Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-402-11.10.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաեւ Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը:»:

Հոդված 2. Oրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի» բառերը փոխարինել «միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգի» բառերով:

Հոդված 3 . Օրենսգրքի 267-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասի առաջին պարբերությունում «չի գերազանցել է» բառերը փոխարինել «չի գերազանցել» բառերով,

2.  5-րդ մասում՝

1) 3-րդ կետից հանել «անձնական օգտագործման» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետ.

«11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) եւ (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս եւ (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կամ 9-րդ» բառերը փոխարինել «, 9-րդ կամ 11-րդ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից.»,

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար» բառերը:

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 271-րդ հոդվածը:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2.  Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ծախսերի` հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցման սահմանափակումը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո՝

1) ձեռք բերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերի մասով,

2) հաշվեգրված՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի մասով,

3) ձեռք բերված՝ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների ձեռք բերման արժեքի եւ այդ ապրանքների սկզբնական արժեքի տարր համարվող՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո հաշվեգրված այլ ծախսերի մասով,

4) ձեռք բերված՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում չնշված ակտիվների օտարման դեպքում՝ դրանց հաշվեկշռային արժեքի մասով,

5) հաշվեգրված վարչական ծախսերի, իրացման ծախսերի եւ ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի մասով,

6) հաշվեգրված ֆինանսական ծախսերի մասով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջեւ սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս, սակայն, միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործնական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլ նաեւ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Մյուս կողմից, միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաեւ այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաեւ պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ՝

1)   շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաեւ շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը անհատույց օգտագործման վերցնելու գործարքների գծով ծախսերը,

2)  միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաեւ վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) եւ (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս եւ (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը,

3)  միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեության իրականացման կանոններն են:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերը ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրանով իսկ հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային:

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու եւ այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջեւ արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման եւ գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջեւ սահմանվելու է համադրելի եւ արդարացի հարկային բեռ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն