Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4361-22.11.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի 4-րդ հոդվածի 15-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հրագործական արտադրատեսակ՝ հրագործական բաղադրության այրման (պայթյունի) օգնությամբ անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված արտադրատեսակ».

Նույն հոդվածի 17-19 պարբերությունները խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հրագործական արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար եւ որի շահագործումը կիրառման հրահանգին համապատասխան ապահովում է մարդկանց, ունեցվածքի եւ շրջակա միջավայրի անվտանգությունը.

տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հրագործական արտադրատեսակ, որի վաճառքը արգելված է ֆիզիկական անձանց եւ որը կարող է կիրառվել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ ՏԻՄ կամ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կարգով:

21-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

կենցաղային եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները, դասակարգումները, ինչպես նաեւ տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսյա ժամկետում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն թվականի օգոստոսի 14-ին Երեւան քաղաքի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր աղետով պայմանավորված, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված պայթուցիկ նյութերին վերաբերող լիցենզավորման ենթակա գործընթացներին զուգահեռ նաեւ դրանց ներկրումը, պահեստավորումը եւ կիրառումը (շահագործումը) լիցենզավորման կանոնակարգման դաշտ ներառելու նպատակահարմարության հարցը քննարկելու վերաբերյալ՝ առաջացել է սույն օրենքների փաթեթի ընդունման անհրաժեշտությունը:

Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը եւ առեւտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու համար:

Հրագործական արտադրատեսակների արտադրությունը, վտանգավորության աստճանով պայմանավորված, առաջարկվում է նաեւ դարձնել որպես փորձաքննության ենթակա լիցենզավորման գործունեության տեսակ այն մոտեցմամբ, ինչը նախատեսված է պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրության պարագայում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), ինչպես նաեւ հրագործական, արտադրատեսակների, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), հրագործական նյութերի, արտադրանքերի ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու համար:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «1. Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացումը» վերնագրում՝ «Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ», ինչպես նաեւ «4. Մարդկային կապիտալի զարգացում» գլխի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում. «- շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության եւ մշտադիտարկման միասնական համակարգի կատարելագործումը, թույլտվությունների, լիցենզիաների միասնական եւ ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության համակարգի կատարելագործումը՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ»:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

22 նոյեմբերի 2022թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգարժան պարոն Սիմոնյան,


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարան մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագծերը (հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան),

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում եմ օրենքների նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝ Սիսակ Գաբրիելյան (031)