Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-422-04.11.2022-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի. ՀՕ-261 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ՝ հուշարձան) հայտնաբերման, վավերագրման, ուսումնասիրման, պետական հաշվառման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման, ինչպես նաեւ դրանց պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին հոդվածով.

«Հոդված 1.1 Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան - պետական հաշվառման վերցված եւ հուշարձանի կարգավիճակ ունեցող պատմական կամ հնագիտական կամ ճարտարապետական կամ մոնումենտալ արվեստի կամ գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող հնագիտական շերտերը, քարեդարյան կայանները, քարայր-կացարանները, կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց զբաղեցրած եւ պատմականորեն դրանց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, որմնանկարները, պատմամշակութային արգելոցները, պատմական լանդշաֆտները եւ հիշարժան վայրերը, պատմական բնակավայրերի քաղաքաշինական եւ պատմական կենտրոնները՝ անկախ պահպանվածության աստիճանից,

2) պատմամշակութային օբյեկտ - նոր հայտնաբերված եւ պետական հաշվառման վերցված օբյեկտ, որը դեռեւս չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ,

3) նորահայտ հուշարձան - մինչեւ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող որոշակի կարգավիճակ ստացած նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտ:

4) հուշարձանի տարածք - հուշարձանի տարածքը իր զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է,

5) պատմական միջավայր - մարդու գործունեության արդյունքում ձեւավորված պատմական եւ մշակութային որոշակի արժեք ունեցող միջավայր,

6) հուշարձանի պահպանական գոտիներ - հուշարձանի պահպանության, կառուցապատման կարգավորման կամ լանդշաֆտի պահպանման գոտիների տարածքներ եւ դրանցում օգտագործման պայմանակարգեր (ռեժիմ) սահմանող փաստաթուղթ,

7) հուշարձանի պահպանության գոտի - հուշարձանի պատմական միջավայրի անմիջական ազդեցության եւ հնարավոր հնագիտական շերտերի որոշակի պահպանության պայմանակարգ (ռեժիմ) ունեցող տարածք,

8) կառուցապատման կարգավորման գոտի - հուշարձանի քաղաքաշինական միջավայրի պահպանության, ներդաշնակ եւ բարենպաստ տեսողական ընկալման պայմանակարգ (ռեժիմ) ունեցող տարածք,

9) լանդշաֆտի (տեղանքապատկերի) պահպանման գոտի - հուշարձանի պատմական միջավայրի բնական կամ պատմականորեն ձեւավորված բնապատմական ռելիեֆի, ջրային մակերեսների եւ բուսականության պահպանության ռեժիմ ունեցող տարածք,

10) հուշարձանի ուսումնասիրություն - հուշարձանի ու դրա տարածքի մատենագրական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի վավերագրում, հավաքում, հնագիտական, երկրաբանական, ինժեներական (նյութագիտական, կոնստրուկտորական, տեխնիկական վիճակի եւ այլ) հետազոտություններ,

11) հնագիտական հետախուզում - որոշակի տարածքների համալիր հետազոտություն հնագիտական օբյեկտների հայտնաբերման, քարտեզագրման, նկարագրության նպատակով, վերգետնյա նկատվող կառույցների կամ այլ բաղկացուցիչների տարբեր մեթոդներով վավերագրում կամ փոքրածավալ ստուգողական պեղումների իրականացում,

12) հնագիտական պեղում - մշակութային շերտերի, հնագիտական օբյեկտների ու հուշարձանների՝ դաշտային պայմաններում կատարվող գիտահետազոտական եւ գիտագործնական համալիր ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են տարածքների վերգետնյա, ստորգետնյա եւ ստորջրյա տեղազննության, մշակութային շերտերի բացման, հայտնաբերված նյութական մնացորդների ու հետքերի տարբեր եղանակներով փաստագրման եւ վավերագրման միջոցով,

13) հուշարձանի վերականգնողական աշխատանք - հուշարձանի ամրակայման, նորոգման եւ վերականգնման գործունեության իրականացում,

14) հուշարձանի պահպանական գոտիների օգտագործման պայմանակարգ (ռեժիմ) - հուշարձանների պահպանական գոտիների պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման պայմաններին, պահանջներին եւ սահմանափակումներին վերաբերող պարտադիր դրույթներ,

15) պատմամշակութային հիմնավորման նախագիծ - պատմական բնակավայրերի, դրանց կենտրոնների կամ առանձին հատվածների պահպանության եւ օգտագործման պայմանակարգեր, ինչպես նաեւ կառուցապատման թույլատրելի դրույթներ սահմանող նախագիծ (ծրագրային փաստաթուղթ),

16) հուշարձանների պետական կադաստր - պետական տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների եւ դրանց տարածքների, պահպանական գոտիների եւ դրանցում առկա հողատեսքերի, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական եւ պատմամշակութային արգելոցների, պետական հաշվառման փաստաթղթերի եւ վավերագրերի մասին,

17) մշակութային շերտ - մարդկային գործունեության արդյունքում առաջացած, այդ գործունեության մասին վկայող նյութական մնացորդներ պարունակող վերգետնյա, ստորգետնյա կամ ստորջրյա շերտ,

18) պատմական բնակավայր - Հայաստանի Հանրապետության ժողովրդի մշակութային ինքնատիպության պահպանության համար կարեւոր նշանակություն ունեցող՝ հնագիտական, պատմական, ճարտարապետական, քաղաքաշինական, գեղագիտական, գիտական կամ սոցիալ-մշակութային այլ արժեքներ ներառող բնակավայր,

19) հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանություն - հուշարձանների եւ դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման կանխարգելիչ միջոցառումների համակարգ,

20) արգելոց-թանգարան - շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, գիտալուսավորչական, կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն, որը ստեղծվում է իրենց ավանդական պատմական (մշակութային եւ բնական) միջավայրում անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրահռչակման եւ օգտագործման, ինչպես նաեւ անշարժ հուշարձանախմբերի, պատմական, բնապատմական միջվայրի, պատմամշակութային հողերի եւ դրանց հարող տեղանքապատկերների /լանդշաֆտի/ ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով:

21) հնագիտական պարկ - հնագիտական այն համալիր հաստատություններն են, որոնք ստեղծվել են հնագիտական ժառանգության թանգարանացման իրագործման համար հնագույն ժամանակներում պատմականորեն ձեւավորված տարածքների վրա հստակ տեղայնացված հուշարձանների սահմաններում` ապահովելու վերջիններիս հնագիտական, մշակութային եւ բնական ամբողջական արժեքների պահպանությունը, հետազոտումը եւ հանրահռչակումը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «իրավասությունները» բառով.

2. «1-ին մասի ե) կետի «արգելոցներ» բառից հետո լրացնել
«, արգելոց-թանգարաններ, հնագիտական պարկեր» բառերը:

3. 1-ին մասում «է)» կետից հետո լրացնել է1) կետով հետեւյալ բովանդակությամբ.

«է1) հաստատում է հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու եւ պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1. վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «իրավասությունները» բառով.

2. 1-ին մասի «է)» կետից հետո լրացնել նոր «է1) եւ է2) կետերով հետեւյալ բովանդակությամբ.

Է1) հաստատում է հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձեւը.

Է2) հաստատում է հուշարձանների պահպանական պարտավորագրի ձեւը:»:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Հուշարձանների պետական ցուցակներում նորահայտ հուշարձան ընդգրկելը եւ ցուցակից հանելը

1.Հուշարձանների պետական ցուցակներում նորահայտ հուշարձան ընդգրկելը, ցուցակներից հանելը կատարվում է ըստ համապատասխան չափորոշիչների՝ լիազորված մարմնին կից գործող փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հուշարձանների պետական ցուցակում նոր հուշարձան՝ պատմամշակութային օբյեկտ ընդգրկելու կամ նշված ցուցակից հուշարձան հանելու առաջարկություն կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության եւ օտար երկրների պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության գիտական, մշակութային կազմակերպությունները ու ստեղծագործական միությունները, ինչպես նաեւ կրոնական կազմակերպությունները` համապատասխան հիմնավորմամբ եւ տեղեկատվությամբ դիմելով լիազոր մարմնին:

3. Հուշարձանը պետական ցուցակից հանվում է միայն այն դեպքում, եթե այն այլեւս գոյութուն չունի կամ կորցրել է իր պատմամշակութային եւ գիտական արժեքը:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 35.1 հոդվածով.

«Հոդված 35.1 Հուշարձանների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

1. Հուշարձանների վերաբերյալ բոլոր գործարքների մասին տվյալները գրանցվում են լիազոր մարմնի կողմից:

2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը՝

1) պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.

2) հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության մասին տեղեկությունը տրամադրում է հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառի լիազոր մարմնին:»:

Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու եւ պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ինն ամսում լիազոր մարմնի հրամաններով սահմանվում են հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձեւը եւ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձեւը: