Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-42423-04.11.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասից «եւ ծառայողական» բառը հանել:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից «, ծառայողական» բառը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական գաղտնիքի մասին» օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ներկայումս գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն արդիականացնելու անհրաժեշտությամբ:

Վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման եւ հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից հիշյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը:

Գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային եւ օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման եւ կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին եւ դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաեւ արդի միջազգային փորձը:

Գործող օրենքում լիարժեքորեն նախանշված չեն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու եւ դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների վերանայման ժամկետները, գաղտնի տեղեկությունների գաղտնազերծմանն առնչվող, ինչպես նաեւ մի շարք այլ իրավակարգավորումներ, կարգավորված չեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ ՀՀ քրեական նոր օրենսգիրք կամ Օրենսգիրք), որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: Օրենսգրքում առկա կարգավորումներով պետական գաղտնիքի հրապարակման արդյունքում պետության օրինական շահերին պատճառվող վնասին համաչափ քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Մասնավորապես, գործող կարգավորումները խնդրահարույց են պետական գաղտնիքի հրապարակմամբ պետությանը պատճառված վնասի եւ այդ արարքը կատարած անձի նկատմամբ կիրառված պատժաչափի համաչափության տեսանկյունից, որպիսի պայմաններում կիրառվող պատժաչափերը չեն կարող պիտանի եւ անհրաժեշտ լինել քրեական օրենքով սահմանված՝ պատժի հիմնական նպատակներին հասնելու համար: Բացի այդ, միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ պետական գաղտնիքի հրապարակման համար մի շարք երկրների (Վրաստան, Ուկրաինա, ՌԴ եւ այլն) քրեական օրենսդրությամբ առավել խիստ պատասխանատվություն է նախատեսված քան ՀՀ քրեական նոր օրենսգրքով:

Միաժամանակ, ներկայումս գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվություն «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով դրանց հետ ծանոթանալու իրավունք ուներ եւ ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, ինչպես նաեւ նույն դրոշմագիրը ունեցող տեղեկություններն դիտավորությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ ում դա վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին», քանի որ միջազգային փորձի (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան, Վրաստան եւ այլն) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդպես են անվանվում բնագավառը կարգավորող օրենքները: Այս կապակցությամբ նախագծում այլեւս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը եւ «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները եւս կդասվեն պետական գաղտնիքի շարքին:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված որոշակի բնագավառի տեղեկություններ պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու եւ պաշտպանելու, ինչպես նաեւ պետական գաղտնիքի հետ կապված այլ կարգավորումներն արդիականացնելու նպատակով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծում հստակեցվել են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության, գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցների, գաղտնիության դրոշմագրի եւ այլ հասկացությունների սահմանումները: Հստակեցվել է նաեւ տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու եւ դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, ինչպես նաեւ նախատեսվել են գաղտնի տեղեկությանն առնչվող մի շարք այլ իրավակարգավորումներ՝ արդի իրողություններին եւ միջազգային փորձին համապատասխան:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտիքին առնչվող հասկացությունների հետեւյալ սահմանումները.

1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկություններ)՝ ցանկացած տեղեկություն, արտադրանք կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից եւ որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,

2) պետական գաղտնիք՝ Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության եւ տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, արտադրանքը կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պահպանվում եւ պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,

3) սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն՝ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին քաղաքական եւ տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքներին եւ օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,

4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային)՝ (այսուհետ՝ նաեւ տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են, որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների, գործընթացի կամ այլ ձեւերով,

5) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում՝ պետության պաշտպանության տակ գտնվող եւ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում կամ հոսակորուստ,

6) հրապարակում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկացած ձեւով մատչելի դարձնելն է այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեցող անձանց,

7) հոսակորուստ՝ պետության պաշտպանության տակ գտնվող եւ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կորուստ,

8) գաղտնագրում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության նպատակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,

9) գաղտնազերծում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ օրենքով սահմանված կարգով սահմանափակումների վերացում,

10) գաղտնիության ռեժիմ՝ պետական գաղտնիքի պաշտպանության եւ պահպանության նպատակով համալիր միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը կամ հուսակորուստը կանխելուն,

11) պետական գաղտնիքի պաշտպանություն՝ լիազոր մարմնի համակարգմամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ուժերի ու միջոցների կիրառում՝ ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, արտադրանքների եւ նյութերի հրապարակումը եւ հոսակորուստը կանխելուն,

12) պետական գաղտնիքի պահպանություն՝ օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպչական, ինժեներատեխնիկական, ծրագրային եւ այլ անհրաժեշտ միջոցների ու մեթոդների համակարգված կիրառում,

13) գաղտնիության աստիճան՝ տեղեկությունների կարեւորությունը, դրանց տարածմամբ հնարավոր հետեւանքների առաջացումը եւ տեղեկության մատչելիության սահմանափակումը բնութագրող ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,

14) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու եւ օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված թույլտվություն,

15) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված ինժեներատեխնիկական, ծրագրային, ինչպես նաեւ գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,

16) գաղտնիության դրոշմագիր՝ վավերապայման, որը դրվում է տեղեկակիրների եւ (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա եւ վկայում է տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,

17) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում՝ այդպիսի տեղեկությունների հավաքումը կամ պահպանումը կամ փոխանցումը կամ գաղտնազերծումը,

18) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվել՝ անկախ իրականացման ձեւից եւ եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է այդպիսի տեղեկությունների ստեղծման, ամրագրման, համակարգման, հավաքման, վերամշակման, փոխանցման, փոխանակման, տեղափոխման, պահպանման, պաշտպանության, օգտագործման, ծանոթացման, հաշվառման, գաղտնիության աստիճանի փոփոխման, գաղտնազերծման, արխիվացման, ոչնչացման կամ այլ գործողություններ կատարելու հետ,

19) լիազոր մարմին՝ ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմին,

20) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ոչնչացում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասնակի կամ ամբողջական վերականգնման հնարավորության բացառում,

21) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն՝ այնպիսի կացություն, երբ ապահովված է անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ գաղտնիության աստիճաններին համապատասխան՝ պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարեւորության», «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր:

Հստակեցվել են նաեւ պետական գաղտնիքի պահպանության բնագավառում Կառավարության գործառույթները: Օրենքի նախագծից հանվել են ներկայումս չկիրառվող եւ ըստ էության առհասարակ չկիրառված գործառույթները՝

- մշակում եւ հաստատում է պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը եւ ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը,

- սահմանում է մամուլում եւ լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններ առաքվող նյութերում պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը:

Այս կապակցությամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության հետեւյալ նոր գործառույթները՝

1) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ իրականացնելու կարգը, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները եւ սահմանափակումները,

2) սահմանում է պետական գաղտնիք պարունակող՝ «Հատուկ կարեւորության» եւ «Հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց կողմից օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում էլեկտրոնային հարթակի միջոցով լիազոր մարմնին տեղեկացնելու կարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակի ստեղծման եւ գործարկման ընթացակարգերը:

3) սահմանում է տեղեկությունների գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը մշակելու եւ հաստատելու, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու եւ դրանք փոփոխելու կարգը,

4) սահմանում է գաղտնի տեղեկակիրների պահպանման ժամկետները երկարաձգելու եւ գաղտնազերծելու կարգը,

5) սահմանում է գաղտնի տեղեկությունների գործավարության եւ այդպիսի տեղեկություններ պարունակող արտադրանքի թողարկման, պահպանության հետ կապված աշխատանքների իրականացման համար նախատեսված շինությունների ու այլ տարածքների պահպանման, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարող Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը,

6) սահմանում է գաղտնի տեղեկություններ պարունակող արտադրանքի ստեղծման եւ օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

7) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաեւ օտարերկրյա պետություներ գործուղման կամ մասնավոր այցելությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

8) սահմանում է համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկությունները կազմելիս (մշակելիս) եւ տեխնիկական միջոցներ օգտագործելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը,

9) սահմանում է գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը,

10) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ եւ այլ աշխատանքների կատարման եւ դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը:

Հստակեցվել են նաեւ պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանող իրավակարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին: Մասնավորապես, նշված ցանկում լրացվել կամ փոփոխվել են հետեւյալ ոլորտների մասին տեղեկությունները.

1) ահաբեկչության հնարավոր առնչություն ունեցող անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,

2) պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաեւ դրանց գործունեության ֆինանսավորման մասին՝ եթե դրանք կարող են գաղտնազերծել վերոհիշյալ տեղեկությունները,

3) պետական գաղտնիքի պահպանման եւ պաշտպանության կազմակերպման եւ դրա փաստացի վիճակի մասին,

4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության մասին,

5) կադրերի պատրաստման մասին, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

Նախագծով ընդլայնվել են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները: Մասնավորապես պետական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել նաեւ պետության կողմից քաղաքացիներին, պաշտոնատար անձանց, կազմակերպություններին տրամադրվող արտոնությունների եւ սոցիալական երաշխիքների վերաբերյալ տեղեկությունները:

Նախագծով առաջարկվող նոր կարգավորումների համաձայն՝ պետական մարմինների ղեկավարները՝ այդ թվում սույն օրենքի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, որպես պետական մարմնի ղեկավար.

1) հաստատում են իրենց մարմիններում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը,

2) սահմանում են պետական գաղտնիքի առնչվելու լիզորություններ ունեցող հանրային ծառայությունների անվանացանկերը,

3) գաղտնազերծում են իրենց կողմից գաղտնագրված տեղեկությունները,

4) հրապարակում են իրենց կողմից գաղտնազերծված իրավական ակտերը:

Նախագծի համաձայն՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի՝ պետական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո: Միաժամանակ, կարգավորվել են նաեւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման առանձնահատկությունները:

Մասնավորապես, պետական մարմինների ղեկավարների, այդ թվում՝ սույն օրենքի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից սահմանված անվանացանկերում ընգրկված՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություն ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձն իր նշանակումից հետո մեկամսյա ժամկետում պարտավորվելու է սահմանված կարգով ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի եւ (կամ) գրավոր համաձայնություն՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու նպատակով լիազոր մարմին դիմելու համար: Սահմանված ժամկետում փաստաթղթեր չներկայացնելու եւ (կամ) գրավոր համաձայնություն չտալու դեպքում անձը համարվելու է պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չստացած: Վերոնշյալ հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից կամ լիազորությունները դադարեցվելու են, եթե պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չի ստացել, թույլտվության տրամադրումը մերժվել է կամ ստացած թույլտվությունը դադարեցվել է:

Նախագծով խմբագրվել եւ լրացվել են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձին գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրման մերժման հիմքերը, սահմանվել է, որ նշված իրավունքի տրամադրումը կարող է մերժվել նաեւ եթե անձը՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորությամբ կատարված միջին ծանրության հանցագործության համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

2) օգտագործել է թմրամիջոցներ, կախվածություն ունի ալկոհոլային խմիչքներից կամ խաղամոլ է,

3) ենթարկվել է վարչական կամ կարգապահական պատասխանատվության պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար,

4) աշխատել է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազոր մարմնի գնահատմամբ վերջինիս գործունեությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք չի պարունակում,

5) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը նախկինում դադարեցվել է,

6) սոցիալական, նյութական, տնտեսական եւ այլ կախվածություն ունի անձից, ով կատարել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառանցող գործողություններ կամ այդպիսի գործողություններ կատարելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ են ստացվել,

7) վերջին 3 տարին մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում կամ դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին կամ ձեւակերպել է փաստաթղթեր՝ այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար,

8) խախտել է «Պետական գաղտիքի մասին» օրենքի 23-րդ հոդվածով սահմանված՝ իրավունքների ժամանակավոր սահմանափակումների պահանջները:

Նախագծով փոփոխության է ենթարկել նաեւ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքների սահմանափակման շրջանակը:

Մասնավորապես, սահմանվել է, որ պետական գաղտնիք պարունակող՝ «Հատուկ կարեւորության» եւ «Հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձն օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում պարտավոր է էլեկտրոնային հարթակի միջոցով նախապես՝ մեկնելուց առնվազն 15 օր առաջ Կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկացնել լիազոր մարմնին: Բացառիկ դեպքեում, երբ անհրաժեշտություն է առաջացել անհապաղ մեկնելու՝ անձը կարող է լիազոր մարմնին տեղեկացնել վերադառնալուց հետո 7 օրվա ընթացքում՝ միաժամանակ հիմնավորելով անհապաղ մեկնելու անհրաժեշտությունը եւ լիազոր մարմնին նախապես չտեղեկացնելու պատճառները:

Միաժամանակ, հաշվի են առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության ոլորտում առկա միջազգային պայմանագրերի, ինչպես նաեւ օտարերկրյա մի շարք պետությունների համանման իրավական ակտերի կարգավորումները:

Նախագծով նախատեսվում է կարգավորել նաեւ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հիմնական հարաբերությունները, մասնավորապես նախագծով առաջարկվում է սահմանել, որ

- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը դա Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական եւ տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքներին եւ օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,

- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասանելիությունը սահմանափակվում է որոշակի ժամկետով, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության պետական շահի, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով եւ սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չէ:

- Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության տեղեկակիրների վրա կատարվում է «Ծառայողական օգտագործման համար» նշում:

- «Ծառայողական օգտագործման համար» նշման անհրաժեշտությունը որոշում է այդ փաստաթուղթը կատարողը եւ ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը չի կարող հրապարակվել (տարածվել) առանց համապատասխան պաշտոնատար անձի թույլտվության:

- «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարությունն իրականացվում է ոչ գաղտնի գործավարություն իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանման կողմից:

- «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության պահպանությունը եւ գործավարությունն իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց ղեկավարների կողմից սահմանված կարգով:

- «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկություն հրապարակած անձինք ենթակա են կարգապահական պատասխանատվության:

Բացի այդ սահմանվել են սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին դասելու սահմանափակումներ:

Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, Բարձրագույն դատական խորհրդում, Հաշվեքննիչ պալատում, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Կենտրոնական բանկում, Հակակոռուպցիոն կոմիտեում, ինչպես նաեւ Սահամանդրությամբ նախատեսված եւ (կամ) օրենքով ստեղծված պետական այլ մարմիններում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվելու են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով եւ դրանից բխող իրավական ակտերով, եթե տվյալ մարմինների գործունեությունը կանոնակարգող սահմանադրական օրենքներով եւ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է.

1) խստացնել օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունը, ինչպես նաեւ հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով՝ համաչափ քրեական պատասխանատվություն նախատեսելով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից հրապարակելու արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս կամ այլ ծանր հետեւանքների առաջացման դեպքում,

2) խստացնել օրենսգրքի 427-րդ հոդվածով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունը,

3) խմբագրել օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասը՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անզգուշությամբ հրապարակելու այն դեպքերի համար, երբ դրա հետեւանքով խոշոր չափի գույքային կամ այլ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ միաժամանակ խստացնելով նույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Բացի այդ, նախատեսվում է լրացումներ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ համաչափ վարչական պատասխանատվություն նախատեսելով՝ «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը դրա հետ առնչվելու իրավասություն ունեցող անձի կողմից անզգուշությամբ հրապարակելու համար (եթե արարքի արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել), «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը դրա հետ առնչվելու իրավունք չունեցող անձի կողմից հրապարակելու եւ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների վերաբերյալ տեղեկացնելու՝ օրենքով նախատեսված պարտականությունը չկատարելու համար:

Միաժամանակ, պայմանավորված այն հանգամանքով, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծում այլեւս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը եւ «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները դասվելու են պետական գաղտնիքի շարքին, մշակվել են մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքների նախագծեր:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ բովանդակային եւ օրենսդրական առումով կփոփոխվի պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունների՝ ներկայումս գործող իրավակարգավորումները, դրանք կհամապատասխանեցվեն արդի իրողություններին եւ միջազգային փորձին, կներդրվեն գաղտնի տեղեկության պաշտպանությանն ուղղված նոր գործիքակազմեր եւ լուծումներ, ինչպես նաեւ կկարգավորվեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գաղտնիքի մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական սուրհանդակային կապի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն