Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4081-17.10.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կամ ատեստավորման» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) սույն օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու» բառերը փոխարինել «սույն օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 47. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը եւ մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր:

3. Օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քանի չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ատեստավորման ենթակա է նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոր պայմանագիր կնքած եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողը՝ անկախ այն հանգամանքից, որ համապատասխան պաշտոնը պայմանագրային զինծառայողը զբաղեցնում է առաջին անգամ, թե ոչ:

4. Զբաղեցրած մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները (այսուհետ նաեւ՝ պայմանագրային զինծառայող) ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Սույն մասով սահմանված դեպքում՝

1) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողն ատեստավորման ենթակա է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քանի չորրորդ ամիսը լրանալու օրը.

2) հերթական արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը ենթակա է ատեստավորման հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտից հետո եռամսյա ժամկետում:

5. Ատեստավորման ենթակա պայմանագրային զինծառայողը ոչ ուշ, քան երկու ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

6. Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետեւյալ եզրակացությունները`

1) ենթակա է հաշվարկվելու հավելավճար.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:

7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

8. Ատեստավորվող պայմանագրային զինծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ատեստավորվող պայմանագրային զինծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երեսուն օրացուցային օրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 61-րդ հոդվածում.

1) 4-րդ մասում «հավելումներից» բառից հետո լրացնել «, հավելավճարներից» բառը.

2) 18-րդ մասից հետո լրացնել 18.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքներով հաշվարկվում է հավելավճար, որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը եւ հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով: Սույն մասի համաձայն հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշվարկվում:»:

ՀՈԴՎԱԾ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու եւ, դրանով իսկ, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման, ծառայության գրավչության եւ հանրային ծառայության այլ տեսակների հետ ընտրանքային (մրցակցային) հնարավորությունների ընդլայնման կարեւորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան: Միաժամանակ, այդ մոտիվացիան անմիջական ազդեցություն ունի թե զինծառայության արդյունավետ իրականացման, եւ թե քաղաքացիներին զինծառայությանը ներգրավման շրջանակներում առավել որակյալ ընտրություն կատարելու հնարավորության վրա: Խնդիրն առավել արդիական է զինվորական ծառայություն անցնելու այնպիսի պայմանների շրջանակներում, որոնք կապված են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների կատարման հետ: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն սահմանել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված զինծառայողին կհաշվարկվի հավելավճար: Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը, վճարման եւ հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Ընդ որում, առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, ինչպես նաեւ դրա արդյունքներն ազդեցություն են ունենալու նաեւ պայմանագրային զինծառայողի կողմից տվյալ պաշտոնում հետագա պաշտոնավարման նպատակահարմարության որոշման վրա: Միաժամանակ, նպատակահարմար է համարվել հավելավճարի հաշվարկման նպատակով ատեստավորումն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար նախատեսել կամավոր հիմունքներով, իսկ օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից հետո որոշակի ժամանակահատվածում՝ պարտադիր կարգով, ինչպես նաեւ նույն կարգով իրականացնելով պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվող, նոր պայմանագիր կնքող եւ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողների ատեստավորումը: Բացի այդ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Կարգավորման իմաստը կայանում է նրանում, որ համապատասխան գործառույթներ ունեցող համապատասխան խմբի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող (ընդհանրապես առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ընդունվողները եւ այն զինծառայողները, ովքեր կնշանակվեն զբաղեցրած պաշտոնի խմբից բարձր պաշտոնի) զինծառայողների համար հավելավճարի հաշվարկումը պետք է լինի պարտադիր՝ վարձատրության առումով պայմանագրային զինծառայության մրցակցային գրավչությունն ապահովելու նպատակով՝ միաժամանակ դրա հաշվարկումը կապելով ատեստավորման արդյունքների հետ, որպեսզի հավելավճարը հաշվարկվի իր մասնագիտական եւ գործառութային պարտականություններին պատշաճ տիրապետող զինծառայողին, իսկ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ատեստավորման կամավորությունը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ տվյալ զինծառայողն ինքը պետք է շահագրգռված լինի հավելավճարի տեսքով իր դրամական ապահովության բարձրացման համար եւ ինքը դիմի անցնելու ատեստավորում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանվում է ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում, նախատեսվում են ատեստավորմանը մասնակցելու եւ հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, նախատեսվում է ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափերը եւ վճարման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկի սահմանման, ինչպես նաեւ հավելավճարի հաշվարկման եւ հաշվարկված հավելավճարի դադարեցման պայմանները՝ ՀՀ պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.1 ենթակետի պահանջների կատարման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է ծախսերի ավելացման` մինչեւ 60 մլրդ դրամ չափով:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն