Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4261-10.11.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 2-ի ՀՕ-201-Ն օրենքի 9-րդ հոդված 7-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, իսկ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների դեպքում՝ նաեւ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաեւ ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների գործող կարգավորումների վերանայման եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

2. Առկա իրավիճակը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածով շարադրված են նշված օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, այդ թվում՝ օպերատոր հասկանությունը, որով սահմանված է, որ օպերատորը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է:

Գործող կարգավորումների համաձայն՝ երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով:

Համայնքների խոշորացման պայմաններում գործող կարգավորումները խիստ սահմանափակ են ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացը կազմակերպելու համար, քանի որ համայնքների կողմից կազմակերպվող մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով եւ համայնքները փաստացի մնում են առանց տրասնպորտային սպասարկման:

Բացի այդ՝ տրանսպորտի ոլորտի քաղաքականությունը իրականացնող պետական լիազոր մարմինը պետք է համակարգի կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների համաձայնեցման գործընթացը:

3. Կարգավորման նպատակը.

Կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները կապված է սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու հետ:

Օրենքների նախագծերով վերանայվում է կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները: Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով: Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղեւորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող եւ պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար: Առաջարկվող կարգավորման արդյունքում ուղեւորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե եւ փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղեւորների քանակից: Հարկ է նշել, որ նման մոտեցում սահմանված է նաեւ համայնքի կողմից մատուցվող մյուս ծառայությունների համար: Ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքը պայմանագիրը օպերատորի հետ կկնքի 5-10 տարի ժամկետով՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների արտադրության տարեթիվը եւ չափորոշիչները: Կարգավորումը համապատասխանեցվել է 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգի պահանջներին, որով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանված է մինչեւ 10 տարվա արտադրության:

Բացի այդ՝ առաջարկվում է վերանայել երթուղային ցանցերի համաձայնեցման եւ միասնական երթուղիների չվացուցակների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը, ինչպես նաեւ խոշորացված համայնքների տրանսպորտային սպասարկման գործընթացը համայնքի ղեկավարի դիմումի համաձայն լիազոր մարմնի կողմից միասնական երթուղային ցանցի շրջանակներում կազմակերպելու հնարավորությունը:

Առաջարկվում է կանոնակարգել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների սպասարկման գործընթացը, նաեւ փոփոխել եւ սահմանել, որ օպերատոր է հանդիսանում փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր) անկախ պատկանելիությունից:

Վերանայվում է «օպերատոր» հասկացությունը:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա կանոնավոր ուղեւորափոխադրումների որակն ու արդյունավետությունը, ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը կդյուրացվի այլընտրանքի հնարավորության արդյունքում: Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում կլրացվեն կարգավորումների մասով օրենքի բացերը:

Ներհամայնքային փոխադրումներ իրականացնող օպերատորը կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն է ունենալու կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռբերման համար, ինչպես նաեւ ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար, շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղեւորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Բացի այդ՝ տվյալ դեպքում համայնքի ավագանին հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղեւորների համար ըստ սոցիալական խմբերի, ինչպես նաեւ սահմանելով փոխադրման վճարի չափը՝ ինքնուրույն որոշել այն բարձրացնել հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար իր մյուս միջոցների հաշվին փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Օրենքների նախագծերը մշակվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ-ի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 36-րդ կետի պահանջներից:

7. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել ենթաօրենսդրական իրավական ակտեր:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն