Armenian ARMSCII Armenian
Կ-409-17.10.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարում» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարում` բաժնային սեփականության սեփականատերերի` օրենքով եւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ պայմանագրերով նախատեսված իրավունքների, պարտականությունների եւ պարտավորությունների իրագործմանն ուղղված գործունեություն.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեությունը

1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեություն է համարվում բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներ իրականացնող եւ մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխանող անձանց՝ համատիրության կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, լիազորագրային կառավարիչ հանդիսացող ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձ հանդիսացող կառավարման մարմնի՝ ֆիզիկական անձ հանդիսացող կառավարչի գործունեությունը:

2. Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման եւ բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները պարտադիր չեն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` մինչեւ 4 սեփականատեր ունեցող շենքերի համար՝ պարտադիր նորմերի ապահովումը ժողովի միջոցով իրականացվելու դեպքում, ինչպես նաեւ, սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի համար:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը: