Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-414-24.10.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգին համապատասխան ձեւակերպված օտարերկրյա ապրանքների եւ Միության ապրանքների մանրածախ առեւտրի վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նախագծով առաջարկվող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի հունվարի 18-ին ընդունված եւ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված իրավակարգավորումների արդյունքում «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող մանրածախ առեւտրի ոլորտում առաջացած խոչընդոտների վերացմամբ:

Խնդիրը այն է, որ ՀՀ այցելող եւ ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված: Համաձայն «Զվարթնոց» եւ «Շիրակ» միջազգային օդանավակայաններում շահագործվող անմաքս առեւտրի խանութներից ստացված տեղեկատվության, անկանխիկի մասին օրենքի ուժի մեջ մտնելուն նախորդած 1 տարվա ընթացքում կատարվել է մոտ 300 մլն դրամի առեւտուր, որոնց դեպքում կտրոնների արժեքը գերազանցել է 300 հազար դրամը: Այդ գումարից ավելի քան 80 տոկոսը հայկական ապրանքներ են, հիմնականում՝ թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նման գործարքների քանակը եւ ծավալը անգամներով նվազել է:

Հաշվի առնելով նաեւ այն հանագամանքը, որ անկանխիկ գործառնությունների կարգավորման՝ Օրենքով սահմանված սահմանափակումները էական ազդեցություն չունեն ինչպես ՀՀ մանրածախ առեւտրաշրջանառության եւ դրամաշրջանառության, այնպես էլ համապատասխան պետական քաղաքականության տեսանկյունից՝ առաջացնելով անհարկի խոչընդոտներ զբոսաշրջության եւ առեւտրի բնագավառում, նպատակահարմար է Օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաեւ կանխիկ վճարումներ:

Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա տեղական արտադրության, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման վրա: Նախագծի ընդունումը նաեւ դրական ազդեցություն կունենա բյուջեի եկամուտների վրա՝ ավելի շատ վաճառքների շնորհիվ ապահովելով ավելի շատ հարկեր:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


24.10.2022թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Սիմոնյան


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ