Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-430-17.11.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 232-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«Հոդված 232.   Հաշվետու ժամանակաշրջանը

1. Ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը:»,

Հոդված 2. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

1. Կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետեւյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.

1) ֆիզիկական անձինք մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,

2) կազմակերպությունները յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:»:

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: