Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4381-24.11.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել «ժե», «ժզ» եւ «ժէ» պարբերություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ժե) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառումից հանելու համար, եթե ավտոմեքենան օտարվում է այն ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվելուց հետո՝ 365 օրվա ընթացքում.

ժզ) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառումից հանելու համար, եթե ավտոմեքենան օտարվում է այն ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոմեքենաների ներմուծման օրվան (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու օրվան) հաջորդող 365 օրվա ընթացքում.

ժէ) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառումից հանելու համար, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում: Սույն պարբերության իմաստով՝ ավտոմեքենա ձեռք բերել չի համարվում գույքի՝ ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը, իսկ օտարում է համարվում՝ մեկ ֆիզիկական անձից այլ ֆիզիկական անձին ավտոմեքենայի սեփականության իրավունքի փոխանցումը՝ որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «բազային տուրքի նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժե», «ժզ» եւ «ժէ» պարբերություններով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտի» բառերը:

Հոդված 3. Օրենքում լրացնել 20.2-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.2. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում պետական տուրքի դրույքաչափերը

1. Ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում հաշվառումից հանելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ չափով՝ ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում հաշվառումից հանելու ծառայության մատուցման պահ է համարվում այդ ավտոմեքենայի հաշվառումից հանելու պահը:»:

Հոդված 5. Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով» բառերից հետո լրացնել «20.2-րդ հոդվածով» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժե» եւ «ժզ» պարբերություններով նախատեսված տեղեկատվությունը հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջեւ փոխանակվում են փոխհամաձայնեցված կարգով» բառերը:

Հոդված 6. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն