Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4211-04.11.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության, նամակագրության եւ այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը, ինչպես նաեւ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հանդիսանում են տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմին, օրենքով սահմանված կարգով իրականացնում են պետական վերահսկողություն.»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-5.6 կետերով.

«5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների եւ այլ տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.

5.2) համակարգում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ենթակառուցվածքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքները.

5.3) մասնակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի մշակմանը.

5.4) իրականացնում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթ.

5.5) համակարգում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային եւ տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը.

5.6) մշակում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը, որը հաստատվում է Կառավարության որոշմամբ.»,

3) 13-րդ կետում «ունեն» բառը փոխարինել «կիրառում են» բառով, իսկ «լուսանկարահանման եւ» բառերը՝ «լուսանկարահանման համար նախատեսված» բառերով,

4) 55-րդ կետում «տեղեկատվության պաշտպանության» բառերից առաջ լրացնել «տեղեկատվական անվտանգության ապահովման եւ» բառերը,

5) 59-րդ կետում «տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական» բառերը փոխարինել «եւ հեռահաղորդակցական» բառերով,

6) 60-րդ կետում «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «բացահայտման եւ կանխման» բառերը փոխարինել «հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման» բառերով,

2) 5-րդ մասում «Պետական մարմինները եւ կազմակերպությունները» բառերը փոխարինել «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները» բառերով,

3) 6-րդ մասում «օպերատիվ-տեխնիկական» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական» բառերով:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «ծառայողներ եւ բանվորներ (քաղաքացիական անձնակազմ)» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,

2) 6-րդ մասում «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական պաշտպանությունն» բառերը փոխարինել «սոցիալական ապահովությունն» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» գործող օրենքի (այսուհետ` Օրենք) վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է օրենքի մի շարք կարգավորումներ համապատասխանեցնել առկա օրենսդրության պահանջներին, առանձին դրույթներ նորովի կանոնակարգել՝ հաշվի առնելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները եւ սկզբունքները: Բացի այդ, օրենքի գործողության վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ առկա են նաեւ բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք նույնպես կանոնակարգման կարիք ունեն:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սահմանային տարիքի շեմը եւս վերանայման կարիք ունի, մասնավորապես` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված են հետեւյալ տարիքային սահմանափակումները՝ ենթասպայական եւ սպայական խմբի մինչեւ մայոր, փոխգնդապետ կոչում ունեցողների համար՝ 50, իսկ գնդապետի համար՝ 55 տարեկանը: Զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված են սահմանային տարիքի համեմատաբար ավելի բարձր շեմեր, օրինակ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքներով: Նշված տարիքային սահմանափակումը հաճախ խնդիրներ է առաջացնում համակարգում որակյալ կադրերի համալրվածության ապահովման տեսանկյունից, մասնավորապես, խոչընդոտներ են ստեղծվում վերջիններիս մասնագիտական գիտելիքների օգտագործման, ձեռք բերված երկարամյա փորձի փոխանցման եւ ծառայության առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծման համար: Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչեւ 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը եւ հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի զինծառայողներինը` մինչեւ 10) տարի ժամկետով: Նշված կարգավորումը հնարավորություն է տալիս մինչեւ 10 տարի ժամկետով երկարաձգելու միայն ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմի եւ հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետները: Մինչդեռ, ԱԱԾ ռազմաբժշկական վարչությունում կադրային հոսքը բացառելու, ինչպես նաեւ որակյալ, փորձառու եւ բարձր մասնագիտական գիտելիքներով օժտված կադրերով ապահովելու համար, անհրաժեշտ է դիտարկել նաեւ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետն ավելի երկար ժամանակով երկարաձգելու հնարավորությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ նշված պաշտոններում անձինք, որպես կանոն, ի սկզբանե ծառայության են ընդունվում ավելի բարձր տարիքում՝ նկատի ունենալով մասնագիտական կրթության առանձնահատկությունները (մասնավորապես՝ տեւողությունը) եւ մասնագիտական բարձր որակների ձեւավորման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը: Միաժամանակ, նման մոտեցում որդեգրված է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում:

Հաշվի առնելով, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կարգապահական պատասխանատվության հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով, անհրաժեշտ է Օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերի անվանումները համապատասխանեցնել դրան, բացի այդ, նշված կանոնագրքի համաձայն կարգապահական տույժի արդյունքում իջեցված պաշտոնը կարող է վերականգնվել ոչ միայն կարգապահական տույժը հանելուց, այլեւ այն կրելու ժամկետը լրանալուց հետո, ինչը եւս անհրաժեշտ է ամրագրել Օրենքում:

Օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնից ազատման հիմքերի առկայության պարագայում գործնականում որոշակի խնդիրներ են առաջանում նաեւ ազգային անվտանգության մարմիններում ծառայողների շահերի տեսանկյունից: Մասնավորապես, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված որեւէ ծառայողի պաշտոնից ազատելու դեպքում նախատեսված չեն հստակ կարգավորումներ մինչեւ այլ պաշտոնի նշանակելու հարցի լուծումը վերջինիս իրավական կարգավիճակի եւ ժամկետների վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ծառայողին մինչեւ մեկ այլ պաշտոնի նշանակելու հարցի լուծումը որոշակի ժամանակ կարող է անցնել, ուստի Օրենքով վերջիններիս կարգավիճակը այդ ընթացքում հստակեցնելու համար անհրաժեշտ է Օրենքի 26-րդ հոդվածում՝ կադրերի տրամադրության տակ վերցնելու հիմքերում լրացնել նաեւ նշված հիմքը: Տվյալ դեպքում, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայողին մինչեւ մեկ այլ պաշտոնի նշանակելու հարցի լուծումը, հստակ երաշխիքներ կսահմանվեն վերջինիս կարգավիճակի, իրավունքների, ինչպես նաեւ վարձատրության կապակցությամբ: Միաժամանակ, կարիք կա կադրերի տրամադրության տակ ծառայողին վերցնելու ընթացակարգը կանոնակարգելու նպատակով առանձին իրակական ակտ ընդունելու համար ՀՀ ԱԱԾ տնօրենին օրենքով համապատասխան լիազորություն վերապահելու՝ գործընթացն առավել մանրամասնորեն կարգավորելու համար:

Օրենքով հստակ սահմանված են ծառայողին պաշտոնից ազատելու եւ ծառայությունից արձակելու հիմքերը, ինչպես նաեւ առանձին դեպքերում պաշտոնից ազատելիս կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքերը: Նշված հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծառայողը իր դիմումի համաձայն կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից միայն այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքում, ինչպես նաեւ ծառայությունից արձակվելիս: Այլ հիմքերով պաշտոնից ազատումը կատարվում է գործատուի նախաձեռնությամբ, ընդ որում նման դեպքերում ծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ, ինչը ծառայողի աշխատանքային իրավունքների ապահովման երաշխիքներից է: Տարընկալումներից խուսափելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու Օրենքի 27-րդ հոդվածով սահմանված՝ ծառայողի՝ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվելու հիմքը:

Օրենքի 28-րդ հոդվածով կարգավորվում են ծառայողների ատեստավորման հետ կապված հարաբերությունները՝ նախատեսելով, որ սպաներն ատեստավորվում են ծառայության յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, իսկ ենթասպաները` 3 տարին մեկ անգամ: Նման տարբերակումը գործնականում որեւէ դրական ազդեցություն չունի եւ մասնագիտական որակների բարձրացման խնդիր չի լուծում, առավել եւս, որ ենթասպայական պաշտոններին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ մասնագիտական կրթության տեսանկյունից, առավել մեղմ են: Հետեւաբար, ատեստավորումն ավելի հաճախ անցկացնելն արդյունավետության տեսանկյունից հիմնավորված չէ:

Նշված հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ատեստավորման ենթակա չեն տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները, ինչը խոչընդոտներ է ստեղծում ազգային անվտանգության մարմինների աշխատանքի արդյունավետ իրականացման համար: Մասնավորապես, ծառայության առանձնահատկություններից ելնելով, հաճախ անհրաժեշտություն է առաջանում այս կամ այն պաշտոնը փորձառու եւ բանիմաց ծառայողներով համալրելու, ինչպես նաեւ ծառայողի մասնագիտական ունակությունները գնահատելու եւ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար ատեստավորումն իրականացնել արտահերթ, այսինքն՝ մինչեւ նախատեսված 5-ամյա ժամկետի ավարտը, իսկ առանձին դեպքերում ծառայողի առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաեւ տվյալ պաշտոնը մեկ տարի զբաղեցնելուց ավելի շուտ: Դրանով իսկ պայմանավորված առաջարկվում է ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի որոշմամբ նախատեսել նաեւ արտահերթ ատեստավորման անցկացման հնարավորություն:

Օրենքի 45-րդ հոդվածով կարգավորված են սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները: Ներկայումս նախատեսվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունում կրթություն են ստանալու նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համար պատրաստվող կադրերը, եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածում կատարված փոփոխությունների արդյունքում ամրագրվել է, որ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին եւս անյատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվելու: Վերջիններիս հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիրը կնքվելու է նշված օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով՝ 20 տարով, եւ միատեսակ մոտեցում ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ազգային անվտանգության մարմինների նշված կատեգորիայի ծառայողների համար նախատեսել հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանած կարգով իրականացնելու վերաբերյալ կարգավորում:

Օրենքի 47-րդ հոդվածով սահմանված են ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը, որոնք առավել հստակ շարադրման կամ վերանայման կարիք ունեն: Օրինակ՝ 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոչումից զրկվելու դեպքում ծառայությունից արձակումը: Նշված հիմքը փոխառված է եղել զինվորական ծառայությունից արձակման հիմքերից, այնինչ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակման հիմք է նախատեսված նաեւ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքը, եւ հաշվի առնելով, որ կոչումից զրկումը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի տեսակ է, որը կիրառվում է դատարանի կողմից մեղադրական դատավճռով, ուստի կոչումից զրկելու դեպքը որպես արձակման ինքնուրույն հիմք նախատեսելն ավելորդ է:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է նաեւ ԱԱԾ տնօրենի համար ծառայությունից արձակելու իրավունք վերապահել նաեւ դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքերով: Հարկ է ընդգծել, որ ծառայությունից արձակման (ազատման) համանման հիմք նախատեսված է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1.1-ին մասով, իսկ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության դեպքում նման հիմքի առկայության անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության առավել առանձնահատուկ բնույթով:

Բացի այդ, Օրենքում կիրառվող մի շարք հասկացություններ այլեւս արդիական չեն, չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրությամբ ամրագրված ձեւակերպումներին, մասնավորապես, խոսքը ՀՀ աշխատանքային, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ կիրառվող ձեւակերպումների մասին է: Ներկայացված նախագծի նպատակն է վերացնել ստեղծված անհամապատասխանությունները եւ օրենքում տեղ գտած ներքին հակասությունները:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության ծառայության լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալի հաշվառմամբ նախագծով.

1. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է բարձրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական եւ սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը՝ 2 տարով:

2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետը մինչեւ 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաեւ ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կարգապահական պատասխանատվության հարցերին վերաբերող դրույթները համապատասխանեցվում են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի պահանջներին:

4. Օրենքի 26-րդ հոդվածում՝ կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերում առաջարկվում է լրացնել նաեւ ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պաշտոնից ազատելու դեպքը: Միաժամանակ, կադրերի տրամադրության տակ ծառայողին թողնելու կարգը կսահմանվի ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի համար օրենքով կնախատեսվի համապատասխան լիազորող նորմ: Հստակեցվում են նաեւ պաշտոնից ազատելու հիմքերը:

5. 28-րդ հոդվածում առաջարկվում է սահմանել սպաների եւ ենթասպաների պարտադիր ատեստավորման միեւնույն պարբերականություն՝ 5 տարին մեկ անգամ: Բացի այդ, նախատեսվում է սահմանել արտահերթ ատեստավորման անցկացման հնարավորություն՝ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:

6. Ամրագրվում է, որ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվելու է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանած կարգով:

7. 47-րդ հոդվածում հստակեցվում են ծառայությունից արձակելու հիմքերը, եւ որպես ծառայությունից արձակելու հիմք առաջակվում է նախատեսել նաեւ ծառայողի կողմից դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարելը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով: Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով պարտադիր անցկացվելու է ծառայողական քննություն:

8. Նախագծերով առաջարկվում է կատարել նաեւ մի շարք խմբագրական փոփոխություններ՝ հաշվի առնելով ՀՀ գործող օրենսդրությամբ ներկայումս կիրառվող իրավական ձեւակերպումները եւ կարգավորումները:

9. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում նաեւ նախատեսվում է հստակեցնել եւ առավել համապարփակ կարգավորել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության ծառայության լիազորությունները::

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

1. Օրենքների դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումներին,

2. ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընթացքում պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները (այդ թվում՝ ծառայության համար սահմանված տարիքային առավելագույն սահմանափակումները) կկանոնակարգվեն առավել հստակ՝ հաշվի անելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության բնույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում պրոֆեսիոնալ կադրային համալրվածության կարեւորությունը,

3. կլուծվեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող գործնական խնդիրները, կբարձրանա կադրային քաղաքականության արդյունավետությունը,

4. Օրենքով կհստակեցվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերապահվող լիազորությունները համապատասխան իրավահարաբերությունները գերատեսչական իրավական ակտերով կանոնակարգելու առումով:

Նախագծով առաջարկվող նոր լուծումներն ուղղված կլինեն նաեւ ազգային անվտանգության մարմիններում իրականացվող ծառայության նկատմամբ պատշաճ զգոնություն եւ անձնական առավել բարձր պատասխանատվություն սերմանելուն:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի  26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից: Համաձայն նշված կետի` ՀՀ ներքին եւ արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարեւորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող եւ հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի եւ գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն