Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-415-26.10.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ կից հայտարարությամբ :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան` 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 
Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան» եւ կամընտիր արձանագրությունը, սակայն 2010 թվականի հոկտեմբերի 22-ին վավերացրել է միայն կոնվենցիան:

Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան» եւ կամընտիր արձանագրությունը, սակայն 2010 թվականի հոկտեմբերի 22-ին վավերացրել է միայն կոնվենցիան:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը կոնվենցիայի մշտադիտարկման մեխանիզմներից մեկն է, կարգավորում է հարցեր, որոնք կոնվենցիայով բավարար չեն կարգավորվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկատարի ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի կողմից Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ CRPD/C/ARM/CO/1 եզրափակիչ դիտարկումներով տրված հանձնարարականը՝ վավերացնել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը (6-րդ կետ, d ենթակետ):

Արձանագրության վավերացումը թույլ կտա ավելի ամրապնդել Հայաստանի ու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ կոմիտեի հետ փոխգործակցությունը՝ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

Վավերացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը՝ ընդունելու եւ քննարկելու իր իրավասության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները (կոմունիկացիաներ)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաեւ կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների ստեղծմանն ու ընդլայնմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը:

Արձանագրության իրականացման համար լիազորված մարմին կհանդիսանա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ն. ՄԿՐՏՉՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը շարունակել է ակտիվորեն համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության տարբեր ինստիտուտների, այդ թվում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի եւ ՄԱԿ Մարդու իրավունքների պայմանագրային մարմինների հետ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2006թ. դեկտեմբերի 13-ին:

Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկատարի ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը:

Վավերացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ Հայաստանը կստանձնի պարտավորություն ընդունել անհատական հաղորդումներ (կոմունիկացիաներ)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին:

Արձանագրության վավերացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել Հայաստանի ու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ կոմիտեի հետ փոխգործակցությունը՝ էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2006թ. դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:


ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2006թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2007թ. մարտի 30-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո՝ երեսուներորդ օրը:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008թ. մայիսի 3-ին:

Արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր Կողմ պետություն Արձանագրության ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ չի ճանաչում 6-րդ եւ 7-րդ հոդվածներով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին վերապահված իրավասությունը (հայտարարություն անելու նպատակահարմարության դեպքում ներկայացնել նաեւ հայտարարության տեքստի նախագիծ):

Ադրբեջանի Հանրապետությունը Արձանագրության վավերագիրն ավանդապահին ի պահ հանձնելիս կատարել է հայտարարություն, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ հայտարարությամբ (կից ներկայացվում է):

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը ստորագրել է 94 պետություն, ուժի մեջ է մտել 100 պետության համար (ցանկը կից ներկայացվում է):
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայաստանի Հանրապետության հայտարարությունը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ

Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կամընտիր արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կամընտիր արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթներով, իսկ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարար Ն. Մկրտչյանին

ՀՀ արդարադատության նախարար
Կ. Անդրեասյանին

Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի
27.07.2022թ. թիվ 02/06.15/24495-2022 գրության

Հարգելի՛ պարոնայք


Հայտնում ենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` Գ. Սանոսյան
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ( հավելված )

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն