Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-401-10.10.2022-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2022թ. ապրիլի 19-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարեւորագույն ուղղություններից է հանդիսանում աուդիտորական գործունեության ոլորտում համագործակցությունը:

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ընդունումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 26-ին հաստատված՝ աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձեւավորման ազատականացման ծրագրից:

Համաձայնագրով նախատեսված է միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաեւ դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:

Համաձայնագիրը նպաստում է ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում աուդիտորական ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձեւավորմանը, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկան հասանելի դարձնելուն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԿՈՂՄԵՐԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022թ. ապրիլի 19-ին քաղաք Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Փաշինյանի կողմից:

Համաձայնագիրը կարգավորում է ԵԱՏՄ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունների եւ առանձին աուդիտորների՝ մյուս անդամ պետություններում աուդիտորական գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները եւ սահմանում անդամ պետություններում աուդիտորական գործունեության իրականացման եւ կարգավորման միասնական մոտեցումները:

Մասնավորապես, սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունների եւ առանձին աուդիտորների՝ մյուս անդամ պետություններում առանց բացառումների եւ սահմանափակումների աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունքը: Նախատեսվում է մեկ պետության աուդիտորների որակավորման վկայականների եւ աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունների (հաշվետվությունների) ճանաչում մյուս անդամ պետությունների տարածքում:

Վերոնշյալ համաձայնագրի նպատակ է՝ աուդիտորական գործունեության կազմակերպման միասնական մոտեցումների ձեւավորումը եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական ծառայությունների միասնական շուկայի ստեղծումը: Համաձայնագիրը միտված է ապահովել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ Համաձայնագրի 3-9-րդ, 15-20-րդ հոդվածների, 21-րդ հոդվածի 2-4-րդ կետերի, 22-24-րդ հոդվածների, 25-րդ հոդվածի 5-րդ կետի, 26-րդ հոդվածի 2-4-րդ կետերի, 27-րդ, 28-րդ եւ 32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, որով նախատեսվում է աուդիտի բնագավառի ծառայությունները դասել այն ոլորտներին (ենթաոլորտներին), որտեղ գործում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկա:

2022թ. հուլիսի 27-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

2022թ. հուլիսի 27-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

2022թ. ապրիլի 19-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                               ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր, սակայն պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

1. Մասնավորապես, Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն՝ մեկ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունները (բացառությամբ սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետում նշված աուդիտորական կազմակերպությունների) եւ անհատ աուդիտորները իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու մյուս անդամ պետություններում: Օտարերկրյա պետության աուդիտորական կազմակերպության եւ անհատ աուդիտորների Հայաստանի Հանրապետության գործունեություն իրականացնելու կարգավորումներ ՀՀ օրենսդրությունում առկա չեն: Ուստի անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում:

2. Համաձայնագրով ի թիվս այլնի նախատեսվում է ֆիզիկական անձ անհատ աուդիտորների ռեեստրի վարում, այդ թվում՝ հրապարակում աուդիտորների ռեեստրը վարող մարմնի պաշտոնական կայքում: Միաժամանակ, Համաձայնագրի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ անդամ պետությունն ապահովում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստրում պարունակվող տեղեկությունների թափանցիկությունն ու հանրամատչելիությունը՝ բացառությամբ աուդիտորի անձնական տվյալների: Միաժամանակ, Համաձայնագրի 11-րդ հոդվածը սահմանում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստրում անհատ աուդիտորի եւ աուդիտորի մասին ընդգրկվող տեղեկությունների շրջանակը, որոնք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի իմաստով անձնական տվյալներ են (այդ թվում՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, կապի միջոցները եւ այլն):

Արդյունքում ստացվում է, որ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով անհատ աուդիտորի եւ աուդիտորի վերաբերյալ 11-րդ հոդվածով սահմանված ոչ մի տեղեկություն ըստ էության չպետք է հրապարակվի: Հաշվի առնելով Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների շրջանակը՝ գտնում ենք, որ Համաձայնագրի  10-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասության 1-ին եւ 2-րդ հատվածները փոխբացառող են եւ թյուրըմբռնումների տեղիք կարող են տալ: Առաջարկում ենք հստակ սահմանել, թե որ տվյալներն են ենթակա հրապարակման, որոնք՝ ոչ:

3. Համաձայնագրի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստրում ընդգրկված՝ աուդիտորի անձնական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրվում են միայն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով եւ կարգով: Համաձայնագրի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստրը վարվում է էլեկտրոնային ձեւով եւ պետք է հասանելի լինի «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստրը վարող մարմնի պաշտոնական կայքում: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալների մշակումը (այդ թվում՝ փոխանցումն այլ անձանց կամ հրապարակումը) օրինական է, եթե ի թիվս այլնի ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով Համաձայնագրի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստրում ընդգրկված՝ աուդիտորի անձնական տվյալները հրապարակային դարձնելու անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է, որ դա նախատեսվի օրենքով: Ուստի անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ կամ ընդունել նոր օրենք, որը կկարգավորի աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների ռեեստրի ստեղծման եւ դրա գործարկման հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթների հիմքով, իսկ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Նախագիծը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեության իրականացման մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեության իրականացման մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, այդ թվում՝ եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ առկա չեն:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝                     ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն