Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-429-17.11.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «գործառնության համար» բառերը փոխարինել «գործառնության, դրա համար» բառերով,

2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) հարկային հաշվարկի լրացման կարգով սահմանված այլ տվյալները:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հարկային մարմինը կարող է իր տեղեկատվական բազայում առկա տվյալների (այդ թվում՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված) հիման վրա ինքնաշխատ նախալրացնել հարկային հաշվարկները:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 147.1-ին հոդվածով.

«Հոդված 147.1. Սոցիալական ծախսերը

1. Սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովության գծով ծախսերը:

2. Սույն հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 2-րդ կետում «հաշվարկներ» բառից հետո լրացնել «(հայտարարագրեր)» բառը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):

Ֆիզիկական անձինք սույն մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում հետեւյալ ժամկետներում.

1) 2023 թվականի հաշվետու տարվա համար՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր, անդամ),

դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

է. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից.

2) 2024 թվականի հաշվետու տարվա համար՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

դ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր, անդամ),

զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

է. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

ը. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

թ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,

ժ. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.

3) 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:».

3) 5-րդ մասում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝

1) վերնագրում «վճարումը» բառից հետո լրացնել «եւ սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը)» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ Օրենսգրքի 147.1-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը Օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված եւ (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով:

Սույն մասով սահմանված սոցիալական ծախսերի փոխհատուցումից չեն կարող օգտվել Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձման համակարգից փաստացի օգտված ֆիզիկական անձինք:»:

Հոդված 5. Օրենսգրքի 160-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 4.1-ին մասով սահմանված կարգով եւ ժամկետներում ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնելու դեպքում սույն հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները ենթակա են հետ վերադարձման պետական բյուջե:»:

Հոդված 6. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անկախ սույն գլխով սահմանված դրույթներից՝ Կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

1. 2023 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող չորս հաշվետու տարիների մասով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված կամ ստացման ենթակա մինչեւ 12 միլիոն դրամ եկամուտների մասով՝ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշվարկված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանքներ ֆիզիկական անձինք կարող են հարկային մարմին չներկայացնել:

2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող Կառավարության որոշումները Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: