Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասում «70» թիվը փոխարինել «60» թվով.
2) 6-րդ մասում «60» թիվը փոխարինել «55» թվով.
Հոդված 3. Օրենքի 14.4-րդ հոդվածի 5-րդ մասում «հարյուր» բառը փոխարինել «92» թվով:
Հոդված 4. Օրենքի 16.1-ին հոդվածի 3-րդ մասում «հարյուր» բառը փոխարինել «92» թվով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 179-րդ կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով քննիչին վճարվող աշխատավարձի չափը նախատեսվել էր սահմանել 1 միլիոն ՀՀ դրամ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձինը՝ 600.000 ՀՀ դրամ (...): Նույն հավելվածի 187-րդ կետով էլ (...) hակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորի համար նախատեսվել էր սահմանել մոտ 1.500.000 ՀՀ դրամ աշխատավարձ:
Վերը նշված դրույթների իրականացման նպատակով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մարտի 24-ին ՀՕ-152-Ն օրենքով որպես հավելում վճարելու հիմք սահմանվեց առանձնակի ռիսկայնություն, ինչպես նաեւ հատուկ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնելու հանգամանքը եւ հիշյալ պայմանի համար հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների եւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար սահմանվեց 100 տոկոսի չափով հավելում:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված է 14.50 գործակից, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի համար՝ 14.00 գործակից: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պարագայում հիմնական աշխատավարձը ներկայում կազմում է 959030 դրամ (բազային աշխատավարձը՝ 66140 դրամ), նույն չափով էլ հավելում: Բացի այդ, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված է նաեւ հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում եւ (կամ) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով եւ դասային աստիճանի համար: Հավելվաճարի գումարային չափն կարող է կազմել մինչեւ 30 տոկոս: Այսինքն, հիշյալ խմբի անձանց, հիմնական աշխատավարձից բացի վճարվում է նաեւ լրացուցիչ աշխատավարձ, որը կարող է լինել պաշտոնային դրույքաչափի մինչեւ 130 տոկոսի չափով:
Հարկ է նշել, որ օրենքով հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց (բացառությամբ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց) լրացուցիչ աշխատավարձի առավելագույն չափ է սահմանված պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը:
2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-152-Ն օրենքի ընդունումից հետո, համանման հավելումներ նախատեսվեցի նաեւ 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-337-Ն օրենքով՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորին՝ 70 տոկոս, վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներին՝ 60 տոկոս:
2022 թվակլանի հունիսի 9-ի ՀՕ-264-Ն օրենքով էլ՝ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին, հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի նիստում հավանության է արժանացել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ:
Նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է բարձրանա նաեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, որը կկազմի 83200 դրամ:
Հարկ է նկատել, որ բազային աշխատավարձը 83200 դրամ սահմանելու պարագայում վերը նշված բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան, եւ աշխատավարձերի խզվածքը ավելի կմեծանա:
Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Ընդ որում, հավելումների առաջարկվող չափով պահպանվում է ներկայում միջին հաշվով վճարվող աշխատավարձի ընդհանուր չափը՝ պաշտոնային դրույքաչափ, հավելում կամ հավելավճար եւ ամսական պարգեւատրում աշխատավարձի 30 տոկոսի չափով: Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը որպես կանոն մնում է նույնը:
Ընդ որում, պետք է նշել, որ վերը ներկայացված օրենքների ընդունման ժամանակ, որպես դատավորների հավելումների առաջարկվող չափերի հիմնավորում ներկայացվում էր Վենետիկի հանձնաժողովի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-ին հաստատված թիվ 896/2017 կարծիքը (այսուհետ՝ Կարծիք): Սակայն Կարծիքի 54-րդ կետում նշվում է նաեւ, որ վարձատրության հետ կապված շեղումները չպետք է մեծ լինեն ընդհանուր կարգավորումների համամեմատ, որոնք սահմանված են համապատասխան օրենքով: Բացի այդ, Կարծիքի 74-րդ կետում որպես ամփոփիչ եզրակացություն նշվում է, որ (...) նման դատավորների վարձատրության մակարդակը պետք է վերանայվի, այն պետք է համապատասխանի նրանց պաշտոնից բխող պահանջներին, բայց շատ չտարբերվի ընդհանուր դատավորների վարձատրությունից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները կապահովեն Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը, որով կվերականգնվի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքների վրա հիմնված վարձատրության համակարգի ներքին կառուցվածքը, ինչպես նաեւ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների ապահովման սկզբունքը:
Նախագծով առաջարկվող՝ հավելումների, հավելավճարների նվազեցումները կապահովեն բազային աշխատավարձի բարձրացման համար պետական բյուջեից պահանջվող ֆինանսական միջոցների մի մասը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքների վրա հիմնված վարձատրության համակարգի ներքին վերականգնում եւ պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը եւ արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» N 691-Լ որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում կառաջացնի ծախսերի նվազեցում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում