Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-409-17.10.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարում` բաժնային սեփականության սեփականատերերի` օրենքով եւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ պայմանագրերով նախատեսված իրավունքների, պարտականությունների եւ պարտավորությունների իրագործմանն ուղղված մասնագիտական գործունեություն.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմինների մասնագիտական գործունեության իրականացումը

1. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմինների (համատիրության կառավարչի, հավատարմագրային կառավարչի, լիազորագրային կառավարչի) գործունեությունը մասնագիտական գործունեություն է:

2. Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման եւ բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները պարտադիր չեն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` մինչեւ 4 սեփականատեր ունեցող, ինչպես նաեւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի համար:»:

Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը: