հանելու խնդրանքով.

բ) կազմակերպությունը դադարել է բավարարել սույն օրենքով լոբբիստական կազմակերպությանը ներկայացվող պահանջներին.

գ) կազմակերպության գործունեությունը դադարել է լուծարման արդյունքում:

Հաշվառումից հանված լոբբիստական կազմակերպությունը հաշվառման համար վերստին կարող է դիմել ընդհանուր կարգով:

ԳԼՈՒԽ 4

ԼՈԲԲԻՍՏԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

Հոդված 16. Ընդհանուր դրույթներ լոբբիստի հավատարմագրման մասին

1. Լոբբիստի հավատարմագրումը իրավաստեղծ մարմնի նստավայրում լոբբիստական գործունեություն իրականացնելու լոբբիստի իրավունքի ճանաչումն է այդ մարմնի կողմից:

2. Լոբբիստի հավատարմագրումն իրականացնում է իրավաստեղծ մարմինը՝ իր կողմից վարվող հավատարմագրման մատյանում գրառում կատարելու միջոցով:

Իրավաստեղծ մարմնի վարչական շենք մուտք գործելը սահմանափակված լինելու դեպքում հավատարմագրման ժամանակահատվածի համար հավատարմագրված լոբբիստին անհապաղ տրվում է այդ մարմնի սահմանած ձեւի անցաթուղթ:

3. Լոբբիստի հավատարմագրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:

4. Իրավաստեղծ մարմնում լոբբիստի հավատարմագրումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրավաստեղծ մարմինը հավատարմագրման մատյանից քաղվածք է ուղարկում լիազորված մարմին:

Հոդված 17. Լոբբիստի հավատարմագրման համար ներկայացվող փաստաթղթերը

1. Իրավաստեղծ մարմնում հավատարմագրվելու համար լոբբիստն իրավաստեղծ մարմին է ներկայացնում հավատարմագրվելու մասին դիմումը՝ նշելով իր անունը, ազգանունը, բնակության վայրը, տվյալներ հեռահաղորդակցության միջոցների մասին:

Եթե լոբբիստը գործելու է հասարակական կազմակերպության անունից, ապա դիմումում նշվում է կազմակերպության անվանումը:

Եթե լոբբիստը գործելու է իր կամ այլ լոբբիստների հետ կնքված համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների կամ լոբբիստական կազմակերպության անունից, ապա դիմումում պետք է նշի այդ մասին: Նա դիմումում պետք է նշի նաեւ այն իրավական ակտերի կամ իրավական ակտերի նախագծերի անվանումները, որոնք հանդիսանալու են իր լոբբիստական գործունեության առարկան, եւ դիմումին պետք է կցի լոբբիստական գործունեություն իրականացնելու մասին պայմանագրի լուսապատճենը:

Հավատարմագրվելու մասին դիմումին պետք է կցվեն նաեւ պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաեւ՝

ա) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի լուսապատճենը, եթե լոբբիստը գործելու է իր անունից.

բ) համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների անունից հանդես գալու իր լիազորությունը հավաստոող փաստաթուղթը կամ համատեղ գործունեության պայմանագիրը, որով հավաստվում է այդ լիազորությունը, եթե լոբբիստը գործելու է այլ լոբբիստների հետ կնքված համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների անունից՝ հավատարմագրվելու մասին դիմումում նշելով վերջիններիս անունները (անվանումները).

գ) իր, որպես անհատ ձեռնարկատիրոջ, եւ լոբբիստական կազմակերպության պետական գրանցման վկայականների լուսապատճենները եւ կազմակերպության անունից հանդես գալու իր լիազորությունը հաստատող փաստաթուղթը, եթե լոբբիստը գործելու է լոբբիստական կազմակերպության անունից.

դ) հասարակական կազմակերպության կանոնադրության եւ պետական գրանցման վկայականի լուսապատճենները եւ կազմակերպության անունից հանդես գալու իր լիազորությունը հաստատող փաստաթուղթը, եթե լոբբիստը գործելու է հասարակական կազմակերպության անունից:

2. Իրավաստեղծ մարմինն իրավասու է չպահանջել լոբբիստի հաշվառման վկայականի լուսապատճենը՝ հիմք ընդունելով էլեկտրոնային կայքէջի տեղեկությունը:

3. Հավատարմագրվելու մասին դիմումը եւ կից փաստաթղթերը վերադարձման ենթակա չեն, բացի պետական տուրքի վճարման անդորրագրից, եթե հավատարմագրումը մերժվել է:

4. Իրավաստեղծ մարմինն իրավասու է պահանջել, որպեսզի լոբբիստն անձամբ ներկայացնի լուսապատճենների տեսքով հավատարմագրվելու մասին դիմումին կցված փաստաթղթերի բնօրինակները՝ դրանք ուսումնասիրելու նպատակով:

Հոդված 18. Լոբբիստի հավատարմագրման կարգը

1. Եթե հավատարմագրման մասին դիմումը եւ դրան կից փաստաթղթերը իրավաստեղծ մարմին ներկայացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լոբբիստի հավատարմագրումը չի մերժվում, ապա նա համարվում է հավատարմագրված եւ իրավունք ունի իրավաստեղծ մարմնի նստավայրում իրականացնել լոբբիստական գործունեություն:

2. Լոբբիստի հավատարմագրումն ուժի մեջ լինելու ընթացքում իրավաստեղծ մարմնի նստավայրում, իր լոբբիստական գործունեության առարկայից բացի, այլ ուղղությամբ լոբբիստական գործունեություն լոբբիստը կարող է իրականացնել միայն սահմանված կարգով նոր հավատարմագրումից հետո: Այդ դեպքում լոբբիստն իրավասու է հավատարմագրվելու մասին դիմումին վերստին չկցել (սա չի վերաբերում պետական տուրքի վճարման անդորրագրին) պահանջվող այն փաստաթղթերը, որոնք կցված են եղել նախկինում ներկայացված դիմումին՝ հղում կատարելով այդ փաստաթղթերին եւ հավաստելով, որ դրանք ուժի մեջ են եւ դրանցում փոփոխություններ կատարված չեն:

3. Լոբբիստը հավատարմագրվում է հավատարմագրվելու մասին իր դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրացուցային տարվա ավարտը, որից հետո նա վերստին կարող է դիմել հավատարմագրվելու համար: Այդ դեպքում լոբբիստն իրավասու է հավատարմագրվելու մասին իր դիմումին վերստին չկցել պահանջվող այն փաստաթղթերը, որոնք կցված են եղել նախկինում ներկայացված դիմումին՝ հղում կատարելով այդ փաստաթղթերին եւ հավաստելով, որ դրանք ուժի մեջ են եւ դրանցում փոփոխություններ կատարված չեն:

4. Այլ լոբբիստների հետ կնքված համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների կամ լոբբիստական կազմակերպության անունից միեւնույն իրավաստեղծ մարմնում լոբբիստական գործունեության նույն առարկայի կապակցությամբ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության անունից մեկ այլ լոբբիստի հավատարմագրման համար վերջինս իրավասու է հավատարմագրվելու մասին դիմումին վերստին չկցել պահանջվող այն փաստաթղթերը, որոնք կցված են եղել ավելի վաղ հավատարմագրված լոբբիստի դիմումին՝ հղում կատարելով ավելի վաղ հավատարմագրված լոբբիստի դիմումին կցված փաստաթղթերին եւ հավաստելով, որ դրանք ուժի մեջ են եւ դրանցում փոփոխություններ կատարված չեն:

Հոդված 19. Լոբբիստի հավատարմագրման մերժումը

1. Լոբբիստի հավատարմագրումը մերժվում է, եթե նրա ներկայացրած փաստաթղթերը թերի, անընթեռնելի կամ կեղծ են: Այլ հիմքով մերժումն արգելվում է:

2. Հավատարմագրվելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ իրավաստեղծ մարմնի գրավոր հաղորդումը՝ մերժման պատճառի ու իրավական հիմքի նշումով, հանձնվում է լոբբիստին՝ նրա առաջին իսկ պահանջով:

3. Հավատարմագրվելու մասին դիմումի մերժման դեպքում լոբբիստն իրավունք ունի հավատարմագրվելու մասին նոր դիմում ներկայացնել ընդհանուր կարգով:

Հոդված 20. Լոբբիստի հավատարմագրման կասեցումը եւ դադարեցումը

1. Լոբբիստի հավատարմագրումը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում լոբբիստն իրավունք չունի իրականացնել լոբբիստական գործունեություն՝ անկախ պատվիրատուի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետից:

2. Լոբբիստի հավատարմագրումը կասեցվում է, եթե լոբբիստական գործունեության մասին տարեկան տեղեկատվություն ներկայացնելու համար սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո էլեկտրոնային կայքէջում բացակայում է լոբբիստի տարեկան տեղեկատվությունը ներկայացված լինելու փաստը հավաստող գրառումը: Այդ գրառումը կատարվելուց հետո հավատարմագրման կասեցումը վերանում է:

3. Լոբբիստի հավատարմագրումը դադարեցվում է, եթե լոբբիստը հանվում է հաշվառումից:

4. Լոբբիստի հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե՝

ա) հավատարմագրման համար նրա ներկայացրած փաստաթղթերում հայտնաբերվել է հավատարմագրելու համար էական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություն.

բ) նա թույլ է տվել իրավաստեղծ մարմնի աշխատանքային կարգուկանոնի էական խախտում:

5. Հավատարմագրումը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իրավաստեղծ մարմինը լոբբիստին հանձնում է գրավոր հաղորդում՝ դրանում նշելով հավատարմագրումը կասեցնելու կամ դադարեցնելու պատճառներն ու իրավական հիմքերը: Այդ հաղորդման պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազորված մարմին:

6. Հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ վեճի առկայության դեպքում լոբբիստն իրավասու է, նախքան դատարան դիմելը, իր իրավունքների պաշտպանության համար դիմել լոբբիստների էթիկայի հանձնաժողովին:

Հավատարմագրման դադարեցումն անհիմն լինելու մասին լոբբիստների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը լոբբիստի հավատարմագրումը վերականգնելու առումով պարտադիր չէ հավատարմագրումը դադարեցրած իրավաստեղծ մարմնի համար:

Հավատարմագրման դադարեցման կապակցությամբ լոբբիստների էթիկայի հանձնաժողովին դիմելը լոբբիստին չի զրկում հավատարմագրման դադարեցումը դատական կարգով վիճարկելու իրավունքից:

Հավատարմագրման դադարեցման վերաբերյալ լոբբիստի դիմումի քննարկումը լոբբիստների էթիկայի հանձնաժողովում դադարեցվում է, եթե լոբբիստը հավատարմագրման դադարեցումը վիճարկում է դատական կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 21. Լոբբիստական գործունեության իրականացումը

1. Լոբբիստն իրավասու է լոբբիստական գործունեություն իրականացնել՝

ա) պատվիրատուի հետ կնքած պայմանագրի գործողության ժամանակահատվածում, եթե գործում է իր անունից.

բ) պատվիրատուի հետ կնքված պայմանագրի գործողության եւ համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների անունից հանդես գալու իր իրավունքն ուժի մեջ լինելու ժամանակահատվածում, եթե գործում է այլ լոբբիստների հետ կնքված համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների անունից.

գ) պատվիրատուի հետ կնքված պայմանագրի գործողության եւ կազմակերպության անունից հանդես գալու իր լիազորությունը հաստատող փաստաթղթում նշված ժամանակահատվածում, եթե գործում է լոբբիստական կազմակերպության անունից.

դ) հասարակական կազմակերպության անունից հանդես գալու իր լիազորությունը հաստատող փաստաթղթում նշված ժամանակահատվածում:

2. Լոբբիստական գործունեության ընթացքում լոբբիստն իրավունք ունի մշակել, ստանալ եւ տարածել լոբբիստական գործունեության առարկային առնչվող իրավական ակտերի նախագծեր, դրանց առնչվող տեղեկատվական, վերլուծական եւ այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ իրականացնել իր առաջարկության ընդունմանն ուղղված քարոզչություն:

3. Հավատարմագրված լոբբիստն իրավունք ունի տվյալ իրավաստեղծ մարմնի աշխատակարգը կանոնակարգող իրավական ակտով (ակտերով) սահմանված կարգով`

ա) մուտք գործել իրավաստեղծ մարմնի նստավայր.

բ) իրավաստեղծ մարմին կամ իրավաստեղծ լիազորությամբ անձին ներկայացնել լոբբիստական գործունեության առարկային վերաբերող առաջարկություններ, տեղեկատվական, վերլուծական եւ այլ փաստաթղթեր.

գ) ներկա գտնվել իրավաստեղծ մարմնի կոլեգիալ աշխատանքներին:

Հոդված 22. Լոբբիստի առաջարկությունները

1. Հավատարմագրված լոբբիստն իրավունք ունի տվյալ իրավաստեղծ մարմնում լոբբիստական գործունեության առարկայի քննարկումից առնվազն 7 օր առաջ իրավաստեղծ լիազորությամբ անձին ներկայացնել հետեւյալ գրավոր առաջարկությունները՝

ա) քննարկման դնել իր ներկայացրած կամ իրավաստեղծ մարմնում մշակված կամ ստացված իրավական ակտի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

բ) քննարկման չդնել կամ քննարկումից հանել իրավական ակտի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

գ) ընդունել կամ մերժել իրավաստեղծ մարմնում քննարկման դրված իրավական ակտի նախագիծը կամ նախագծերը փաթեթը:

2. Լոբբիստն իրավական ակտի նախագիծը կամ նախագծերի փաթեթն իրավաստեղծ լիազորությամբ անձին է ներկայացնում գրավոր՝ ստորագրելով բոլոր էջերը եւ կցելով ամբողջապես դրան համապատասխանող էլեկտրոնային տարբերակը համապատասխան կրիչի վրա:

Իրավական ակտի նախագիծը կամ նախագծերի փաթեթն էլեկտրոնային կրիչի վրա ներկայացնելու փոխարեն լոբբիստը դրանք կարող է ուղարկել էլեկտրոնային փոստով՝ էլեկտրոնային փոստի հասցեն նշելով թղթի վրա ներկայացված իր առաջարկության մեջ:

Իրավաստեղծ լիազորությամբ անձն իրավասու է չպահանջել էլեկտրոնային տարբերակը:

3. Լոբբիստի ներկայացրած իրավական ակտի նախագիծը կամ նախագծերի փաթեթը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին:

4. Իրավաստեղծ մարմնում հավատարմագրված լոբբիստի գրավոր առաջարկությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան իրավաստեղծ մարմնում լոբբիստական գործունեության առարկայի քննարկումից երկու աշխատանքային օր առաջ, իրավաստեղծ լիազորությամբ անձը պարտավոր է ընդունել լոբբիստին եւ քննարկել նրա առաջարկությունը, կամ նրա հետ այդպիսի քննարկում կազմակերպել իր լիազորած անձի մասնակցությամբ, կամ ստացված առաջարկության վերաբերյալ իր դիրքորոշման մասին գրավոր հայտնել լոբբիստին:

Հոդված 23. Լոբբիստական գործունեության ընթացքում քարոզչության իրականացումը

1. Լոբբիստական գործունեության ընթացքում քարոզչությունը կարող է իրականացվել`

ա) զանգվածային լրատվության միջոցով.

բ) գովազդի միջոցով.

գ) սահմանված կարգով հրապարակային միջոցառումներ (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր) կազմակերպելով.

դ) տպագիր, ձայնագրված եւ նկարահանված նյութեր տարածելով.

ե) հասարակական կարծիքի հարցումներ կազմակերպելով եւ դրանց արդյունքները հրապարակելով.

է) օրենքով չարգելված այլ ձեւերով:

2. Քարոզչական նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն դրանք տարածող կազմակերպության եւ (կամ) լոբբիստի մասին:

3. Հասարակական կարծիքի հարցման արդյունքների հրապարակման ժամանակ պետք է նշվեն հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցումն անցկացնելու ժամանակը, հարցման ենթարկվածների թիվը (ընտրանքի ձեւը), տեղեկությունները հավաքելու մեթոդը, լոբբիստական գործունեության առարկայի վերաբերյալ հարցադրման ճշգրիտ ձեւակերպումը, հնարավոր անճշտությունների վիճակագրական գնահատականը:

4. Իրավաստեղծ մարմնի նստավայրում լոբբիստական գործունեության առարկային առնչվող տեղեկություններ տարածելու կարգը սահմանվում է իրավաստեղծ մարմնի գործունեության կարգով:

Իրավաստեղծ մարմնի կոլեգիալ աշխատանքի ընթացքում դրանց անցկացման աշխատասենյակում (դահլիճում) կամ դրա մուտքին հարող նախասրահում առանձնացվում է սեղան՝ տարածելու համար նախատեսված քարոզչական նյութերը տեղադրելու համար:

5. Հանրաքվեի (համաժողովրդական քվեարկությանը) եւ տեղական հանրաքվեի դրված հարցերի վերաբերյալ քարոզչությունն իրականացվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24. Լոբբիստների համար հավասար պայմանների ապահովումը

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները լոբբիստների գործունեության համար պետք է ստեղծեն հավասար պայմաններ:

Հոդված 25. Լոբբիստական գործունեության ?ֆինանսավորման աղբյուրների սահմանափակումները

1. Լոբբիստական գործունեության իրականացման համար դրամական միջոցների եւ այլ գույքի ձեւավորման (գոյացման) ժամանակ արգելվում են նվիրատվությունները`

ա) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից.

բ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներից ու կազմակերպություններից, ինչպես նաեւ պետության եւ համայնքների մասնակցությամբ գործող կազմակերպություններից.

գ) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաեւ դրանց մասնակցությամբ գործող կազմակերպություններից.

դ) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից եւ օտարերկրյա իրավաբանական անձանցից, միջազգային կազմակերպություններից եւ միջազգային հասարակական շարժումներից, ինչպես նաեւ վերջին մեկ տարվա ընթացքում նրանցից նվիրատվություն (դրամաշնորհ) ստացած անձանցից.

ե) անանուն անձանցից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա»-ից «դ» կետերով նախատեսված դեպքերում ստացված նվիրատվությունը՝ ստացման օրվանից 14-օրյա ժամկետում, վերադարձվում է նվիրատուին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքում ստացված նվիրատվությունը՝ ստացման օրվանից 14-օրյա ժամկետում, փոխանցվում է պետական բյուջե:

4. Լոբբիստը եւ լոբբիստական կազմակերպությունը լոբբիստական գործունեության վերաբերյալ պետք է վարեն առանձնացված հաշվապահական հաշվառում:

ԳԼՈՒԽ 6

ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 26. Լոբբիստական գործունեության մասին տարեկան տեղեկատվության ներկայացումը

1. Լոբբիստը մինչեւ տվյալ տարվան հաջորդող մարտի 31-ը լիազորված մարմնի սահմանված ձեւին համապատասխան լիազորված մարմին է ներկայացնում տեղեկատվություն օրացուցային տարվա ընթացքում իր իրականացրած լոբբիստական գործունեության մասին:

2. Լոբբիստական կազմակերպությունը մինչեւ տվյալ տարվան հաջորդող մարտի 31-ը լիազորված մարմնի կողմից սահմանված ձեւին համապատասխան լիազորված մարմին տեղեկատվություն է ներկայացնում օրացուցային տարվա ընթացքում իր անունից իրականացված լոբբիստական գործունեության մասին:

3. Ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը, օրացուցային տարվա ընթացքում հաշվառումից հանվելու դեպքում, սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված տեղեկատվությունը լիազորված մարմին են ներկայացնում հաշվառումից հանվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Լոբբիստը եւ լոբբիստական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված տեղեկատվությունը լիազորված մարմին են ներկայացնում նաեւ այն դեպքում, եթե օրացուցային տարվա ընթացքում լոբբիստի կողմից կամ լոբբիստական կազմակերպության անունից լոբբիստական գործունեություն չի իրականացվել:

Հոդված 27. Լոբբիստական գործունեության մասին տարեկան տեղեկատվության բովանդակությունը

1. Լոբբիստական գործունեության մասին տարեկան տեղեկատվությունը պետք է ներառի՝

ա) իրականացված լոբբիստական գործունեության առարկա նորմատիվ իրավական ակտերի ու դրանց նախագծերի վերնագրերի ցանկը.

բ) հավատարմագրումների ցանկը՝ նշելով հավատարմագրող իրավաստեղծ մարմինինների անվանումները.

գ) լոբբիստական գործունեությանն առնչվող ծախսերի չափերն ու ուղղությունները.

դ) ճանապարհորդության, փոխադրավարձի, սննդի, հյուրանոցային սպասարկման ծախսերի գումարը.

ե) կատարված նվիրատվությունների ծավալները, դրանք ստացողները.

2. Եթե լոբբիստական գործունեությունն իրականացվել է լոբբիստի կամ լոբբիստների համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների կամ լոբբիստական կազմակերպության անունից, ապա, սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկություններից բացի, լոբբիստական գործունեության մասին տարեկան տեղեկատվությունը պետք է ներառի նաեւ պատվիրատուների անունները, ազգանունները կամ անվանումները, լոբբիստական գործունեության պայմանագրերի գինը եւ ստացած եկամուտը, լոբբիստական գործունեության համար ստացած այլ միջոցների աղբյուրները եւ ծավալները, այդ թվում՝ ստացած նվիրատվության աղբյուրները եւ ծավալները:

3. Եթե լոբբիստական գործունեությունն իրականացվել է հասարակական կազմակերպության անունից, ապա լոբբիստը լոբբիստական գործունեության մասին տարեկան տեղեկատվությանը պետք է կցի հասարակական կազմակերպության կողմից տրված տեղեկանքները՝

ա) կատարված ծախսերի եւ դրանց աղբյուրների մասին.

բ) օրացուցային տարվա ընթացքում կազմակերպության ստացած բոլոր նվիրատվությունների ցուցակը՝ նշելով ստացման օրը, նվիրատուի եւ ստացված նվիրատվության ծավալի մասին տվյալները:

Հոդված 28. Լոբբիստական գործունեության մասին տեղեկությունների հրապարակումը

1. Լոբբիստական գործունեության մասին տեղեկությունների հրապարուկումն իրականացնում է լիազորված մարմինը՝ մշտապես գործող, անվճար եւ բոլորի համար հասանելի էլեկտրոնային կայքէջի միջոցով:

2. Էլեկտրոնային կայքէջի կառուցվածքը եւ վարելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
 
 

ԳԼՈՒԽ 7

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ: ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հոդված 29. Լիազորված մարմնի իրավասությունը

Լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) կազմակերպում եւ իրականացնում է հսկողություն լոբբիստական գործունեություն իրականացնող անձանց կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

բ) հաշվառում եւ հաշվառումից հանում է լոբբիստներին եւ լոբբիստական կազմակերպություններին.

գ) իր սահմանած կարգով վարում է էլեկտրոնային կայքէջը եւ հաշվառման մատյանը, տալիս հաշվառման վկայականներ, ուղարկում հաղորդումներ.

դ) ստանում եւ ուսումնասիրում է լոբբիստական գործունեության մասին տարեկան տեղեկատվությունը եւ այն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային կայքէջում տեղադրում այդ տեղեկատվության բովանդակած այն տեղեկությունները, որոնք ենթակա են ներառման կայքէջում.

ե) ձեռնարկում է լոբբիստական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն ուղղված միջոցներ եւ իրականացնում համապատասխան միջոցառումներ.

զ) սահմանում է հաշվառման մատյանի, հաշվառման վկայականի, հավատարմագրման մատյանի, հավատարմագրման մատյանից քաղվածքի, լոբբիստների եւ լոբբիստական կազմակերպությունների կողմից լիազորված մարմին ներկայացվող տարեկան տեղեկատվության, պատվիրատուի հետ կնքվող պայմանագրերի գրանցամատյանի, լոբբիստական գործունեությանն առնչվող այլ փաստաթղթերի ձեւերը եւ էլեկտրոնային կայքէջի կառուցվածքը.

է) կազմավորում է լոբբիստների էթիկայի հանձնաժողովը, սահմանում դրա գործունեության կարգը, ապահովում եւ կազմակերպում է դրա գործունեությունը.

ը) կարող է լոբբիստական գործունեություն իրականացնող անձանցից եւ նրանց պատվիրատուներից պահանջել եւ ստանալ լոբբիստական գործունեությանն առնչվող ցանկացած փաստաթուղթ.

թ) սահմանված կարգով ընթացք է տալիս լոբբիստի գործունեության վերաբերյալ ստացված դիմում-բողոքներին:

Հոդված 30. Լոբբիստների էթիկայի հանձնաժողովը

1. Լոբբիստների էթիկայի հանձնաժողովը կազմավորում, դրա գործունեության կարգը սահմանում եւ գործունեությունն ապահովում ու կազմակերպում է լիազորված մարմինը:

2. Լոբբիստների էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանրային ծառայողներ, լոբբիստներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամների թիվը չի կարող պակաս լինել յոթից: Լոբբիստների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդհանուր թիվը պետք է կազմի հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

3. Լոբբիստների էթիկայի հանձնաժողովը եզրակացություն է տալիս լոբբիստին հաշվառումից հանելու, ինչպես նաեւ լոբբիստի հավատարմագրման կասեցումը կամ դադարեցումը հիմնավորված լինելու մասին:

4. Լոբբիստների էթիկայի հանձնաժողովն իրավասու է միջնորդություն ներկայացնել լիազորված մարմին՝ ի պաշտպանություն լոբբիստների իրավունքների իր եզրակացությունն իրավաստեղծ մարմիններ եւ իրավաստեղծ լիազորությամբ անձանց ուղարկելու մասին:

Հոդված 31. Իրավաստեղծ մարմնում լոբբիստական գործունեության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի իրավասությունը

1. Իրավաստեղծ մարմնում լոբբիստական գործունեության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձն իրավաստեղծ մարմնի աշխատակազմի ղեկավարն է, եթե իրավաստեղծ մարմնի ղեկավարն այլ պաշտոնատար անձ չի նշանակել:

2. Իրավաստեղծ մարմնում լոբբիստական գործունեության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) կազմակերպում է լոբբիստների կողմից իրավաստեղծ մարմնում իրականացվող գործունեությունը եւ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում դադարեցնում է լոբբիստի հավատարմագրումը եւ (կամ) դիմում է լիազորված մարմին՝ լոբբիստին հաշվառումից հանելու համար.

բ) վարում է իրավաստեղծ մարմնում լոբբիստների հավատարմագրման մատյանը.

գ) լիազորված մարմին քաղվածքներ է ուղարկում իրավաստեղծ մարմնում լոբբիստների հավատարմագրման մատյանից.

դ) լոբբիստների աշխատանքի համար ապահովում է ողջամտության սահմաններում նպաստավոր եւ ոչ խտրական պայմաններ.

զ) լոբբիստական գործունեության իրականացման կարգի, պայմանների, ձեւերի եւ լոբբիստական գործունեության կազմակերպմանն առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ լոբբիստների բանավոր եւ գրավոր հարցումներին տալիս է համապատասխան պարզաբանումներ.

է) մշակում եւ հրապարակման է պատրաստում վիճակագրական եւ ամփոփ տվյալներ իրավաստեղծ մարմնում իրականացված լոբբիստական գործունեության վերաբերյալ։

ԳԼՈՒԽ 8

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 32. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

1. Լոբբիստի իրավունքների՝ օրենքով չնախատեսված սահմանափակումների կիրառումը, ինչպես նաեւ նրա օրինական գործունեությանը խոչընդոտելն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

2. Սույն օրենքի պահանջները խախտելու համար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹԵՐ

Հոդված 33. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը: