Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4221-04.11.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 կետով.

«3.1) Պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «շրջակա միջավայրի պահպանման» բառերից հետո լրացնել «,պատմամշակութային հուշարձանների պահպանության» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Գործող հուշարձանների օրենքն ընդունվել է 1998 թվականին, որից հետո ընդունվել են մի շարք նոր օրենքներ` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք եւ այլն, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը: Միեւնույն ժամանակ վավերացվել են «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին» եւ «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիաները:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության կարեւորությունը, ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավո-րությունները, ինչպես նաեւ խնդիրների առկայությունը վկայում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման հրատապության եւ անհրաժեշտության մասին, եւ առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով, բացի հուշարձանի սեփականատերերը հաճախ տեղյակ չեն լինում, որ ձեռք են բերում հուշարձան հանդիսացող շինություններ, ուստի կարեւոր է, որ սեփականության վկայականներում լինի ամրագրում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

Օրենքի նախագծում առաջարկվում է սահմանել նաեւ պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունը այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում:

Նախագծով նախատեսվում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին եւ չափանիշներին:

Օրենքի նախագծի մշակման ընթացքում առաջացած խնդիրների լուծումները գտնելու նպատակով ուսումնասիրվել է հուշարձանների վերաբերյալ միջազգային առաջավոր փորձը՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Լատվիայի, Ուկրաինայի պատմության եւ մշակույթի պահպանության եւ օգտագործման բնագավառը կարգավորող օրենսդրությունը` մասնավորապես կիրառվող հասկացությունները, հանրապետական գործադիր իշխանությանը` կառավարության եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունները եւ այլն:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, միաժամանակ նպաստել պատմության եւ մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես նպաստելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունումը կապված է 2021 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության N 1363-Ա որոշմամբ հաստատված 2021-2026 թթ. ծրագրի 4.9 գլխի Հայկական պատմամշակութային ժառանգության /նյութական եւ ոչ նյութական/ պահպանության, ուսումնասիրության, օգտագործման եւ հանրայնացման շարունակականության ապահովում ու իրավական դաշտի կատարելագործում պարբերություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն