ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1 . Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (այսուհետ՝ ԳՁՕ)՝ ստացման, ներմուծման, փորձարկման, պահպանման, տնօրինում, օգտագործման, հետազոտման, տեղափոխման, ոչնչացման անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության եւ գյուղատնտեսական նշանակության հողերի պաշտպանության ու կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) գենետիկորեն ձեւափոխված (գենետիկ ինժեներիայի եղանակով ստացված, տրանսգենային) օրգանիզմներ (այսուհետ՝ ԳՁՕ)՝ օրգանիզմ կամ մի քանի օրգանիզմներ, ցանկացած անբջիջ, միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն, որոնք ունակ են վերարտադրելու կամ փոխանցելու ժառանգական գենետիկ նյութը, որոնք տարբերվում են գենետիկ ինժեներիայի մեթոդների կիրառմամբ ստացված բնական օրգանիզմներից եւ (կամ) պարունակում են գենետիկ ինժեներիայի նյութ՝ ներառյալ գեները, դրանց հատվածները կամ գեների համակցությունները:
2) ԳՁՕ գործածություն՝ ԳՁՕ հետազոտություն, ստացում, փորձարկում, պահպանում, տնօրինում, օգտագործում, ներմուծում, տեղափոխում, ոչնչացում ցանկացած ձեւով՝ ներառյալ դրանց հետ կապված արտահանումը,
3) ԳՁՕ-ների գործածության հետ կապված կենսաանվտանգություն՝ միջոցառումների ամբողջություն, ինչը երաշխավորում է ԳՁՕ-ների ցանկացած անբարենպաստ ազդեցության բացառումը շրջակա միջավայրի, մարդու կյանքի ու առողջության եւ կենսաբազմազանության վրա,
4) լիազոր մարմին՝ (մարմիններ ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին (մարմիններ),
5) մեկուսացված համակարգ՝ փակ, արտաքին միջավայրի հետ շփումը բացառող եւ բացառապես գիտական նպատակով օգտագործվող հատուկ կառույց,
6) ստացում՝ լաբորատոր պայմաններում ԳՁՕ-ի ստացում,
7) ներմուծում՝ բացառապես գիտական եւ փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների ներմուծում,
8) փորձարկում՝ լաբորատոր, մեկուսացված պայմաններում ստացված կամ ՀՀ ներմուծված ԳՁՕ-ների փորձարկում,
9) պահպանում՝ մեկուսացված պայմաններում ԳՁՕ-ների պահպանում գիտական, փորձացուցադրական, հետազոտական կամ արտահանման նպատակներով,
10) օգտագործում՝ գիտական, փորձացուցադրական, հետազոտական նպատակներով ստացված կամ ներմուծված ԳՁՕ-ների օգտագործում,
11) հետազոտում՝ լաբորատոր, մեկուսացված պայմաններում գիտական, փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների հետազոտում,
12) տեղափոխում՝ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով հատուկ պայմաններում ԳՁՕ-ների տեղափոխում այլ պետության տարածք, որը սահմանում է լիազոր մարմինը,
13) ոչնչացում՝ ԳՁՕ-ների փորձանմուշների, ստացված նմուշների սերմերի կամ տնկանյութերի, ինչպես նաեւ անօրինական ճանապարհով ներմուծված եւ անօրինական ճանապարհով շրջանառվող ԳՁՕ-ների սահմանված կարգով ոչնչացում:
Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է գյուղատնտեսության, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում՝ ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հետ կապված գործընթացների վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մարդու, կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին մանրէների, մակաբույծ որդերի, կենսաբանական ծագում ունեցող թույների եւ մարդու ու կենդանիների բուժման համար նախատեսված դեղերի, ինչպես նաեւ գիտական նպատակով՝ որեւէ կենդանի օրգանիզմի օգտագործումը գիտնականի (հետազոտողի) կողմից համապատասխան գիտական մեթոդաբանությամբ (փորձեր, մշտադիտարկումներ, գրանցումներ, տվյալների հավաքագրում ու դրանց վիճակագրական վերլուծություն)՝ հետազոտությունների իրականացման, բացահայտումների, նորարարությունների ստացման համար, ինչպես նաեւ ԳՁՕ-ների հայտնաբերման թեսթ համակարգերի վրա:
Հոդված 4. Օրենքի նպատակն ու խնդիրները
1. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել ԳՁՕ-ների գործածությունը եւ ապահովել կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունները՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա:
2. Սույն օրենքի խնդիրն է՝ ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության սկզբունքների խախտումը կանխելը:
Հոդված 5. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման առանձնահատկությունները
1. Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ մեկուսացված համակարգի, հանդիսանում է ԳՁՕ-ների գործածությունից ազատ կամ կենսաանվտանգ տարածք:
2. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է վերարտադրության համար նախատեսված ԳՁՕ-ների ներմուծումը, տնօրինումը, օգտագործումը, պահպանումը, տեղափոխումը, փորձարկումը, ստացումը կամ այլ կերպ գործածումը բացառությամբ՝ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով ՀՀ կառավարության սահմանված պահանջներին համապատասխան մեկուսացված համակարգերում գործածվողների:
3. ԳՁՕ-ի բացահայտման նպատակով ներմուծվող վերարտադրության համար նախատեսված բուսական օրգանիզմները ենթակա են լաբորատոր փորձաքննության՝ սահմանային վերահսկողության իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից:
4. Լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշները եւ ստացվող նմուշները գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների ավարտից հետո ենթակա են ոչնչացման կամ արտահանման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով:
6. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԳՁՕ-ները պետք է ուղեկցվեն արտադրող եւ ներմուծող կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրով, որում ամրագրված է դրույթ ԳՁՕ հանդիսանալու եւ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով օգտագործման վերաբերյալ:
7. Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածությունը, այդ թվում՝ ներմուծումը, արտահանումը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահանջների պահպանմամբ:
8. ԳՁՕ-ների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված մեկուսացված համակարգերի եւ լիցենզավորման պահանջների նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:
Հոդված 6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկումը (մոնիթորինգ)
1. Հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման նկատմամբ ԳՁՕ-ների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը՝ իրականացվում է մեկուսացված համակարգերի մշտադիտարկում:
2. Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, կենսաանվտանգության ապահովման նորմերը, մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները, սահմանում է լիազոր մարմինը:
3. Մշտադիտարկումն իրականացվում է յուրաքանչյուր ԳՁՕ-ի եւ դրա գործածության նկատմամբ՝ գիտականորեն հիմնավորվածության եւ թափանցիկության ապահովմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները: Մշտադիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի կողմից:
ԳԼՈՒԽ 2
ԳՁՕ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունն է՝
1) ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հետեւանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին եւ առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման եւ հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը,
2) մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահանջների սահմանումը,
3) բացառապես գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման կարգի սահմանումը,
4) մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման կարգի սահմանումը,
2. Գյուղատնտեսության, առողջապահության եւ շրջակա միջավայրի ոլորտներում ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմիններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի լիազորությունները
1. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմինների լիազորությունն է՝
1) ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու կյանքի եւ առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի մշտադիտարկման պետական քաղաքականության մշակումը,
2) ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հետեւանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին եւ առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման եւ հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի մշակումը,
3) հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցառումների իրականացում՝ զանգվածային լրատվության միջոցներով,
4) Հայաստանի Հանրապետության տարածքում ԳՁՕ-ների գործածության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ հսկողությունը,
5) թափանցիկության ապահովման նպատակով՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների հրապարակումը՝ զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով:
ԳԼՈՒԽ 3
ԳՁՕ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
Հոդված 9. ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ հանրության տեղեկատվության տրամադրումը եւ իրազեկումը
1. ԳՁՕ-ների գործածության դեպքերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
2. ԳՁՕ-ների կամ դրանց համակցված գործածության դեպքերում լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրին եւ մարդու առողջությանն առնչվող ցանկացած սպառնալիք բացառելու ուղղությամբ:
3. Լիազոր մարմինը զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը տեղեկացնում է ԳՁՕ-ների կամ դրանց համակցությունների գործածության հետեւանքով առաջացող իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:
4. ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներով:
5. Պետական, առեւտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիազոր մարմնից պահանջել եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն: Գաղտնիք չի համարվում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության եւ կենսաանվտանգության հետ կապված հետեւյալ տեղեկատվությունը՝
1) գործունեություն իրականացնող անձի վերաբերյալ տվյալները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող տեղեկատվությունների),
2) ԳՁՕ-ի ընդհանուր բնութագիրը,
3) գործածության նպատակը եւ վայրը,
4) կիրառվող մեկուսացման միջոցները,
5) շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը եւ մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը,
6) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը,
7) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:
7. Լիազոր մարմինը ԳՁՕ-ների գործածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով հասարակությանը տրամադրում է տեղեկատվություն՝
1) մշտադիտարկման արդյունքների մասին,
2) լիցենզավորման մասին,
3) արտակարգ իրավիճակի մասին,
4) հանրության իրազեկման համար սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:
8. Լիազոր մարմինն ապահովում է հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված գործընթացներին՝ տեղեկատվության տրամադրման եւ հասարակական լսումների կազմակերպման միջոցով:
ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10. Եզրափակիչ մաս
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հոդված 11. Անցումային դրույթներ
1.Սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ լաբորատոր փորձաքննությունների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշների եւ ստացվող նմուշների ոչնչացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ի գործածման պահանջների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ԳՁՕ-ների գործածման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, կենսաանվտանգության ապահովման նորմերը, մեթոդաբանությունն ընդունվում է օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ մշտադիտարկման իրականացման նպատակով հաստատվող ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի մասին որոշումը ընդունվում է օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
6. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հետեւանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին եւ առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման եւ հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը, ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրավական ակտերի ընդունումը, մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահանջների սահմանումը, բացառապես գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման կարգի սահմանումը, մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման կարգի սահմանումը սահմանումը ընդունվում են օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» , «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծով Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգվում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ կապված իրավահարաբերությունները:
Հայաստանը, որը բազմաթիվ էնդեմիկ բույսերի հայրենիք է, անկառավարելի ձեւով ներմուծելով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող սերմ եւ տնկանյութ, լուրջ վնաս կհասցնի կենսաբազմազանության պահպանությունը՝ սպառնալով տեղական վայրի բուսատեսակների գենետիկական ինֆորմացիայի պահպանմանը:
Խնդրի մեծությունը եւ ծավալները հստակ չեն կարող որոշվել, քանի որ ԳՁՕ-ների մասին գիտական եւ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ (դրա հայտնաբերման իրավական պահանջ չկա, չեն փորձաքննվում եւ ռիսկերի գնահատում չի իրականացվում պետության կողմից), սակայն համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալների 2021 թվականին եգիպտացորենի ցանքատարածությունները կազմել է 4381 հա, որի համար հանրապետություն է ներկրվել եւ օգտագործվել շուրջ 101 տոննա սերմ, որից 0,05 %-ը ԳՁՕ հիբրիդներ են:Վտանգը պայմանավորված է ոչ թե քանակով, այլ դրանց առկայությամբ, քանի որ մի քանի հատ սերմերը կարող են վտանգ ներկայացնել հանրապետությունում առկա հարուստ կենսաբազմազանության համար:
Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականին վավերացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան եւ 2004 թվականին Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիան՝ «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությունը, որոնցով ստանձնել է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ իրավական, վարչական ու այլ միջոցներ կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ եւ շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման եւ կայուն ու էկոլոգիապես անվտանգ զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ՝ 2020 թվականից ԵԱՏՄ անդամ-երկրների շրջանակներում սկսվել են քննարկումներ ԳՁՕ-երի գործունեությունը կանոնակարգման անհրաժեշտության մասին եւ 2021 թվականից արդեն իսկ մեկնարկել են իրավական ակտերի մշակման աշխատանքները:
Վերոհիշյալը հաստատում է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
3. Իրավական ակտի ընդունման նպատակն ու խնդիրները
Իրավական ակտի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունների կանոնակարգման միջոցով բացառել դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի անվտանգության վրա:
Խնդիրն է՝
- Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության եւ կենաանվտանգության ապահովման սկզբունքների ու իրավական հիմքերի սահմանումը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից եւ նախարարի 2019 թվականի նոյեմբերի 11-ի N1390-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են առողջապահության, բնապահպանության նախարարությունների, հասարակական կազմակերպությւնների («Հանուն մարդկային կայուն զարգացման», «Տապան Էկո-ակումբ», «Իրազեկ եւ պաշտպանված սպառող», «Հայաստանի անտառներ»), Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1886-Լ որոշմամբ հաստատված «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» փաստաթղթով սահմանվում է ՀՀ գյուղատնտեսական ոլորտի առաջնահերթություններից՝ սննդամթերքի անվտանգության ապահովումը եւ միջազգային ստանդարտացման համապատասխանեցումը:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, տեղափոխման, փոխադրման արգելքների սահմանումը կհանգեցնի երկրի կենսաբանական անվտանգության եւ բնակչության առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը եւ դրանց կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը:
7.Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը
Նախագիծը տեղադրված է https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» , «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին», «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Սերմերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Լիցենզավորման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում