Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում «օպերատոր» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպություն, կամ անհատ ձեռնարկատեր, կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը՝ կանոնավոր երթուղիների ուղեգծերն ու չվացուցակները նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցման ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներհամայնքային երթուղային ցանցի վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համաձայնություն կամ հետ է վերադարձնում երթուղիների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններով:»:
2. 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«5. Միջմարզային եւ ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ ուղեգծերում փոփոխությունները հաստատում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի առաջարկությամբ, կամ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ, կամ համապատասխան մարմնի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են օպերատորի կողմից, որն ընտրվում է մրցութային եղանակով: Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորը հանդիսանում է 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն, որը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ստեղծված համայնքին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերով ուղեւորափոխադրումների գործունեություն իրականացնող ընկերություն է:».
2. 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է լինեն մինչեւ տաս տարվա արտադրության եւ համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին եւ արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար:».
3. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5. Բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կարող է կազմակերպել լիազոր մարմինը՝ համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա:».
4. 8-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-14-րդ մասեր.
«9. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար օպերատորի ընտրությունը մրցույթի կամ գնման գործընթացի միջոցով կազմակերպելու մասին որոշումն ընդունվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից, որը փոփոխման ենթակա չէ մրցույթի կազմակերպման կամ գնման գործընթացի ամբողջ ընթացքում:
10. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքերի, երբ երթուղիների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով:
11. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու: 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
12. Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ սույն օրենքի 10-րդ հոդվածի
2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ:
13. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում՝
1) երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում 5-10 տարի ժամկետով, օպերատորի եւ համայնքի ղեկավարի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով, որի ձեւը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ հաշվի առնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները.
2) կանոնավոր երթուղիների ուղեւորների փոխադրավարձը սահմանվում է համայնքի ավագանու որոշմամբ, որը կարող է վերանայվել սույն հոդվածի 12-րդ մասի պահանջներին համապատասխան:
14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների փոխադրավարձը գանձվում է համայնքի կողմից՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման այլ միջոցներով եւ ամբողջովին ուղղվում է համայնքի բյուջե, իսկ մրցութային եղանակով ընտրված օպերատորի դեպքում փոխադրավարձը գանձվում է օպերատորի կողմից:
15. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում: