Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «կամ ատեստավորման» բառերը:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) սույն օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում:»:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու» բառերը փոխարինել «սույն օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 47. Պայմանագրային զինծառայողների ատեստավորումը
1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը եւ մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր:
3. Օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնն զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, եւ ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ատեստավորման ենթակա է նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոր պայմանագիր կնքած եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողը՝ անկախ այն հանգամանքից, որ համապատասխան պաշտոնը պայմանագրային զինծառայողն զբաղեցնում է առաջին անգամ, թե ոչ:
4. Զբաղեցրած մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները (այսուհետ նաեւ՝ պայմանագրային զինծառայող) ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Սույն մասով սահմանված դեպքերում՝
1) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողն ատեստավորման ենթակա է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո, եւ ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը.
2) հերթական արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը ենթակա է ատեստավորման հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:
5. Ատեստավորման ենթակա պայմանագրային զինծառայողը ոչ ուշ, քան երկու ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
6. Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետեւյալ եզրակացությունները.
1) ենթակա է հաշվարկվելու հավելավճար.
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:
7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
8. Ատեստավորվող պայմանագրային զինծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ատեստավորվող պայմանագրային զինծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 61-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «հավելումներից» բառից հետո լրացնել «, հավելավճարներից» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին մասով.
«18.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքներով հաշվարկվում է հավելավճար, որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը եւ հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով: Սույն մասի համաձայն հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: