Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-385-04.10.2022,11.11.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (այսուհետ նաեւ՝ ԳՁՕ)՝ ստացման, ներմուծման, փորձարկման, պահպանման, տնօրինում, օգտագործման, հետազոտման, տեղափոխման, ոչնչացման անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության եւ գյուղատնտեսական նշանակության հողերի պաշտպանության ու կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) գենետիկորեն ձեւափոխված (գենետիկ ինժեներիայի եղանակով ստացված, տրանսգենային) օրգանիզմներ ՝ օրգանիզմ կամ մի քանի օրգանիզմներ, ցանկացած անբջիջ, միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն, որոնք ունակ են վերարտադրելու կամ փոխանցելու ժառանգական գենետիկ նյութը, որոնք տարբերվում են գենետիկ ինժեներիայի մեթոդների կիրառմամբ ստացված բնական օրգանիզմներից եւ պարունակում են գենետիկ ինժեներիայի նյութ՝ ներառյալ գեները, դրանց հատվածները կամ գեների համակցությունները:

2) ԳՁՕ գործածություն ՝ ԳՁՕ հետազոտություն, ստացում, փորձարկում, պահպանում, տնօրինում, օգտագործում, ներմուծում, տեղափոխում, ոչնչացում ցանկացած ձեւով՝ ներառյալ դրանց հետ կապված արտահանումը,

3) ԳՁՕ-ների գործածության հետ կապված կենսաանվտանգություն ՝ միջոցառումների ամբողջություն, ինչը երաշխավորում է ԳՁՕ-ների ցանկացած անբարենպաստ ազդեցության բացառումը շրջակա միջավայրի, մարդու կյանքի ու առողջության եւ կենսաբազմազանության վրա,

4) լիազոր մարմին ՝ (մարմիններ ) Կառավարության կողմից լիազորված պետական մարմին (մարմիններ),

5) մեկուսացված համակարգ ՝ փակ, արտաքին միջավայրի հետ շփումը բացառող եւ բացառապես գիտական նպատակով օգտագործվող հատուկ կառույց,

6) ստացում ՝ լաբորատոր պայմաններում ԳՁՕ-ի ստացում,

7) ներմուծում ՝ բացառապես գիտական եւ փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների ներմուծում,

8) փորձարկում ՝ լաբորատոր, մեկուսացված պայմաններում ԳՁՕ-ների փորձարկում,

9) պահպանում ՝ մեկուսացված պայմաններում ԳՁՕ-ների պահպանում գիտական, փորձացուցադրական, հետազոտական կամ արտահանման նպատակներով,

10) օգտագործում ՝ գիտական, փորձացուցադրական, հետազոտական նպատակներով ստացված կամ ներմուծված ԳՁՕ-ների օգտագործում,

11) հետազոտում ՝ լաբորատոր, մեկուսացված պայմաններում գիտական, փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների հետազոտում,

12) տեղափոխում ՝ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով հատուկ պայմաններում ԳՁՕ-ների տեղափոխում, որը սահմանում է լիազոր մարմինը,

13) արտահանում ՝ մեկ երկրի տարածքից մեկ այլ երկրի տարածք ԳՁՕ-ի արտահանում

13) ոչնչացում ՝ ԳՁՕ-ների փորձանմուշների, ստացված նմուշների սերմերի կամ տնկանյութերի, ինչպես նաեւ անօրինական ճանապարհով ներմուծված եւ անօրինական ճանապարհով շրջանառվող ԳՁՕ-ների սահմանված կարգով ոչնչացում:

Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է գյուղատնտեսության, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում՝ ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հետ կապված գործընթացների վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մարդու, կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին մանրէների, մակաբույծ որդերի, կենսաբանական ծագում ունեցող թույների եւ մարդու ու կենդանիների բուժման համար նախատեսված դեղերի, ինչպես նաեւ գիտական նպատակով՝ որեւէ կենդանի օրգանիզմի օգտագործմամբ գիտնականի (հետազոտողի) կողմից համապատասխան գիտական մեթոդաբանությամբ (փորձեր, մշտադիտարկումներ, գրանցումներ, տվյալների հավաքագրում ու դրանց վիճակագրական վերլուծություն)՝ հետազոտությունների իրականացման, բացահայտումների, նորարարությունների ստացման վրա, ինչպես նաեւ ԳՁՕ-ների հայտնաբերման թեսթ համակարգերի վրա:

Հոդված 4. Օրենքի նպատակն ու խնդիրները

1. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել ԳՁՕ-ների գործածությունը եւ ապահովել կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունները՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա:

2. Սույն օրենքի խնդիրն է՝ ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության սկզբունքների խախտումը կանխելը:

Հոդված 5. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ մեկուսացված համակարգի, հանդիսանում է ԳՁՕ-ների գործածությունից ազատ կամ կենսաանվտանգ տարածք:

2. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է վերարտադրության համար նախատեսված ԳՁՕ-ների գործածությունը կամ այլ կերպ գործածումը բացառությամբ՝ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով Կառավարության սահմանված պահանջներին համապատասխան մեկուսացված համակարգերում գործածվողների:

3. ԳՁՕ-ի բացահայտման նպատակով ներմուծվող վերարտադրության համար նախատեսված բուսական օրգանիզմները ենթակա են լաբորատոր փորձաքննության՝ սահմանային վերահսկողության իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից:

4. Լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը:

5. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշները եւ ստացվող նմուշները գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների ավարտից հետո ենթակա են ոչնչացման կամ արտահանման Կառավարության կողմից սահմանած կարգով:

6. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԳՁՕ-ները պետք է ուղեկցվեն արտադրող եւ ներմուծող կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրով, որում ամրագրված է դրույթ ԳՁՕ հանդիսանալու եւ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով օգտագործման վերաբերյալ:

7. Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածությունը, այդ թվում՝ ներմուծումը, արտահանումը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահանջների պահպանմամբ:

8. ԳՁՕ-ների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված մեկուսացված համակարգերի եւ լիցենզավորման պահանջների նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:

Հոդված 6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկումը (մոնիթորինգ)

1. Հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման նկատմամբ ԳՁՕ-ների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը՝ իրականացվում է մեկուսացված համակարգերի մշտադիտարկում:

2. Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները, սահմանում է լիազոր մարմինը:

3. Մշտադիտարկումն իրականացվում է յուրաքանչյուր ԳՁՕ-ի եւ դրա գործածության նկատմամբ՝ գիտականորեն հիմնավորվածության եւ թափանցիկության ապահովմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները: Մշտադիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի կողմից:

4. ԳՁՕ-ի հարցերով փորձագիտական խմբի ձեւավորման կարգը, իրավասությունները, պարտականությունների սահմանվում է լիազոր մարմնի կողմից:

ԳԼՈՒԽ 2

ԳՁՕ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ

Հոդված 7. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում Կառավարության լիազորությունները

1. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում Կառավարության լիազորությունն է՝

1) ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության հետեւանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին եւ առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման եւ հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը,

2) մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահանջների սահմանումը,

3) բացառապես գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման եւ ոչնչացման կարգի սահմանումը,

4) մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման կարգի սահմանումը,

2. Գյուղատնտեսության, առողջապահության եւ շրջակա միջավայրի ոլորտներում ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմիններին սահմանում է Կառավարությունը:

Հոդված 8. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի լիազորությունները

1. ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմինների լիազորությունն է՝

1) ԳՁՕ-ների հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու կյանքի եւ առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի մշտադիտարկման պետական քաղաքականության մշակումը,

2) ԳՁՕ-ների գործածության հետեւանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին եւ առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման եւ հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի մշակումը,

3) հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցառումների իրականացում՝ զանգվածային լրատվության միջոցներով,

4) Հայաստանի Հանրապետության տարածքում ԳՁՕ-ների գործածության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ հսկողությունը,

5) թափանցիկության ապահովման նպատակով՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների հրապարակումը՝ զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով:

Հոդված 9. ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ հանրության տեղեկատվության տրամադրումը եւ իրազեկումը

1. ԳՁՕ-ների գործածության դեպքերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

2. ԳՁՕ-ների կամ դրանց համակցված գործածության դեպքերում լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրին եւ մարդու առողջությանն առնչվող ցանկացած սպառնալիք բացառելու ուղղությամբ:

3. Լիազոր մարմինը զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը տեղեկացնում է ԳՁՕ-ների կամ դրանց համակցությունների գործածության հետեւանքով առաջացող իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:

4. ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներով:

5. Պետական, առեւտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիազոր մարմնից պահանջել եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն: Գաղտնիք չի համարվում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության եւ կենսաանվտանգության հետ կապված հետեւյալ տեղեկատվությունը՝

1) գործունեություն իրականացնող անձի վերաբերյալ տվյալները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող տեղեկատվությունների),

2) ԳՁՕ-ի ընդհանուր բնութագիրը,

3) գործածության նպատակը եւ վայրը,

4) կիրառվող մեկուսացման միջոցները,

5) շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը եւ մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը,

6) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը,

7) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

7. Լիազոր մարմինը ԳՁՕ-ների գործածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով հասարակությանը տրամադրում է տեղեկատվություն՝

1) մշտադիտարկման արդյունքների մասին,

2) լիցենզավորման մասին,

3) արտակարգ իրավիճակի մասին,

4) հանրության իրազեկման համար սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալների մասին:

8. Լիազոր մարմինն ապահովում է հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված գործընթացներին՝ տեղեկատվության տրամադրման եւ հասարակական լսումների կազմակերպման միջոցով:

ԳԼՈՒԽ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 10. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հոդված 11. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված՝ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ի գործածման պահանջների մասին, լաբորատոր փորձաքննությունների ենթակա բույսերի տեսակների ցանկը, գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշների եւ ստացվող նմուշների ոչնչացման մասին, 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԳՁՕ-ների գործածության հետեւանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին եւ առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման եւ հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը, մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահանջների սահմանումը, բացառապես գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման եւ ոչնչացման կարգի սահմանումը, մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումները ընդունվում է օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված՝
ԳՁՕ-ների գործածման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, մեթոդաբանությունն սահմանող իրավական ակտը, մշտադիտարկման իրականացման նպատակով հաստատվող ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի հաստատումը, փորձագիտական խմբի ձեւավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանող իրավական ակտն ընդունվում է լիազոր մարմնի կողմից՝ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: