Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4021-11.10.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 22-րդ հոդվածի 10.1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է այն դեպքերի վրա, երբ միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2023 թվականի հունվարի 1-ն է կամ դրանից հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջեւ սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս, սակայն, միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործնական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլ նաեւ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Մյուս կողմից, միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաեւ այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաեւ պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ՝

1)   շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաեւ շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը անհատույց օգտագործման վերցնելու գործարքների գծով ծախսերը,

2)  միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաեւ վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) եւ (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս եւ (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը,

3)  միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեության իրականացման կանոններն են:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերը ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրանով իսկ հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային:

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու եւ այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջեւ արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման եւ գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջեւ սահմանվելու է համադրելի եւ արդարացի հարկային բեռ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն