Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-408-17.10.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «ավելացում» բառից հետո լրացնել «կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածում.

1) 6-րդ մասից հետո լրացնել 6.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ .

«6.1.Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:».

2) 7-րդ մասում «դատավորին վճարվող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի հետո լրացնել 5.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար՝ որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշվարկվում:»:

ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու եւ, դրանով իսկ, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման, ծառայության գրավչության եւ հանրային ծառայության այլ տեսակների հետ ընտրանքային (մրցակցային) հնարավորությունների ընդլայնման կարեւորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան: Միաժամանակ, այդ մոտիվացիան անմիջական ազդեցություն ունի թե զինծառայության արդյունավետ իրականացման, եւ թե քաղաքացիներին զինծառայությանը ներգրավման շրջանակներում առավել որակյալ ընտրություն կատարելու հնարավորության վրա: Խնդիրն առավել արդիական է զինվորական ծառայություն անցնելու այնպիսի պայմանների շրջանակներում, որոնք կապված են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների կատարման հետ: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն սահմանել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված զինծառայողին կհաշվարկվի հավելավճար: Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը, վճարման եւ հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Ընդ որում, առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, ինչպես նաեւ դրա արդյունքներն ազդեցություն են ունենալու նաեւ պայմանագրային զինծառայողի կողմից տվյալ պաշտոնում հետագա պաշտոնավարման նպատակահարմարության որոշման վրա: Միաժամանակ, նպատակահարմար է համարվել հավելավճարի հաշվարկման նպատակով ատեստավորումն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար նախատեսել կամավոր հիմունքներով, իսկ օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից հետո որոշակի ժամանակահատվածում՝ պարտադիր կարգով, ինչպես նաեւ նույն կարգով իրականացնելով պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվող, նոր պայմանագիր կնքող եւ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողների ատեստավորումը: Բացի այդ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Կարգավորման իմաստը կայանում է նրանում, որ համապատասխան գործառույթներ ունեցող համապատասխան խմբի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող (ընդհանրապես առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ընդունվողները եւ այն զինծառայողները, ովքեր կնշանակվեն զբաղեցրած պաշտոնի խմբից բարձր պաշտոնի) զինծառայողների համար հավելավճարի հաշվարկումը պետք է լինի պարտադիր՝ վարձատրության առումով պայմանագրային զինծառայության մրցակցային գրավչությունն ապահովելու նպատակով՝ միաժամանակ դրա հաշվարկումը կապելով ատեստավորման արդյունքների հետ, որպեսզի հավելավճարը հաշվարկվի իր մասնագիտական եւ գործառութային պարտականություններին պատշաճ տիրապետող զինծառայողին, իսկ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ատեստավորման կամավորությունը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ տվյալ զինծառայողն ինքը պետք է շահագրգռված լինի հավելավճարի տեսքով իր դրամական ապահովության բարձրացման համար եւ ինքը դիմի անցնելու ատեստավորում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանվում է ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում, նախատեսվում են ատեստավորմանը մասնակցելու եւ հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, նախատեսվում է ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափերը եւ վճարման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկի սահմանման, ինչպես նաեւ հավելավճարի հաշվարկման եւ հաշվարկված հավելավճարի դադարեցման պայմանները՝ ՀՀ պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.1 ենթակետի պահանջների կատարման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է ծախսերի ավելացման` մինչեւ 60 մլրդ դրամ չափով:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն